HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընդունվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների ձեւավորման կարգ

Հրապարակվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը: Նախօրեին խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն կարգի դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնության չէին եկել: Ակնհայտ է, որ կարգի այս տարբերակով ընդունումը կապված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով եվրոպական կազինոներում գումար պարտվելու մասին Ստրասբուրգում հարց էր տվել նախագահ Սերժ Սարգսյանին:

Դրանից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դատապարտեց Զարուհի Փոստանջյանի պահվածքը, ապա հայտարարեց, որ փոփոխություններ են լինելու պատվիրակությունների կազմերում:

Տեղեկացնենք, որ այս կարգով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը:

Այսուհետ պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական եւ փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանելու է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը: Ազգային ժողովի նախագահը կարող է նաեւ սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:

Ազգային ժողովի նախագահը պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ  կարող է ընդգրկել նաեւ Ազգային ժողովի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների:

Ստանալով պատվիրակության կազմում թեկնածուներ առաջադրելու մասին առաջարկությունը` խմբակցությունների ղեկավարները երկշաբաթյա ժամկետում ԱԺ նախագահին ներկայացնելու են թեկնածություններ: Վերջիններս ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցության անդամներից, ովքեր տիրապետում են համապատասխան միջազգային խորհրդարանական կազմակերպության աշխատանքային լեզուներից որեւէ մեկին:

Թեկնածությունները ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցությանը պատվիրակությունում հատկացված տեղերի թվով: Թեկնածությունները ներկայացնելիս Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները պետք է հաշվի առնեն սեռերի արդարացի ներկայացվածության սկզբունքը:

Եթե խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացնի թեկնածություններ, ապա ԱԺ նախագահը, պահպանելով համամասնությունը, Ազգային ժողովի համապատասխան խմբակցության տեղերը կհատկացնի Ազգային ժողովի այլ խմբակցությանը կամ այդ տեղում կնշանակի Ազգային ժողովի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter