HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնող խումբը տարածել է Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը:

Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաև պետականությունը:

Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի և այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը և միջկուսակցական պայքարը:

Պայքարի սկզբում ես և իմ ընկերները գիտակցում էինք, որ պետական համակարգն արատավոր է: Միևնույն ժամանակ, հույս ունեինք, որ ազատամարտիկների` փողոց ու հրապարակ իջնելը կսթափեցնի օրվա կառավարիչներին և նրանք կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել:

Զինծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան էի տեսել, բայց չէի պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին: Ամիսներ շարունակ հակառակ կողմից առնչվելով պետական համակարգի և նրա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հասկացա, որ նրանք չեն ճանաչում, չեն ընդունում և չեն հարգում մեր պետականությունը և այն կրող մարդկանց` ազատամարտիկներին: Եվ դա անում են գիտակցաբար` հանուն իրենց անձնական ու խմբակային շահերի: Քանի որ նրանց և մեր պետականության ու ժողովրդի շահերն իրար հակասում են:

Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն: 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով և ազգային պետություն կառուցելով:

Այս մասին վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնել եմ և արդեն պատրաստվում էի հանդես գալ պայքարի սոցիալական դրոշը ազգային-պետական բնույթի քաղաքականով փոխարինելու նախաձեռնությամբ: Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու և հայկական պետություն կառուցելու դրոշը:  

Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և մեր ժողովրդին` ոչ մի դեպքում չնահանջել և միանալով ազգային-ազատագրական պայքարին`իրականություն դարձնել ազգային պետության կառուցման մեր երազանքը»: 

30.09.2013 թ.

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իշխանությունները լավ են հասկանում,որ ազատամարտիկների այս շարժում-պայքարը լուրջ պայքարի սկիզբ է,դրա համար են ՀՀԿ-ական իշխանավոր «նախկին կռված տղերքը» ոտ ու ձեռ ընկել: Ինչքան հարվածեն շարժմանը,այնքան այն հզորանալու է,որովհետև մարդիկ արդեն համոզվել են,որ ՀՀԿ-ն Հայաստանը հզորացնելու պլան,կարողություն և ցանկություն չունի:
Գեւորգ
Տրամաբանությունը, բարոյականությունն ու մարդկային լեզվով խոսելը վաղուց անարժեք ու անիմաստ բաներ են դարձել այս երկրում: Նման իրավիճակում քայլեր են պետք: Խնդիրը չափազանց պարզ է դարձել արդեն: Կամ զանգ կախողներ պիտի գտնվեն, կամ էլ մեր ,,պատվավոր ցեղը,, պիտի իր անփառունակ վախճանը գտնի տարբեր ծակուռներում ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter