HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը «ԱՏ-մետալս»-ին հովանավորելով բացահայտում է իր հակաժողովրդական-հակապետական էությունը

Հակոբ Սանասարյան

ՀՀ կառավարության և իշխանական մյուս ոլորտների կողմից «ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմատաբար ակնհայտ դարձնելու համար, նախ հակիրճ ներկայացնեմ, թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար ինչ ընթացակարգ է սահմանված:

Այսպես, հանքավայրի ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունը ճշտում է հանքանյութի քանակը և որակը (ծավալը, դրա մեջ պարունակվող օգտակար տարրերի կոնցենտրացիաները) և ներկայացնում ՀՀ օգտակար հանածոների պաշարների գործակալություն, որը ընդերքաբանական փորձաքննություն իրականացնելուց հետո հաստատում է պաշարները, իհարկե՝ եթե  այն համապատասխանում է ընդունված չափանիշներին: Հաստատված պաշարները ներկայացնում են Հանրապետական երկրաբանական ֆոնդ՝ գրանցման համար: Պաշարների հաստատումից ու գրանցումից հետո այդ ընկերությունը դիմում է  Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը այդ իրավունքը ստանալու դեպքում՝ կազմում է նախագիծ (հանքավայրի շահագործման, հանքաքարի վերամշակման գործարանի և պոչամբարի) և ներկայացնում Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, իսկ Բնապահպանության նախարարություն՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ընթացքում կազմակերպվում են նախագծի հասարակական լսումներ: Արդյունքում տրվում է դրական կամ բացասական եզրակացություն: Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության դեպքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տալիս է հանքավայրի շահագործման թույլտվություն, իսկ Կառավարությունը փոխում է հանքավայրի, ինչպես նաև հանքանյութի վերամշակման գործարանի և պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ հողերի նպատակային նշանակությունը: Սա օրենքով սահմանված կարգն է:

Հանքշահագործմանթույլտվություն ստանալու ընթացակարգում, ընկերությունները հիմնականումփորձում են շրջանցել սահմանված կարգի առանձին դրույթներ, բայց կա մի դեպք, երբ ընդհանրապես անտեսվում է օրենքը: Օրինակ, Քարասարի և Պրիխրեբտովոյե ոսկու հանքերևակումներումորոնողագնահատողական աշխատանքներ կատարող «ԱՏ-մետալս» ընկերությունը շուրջ 4 ամիս է, ինչ Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում, այն դեպքում, երբ որոնողագնահատողական աշխատանքները դեռևս ավարտված չեն, պաշարները հաստատված ու գրանցված չեն,  նախագիծը գոյություն չունի… Սակայն արդեն ավերվել ու ոչնչացվել են Տաշտուն գյուղին պատկան գյուղատնտեսական նշանակության հողերը, աղբակալվել է Տաշտուն լեռնային գետը,վեր են խոյանում ապօրինի շինությունները:

Ստորև կներկայացվի, թե «ԱՏ-մետալս»-ը ինչ ճանապարհով է փորձում ձեռք բերել հանքավայրի շահագործման թույլտվությունը, և՝ ովքեր են նրա երևացող  հովանավորները:

Ապօրինությունների շարքը սկսվում է նրանից, որ 2012 թվականին «ԱՏ-մետալս»-ը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում հասարակական լսում է կազմակերպել, որի  արձանագրության մեջ գրված է. «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հասարակական լսում՝ նվիրված «Ատ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարվածՔարասարի Պրիխրեբտովոյե (Մեղրասար) նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ... Որոշեցին՝ հավանություն տալ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված «Մեղրասարի» բաց հանքի շահագործման և ֆաբրիկայի նախագծերին»:

Հակառակ արձանագրության մեջ գրվածի, վստահորեն կարելի է ասել, որ այդ օրը  նախագիծ չի քննարկվել, հավանաբար միայն բանավոր հավաստումներ են եղել կամ ինչ որ նյութեր ներկայացրել են որպես նախագիծ,  քանի որ առ այսօր «ԱՏ-մետալս» ընկերությունըհամապատասխան մարմիններին նախագիծ չի ներկայացրել: Ընկերությունը կկարողանա նախագիծ կազմել միայն այն բանից հետո, երբ քննարկվող հանքերևակման պաշարները կհաստատվեն ու կգրանցվեն և այն  հանքավայրի կարգավիճակ կստանա: Հետևաբար, 2012թ. դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղում կազմակերպված լսումը սովորական կեղծիք է, իսկ դրա արձանագրությունը՝ առոչինչ:

 Այս լսում կոչված կեղծիքից 4 ամիս անց, «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովը»(հետայսու՝ Հանձնաժողով) դրական եզրակացություն է տվել Տաշտուն գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից 2,155 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելուն՝ հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար (Եզրակացություն թիվ 34, 29.04.2013թ.): 

Սա բացահայտ օրինախախտում է:Հանձնաժողովը դրական եզրակացությունը  տվել է այն ժամանակ, երբ Քարասար և Պրիխրեբտովոյե հանքերևակումները դեռևս հանքավայրի կարգավիճակ չեն ունեցել և պարզ չէ, թե դրանք հետագայում կդառնան շահագործելի հանքավայր, թե ոչ: Հանձնաժողովի անդամները կարծես չգիտեն, որ հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար հողերի կարգավիճակի փոփոխումը կատարվում է հանքավայրի շահագործման թույլտվությունից հետո, այլ ոչ թե հանքերևակման ուսումնասիրության փուլում: Նաև՝ հավանաբարայս Հանձնաժողովի անդամները չեն էլ պատկերացնում, թե Տաշտուն գյուղի տարածքում՝ Մեղրու բնակավայրերի «տանիքում»,հանքաքարի վերամշակման գործարանի, այսինքն՝ պոչանք արտադրող գործարանի կառուցումըինչ կործանարար հետևանքներ կունենաայդ տարածաշրջանի համար:Առավել մտահոգիչ է, որ այդ եզրակացության տակ ստորագրողներից են՝ պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը,  քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը և այլոք: Իսկ նույն Հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանն էլ, ով նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն է, հողերի կատեգորիայի փոփոխման դրական եզրակացության տակ ստորագրելով այն ուղարկել է Սյունիքի մարզպետին. «Խնդրում եմ Ձեզ այն սահմանված կարգով փոխանցել Տաշտունի համայնքի ղեկավարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկություն՝ համայնքի ավագանու «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումը հաստատվելու և իրավունքի պետական գրանցում ստանալու դեպքում» (07.05.2013թ., թիվ 03/16/2346-13):

Այս հիմնազուրկ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո է միայն հասկանալի դառնում, թե  Տաշտունի գյուղապետը,  ապօրինի շինարարության վայրում(29.06.2013 թ.), ինչու էր համարձակորեն հայտարարում, թե իր մոտ իբր  կան Տաշտունի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելը հիմնավորող փաստաթղթեր, սակայն ինքը դրանք ցույց կտա միայն այն դեպքում, եթե ունենա տարածքային կառավարման նախարարի կարգադրությունը (հետագայում պարզ դարձավ, որ նա այդպիսի փաստաթղթեր չի ունեցել):

ՀավանաբարՏաշտուն գյուղում տեղի ունեցած լսումի ապօրինի որոշումը և  «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի»հակաիրավական դրական եզրակացությունն են հիմք հանդիսացել Կառավարության թիվ 514-Ա որոշման (23.05.2013թ.) համար:

Այս որոշման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության սահմանված կարգով ընտրված «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների՝ համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը»: Որոշման հավելվածում նշված ապրանքներն են՝ հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխարկիչ, պոմպ, էլեկտրալիզոր, ղեկավարման վահանակ, վառարան, տիտանից խառնիչ, կոմպրեսորային գեներատոր, այտային ջարդիչ, աղաց և այլն:

Որոշումից չի հասկացվում, թե հարկային արտոնությամբ ներմուծվող ապրանքները որ ոլորտում ու օբյեկտներում են օգտագործվելու: Այս հարցը հասկանալի է դարձնում «105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով. գործադիրը աջակցում է ներդրումային ծրագրին» հոդվածը(«Հայաստանի Հանրապետություն», 24.05.2013թ.): Այդտեղգրված է. «Ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, «ԱՏ-մետալս»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասար հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում՝ ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս, որի համար նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար... Ընկերությունը նախատեսում է հետագայում վերամշակման արդյունքում առաջացած պոչերը կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թ. թողարկել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք՝ հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2,2 մլրդ դրամի»:

Էկոնոմիկայի նախարարի խոսքը շատ հարցեր է հանգուցալուծում:  Միայն նրա ասածից է հասկացվում, որ ՀՀ կառավարության տված հարկային արտոնությունը վերաբերում է «Մեղրասարին», իմա՝ «Պրիխրեբտովոյե» և «Քարասար» հանքերևակումներին: Զարմանք է հարուցում, որ էկոնոմիկայի նախարարը հանքերևակումը ներկայացնում է որպես հանքավայր, ինչը անթույլատրելի է այդքան բարձր պաշտոն զբաղեցնողի համար: Փաստորեն, հասարակությանը կեղծ տեղեկություն է մատուցվում:

Հայտնի է, որ «ԱՏ-մետալս»-ը Քարասարի և Պրիխրեբտովոյե հանքերևակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարելու թույլտվություն է ստացել (2007-2012թթ.), որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թվականը: 2013-2014թթ. աշխատանքային ծրագրում ասվում է. «Սույն ծրագրի կազմման նպատակն է գնահատել Մեղրու հանքային շրջանի Քարասարի և Պրիխրեբտովոյե ոսկու երևակումները, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման և հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման և ամփոփման համար: Աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ամփոփել տեղամասի վերաբերյալ բոլոր ֆոնդային նյութերը, ինչպես նաև ... ընկերության կողմից 2007-2012թթ. ընթացքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալները»:

Ինչպես տեսնում ենք, ընկերության կողմից 2013 թ. ներկայացված փաստաթղթում գրված է, որ նոր պիտի գնահատվեն այդ երևակումները և պարզվենդրանց հնարավոր արդյունաբերական նշանակությունը, երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվեն, ֆոնդային նյութերն ամփոփվեն: Նույնիսկ ամփոփված չեն 2007-2012թթ. կատարած աշխատանքները: Այսինքն, դեռևս հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու: Եվ այդ վիճակում դրանք հանքավայր ներկայացնելը կամ անտեղյակություն է, կամ՝ խաբեություն:

Ինչ վերաբերում է առաջացած պոչանքը շինարարության կամ ապակու արտադրության մեջօգտագործելուն, ապա նախ պետք է ապացուցվի, որ դա թույլատրելի է՝ վտանգավոր չէ, այսինքն՝ պոչանքի մեջ գտնվող վտանգավոր նյութերը չեն գերազանցում սահմանային թույլատրելի քանակները: Եթե պոչանքը շինարարության մեջ այդքան հեշտ օգտագործելի լիներ, ապա այսօր հարյուրավոր ավազահանքեր չէին շահագործվի, քանզի ՀՀ տարածքում հարյուրավոր միլիոն տոննաների հասնող պոչանք կա: Մետաղական նոր հանքավայրի գովազդ անողընախ,պետք է տեղյակ լինի թեպոչամբարները (ռեկուլտիվացված և շահագործվող)ինչ վիճակում են և ինչ ծավալների վնասեն հասցնում  Հայաստանի Հանրապետությանհողին, ջրին, օդին, բուսական ու կենդանական աշխարհին:

Պոչանքից ջրային համակարգին հասցրած վնասի առումով, շատ հակիրճ դիտարկենքնույն տարածաշրջանի Ողջի գետը: Այս գետի և նրա Դարազամ, Փխրուտ, Գեղի, Գեղանուշ, Արծվանիկ վտակների հուներում, իսկ Նորաշենիկի ափում՝պոչամբարներ են տեղադրված: Արդեն փակված, ռեկուլտիվացվածԴարամազի պոչամբարիվրատասնամյակներ շարունակ բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգատու ծառեր են աճեցվում՝փաստորեն պոչամբարը դարձել է սննդամթերք արտադրող ջրովի տարածք, իսկ Փխրուտի և Ողջիի պոչամբարները օգտագործվում են որպես արոտավայր(«ռեկուլտիվացված»` մի կերպ հողով ծածկված, բզկտված պոչամբարների վրա արածեցումները, հունձքը, գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը արդեն հասկանալի են դարձնում, թե ՀՀ պաշտոնյաները ինչու են պնդում, որ հանքարդյունաբերությունը երկրագործությանը-գյուղատնտեսությանը և մարդու առողջությանը վտանգ չի սպառնում):

 Ողջի գետի հունում տեղադրված պոչամբարի վերին եզրը ծառայում է որպես պատնեշ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տեխնիկական ջուր մատակարարող ջրամբարի համար: Այս տարվա հունիսի 25-ին այդ ջրամբարը վթարվեց: Պոչամբարի տակով՝ Ողջի գետի հոսքը իր մեջ վերցնող բետոնյա խողովակի տարողունակությունը բարեբախտաբար այս անգամ բավարարեց նաև վթարային ջրի համար և պոչամբարը չհեղեղվեց (Միայն անտերության պայմաններում է հնարավոր պոչամբարի մարմինը ծառայեցնել որպես ջրամբարի պատվար, այն էլ մեծ թեքության վրա, փաստորեն պոչամբարին ջուր է մատակարարվում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Նույն անտերությունն է, որ բացարձակորեն անթույլատրելի տեղում կառուցել ենԳեղիի պոչամբարը, որը հունիսի 25-ի վթարվեց, սակայն պետական համապատասխան ծառայությունները «չնկատեցին» կատարվածը):Փխրուտի և Ողջիի պոչամբարները ակոսված են տեղումների ջրերի առուներով, խորը առուներ ու փլվածքներ են առաջացել նաև բարբարոսաբար խողովակաշար անցկացնելու հետևանքով: Նույն օրինախախտ վիճակում են նաև շահագործվողԱրծվանիկի, Գեղանուշի և Գեղիի պոչամբարները: Դրանց հատակները նույնպես մեկուսացված չեն, շրջապատը ապականված է պոչանքով, իսկ օրինակ,Արծվանիկ գյուղի նախիրը արածում է պոչամբարի ափերում և խմում ծանր մետաղներ պարունակող պոչամբարի ջուրը:Այս պոչամբարի զբաղեցրած տարածքի 700 հեկտարը Արծվանիկ գյուղի հողերն են, որոնք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տրվել է նաև բացառիկ հանրային շահի անվան տակ: Ահա թե մասնավորի համար գերշահույթ ապահովելու խնդրում ինչ հակաժողովրդական ձևակերպումներ են արվում ու մնում անպատիժ:

Ողջի լեռնային գետը, որի ավազանում հաշվվում է 842 գետ ու գետակ՝ տարեկան 302 մլն խմ (302 մլրդ լիտր) ջրի հոսքով, իրականում Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռումչպետք է տեղ գտնի,քանի որ արդենդարձել է խմելու և ոռոգման համար ոչ պիտանի՝ մեռյալ գետ: Այս գետը շարունակաբար բազմապիսի բարիք է պարգևել բուսակենդանական աշխարհին, սակայն վերջին տասնամյակներին, պոչանքով աղտոտվելու պատճառով, դարձել է չարիքի աղբյուր՝ շատերը այդ ջրով ոռոգում են կատարում: Լեռնային գետի 302 միլիարդ լիտր ջրի գինը թող որոշի էկոնոմիկայի նախարարությունը ևհաշվարկի, թե Հայաստանի Հանրապետությունը միայն այս գետի ջրի հաշվով տարեկան ինչ կորուստներ է կրում...Նաև՝ պոչամբարները լուրջ սպառնալիք են ընդերքի ջրերի աղտոտման-թունավորման  առումով:

Ամբողջական տեքստը` այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter