
Գանձասարի պարսպին ամրացված սալիկները քանդվելու են. հուշարձանը կստանա՞ իր նախկին տեսքը
Գանձասարի պարսպին ամրացված սալիկները քանդվելու են: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասացին Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը և նույն ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը:
Վերջինը շնորհակալություն հայտնեց Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությանը և ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Գանձասարի պարսպի երեսպատումը կանգնեցնելու համար, և հավելեց, որ այժմ պետք է մտածել, թե ինչպես պարիսպը պետք է վերականգնի իր նախնական պատմական տեսքը:
«Մեզանից խորհուրդներ էին հարցնում, թե «արդյոք քանդվելիս սա չի՞ վնասվի, կարո՞ղ ենք քանդել»: Ամեն ինչ հնարավոր է: Քանդել միանշանակ պետք է, վերացնել պետք է, ու պետք է հնարավորինս ավելի համբերատար լինել, որ չվնասես տակի մնացածը: Բայց դատելով նրանից, որ ինքը խամ քարի շարվածքով է՝ եթե մի քար էլ պոկվի, ոչինչ, կարելի է տեղադրել»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
Բազմաթիվ մեթոդներ կան, որոնցով կարելի է երեսպատման հետևանքով վնասված պարիսպը բերել իր նախկին տեսքին: Պարսպի վերականգնման ծայրահեղ տարբերակը քանդում-վերաշարումն է, որի ժամանակ քարերը համարակալվում են, հետո նորից դրվում իրենց տեղում: «Հիմա երկրորդ փուլն է. մենք սպասում ենք, թե երբ պետք է քանդվի»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
Իր հերթին Գագիկ Սողոմոնյանը նշեց. «Սալիկապատումը հուշարձանի տարածքում, գեղարվեստական առումով, գոյություն ունենալու տեղ չունի: Հուշարձանում ամեն ինչ միշտ իր նյութերով պետք է արվի, և եթե փոխարինելու կարիք կա, ապա փոխարինվում են էլի իր նյութերով: Իսկ տեխնիկական առումով ոչ մի խարխլված պատ, երբ սալապատում եք արտաքինից, չի ամրանում: Սալապատումը ուղղակի ծանրացնում է այդ կողմի շերտը և ավելի մեծ լարումներ է ստեղծում»:
Ստեփան Նալբանդյանի խոսքերով՝ ցանկացած պատմական հուշարձան վերականգնելուց կամ վերանորոգելուց առաջ առաջ պետք է անել մի շարք կարևորագույն քայլեր: Նախ, հուշարձանի տարածքում պետք է աշխատեն հնագետները, ովքեր կարող են գտնել նոր արժեքավոր քարեր, որ դրանք հետագայում չմնան շինարարության տակ: Այնուհետև պետք է աշխատեն երկրաֆիզիկոսները, երկրաբանները, որոնք փորում են խուզահորաններ, ստուգում են հուշարձանի հիմքերի ամրությունը: Երրորդն աշխատում են սեյսմոլոգները, ովքեր տալիս են պատերի տեխնիկական վիճակի նկարագիրը: Հետո գեոդեզիստները քարտեզագրում են տարածքը: Ամենավերջում արդեն տվյալ հուշարձանի տարածք են մտնում ճարտարապետները, չափագրում են հուշարձանը և դրա հիման վրա՝ նախագիծ պատրաստում:
Իսկ տվյալ դեպքում արցախցի ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանը, թեև վերանորոգման հարցով դիմել է Արցախի զբոսաշրջության վարչությանը, սակայն վերանորոգման նախագիծ չի ունեցել, որում ամրագրված կլիներ, թե ինչ է ուզում անել: Ստեփան Նալբանդյանի խոսքերով՝ հաճախ բարերարները մտածում են, որ «գյուղ է, փողը ունեմ, ես եմ որոշում, իմ եկեղեցին է, «ռեմոնտ» եմ անում»:
Գագիկ Սողոմոնյանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ աշխատանքները նախաձեռնողները չեն խորհրդակցել Կաթողիկոսի ճարտարապետական խորհրդի հետ: Նա տարօրինակ է համարում նաև այն, որ երբ բարերարը դիմել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, վերջինի արձագանքը չի եղել բարերարին հայտնել Կաթողիկոսի այս խորհրդին դիմելու մասին:
«Այդ կողմից էլ բացթողում է եղել, որովհետև եթե հասներ ճարտարապետական բաժին, այնտեղ մերոնցից մարդիկ կան, կասեին՝ կարգը որն է: Բոլոր ուղղություններով բացթողումներ են եղել»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը:
Արցախի զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժինը, խորհրդակցելով ՀՀ-ի մշակույթի նախարարության հետ, հայտարարել էր, որ նման ձևով վերանորոգում իրականացնել նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, աշխատանքները սկսվել են՝ առանց թույլտվության:
«Փաստորեն, այս բողոքների հիմնական պատճառը եղել է այն, որ անօրինական գործունեություն է սկսվել այնտեղ: Մենք փորձում ենք կառուցել պետականություն, օրինավոր երկիր, և ցանկացած իրեն հարգող բարեգործ պետք է դիմի օրենքներին: Պետության մեջ օրենքով քայլեր պետք է անել և օրենքով որոշված մասնագետների է պետք դիմել: Ոչ մի անձ, ուզում է նույնիսկ աստվածը լինի, չի կարող գալ ասել, որ «ես կարծում եմ, որ պատերը թուլացված են, և ես համարում եմ, որ նրանց ամրացման համար պետք է համատարած սալապատում արվի»»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը:
Ստեփան Նալբանդյանն էլ նշեց, որ Վազգեն Վեհափառի օրոք Էջմիածինն ուներ իր գիտամեթոդական խորհուրդը, որի կազմում ընգրկված էին հանրահայտ ճարտարապետներ: Այդ խորհրդում հուշարձանների վերականգնման հարցերը մանրակրկիտ քննարկվում էին:
«Եթե որևիցե վանքային համալիր կամ մի եկեղեցի չէր պատկանում Մայր Աթոռին, քննարկվում էր պետության Հուշարձանների վարչության գիտամեթոդական խորհուրդներում՝ սխալները շտկելով, նորից նախագիծ, նորից վերանայում անելով: Բայց Վեհափառն այնքան բարեհոգի էր, որ թեև իրեն չէր պատկանում, բայց ինքը հրավիրում էր նորից՝ նախագիծը իր մոտ քննարկելու»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
Գանձասարի վերականգնման նախագիծն արվել է դեռ 1989թ.
Գագիկ Սողոմոնյանի խոսքերով՝ 1989 թ. ԽՍՀՄ մշակույթի նախարարությունից ճարտարապետները ստացել են նամակ, որով իրենց առաջարկվել է գնալ Գանձասար, կատարել ուսումնասիրություններ ու պատրաստել հուշարձանի վերականգնման նախագիծը: Գագիկ Սողոմոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է 5 հեղինակ ճարտարապետից կազմված թիմ, որը գնացել է Գանձասար: Այդ թիմում է եղել նաև Ստեփան Նալբանդյանը:
Հեղինակ ճարտարապետները մեկ ամիս շարունակ ապրել են Գանձասարի խցերում, մանրակրկիտ չափագրել ամբողջ հուշարձանը, այդ թվում նաև պարիսպները, կից կառույցները, տարածքում հայտնաբերված խաչքարերը: Հետո շատ արագ սկսվել է նախագծի իրականացումը՝ վերականգնման բոլոր մանրամասներով:
Նախագիծն այժմ պատկանում է պետությանը, պահվում է պատմական հուշարձանների վերականգնման պետական արխիվում, և դրա հեղինակներն անգամ իրավունք չունեն, առանց համապատասխան թույլտվության, վերցնել այն:
«Թող իրենք վերցնեն նախագիծն անեն: Մենք էլ՝ որպես խորհրդատուներ, փորձառու մասնագետներ, պատրաստ ենք Գանձասարի հետ մինչև վերջ կանգնելու»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
1989 թ. արված նախագիծը վերաբերել է Գանձասարի ողջ համալիրին, այդ թվում նաև պարիսպներին. համալիրից որևէ բան դուրս չի մնացել նախագծից: Նախագծի՝ պարսպի գծագրերից որոշակի հատվածներ տեղադրված են Facebook սոցիալական ցանցում:
Գագիկ Սողոմոնյանի խոսքերով՝ պետք է ուսումնասիրել և տեսնել, թե բացի արդեն իսկ եղած նախագծից՝ պե՞տք են նաև պարսպի տեղային ամրացման նախագծեր:
«Ցանկացած մեկենաս, որը ուզում է ինչ-որ գործ անել, և եթե դրա վերաբերյալ նախագիծ կա արդեն, ինքը դիմում է, սկսում է օգտվել նախագծից: Ուրիշ բան, որ այս 20 տարվա ընթացքում, հնարավոր է, փոփոխություններ են եղել տեղում, պատերը թուլացած են, և կարող է՝ տեղական նախագծերի կարիք կա (մենք դեռ չգիտենք): Ամսի 5-ի լուսանկարով կայուն էր պատը, ամսի 9-ին քանդված պատի լուսանկար է ցուցադրվել: Նշանակում է, մեր ենթադրությամբ, պատը քանդվել է, որ ցույց տան, որ քանդված է եղել պատը»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը:
Ըստ կայքերի հայտնած տեղեկությունների՝ Լևոն Հայրապետյանը 1,5 մլն դոլար էր նախատեսում ծախսել Գանձասարի պարսպի երեսպատման վրա: Գագիկ Սողոմոնյանի համոզմամբ՝ իրենց նախագծով պարիսպը կարելի կլիներ վերանորոգել 5 անգամ քիչ գումարով, իսկ տնտեսված միջոցներով այլ բարեգործություններ անել:
1989թ. նախագիծն արժամանացել է պետության բարձր գնահատականին: Հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց, և այդ ժամանակ ճարտարապետներն արդեն հնարավորություն չունեին հետևելու իրավիճակին:
90-ականների վերջին Գանձասարի կից կառույցների վերականգնման աշխատանքներ են կատարվել: Այդ աշխատանքները, Գագիկ Սողոմոնյանի խոսքերով, արվել են նախագծից լրիվ շեղումներով, և բացարձակապես պահպանված չէ նախագծի այն մասը, որով վերականգնվում էր ժողովրդական տան լավագույն օրինակը՝ տեղի հոգևորականների վեհարանը: Ճարտարապետներն այդ ժամանակ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում, ուստի բողոքներ չեղան:
Գանձասարի պարիսպը ևս արդեն տուժել է նույն վերանորոգումից. 90-ականների վերջին դրա վրա կղմինդրե ծածկ է տեղադրվել, մինչդեռ միջնադարում հայերը կղմինդրածածկ պարիսպներ չեն ունեցել: Ծածկի դեպքում ճարտարապետները դարձյալ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում, և փաստի առաջ կանգնեցին վերանորոգումից հետո:
«Բայց այսօր փոխել պարսպի կերպարը, որի շարվածքը շատ բնորոշ է Արցախի ճարտարապետությանը և Սյունյաց աշխարհի ճարտարապետությանը... Դա պետք է պահպանվի այնպես, ինչպես եղել է»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
Նա համոզված է, որ ցանկացած վանական համալիր պարսպապատ է եղել, և քանի որ Գանձասարի եկեղեցին և գավիթը 13-րդ դարում են կառուցվել, ուրեմն այդ ժամանակ էլ կառուցվել է նաև պարիսպը: Պարսպի թեկուզ և 1910 թ. արված լուսանկարը արդեն իսկ փաստում է, որ պարիսպը առնվազն գոնե այդ թվականի հուշարձան է: Իսկ ցանկացած պատմական հուշարձան պետք է զերծ մնա նորարարություններից և պահպանվի այնպես, ինչպես եղել է:
Անդրադառնալով հնչած այն կարծիքին, որ «ճարտարապետներն այսպես բողոքում են Գանձասարի պարսպի երեսպատումից, որովհետև ուզում են բարեգործի գրպանը մտնել և նրանից գումար ստանալ»՝ Գագիկ Սողոմոնյանն ասաց, որ նման կարծիքն անհեթեթ է, որովհետև իրենք արդեն շատ լավ վարձատրվել են Գանձասարի 1989թ. իրենց արած նախագծի դիմաց, և նույն աշխատանքի դիմաց երկրորդ անգամ վարձատրվելու ակնկալիք չեն կարող ունենալ:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահը տխրել է՝ կարդալով այն մասին, որ Գանձասարի պարսպի երեսպատումից բարձրացած աղմուկից հետո Լևոն Հայրապետյանը նախատեսում է չեղյալ համարել իր ծրագրած բոլոր բարեգործությունները:
«Մենք ուղղակի հրավիրում ենք օրինական դաշտ բարեգործությունը, ինչը ավելի կարևոր է հենց բարեգործի համար: Եվ դրա պատճառով հավատս չի գալիս: Մենք կասկածում ենք այս բոլոր գրածներին»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը:
Ստեփան Նալբանդյանն էլ ասաց, որ բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի արած ներդրումները Վանք գյուղում, սակայն նրան ճիշտ խորհուրդներ չեն տվել Գանձասարի հարցում: Նրա խոսքերով՝ եթե մեկ անգամ Լևոն Հայրապետյանը զրուցի ճարտարապետների հետ, ապա համակարծիք կլինի մասնագետներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել