
«ՀայՌուսգազարդը» չի փոխհատուցելու 45 մլն դրամի վնասը
«ՀայՌուսգազարդը» չի փոխհատուցի Լոռու մարզի Գարգառ գյուղում գործող ջերմատնային տնտեսությանը պատճառած մոտ 45 մլն դրամի վնասը, որովհետեւ Վճռաբեկ դատարանն անարժեք է համարել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական եզրակացությունը: Ամիսներ առաջ այս թեմայով մեր հրապարակման մեջ նշել էինք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) 2008թ.-ի հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չի վերականգնել «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցի գազամատակարարումը: Ջեռուցման բացակայության պատճառով ցրտահարվել էր ջերմատնային տնտեսության 2200 քմ պոմիդորն ու վարունգը, մասնագետների գնահատմամբ՝ ընկերությանը պատճառելով մոտ 45 մլն դրամի վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանում պարտված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վերաքննիչ դատարանում «շտկել էր» գործի ընթացքը, դատարանին ներկայացրել էր «Հասառ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի նոր տարբերակ՝ փաստելու համար, որ այդ ամիսներին ջերմոցին գազ մատակարարելու պարտավորություն չի ունեցել: Վերաքննիչ դատարանը, պայմանագրի այդ օրինակը հիմք ընդունելով, վեճը լուծել էր հօգուտ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ջերմատնային ընկերությանը զրկելով պատճառված վնասի փոխհատուցումից:
«Հասառ» ՍՊԸ-ն փորձաքննության էր ներկայացրել պայմանագրի «Գազի մատակարարման չափաքանակների մասին» Համաձայնագրի (հավելված 2) պատճենի՝ բնօրինակի հետ համապատասխանության ստուգումը: Փորձագետը ներկայացրել էր փաստաթուղթը պատրաստելու եղանակը. «…բնօրինակի որեւէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ (լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ): Այնուհետեւ ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ կամ բազմակի անգամ...»:
Այսինքն, փաստաթուղթը կեղծվել է, եւ կեղծված փաստաթուղթը ներկայացվել է վերաքննիչ դատարան, որն էլ այդ հիմքով բեկանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2013թ. վճիռը: Այս դատարանը բավարարել էր ՍՊԸ-ին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջը՝ մոտ 45 մլն դրամ: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչն ընդունել է, որ 2008թ. հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չի վերականգնել գազամատակարարումը:
«Հասառ» ՍՊԸ-ն վճռաբեկ բողոքում, ի թիվս բազմաթիվ այլ խախտումների, ներկայացրել է նաեւ վերաքննիչ դատարանում ապացույց ճանաչված փաստաթղթի կեղծված լինելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, սակայն դատարանի համար, ինչպես պարզվում է, այն ոչ մի արժեք չունի: Վճռաբեկ դատարանն օգոստոսի 7-ին վերադարձրել է «Հասառ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը որոշման մեջ նշելով, որ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով ... առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կարծիքով՝ փաստաթղթի կեղծված լինելը, որով գործի ելքը որոշվել է հօգուտ կողմերից մեկի, նոր երեւան եկած հանգամանք չէ:
«Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանը 2013թ. օգոստոսի 20-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժին՝ փորձագիտական եզրակացությունը հիմք ունենալով: Օրենքի համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականության եւ հիմքերի բավարար լինելու դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Մինչդեռ Ս. Հարությունյանի ներկայացրած հաղորդմանը Ոստիկանությունն արձագանքել է մոտ 50 օր հետո՝ ուղարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճեն:
Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի իրացման բաժնի պետ Արթուր Պարոնյանը բացատրություն է տվել, որ «պայմանագրի բլանկների սղության պատճառով կազմակերպության հետ պայմանագիրը կնքելուց հետո այն պատճենահանվել է եւս երկու օրինակից, որից հետո բնօրինակը տրվել է բաժանորդին, իսկ պատճենի տեսքով երկու օրինակները պահվել են ընկերությունում: Պայմանագրի կնքման պահին բաժանորդը մատակարարվող գազի չափաքանակ չի հայտնել: Դրանք լրացվել են ավելի ուշ՝ հեռախոսակապի միջոցով, պատվիրատուի կողմից պատվիրված քանակով եւ ժամկետներում...»:
«...Կատարված հետաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Արթուր Պարոնյանն առանց բաժանորդի՝ «Հասառ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանի ներակայության, կատարել է լրացում պայմանագրի հավելվածում, սակայն վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինիս նպատակը եղել է ոչ թե փաստաթուղթը կեղծելը, այլ պայմանագրում լրացում կատարելը»,- ահա այսպիսի մեկնաբանությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:
Այսպիսով, ոստիկանությունը նույնպես չի հերքել, որ «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները փաստաթուղթ «ձեւավորելով» են զբաղվել, բայց, ինչպես ասում են, դա արել են բարի նպատակով: Ոչինչ, որ վերջնարդյունքում, «Հասառ» ՍՊԸ-ն զրկվել է իրեն պատճառված մոտ 45 մլն դրամի վնասի փոխհատուցումից: Սա արտառոց դեպք չէ, Հայաստանում մասնավոր բիզնեսի «պաշտպանվածության» հերթական օրինակներից մեկն է: Պարզապես հետաքրքիր է, եթե որեւէ քաղաքացի կամ մասնավոր ընկերություն նյութական վնաս պատճառեր «ՀայՌուսգազարդին», արդյոք դատարաններն ու իրավապահ մարմինները նույն ջանասիրությամբ հիմնավորումներ կգտնեի՞ն նրան չփոխհատուցելու համար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել