
«Մենք դաբրոյով աշխատող կառույց չենք, և ոչ էլ մեր օժանդակությամբ վկաներ են փակվում». ավագ դատախազ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Շարբաթյանի սպանության գործով հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի լիազորագրով մեղադրանքը պաշտպանելու էին ներկայացել երեք ավագ դատախազներ:
Նրանցից Սոս Տոնոյանը և Պետրոս Մարտիրոսյանը դատարանին հանձնեցին իրենց լիազորագրերը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը: Տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ Արթուր Սաքունցը աշխատանքի բերումով գտնվում է հանրապետությունից դուրս: Սաթենիկ Սարգսյանը նաև հայտնեց, որ Արթուր Սաքունցի բացակայության դեպքում չի կարող մենակ պաշտպանել տուժողի շահերը եւ դատարանին առաջարկեց գործով ներգրավել փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մայիս Հովհաննիսյանին:
Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ չի հրաժարվում Արթուր Սաքունցի պաշտպանությունից: Դատարանը պարզեց, որ տուժողի ներկայցուցիչը դեռևս պայմանագիր չի կնքել փաստաբան Մայիս Հովհաննիսյանի հետ: «Դրան կանդրադառնանք»,- ասաց դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատարանը լսեց պաշտպան Ռուբեն Հակոբյանի հոկտեմբերի 4-ի բացարկի հետ կապված մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի պատասխանը: Մեղադրողը անհիմն որակեց պաշտպանի միջնորդությունը:
Իր պատասխան խոսքում դատախազը այդպես էլ չանդրադարձավ Ռուբեն Հակոբյանի կողմից հիշատակվող սպանությանը ներկա, ինքնությունը չպարզված 3-4 անձանց, այն դեպքում, երբ պաշտպանը գտնում էր , որ մեղադրող կողմը նրանց ինքնությունը չի բացահայտել միտումնավոր: Դատախազը շրջանցեց նաև վկա Կարեն Խեչոյանի պարագայում մոտ 5 ամիս քննիչի կողմից առերեսում չկատարելու փաստը: Ռուբեն Հակոբյանը Կարեն Խեչոյանի մասին դատարանին հիշեցրեց դատավոր Հովակիմյանի կողմից իր միջնորդությունը մերժելու որոշումը կարդալուց հետո, իսկ ինքնությունը չպարզված 3-4 անձանց` դատախազի շրջանցելու փաստը պաշտպանը անուշադրության մատնեց:
Աշոտ Գրիգորյանը իրավացի չհամարեց վկաների առերեսման հետ կապված` ամբաստանյալների իրավունքերը խախտելու մասին քննիչին ուղղված պաշտպանի մեղադրանքները: Ասաց, որ նախաքննության ընթացքում քննիչը կատարել է հնարավոր բազմաթիվ առերեսումներ: Համաձայնեց, սակայն, որ, առանձին դեպքերում առերեսումներ չեն կատարվել վկաների և ամբաստանյալների միջև: Մեղադրող դատարանին ներկայացրեց դրա պատճառները: Ըստ նրա` սպանությանը ականատես առանձին վկաներ տանում են հոգեկան ստրեսներ:
Այս առումով մեղադրողը դատարանին ներկայացրեց 19 տարեկան Հայկ Ասլիկյանի հոգեվիճակը, ում աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը. «Նա դիմում է գրում, ասում է` նյարդերս էլ չեն դիմանում, ասում է` էսպես ես չեմ կարող: Մենք դնում ենք, ցուցմունք չտալու համար քրեական պատասխանատվության ենք ենթարկում Հայկին: Այսպես է մտածում պարոն պաշտպանը»,- ասաց դատախազը: Նախաքննության ընթացքում եղել է նաև այնպիսի վկա, ով ասել է, որ իր համար ցուցմունք տալն ու առերեսումը հոգեկան ստրես է: Այսպիսի վկաների նկատմամբ, ըստ դատախազ Գրիգորյանի, քննիչի կողմից եղել են զիջումներ: Աշոտ Գրիգորյանը իր պատասխանում պաշտպանին նախատեց վարույթն իրականացնող մարմնին բանավոր և գրավոր միջնորդություններ ներկայացնելու մասով: Հերքեց Լոռու մարզի դատախազության կողմից քրեադատավարական նոր ընթացակարգ հնարելու պաշտպանի գնահատականը. «Հարգելի Հակոբյան, մենք մարդկանց դիմում գրել չենք տալիս, պարզապես, եթե Ձեզնից շատ ենք մտնում մարդկանց դրության մեջ, չի նշանակում, թե մենք խախտել ենք օրենքը»,- ասաց մեղադրողը:
Վերջինիս համար անհասկանալի էր մնում, թե պաշտպանը ինչպես է պատկերացնում սպանվածի կնոջ կամ Տաթևիկ Ասլիկյանի հանդիպումը արարքը կատարողների հետ: Մեղադրողը դատարանին նաև բացատրեց, որ տուժող Շարբաթյանի նկատմամբ գործի վարույթը կարճելու որոշում չընդունելը դիտավորություն չէ, և նպատակ չի ունեցել անձանց զրկել մեղմացնող հանգամանքներից: Աշոտ Գրիգորյանը անընդունելի համարեց Լոռու մարզի դատախազության մասին Ռուբեն Հակոբյանի գնահատականները . «Մենք դաբրոյով աշխատող կառույց չենք, և ոչ էլ մեր օժանդայությամբ վկաներ են փակվում»,- պաշտպանին հակադարձեց ավագ դատախազը:
Վերջինս նաև ակնարկեց Ռուբեն Հակոբյանին. «Մեր ինֆորմացիայով, պարոն Հակոբյան, Ձեր սցենարներով են փակվում շատ վկաներ: Մենք շատ բան գիտենք, բայց դատաքննությունը կընթանա, կտեսնենք` որը որից հետո է»,- ասաց մեղադրող Գրիգորյանը:
Դատախազը պաշտպանին իր վիրավորանքը հայտնեց իր հասցեին օգտագործվող ուշիմ բառը չակերտի մեջ գրելու համար: Աշոտ Գրիգորյանը դատարանի հայտնեց, որ պաշտպանի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման: Իր պատասխան խոսքոււմ Ռուբեն Հակոբյանը դատախազին կոչ արեց էմոցիոնալ երևէջները մի կողմ թողնել և խոսել միայն իրավաբանությունից: Ի լրումն դատախազի` նա հայտնեց, որ բանավոր միջնորդություններ անելու իրավունք փաստաբանն ունի: Եվ եթե այդ միջնորդությունները փաստաբանն անում է քննչական գործողությունների ընթացքում, դրանք պետք է մտնեն քննչական արձանագրությունների մեջ: «Ինձ համար նորություն էր, որ ծանր հանցագործությունների դեպքում կարելի է չկատարել առերեսումներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա մեղադրողի պատասխանին ներկայացրեց նաև այլ առարկություններ: Դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազությանը և մեղադրող Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու մասին պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել