
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել է աշխատանքը
Լուրերը, որ Ախթալայի լեռնարաստացման կոմբինատը դադարեցրել է աշխատանքը, այսօր հաստատվեցին:
Շամլուղի բաց հանքավայրում մակաբացման, հորատման և պայթեցումների աշխատանքները արդեն 4 տարի է իրականացնում է «Ապառաժ» ՍՊԸ-ն: «Ապառաժը» Շամլուղի բաց հանքավայրում իր աշխատանքները դադարեցրել է սեպտեմբերի 12-ին: Աշխատանքները դադարեցնելու մասին տեղեկությունը մեր հեռախոսազրույցի ընթացքում հաստատեց նաեւ «Ապառաժ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սասուն Ավետիսյանը:
«Այո, այս պահին Շամլուղի բաց հանքավայրում մեր աշխատանքները դադարեցված են»,- ասաց գործադիր տնօրենը: Նա նաև հաստատեց, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պարտքն «Ապառաժ» ՍՊԸ-ին այս պահին կազմում է 1,2 մլն դոլար: Սասուն Ավետիսյանը մեր մյուս հարցերին չպատասխանեց, ասելով, որ գտնվում է հիվանդանոցում եւ խնդրեց մեր զրույցը տեղափոխել վաղը:
Այսօր երեկոյան Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հաստատեց, որ արդեն մեկ շաբաթ է` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի բաց հանքավայրում դադարեցվել են մակաբացման, պայթեցումների եւ հորատման աշխատանքները:
«Երեք օր է` չի աշխատում նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը»,- ասաց քաղաքապետ Խաչիկյանը: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում ստեղծված վիճակի մասին վաղը անձամբ կտեղեկացնեմ Լոռու մարզպետին»,- ասաց Ախթալայի քաղաքապետը :
Ակնհայտ է, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականատեր «Մեթըլ Փրինս ԷԼ-ԹԻ-Դի»-ից պարտքերը ստանալու «Ապառաժ» ՍՊԸ-ի հույը սպառվել է, որի պատճառով էլ ընկերությունը դիմել է ծայրահեղ քայլի:
Ախթալայի ԼՀԿ-ի վրա սև ամպեր են կուտակվում: Իսկ ի՞նչ է սպասվում ԼՀԿ-ի 600 աշխատողներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել