
«Անհրաժեշտ պաշտպանություն»՝ չպարզված հանգամանքներում
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դասախոս, դոցենտ Սամվել Դիլոյանի և նրա ընկեր Արեն Վերանյանի անունները միայն փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով չէ, որ անցնում են: Նրանք վանաձորցիներ Վահագ Ավագյանի և Գոռ Թորոսյանի հետ ներգրավված էին սպանության մեկ այլ գործում ևս:
Վանաձոր-Դիլիջան ճանապարհի վրա գտնվող «Թեժ լեռ» տեղանքում 2007թ. ապրիլի 26-ի երեկոյան սպանվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ Հրանտ Հակոբյանը՝ մարմնի տարբեր մասերում ստացած 15 ծակած-կտրած վնասվածքների պատճառով:
Ոստիկանությունում Գոռ Թորոսյանն իր վրա է վերցրել Հրանտ Հակոբյանի սպանության պատասխանատվությունը, սակայն 4 օր անց Արեն Վերանյանը ցուցմունք է տվել, որ ինքը եւս դանակի հարվածներ է հասցրել Հակոբյանին: Նա նշել է, որ սպանությունն իր և Գոռ Թորոսյանի կողմից կատարվել է ինքնապաշտպանության նպատակով, քանի որ տուժողն ատրճանակ է օգտագործել իրենց դեմ:
Արեն Վերանյանին և Գոռ Թորոսյանին սպանության համար մեղադրանք էր առաջադրվել, իսկ գործի վերահսկողությունն իրականացնում էր անձամբ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը: Գոռ Թորոսյանը քննիչ Մովսես Մովսիսյանին միաժամանակ հայտնել էր, որ կռվի ընթացքում Հրանտին ոտքերով եւ ձեռքերով հարվածել է Սամվել Դիլոյանը: Նրա այս ցուցմունքը մեկ օր հետո հաստատել է նաև հենց Սամվել Դիլոյանը: «Միևնույն ժամանակ չեմ հրաժարվում, որ ես շատ եմ բռունցքներով և ոտքերով խփել Հրանտին, բայց մեր նպատակը նրան վնասազերծելն է եղել»,- ասել էր նա Դիլոյանը:
Սակայն այսքանով հանդերձ՝ քննիչ Մովսիսյանը սպանության գործով Սամվել Դիլոյանին իբրև մեղադրյալ չի ներգրավել: Ինքը՝ Դիլոյանը, իբրև կատարվածի պատճառ նշել էր հետեւյալը. Հրանտ Հակոբյանը բազմիցս Սամվել Դիլոյանին և Վահագ Ավագյանին, որպես համայնքի ավագանիներ, դիմել է Վարդանանց 51 շենքի արևմտյան հատվածի հողատարածքը վարձակալության հիմունքներով իրեն հատկացնելու խնդրանքով: Դիլոյանը և Վահագը բացատրել են Հրանտին, որ հողահատկացումը ավագանու իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Հրանտը, սակայն, 2007թ. ապրիլի 26-ին ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի քարոզչության ժամանակ նրանց կրկին դիմել է նույն հարցով, ինչն արդեն Վանաձորի 2 ավագանիներին ձանձրացրել է:
Ըստ Դիլոյանի՝ Հրանտը նրանց հրավիրել է Վանաձորի «Թեժ լեռ» ռեստորանում հաց ուտելու և հողի հարցը քննարկելու: Թեեւ Դիլոյանը նշել է, որ ավագանինները «ձանցրացել են» Հրանտի խնդրանքից, բայց, չգիտես ինչու, նույն խնդրանքի շուրջ ռեստորանում զրուցելու հրավերքն ընդունել են: Ավելին, մինչ ռեստորան գնալը՝ Դիլոյանն իր ընկերներ Արեն Վերանյանին և Գոռ Թորոսյանին հեռախոսով հրավիրել է «Թեժ լեռ» ռեստորան` միանալու Հրանտի «հաց ուտելու» հրավերքին: Վերջիններս հաց ուտելու են գնացել դանակներով զինված:
Մարզի դատախազը 2007թ. մայիսի 15-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Գրիգորյանին գրությամբ հայտնել է. «Մեր կողմից ձեռնարկված տվյալներով բացահայտվել են, որ վկաներ Հրանտ Հակոբյանի քենակալ Արեն Սաֆարյանի և ընկերոջ՝ Արթուր Հովհաննիսյանի հետ համապատասխան «դաստիարակչական» բնույթի աշխատանքներ են տարել 2007թ. մայիսի սկզբից` ՌԴ-ից Վանաձոր ժամանած որոշ «հեղինակություններ»: Նրանք 06.05.07թ. ցուցմունքներ են տվել մեղադրյալների ցուցմունքների սցենարով»:
Դատախազը մարզի ոստիկանապետին հանձնարարել է պարզել «հեղինակությունների» անձը, այլ պարագայում նա կասկածի տակ է դրել հանցագործության իրական բացահայտումը:
Արդյոք տուժողն ատրճանակ օգտագործե՞լ է: Քննիչը համապատասխան փորձաքննություններ չի նշանակել` պարզելու համար, օրինակ, զենքի վրա Հրանտի մատնահետքերն առկա՞ են, կամ վերջինիս եղունգների տակ վառոդի արգասիքներ կա՞ն: Այս կապակցությամբ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հակոբյանը բազմաթիվ բողոքներ է հղել վերադաս մարմիններին: Իսկ քննիչ Մովսիսյանը Հրանտ Հակոբյանի կողմից ատրճանակ կիրառելու փաստը հիմնավորել է սպանության մասնակիցների և Արեն Սաֆարյանի, Արթուր Հովհաննիսյանի և մյուս վկաների ցուցմունքերով, որոնց արժանահավատությունը ի սկզբանե կասակածելի է դիտվել գործի վարույթը վերահսկող դատախազի կողմից:
Գործում տարօրինակ այլ հանգամանքներ էլ կան: Տաքսու վարորդ Սեդրակ Տարակչյանն ապրիլի 30-ին քննիչին հայտնել է, որ «Թեժ լեռ» տեղանքից Հրանտ Հակոբյանին հիվանդանոց է տեղափոխել խոսելու և քայլելու հնարավորությունից զրկված: Սակայն 9 օր անց, ի պատասխան քննիչի հարցի, նույն վկան ցուցմունքում նշել է, որ «Հրանտն իջավ մեքենայից, անցավ փողոցը, մտավ «բեսետկայի» մեջ, ինչ-որ բան պահեց այնտեղ ու վերադարձավ»:
Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը մահացավ 2007-ի օգոստոսին: Մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Շահբազյանի ցուցումով արդեն սեպտեմբերին քննիչ Մովսիսյանը փոխել է Արեն Վերանյանի խափանման միջոց կալանքը և կարճել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Բացի դրանից՝ քննիչը փոփոխել է Գոռ Թորոսյանին առաջադրված մեղադրանքը՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը» վերաձեւակերպելով իբրեւ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն»:
Այս նոր մեղադրանքում Գոռ Թորոսյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ, Կ. Ղազարյանի նախագահությամբ, մեկ ամիս անց արագացված դատաքննությամբ նրա համար պատիժ էր նշանակել 1,5 տարվա ազատազրկում: Սամվել Դիլոյանը, Արեն Վերանյանը և Վահագ Ավագյանը Հրանտ Հակոբյանի սպանության գործով չդատապարտվեցին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել