HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարյուրավոր լիցեյականներ Փարիզի փողոցներում բողոքում են հայազգի Խաչիկ Խաչատրյանի վտարման դեմ

Երեկ հարյուրավոր փարիզցի լիցեյականներ հավաքվել են Փարիզի դպրոցական կրթության ռեկտորատի առջեւ՝ բողոքելու արտասահմանցի ուսանողների վտարման դեմ: «Առիթը հայ դպրոցականներից մեկի վտարումն էր»,- «Ֆրանսպրեսին» հղում անելով՝ գրում է «Նուվել դ՛Աղմենին»:

Լիցեյական արհմիության, Առանց սահմանների կրթության ցանցի եւ կրթական անձնակազմերի արհմիության (RESF) եւ CGT-Éduc’action-ի կոչին հետեւելով՝ աշակերտները գոռում էին՝ «Վալս, հեռացիր», «Ազատություն Խաչիկին» (Վալսը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն է - «Հետք»):

19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, որը Camille-Jenatzy լիցեյի աշակերտ էր, այս կիրակի վտարվել է Հայաստան:

«Նրան մեկուսացրել են ընտանիքից, նրա ուսումը դադարեցվել է, այսօր նա իրեն հարց է տալիս՝ արդյոք իրեն չեն բանտարկի իր երկրում: Նրան բռնի ուժով ուղարկելու են զինվորական ծառայության, իսկ մենք գիտենք, որ այնտեղ ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողություններ են լինում»,- «Ֆրանսպրեսին» ասել է RESF-ի եւ CGT-Éduc’action –ի ներկայացուցիչ Դանթե Բասինոն:

Ըստ RESF-ի՝ Խաչիկը ժամանելուն պես ձերբակալվել է, սակայն երեքշաբթի ազատ է արձակվել եւ նոյեմբերի սկզբին կանցնի զինվորական ծառայության: Խաչիկ Խաչատրյանի ծնողները, քույրը, փեսան եւ զարմիկները մնացել են Ֆրանսիայում:

Սեպտեմբերին նման կերպով վտարվել էր 15-ամյա մի կոսովուհի լիցեյական: Ինչպես գրում է «Նուվել դ՛Աղմենին», մեկուսացված անչափահասին իրավունք չունեն վտարել՝ մինչ նրա չափահաս դառնալը, կամ ծնողների հետ, եթե նրանք, իբրեւ ապօրինաբար Ֆրանսիայում բնակվողներ, վտարվում են:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ ՆԳ նախարար Մանուել Վալսը շարունակում է Նիկոլա Սարկոզիի քաղաքականությունը, երբ վերջինս ՆԳ նախարար էր:

Լիցեյականները նախատեսում են հինգշաբթի՝ այսօր, շրջափակել բազմաթիվ լիցեյներ:

Փաստացի նման վտարումները հազվադեպ են Ֆրանսիայում: 2011-ին ընդամենը երկու երիտասարդ չափահաս ուսանող է վտարվել, որոնցից մեկը վերադարձել է նորմալ վիզայով: Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ երիտասարդ չափահասն է, որ վտարվել է ձախերի իշխանության գալուց հետո (Ֆրանսուա Օլանդի կառավարության): Խաչիկ Խաչատրյանի վտարման հրամանը տրվել է սեպտեմբերի 20-ին՝ նրա ծննդյան օրը: 2006-ից ի վեր նա առաջին փարիզցի վտարված լիեցայականն է:

Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը պահանջել է անհապաղ դադարեցնել վտարումները: Կոմունիստների պաշտոնաթերթր «l’Humanité»-ն բազմաթիվ քննադատական հոդվածներ է հրապարակել Խաչիկ Խաչատրյանի վտարման վերաբերյալ:

Դանիել Վեյան, որը սոցիալիստ Լիոնել Ժոսպենի կառավարության օրոք երկու տարի՝ 2000-2002թթ., ղեկավարել է Ներքին գործերի նախարարությունը, երեկ հաղորդագրություն է տարածել, որում խնդրել է Մանուել Վալսի անհապաղ միջամտությունը՝ «վերանայելու Խաչիկ Խաչատրյանի գործը եւ տեսնելու՝ արդյոք նրան Ֆրանսիա վերադարձնելու հնարավորություն կա՞, որպեսզի վերջինս ավարտի ուսումը»:

Նա բացատրել է, որ 18 տարին լրանալիս Խաչիկը գտնվել է Ֆրանսիայում եւ չի անցել զինվորական ծառայություն իր երկրում, «ինչպես որ պետք է անցներ» այդ տարիքում: «Ուստի նա կոշտ օրենսդրության տակ կընկնի՝ իբրեւ դասալիք իր ծագման երկրում (երկար տարիների ազատազրկում)»,- եզրափակել է Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Վեյան: 

 

Լուսանկարը՝ http://www.armenews.com

Մեկնաբանություններ (2)

HumanRights
Այ այ այ, բավական չի անօրինական է եղել մեր սիրելի հայրենակիցը, դրա հետ մեկտեղ նաեւ գողությունա կատարել խանութից, այ դրա համար էլ վտարել են:
Վեհարի
Ոչ թե՝ ,,այնտեղ ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողություններ են լինում» այլ մեր թշմամին պարզապես գաղտնի ֆինանսավորում է էությամբ կաշառակեր մեր իշխանավորներին, ժամանակ առ ժամանակ բանակում աչքի ընկածներին սպանելու և սպանությունները կոծկելու դիմաց: Իսկ հոդվածի վերջում (երկար տարիների ազատազրկում) խոսքերը չեն վերաբերում նրանց, ովքեր կաշառքին են դիմում: Վերջիններս կարող են անգամ ՀՀ նախագահի կողմից պագևատրվեն, թեկուզ մարդասպան լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter