HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ ինքնաթիռով են թռչելու «Էյր Արմենիա»-ի ուղեւորները

«Հետքը» գրել է, որ ներկայում օդային ուղեւորափոխադրումներ իրականացնող հայկական միակ «Էյր Արմենիա» ընկերությունը իր չվերթները սկսելու է հոկտեմբերի 27-ից: Ընկերությունը լիզինգով արդեն ձեռք է բերել իր առաջին օդանավը՝ «Boeing 737-505»: Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից ինքնաթիռին տրվել է EK-73797 գրանցման համարը: Այն արդեն ներկվել է «Էյր Արմենիա»-ի գույներով:

Ներկայացնենք, թե ինչ օդանավ է սա, որով առաջիկայում իրականացվելու է, մասնավորապես, Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթը:

Ըստ aerotransport.org տեղեկատվական բազայի՝ ինքնաթիռը կառուցվել է 1994-ին, այսինքն՝ ներկայում 19 տարեկան է: Դրա առաջին օպերատորը եղել է նորվեգական «SAS Norge» ընկերությունը (գրանցման համարը՝ LN-BUA): Այնուհետ շահագործվել է չինական «Xiamen Airlines»-ի կողմից (B-2529): Վերջինիցս «wet-leased» տարբերակով (օդանավը վերցվել է լիզինգով, սակայն թե մեքենան, թե անձնակազմը, տեխնիկական սպասարկումը, ապահովագրությունը եղել են վարձով տվողի պատասխանատվության ներքո) վարձակալել է նույնպես չինական «Fujian Airlines»-ը (B-2529): Չորրորդ օպերատորը եղել է ամերիկյան «World Star Aviation»-ը (N371LF), սակայն, ըստ տեղեկատու կայքի, այս ընկերությունը չի օգտագործել ինքնաթիռը: Ամերիկացիներից հետո օդանավը ձեռք են բերել ռուսները՝ Օրենբուրգի «Orenair» ընկերությունը: Հետաքրքիր է, սակայն, որ ներկայում ընկերության բոլոր ինքնաթիռները կրում են Բերմուդյան կղզիների ազգային նիշը՝ VP-B կամ VQ-B: Նշված ինքնաթիռի գրանցման համարը եղել է VP-BEW: «Էյր Արմենիա»-ին հանձնվելուց առաջ «Boeing 737-505»-ը որոշ ժամանակով կայանվել էր «Orenair»-ի բազավորման գլխավոր կետում՝ Օրենբուրգի Կենտրոնական օդանավակայանում:       

Հայկական երկնքի այս նոր ինքնաթիռը «Boeing 737 Classic»-ի ընտանիքի «Boeing 737-500» շարքից է: Այս շարքի օդանավերի տեղերի թիվը 103-122 է, առավելագույն թռիչքային քաշը՝ 52,4 տոննա: Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5200 կմ: «B 737-500»-ները առաջին անգամ օդ են բարձրացել 1990-ին: 

Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ն նախատեսում է կրկին լիզինգով ձեռք բերել նաեւ մեկ հատ «Airbus A320» օդանավ, ինչից հետո կսկսի շահագործել նաեւ ՔԱԳՎ-ի կողմից ժամանակավորապես ստացած դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա ուղղությունները: 

Լուսանկարը՝ «Էյր Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter