HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում

Հակոբ Սանասարյան

Սյունիք մարզի Արծվանիկ գյուղում եմ: Ժամանակին… ավելի ճիշտ` մինչ ավերիչ երկրաշարժը եւ նրան հաջորդած մյուս ոչ պակաս ցնցումները (քաղաքական, տնտեսական), այստեղ եղել եմ տասնյակ անգամներ:

Շուրջ 20 տարի է, ինչ այստեղ չեմ եկել: Ինձ ձգողը հրաշագեղ բնությունն էր, գետակների հուներում, կիրճերում եւ սարալանջերում սփռված Արծվանիկի զարմանահրաշ ագաթները:

Հայաստանի մյուս վայրերի ագաթներից դրանք առանձնանում են իրենց յուրահատուկ նրբագեղությամբ, գունախաղերով եւ հաճախ նմանվում են աչքի` հստակ ուրվագծված բիբով, եղջերաթաղանթով, ընդհանուր ձեւով…

Արծվանիկ գյուղի դիրքադրվածքը նույնպես առանձնահատուկ է: Գյուղը տեղադրված է բարձրադիր սարալանջին, որտեղից «հսկում» է շրջակա լեռներն ու լեռնապարերը: Տարվա ցանկացած եղանակի այդ միջավայրը պարուրված է բազմերանգ գույներով, խորհրդավորությամբ, մի անբացատրելի մագնիսական զորությամբ, զմայլելի ջերմությամբ…

Անցյալի հուշերից միայն մեկը` թանձր մառախուղը «ճեղքելով»՝ հասնում ենք Երիցվանքի քերծերին եւ հանկարծ դուրս ենք պրծնում խավարից: Առաջին տեսանելի պատկերը ձնծաղիկների գորգն է` անձյունածածկ դաշտում: Կապուտակ երկնքում բարկ Արեւն է:

Մեզնից ներքեւ` անծայրածիր ու խորախոր գոգավորության փոխարեն, կաթնագույն մշուշի օվկիանոսի հանդարտ հայելին է, որից մեն-մենակ վեր է խոյանում Խուստուփ լեռան կատարը…

Քսանյոթ տարի առաջ էր դա, դեկտեմբերի սկզբին: Հավանաբար նաեւ լեռնային ու լեռնահովտային յուրահատուկ հրաշալիքների պատճառով է, որ հնագույն շրջաններում մեր հարեւան ժողովուրդները Հայաստանը ճանաչել-համարել են որպես Արեւի երկիր եւ աստվածների արարչավայր ու նրանց բնակատեղի:

Սակայն այժմ այդ երկիրը կանգնած է աղացով անցնելու լուրջ վտանգի առջեւ… գետի եւ նրա վտակների կուսական կիրճերը, որտեղից հավաքել եմ ագաթի անկրկնելի ու բազմերանգ նմուշներ, ավա՜ղ, արդեն լցված են Քաջարանի եւ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատների «պոչանք» կոչված արտադրական թունավոր թափոննեով, որոնք օրեցօր ծավալվում են:

Այժմ, կարծում եմ, նույնիսկ ամենամոլի ագաթասեր հայը պոչամբարին հարող ագաթաբեր տարածքներում ագաթ որոնելու ցանկություն դժվար թե ունենա: Ճիշտ է, դեռեւս պահպանվում են սարերն ու լեռները, բայց ո՞վ գիտե սրանց սպասվելիք ճակատագիրը, եթե այստե՛ղ էլ հանքավայրեր հայտնաբերվեն:

Այդ դեպքում, գործարար աշխարհ կոչվածը, ունենալով ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաներ եւ խղճի բացակայություն, նշված սարերն ու լեռներն ուղղակի քանդելով, պայթեցնելով, ջարդելով, աղալով, սղկելով՝ փոշի կդարձնի, ճիշտ եւ ճիշտ այնպիսի փոշի, ինչպիսին Արծվանիկի պոչամբարում լցված ու լցվող «պոչանքի» փոշին է: Այդ փոշին ժամանակին, իր բնական տեսքով ու կառուցվածքով մաս է կազմել այժմ հուշ դարձած Քաջարանի երբեմնի հրաշագեղ բնական համակարգին:

Այժմ, երբ անտեսվում է մարդու ապրելու իրավունքը, եւ գերիշխում է առանձին ընտանիքներին գերհարուստ դարձնելու մոլուցքը, դժբախտաբար, Քաջարանի բնական համակարգի ճակատագրին կարող է արժանանալ ամբողջ լեռնային Հայաստանն իր Արցախ Աշխարհով:

Այդ դեպքում արդեն ապրելու համար ոչ պիտանի կլինի նաեւ դաշտային Հայաստանը, քանզի հանքարդյունաբերական ծայր աստիճան վտանգավոր թափոններն աստիճանաբար օգտագործման համար ոչ պիտանի կդարձնեն հողն ու ջուրը:

Այո, Արծվանիկի շրջակայքում ընդհանուր բնապատկերը դեռեւս լուրջ խաթարված չէ, սակայն պոչամբարի վտանգավորության եւ այսօրվա գործընթացների մասին որոշակի պատկերացում ունեցողների գիտակցության մեջ ասես խամրում են առկա բնական հրաշալիքները, եւ մարդիկ ընկնում են մռայլ մտքերի, թախծի եւ ելք չտեսնող հուսահատության մեջ: Ինչ երջանիկ են այն ազգերը, որոնց երկրներում մետաղական հանքերը սակավ են, իսկ օրենքները բխում են ժողովրդի ու պետության շահերից…
Այժմ թախծոտ ու տխուր են նաեւ ժամանակին կենսախինդ ու հյուրասեր արծվանիկցիները…

Արծվանիկի պոչամբար

Դեռեւս 1989 թ., երբ այստեղ կուտակված պոչանքի քանակն անհամեմատ փոքր էր, քան այսօր է, Արծվանիկ գյուղի բնակիչները ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին, Գիտությունների ակադեմիային, Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին եւ Առողջապահության նախարարությանն ուղղված դիմումում գրել են.

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը իր հրեշավոր ճանկերի մեջ է առել Արծվանիկի սովխոզի ամենաբարեբեր վարելահողերը եւ տնամերձ հողատարածքները: Տասը տարվա արդյունքով մենք ականատես ենք լինում շրջակա միջավայրի նկատմամբ այնպիսի բռնության, որի հետ համակերպվելը հանցագործություն է մեր եւ մեր սերունդների նկատմամբ…

Արդեն ակնհայտորեն նվազել են վարելահողերի եւ այգիների բերքատվությունը սովխոզում, իսկ բացարձակորեն այն նկատվում է թափոնները շրջապատող տնամերձ հողամասերում: Աճել են անասունների հիվանդությունները… (լեյկոզ, թունավորումներ, այլ հիվանդագին ախտահարումներ): Չորանում է պոչամբարին հարող անտառաշերտը… Առանց հետազոտությունների արդեն բացահայտ է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների, խոցային հիվանդությունների աճը… Օրվա հրամայական պահանջ ենք համարում միջոցներ ձեռնարկել պոչամբարի ծավալումը Արծվանիկի ձորում դադարեցնելու եւ ռեկուլտիվացիան արագացնելու համար»:

Այդ դիմումի (152 ստորագրություն) պատճենը, բարեբախտաբար, ինձ մոտ պահպանվել է, եւ այն ես հանձնեցի Արծվանիկ գյուղի բնակիչներից մեկին: Նա ասաց, որ ջանք կթափի, որ այս հարցը գյուղում քննարկման առարկա դառնա եւ, եթե բոլորը համաձայնեն եւ անհրաժեշտ լինի, նամակ-դիմում կուղղեն ՀՀ Ազգային ժողովին ու Կառավարությանը:

Այդ նույն անձնավորությունն ինձ տվեց նշված դիմումի քսանմեկ տարի առաջ ստացված պատասխանի պատճենը (8.06.1989 թ.): Այդ փաստաթղթում Հայկական ԽՍՍՀ Բնության պահպանության պետական կոմիտեն հավաստում է. «Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղի բնակիչներին… վիզուալ ուսումնասիրություններից պարզվեց, որ պոչամբարին հարող հողահատվածներում աճող բուսականությունը չի տուժում պոչամբարի պարունակությունից (ձորակների մեջ աճում է փարթամ բուսականություն): Համաձայն Ղափանի շրջանային սանէպիդ կայանի վիճակագրական տվյալների` վերջին տարիների ընթացքում անասունների հիվանդությունների աճի դինամիկա չի նկատվում… ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության կողմից կատարվել են մանրամասն եւ բազմակողմանի հետազոտություններ, կոնցենտրատի (պոչանքի) բաղադրության մեջ չի հայտնաբերվել մարդկանց առողջության վրա ազդող քիմիական էլեմենտների առկայություն… Արծվանիկ գյուղի բնակիչների առողջությանը սպառնացող առկա վտանգ չկա: Արծվանիկ գյուղի եւ նրա բնակիչների ճակատագիրը մեզ համար նույնպես թանկ է»:
Խորհրդային Հայաստանի բնապահպանական գերատեսչության այս պատասխանը զուրկ է գիտական հիմնավորումից եւ ամբողջովին կեղծիք ու շողոքորթություն է: Ասածը հաստատելու համար հակիրճ ներկայացնենք, թե այդ պոչամբարում ինչ վտանգավոր նյութեր կան:

Այսպես, Արծվանիկի պոչամբարում առկա պոչանքը պարունակում է բարձր խտություններով պղինձ եւ մոլիբդեն (պղինձը` հանքաքարի նախնական պարունակության մոտ 20, իսկ մոլիբդենը` 17%-ը), ինչպես նաեւ հանքաքարերում առկա այն բոլոր վտանգավոր նյութերը, օրինակ` ծծումբ, կադմիում, արսենիում, կապար, ցինկ, վիսմուտ, սելեն, տելուր եւ բազում այլ էլեմենտներ ու միացություններ, որոնք ընդհանրապես չեն կորզվում կամ կորզվում են մասնակիորեն (թվարկված էլեմենտներից-նյութերից մի քանիսի թունաբանական ցուցանիշները բերված են ստորեւ ծանոթագրությունում):

Հավելյալ դրան` այս պոչանքը պարունակում է նաեւ հանքանյութի վերամշակման ընթացքում օգտագործված քիմիական բազմաթիվ նյութեր (Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ մեկտեղ Արծվանիկի պոչամբարում 1978-2008 թթ. իր պոչանքն է լցրել նաեւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը կորզում է պղինձ, ոսկի, ցինկ եւ այլ մետաղներ):

Բնապահպանական գերատեսչության պատասխանը ցույց է տալիս, որ տվյալ խնդրում խորհրդային իշխանության պաշտոնյաները բնակչության հանդեպ դրսեւորել են անխիղճ վերաբերմունք… Այսօր, դժբախտաբար, պետական պաշտոնյաների կողմից մարդկանց նկատմամբ դրսեւորվող արհամարհանքն ու նրանց ներկայի ու ապագայի նկատմամբ անտարբերությունն առավել ցայտուն է, քան նախկինում էր: ՀՀ բնապահպանության նախարարությունը բացահայտորեն պաշտպանում է բնական պաշարները գիշատչորեն սպառողների եւ շրջակա միջավայրն ավերողների ու աղտողողների շահերը: Պատահական չէ, որ, օրինակ, ինձ հետ զրուցած արծվանիկցիները, նկատի ունենալով իշխանավորների վերաբերմունքը, չեն ցանկանում իրենց առողջությանը եւ նյութականին շարունակաբար հասցվող վնասի խնդրով դիմել պետական ատյաններին: Նրանք գրեթե նույն միտքն էին արտահայտում` եթե բողոքեն էլ, միեւնույն է` ոչինչ չի փոխվի:

Պոչամբարի տակ մնացած Արծվանիկ գյուղի հողերի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար պոչամբարի տերը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, տարեկան վճարում է 360 դրամ: Պոչամբարի տակ է մնացել Արծվանիկ գյուղի ավելի քան 500 հեկտար հող, սակայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարում է միայն 342 հեկտար վարելահողի համար: Պոչամբարից գյուղին հասցրած հիմնական վնասը քամիների հետ օդ բարձրացող եւ վարելահողերի, այգիների, արոտավայրերի, անտառների վրա սփռվող, ծանր մետաղներ եւ վնասակար այլ նյութեր պարունակող պոչանքի փոշին է:

Այս պոչամբարի տակ են մնացել նաեւ մոտակա գյուղերի` Սեւաքարի, Խալաջի եւ Սյունիքի որոշ հողատարածքներ:

Արծվանիկի պոչամբարը հսկայական ծավալ ունի, ըստ գրական տվյալների՝ դեռեւս 2003 թ., երբ այս պոչամբարում կար ընդամենը 95 մլն մ3 պոչանք, այն համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարը: Ըստ նախագծի՝ այստեղ լցվելու է 310 մլն մ3 պոչանք: Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից մեկ տարվա ընթացքում այստեղ է լցվում մոտ 14 մլն տոննա պոչանք` մոտ 40 մլն մ3 ջրի հետ խառնված: Արծվանիկ գյուղի բնակիչներից մեկի ասելով` պոչամբարի եզրամասերի չորացած մակերեսից քամիները պոչանքն օդ են բարձրացնում եւ երբեմն այն դարձնում անթափանց: Պոչամբարի եզրամասերի կիրճերի խոռոչներում հավաքված ջրերում ձկներ են ապրում… Արդյոք տեղի բնակիչները գիտե՞ն, թե ինչ վտանգ է սպառնում այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն ուտել-համտեսել այդ ձկները:

Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքն այսօր իրապես ենթարկվում է հանքային տեռորիզմի: Հանքային կլանը միացել է ՀՀԿ-ին ու «նոր աշխատատեղեր ստեղծելու» քողի տակ ԹԱԼԱՆՈՒՄ և ԱՎԵՐՈՒՄ են Սյունիքը:ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐ են ստանում, միլիարդավոր դոլարի վնասներ տալիս ու ՉՆՉԻՆ ԿՈՊԵԿՆԵՐ վճարում հետ: Սյունիքի ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ հանքի՝Քաջարանի ՁՊՄԿ-ի տնօրենի էլի հանքատեր տղան որ Սյունիքի մարզպետ լինի,վիճակն էլ ԱՅՍՔԱՆ ողբերգական կլինի: Զարմանում եմ,որ գոնե մասսայական ստորագրահավաք չի սկսված՝բոլոր հանքերը ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter