HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում – 3

Հակոբ Սանասարյան

Սկիզբը

Գեղանուշի պոչամբարը

Տեղադրված է Ողջի գետի վտակ, Գեղանուշ գետի հունում: Այդ պոչամբարը փակվել է 1978 թ., երբ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքը սկսել են թափել Արծվանիկի պոչամբարը: Փակելիս պոչամբարում կար 4,6 մլն մ3 պոչանք: 2008 թ.-ից Գեղանուշի պոչամբարում իր թափոններն (պոչանք) է լցնում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (այժմ դրա սեփականատերն է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը):

Նաեւ հաշվի առնելով Գեղանուշ գյուղի բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումը եւ շրջակա տարածքներում ընդհանուր էկոլոգիական իրավիճակը` 1978 թ. այդ պոչամբարը պետականորեն փակվեց, չնայած այն բանին, որ այդտեղ, ըստ նախագծի, պետք է լցվեր 8,7 մլն մ3 պոչանք:

Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պոչամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի տարածումը շրջակա միջավայրում:

Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոստացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը:

«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված ներկայացրեց աղետալի իրավիճակից դուրս գալու բնապահպանական միջոցառումների ծրագիր: Հետագայում պարզվեց, որ դա ընդամենը պոչամբարի մեծացման եւ այն նորից շահագործելու ծրագիր է: Իրականում «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բարձրացրեց պոչամբարի հողաշեն պատվարը եւ այդ նույն պոչամբարը 2008 թ. նորից սկսեց շահագործել:

Արդյունքում` օրեցօր մեծանում է պոչամբարի ծավալը: Մեր օրերում ահա թե ինչպես են արձագանքում բնակչության բողոքներին:

Հանդիպեցի Գեղանուշի համայնքապետ Կամո Ավանեսյանին, եւ նա ասաց, որ

«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը խոստացել էր պոչամբարը շահագործելուց առաջ ծառատունկ կազմակերպել, սակայն իր խոստումը չկատարեց: Պոչամբարի տակ են մնացել գյուղացիներին պատկանող այգիների զգալի հատվածներ, ինչի դիմաց նրանք գոնե հատուցում չեն ստացել:

Ամենաաղետալին այն է, որ տարեցտարի առավել անկում է ապրում հողի բերրիությունը: Փոխվել է անգամ հողի տեսքը. հողը, չգիտենք ինչու, սեղմվել, ասես կուչ եկել, կարծրացել է:

Նույն գյուղի բնակիչ Հովիկ Էլչյանն ավելացրեց. «Մեր գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անիմաստ է դարձել, քանի որ ցանածից բերք չենք ստանում, հողը մի անսովոր ձեւով կարծրացել է, ցանած դաշտը չորանում է, ծառերը չորանում են, իսկ դեռ չչորացածներն էլ բերք չեն տալիս: Մեզ ի՞նչ օգուտ են տալիս կանգուն հարյուրավոր ընկուզենիները եւ մյուս մրգատու ծառերը, որոնք բերք չեն տալիս, պարապ կանգնած են: Ես լավ եկամուտ ունեի ընկույզ ու լոբի վաճառելուց, սակայն ոչ ընկույզ է լինում, ոչ լոբի:

Այժմ իմ տան համար շուկայից եմ լոբի գնում: Բերք չեն տալիս ոչ միայն պտղատու ծառերը, այլեւ հացազգիները, նաեւ` պոմիդորը, վարունգը… Օրինակ՝ վարունգի թուփը, դեռ լրիվ չձեւավորված, սկսում է դեղնել ու չորանալ: Բերքազրկվել են անգամ անտառի մրգատու ծառերը: Պոչամբարից զզվելի հոտ է փչում, գլխավորապես առավոտյան: Օդում փոշին այնքան շատ է, որ անձրեւից հետո մեքենաները, լվացքը կեղտոտվում են` ծածկվելով սպիտակավուն փոշով: Անցյալ տարի (2009 թ.) իմ կովերից 8-ը ծնեցին, հորթերից 3-ը չէին կարող ոտքի կանգնել` սատկեցին, իսկ այս տարի 16 կովերից ծնեցին միայն 3-ը: Անասունները չեն բեղմնավորվում: Բացի դրանից, տնային բոլոր կենդանիների մոտ շատ մեծ է նաեւ վիժումների թիվը:

Իմ հարեւանի խոզը օրերս միայն մի խոճկոր ծնեց: Պատկերացնո՞ւմ եք, հսկա մերուն մի խոճկոր է ունենում, երբ ժամանակին մեր գյուղում խոզերը միջինը մոտ 10 խոճկոր էին ծնում, պատահել է` անգամ 16 խոճկոր: Այժմ, եթե խոզը ծնում է 4-5 խոճկոր, հենց առաջին օրերին դրանց մոտ կեսը սատկում է: Այծն ու ոչխարը նույնպես աստիճանաբար վերանում են, աճ չկա: Ինչո՞ւ ոչխար պահեմ, երբ գառ չի ծնվում: Նույնն է նապաստակների, հավերի մոտ: Մեղվապահությունը նույնպես անիմաստ է դարձել: Ես հողի աշխատանքն ու անասնապահությունը շատ եմ սիրում, սակայն երկուսն էլ դարձել են ոչ շահութաբեր:

Ծննդաբերությունը նվազել է, իսկ երեխաներն արդեն հիվանդ են ծնվում: Երկու օր առաջ երեխա ծնվեց. այժմ մայրը Կապանի հիվանդանոցում է, իսկ երեխային տարել են Երեւան` հիվանդությունը ճշտելու, ասում են՝ արյան պակասություն ունի: Ինչքան ես եմ հասկանում, այս պոչամբարը չարիքի բույն է, դրանից պրծում չկա»,- եզրափակեց Հովիկ Էլչյանը:

Ինչպես պարզ երեւում է, պոչամբարների հարեւանությամբ ապրողների բողոքները համընկնում են` վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները…

Այս առումով նպատակահարմար է կարդալ գրականությունից քաղված ստորեւ ծանոթագրությունը, որտեղ խոսվում է պոչամբարներում առկա` պարունակվող նյութերից միայն մի քանիսի վտանգավոր հատկությունների մասին:

Ողջի լեռնային գետը, փաստորեն, կոյուղատար է դարձել: Հետագայում այդ գետի աղտոտվածության մեծացումը կասկած չի հարուցում. միայն Քաջարանի հանքավայրը միլիարդավոր տոննա հանքաքար է պարունակում, նոր հանքավայրեր են շահագործվելու, նաեւ առկախ է ուրանի հանքավայրի շահագործման հարցը, որի շահագործումը կործանարար կլինի ոչ միայն Սյունիք մարզի համար…

Կարծես որոշ բան հասկանալի է դառնում: Արտոնյալները օրը ցերեկով վերցնում-կողոպտում են հայ ժողովրդի ունեցվածքը՝ նույնիսկ ամենաչնչին չափով հարկ չվճարելով:

Օրինակ՝ տարեկան միլիոնավոր տոննա վերը նկարագրված պոչանքները լցնում են գետերի հուներն ու կիրճերը, տարեկան հարյուրավոր միլիոն տոննա մակաբացման ապարներ եւ ոչ մետաղական հանքերի թափոնները նույնպես թափվում են գետերի կիրճերը, հուներն ու այլուր, սակայն ոչինչ չեն վճարում դրա համար, քանզի ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով նշված թափոններն ազատված են հարկումից: Նույնիսկ խոսակցություն կա, որ Կառավարության առաջարկով օրենսդիրը պետք է սահմանի, որ պոչամբարները հետայսու համարվեն տեխնածին հանքեր:

Հայաստանը՝ հանքավայր… Կյանքի համար տանելի պայմաններ ապահովելու փոխարեն արդեն հայերն իրենց երկրից արտագաղթում են միջպետական պայմանագրով…

Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.

Լուսանկարը` soskapan.blogspot.com

Ծանոթագրություններ՝

Մոլիբդենը արգելակում է սաղմի ոսկորների ձեւավորումը: Մոլիբդենով հարուստ արոտավայրերում արածեցված անասունների մոտ հայտնաբերվել են էնդեմիկ հիվանդություններ` աճի ուշացում, ատաքսիա, բրդի կոշտացում, աղեստամոքսային խանգարումներ, սակավարյունություն, իմունոկենսաբանական ցուցանիշների նվազում, կմախքի փոփոխություն:

Մոլիբդենային հանքերում 418 աշխատողների 44,9%-ը գանգատվել է հոդերի եւ մկանների ցավերից, 75%-ի արյան մեջ հայտնաբերվել է միզաթթվի բարձր պարունակություն: Բոլոր հետազոտվածների մոտ նկատվել է կատալազայի ակտիվության եւ գլոբուլինների մակարդակի նվազում, սիճուկում ընդհանուր գլուտատիոնի ցերուլոպլազմինի պարունակության բարձրացում: Մարսողական օրգանների հիվանդություններից ամենաշատ տարածվածներից են գաստրիտը, խրոնիկական խոլեցիստիդը: Դիտվել է լյարդի ֆունկցիոնալ կարողության խախտում: 64%-ի մոտ հայտնաբերվել է ատամների ոսկրափուտ (կարիես): Նկատվել են ցերեբրալային անուժություն, վեգետոդիստենիա, հիպերտոնիա, սրտի բաբախման ֆունկցիայի խանգարումներ, գինեկոլոգիական հիվանդությունների բարձր մակարդակ: Մոլիբդենի օքսիդի աերոզոլի ազդեցության ենթարկված բանվորները բողոքում են հազից ու շնչուղիների չորությունից (Вредные химические вещества, Ленинград, 1988, с. 160-170):

Կադմիումը նվազեցնում է մարսողական ֆերմենտների ակտիվությունը, ճնշում է արյան եւ լյարդի կատալազային ակտիվությունը եւ լյարդում գլուկոգենի սինթեզը: Կադմիումը կուտակային (կումուլյատիվ) հատկություն ունի:

Կադմիումով խրոնիկ թունավորման հետեւանքով առաջանում է կալցիումի փոխանակության խախտում, ատամների վզիկներին դեղին պսակ է առաջանում, արյան մեջ քչանում են ծծմբաջրածնային խմբերը… Ծխախոտի տերեւները կադմիումը իրենց մեջ կուտակելու մեծ կարողություն ունեն, ինչը կանխորոշում է ծխախոտի ծխի մեջ այդ մետաղի պարունակության շատ բարձր լինելը: Այսպիսով, ծխախոտի ծուխը նպաստում է մարդու ապրելու միջավայրում կադմիումի պարունակության մեծացմանը: Ճապոնիայում երկար ժամանակ կադմիում պարունակող սնունդ ընդունած մարդկանց մոտ հայտնաբերվել է կմախքի կալցիումազրկում հիվանդություն: Հիվանդության պատճառը եղել է լեռնամետալուրգիական ձեռնարկությունների` զգալի քանակությամբ կադմիում պարունակող հոսքաջրերով բրնձի դաշտերի ինտենսիվ աղտոտումը: Հիվանդությունն ընթանում է կմախքի ձեւափոխմամբ (դեֆորմացիայով), հասակի փոքրացմամբ, գոտկատեղում եւ ոտքերի մկաններում` ծանր ցավերով, բադի քայլվածքով, ամենաաննշան լարվածության դեպքում` ջարդվածքներով, օրինակ՝ հազից կողոսկրի կոտրվելը… (Вредные химические вещества, Ленинград, 1988, с. 160-170):

Ծծումբը եւ նրա միացությունները բարձր կոնցենտրացիաներում բերում են հողի բերրիության անկման, բույսերի աճի ու վերարտադրության կանխման, մուտագեն են, խախտում են ջրային կենդանիների մի շարք կարեւորագույն ֆերմենտային համակարգերի գործունեությունը, պատճառ դառնում թթվային անձրեւների…

Դրանց առաջացրած հիվանդություններից թվարկենք մի քանիսը. նյարդային, լյարդի, երիկամների, թոքերի, սրտանոթային, ատամների, աղեստամոքսային, շնչառական ուղիների հիվանդություններ, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, արցունքահոսություն, հազ, լուսավախություն, գրգռվածություն, շնչահեղձություն, քթի ցավ ու արյունահոսություն, խռպոտություն, շրթունքների կապտախտ, սրտխառնոց եւ այլն (Вредные химические вещества, Ленинград, 1989, с. 170-256): Ծծումբը պոչանքներում առաջացնում է ծծմբական թթու, որն իր մեջ լուծելով այդտեղ եղած ծանր մետաղների աղեր եւ այլ նյութեր՝ կարող է ընդերքի ջրերի աղտոտման պատճառ դառնալ:

Մկնդեղը (արսենը) եւ նրա միացություններն առաջացնում են հյուսվածքային շնչառության խախտում, նվազեցնում բջիջների էներգետիկ պաշարները, ընդհանուր ացիդոզ, օրգանիզմի ջրազրկում, արյունալուծում (հեմոլիզ), սակավարյունություն, հյուսվածքների դեգեներացման ու մահացման ախտահարում, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի քաղցկեղ, փսիխոզ, հիշողության եւ խոսքի խախտում, մատների թմրածություն, քթի արյունահոսություն, խռպոտություն, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ… (Вредные химические вещества, Ленинград, 1989, с. 82-102):

Պղնձի եւ նրա միացությունների մեծ քանակությունները թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխարհի վրա: Հողում դրանց մեծ քանակությունների առկայության պայմաններում խաթարվում է հողի հստակ կառուցվածքը, խախտվում է ջրաթափանցելիությունը, վատանում են ջրային եւ օդային ռեժիմները:

Այդ նյութերն առանձնապես թունավոր են հողի միկրոֆլորայի համար: Դրանցով հողը մշակելու դեպքում հողում ընդհանուր միկրոօրգանիզմների թիվը նվազում է 21-72, իսկ սպորային միկրոօրգանիզմների քանակությունը` 23-92 տոկոսով, որը հանգեցնում է բերրիության անկման: Պղնձի միացությունները խիստ թունավոր են ջրային բոլոր տեսակի բույսերի եւ կենդանիների համար: Պղնձի որոշ աղեր օգտագործվում են որպես միջոց ջրային բույսերը ոչնչացնելու համար:

Այդ նյութերի նկատմամբ առավել զգայուն են ձկները: Սահմանային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը մարդկանց մոտ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, գլխացավ, թուլություն, սրտխառնոց, մկանային ցավ, դող, ջերմության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի եւ երիկամների ֆունկցիոնալ խանգարում, անցքեր` քթի միջնապատում, եւ այլ հիվանդություններ (Вредные химические вещества, Ленинград, 1988, с. 61-81):

Ցինկը եւ նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը… Մարդու մոտ առաջացնում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, աղմուկ` ականջներում, գրգռվածություն, անքնություն, հիշողության ու լսողության վատացում, թոքերի ծավալի հիվանդոտ մեծացում, շնչուղիների, թոքերի, աղեստամոքսային եւ այլ հիվանդություններ (Вредные химические вещества, Ленинград, 1988, с. 146-159):

Կապարը եւ նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը եւ բույսերի աճը:Առաջացնում են գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, խոսքի եւ տեսողության խախտում, գիտակցության մթագնում, հիշողության վատացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, մեռելածնություն… (Вредные химические вещества, Ленинград, 1988, с. 415-436):

Մեկնաբանություններ (3)

hasmik
chqax Sjuniqy dJOXQ carqecin, kecce apahov Hajastany
Hasmik
Այս կարգի անգրագիտություն՞ , ով է տեսել խոնավ մակերեսից փոշի բարձրանա՞, դե Կամոյի ասածների համար էլ բան չեմ ասում, եդ մարդուն վաղուց եմ ճանաչում, իսկ Գեղանուշի բնակիչներին իմ ձեռքով եմ ծառեր բաժանել: Ես կխնդրեի նման հոդվածներ գրելուց մի քիչ ճշմարտացի բաներ գրել: Հակոբ Սանասարյան այս հարցը մի քանի տարի առաջ մենք քննարկել ենք կլոր սեղանի շուրջ և դուք ոչինչ չավելացրեցիք մեր հիմնավորումներին, քանի որ ասելիք չունեիք, իսկ հիմա ...... Գոնե դուք մասնագետ լինելով հանդերձ պիտի որ շատ լավ հասկանայիք թե Ձեր գրվածները որքանով են հեռու իրականությունից, իսկ եթե շահարկում եք Ձեր մասնագետ լինելը, ապա ասեմ, որ կարդացողների մեջ կան մարդիկ, ովքեր շատ լավ են հասկանում և Ձեր հոդվածների նպատակը և դրանց անհիմն լինելը:
Hasmik
Ի դեպ սա վերատպագրված հոդված է, Կամոն այլևս Գեղանուշի գյուղապետ չէ, դեռ ավելին նա մահացել է, խնդրում եմ հոդված տպելիս մի քիչ վերանայեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter