HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը երկու նոր հէկ է կառուցելու

Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորի մարզում երկու նոր հէկ է կառուցելու: 

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տրամադրած լիցենզիաների` Սերգեյ Բագրատյանի «Խաչքար» հէկը լինելու է Եղեգիս գետի  Արտաբույնք վտակի վրա` 1220 կՎտ հզորությամբ: Սերգեյ Բագրատյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Արտաբույք գյուղում կառուցվելիք հէկի լիցենզիայի ժամկետն այս տարի լրանում է, դիմել են ՀԾԿՀ-ին, որպեսզի երկարացնեն այն. «Մենք դեռևս ֆինանսական միջոցներ չունեինք կառուցելու համար, խնդրել ենք, որ երկարացնեն»,- ասաց Ս. Բագրատյանը:   

Երկրորդ` «Գնդեվանք» հէկը կառուցվելու է Արփա գետի Անկան վտակի վրա: Ունենալու է 1500 կՎտ հզորություն:  Հիշեցնենք, որ այս մեկը Կեչուտի ջրամբար լցվող գետի` Անկանի վրա է կառուցվելու, որի շուրջ բնապահպանները աղմուկ էին բարձրացրել: Սակայն, ըստ Ս. Բագրատյանի, հանրային լսումներն անցկացվել են, ամեն ինչ հարթվել է: 

«Բնապահպանական փորձաքննություններն ավարտել ենք, երկուսն էլ դրական է: «Գնդեվանքինը» երկու լսումներ արվեցին, հետո բնապահպաններին հրավիրեցինք, քննարկեցինք, ցույց տվեցինք, որ որևէ բան մենք չենք վնասում»,- մանրամասնեց Սերգեյ Բագրատյանը: 

Սերգեյ Բագրատյանը այս հէկերը կառուցում է «ԲիԷսԲի» ՍՊԸ-ով, որում 50 տոկոսի բաժնետեր է: Մնացած 50 տոկոսի բաժնետերը, ինչպես ներկայացրեց Ս.Բագրատյանը, շինարար Թելման Սահակյանն է: 

Հիշեցնենք, որ Եղեգիս գետի վրա արդեն իսկ գործում է «ԲիԷսԲԻ» ՍՊԸ-ի առաջին հէկը, որի կառուցումը դեռևս մարզպետ լինելու ժամանակ Ս.Բագրատյանը սկսել էր առանց բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ստանալու: «Հետքի» հրապարակումից հետո մարզպետին տուգանեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter