HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Հայ եկեղեցին իր ոչ մի զավակին, նույնիսկ իրեն հայհոյող զավակին չի վտարել և չի վտարում»

«Հետքի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

-Սրբազան, Դուք միշտ ասել եք, որ պետությունը պիտի ծառայի ժողովրդին, իշխանությունները եւս կոչված են ծառայելու ժողովրդին, իսկ եկեղեցի՞ն…

-Եկեղեցի ասելով` նկատի ունեք եկեղեցականությա՞նը…

-Այո:

-Իսկ Դուք գիտեք պատմական որեւիցե մի հանգրվան, երբ եկեղեցականությունը ուրիշին է ծառայել` ժողովրդից բացի: Եկեղեցականությունն այն խավն է եղել, որ միշտ ծառայել է ժողովրդին եւ միայն ժողովրդին, եւ ընդ որում` միայն հայ ժողովրդին: Օտարի երբեք չի ծառայել՝ ի տարբերություն ձեր իմացած մյուս բոլոր խավերի, որոնք շա՜տ հեշտությամբ տրվել են ու մտել են ծառայության օտարների մոտ:

-Ու՞մ նկատի ունեք, Սրբազան, ասելով` «մյուս բոլոր խավերը»:

-Կուսակցություններին… եւ այլն եւ այլն: Իսկ եկեղեցականությունը միշտ ծառայել է եւ ծառայում է հայ ժողովրդին: Եթե չծառայի, իր գոյությունն անիմաստ է: Իր գոյությունն արդեն ծառայության մեջ է:

-Այդ դեպքում, իրավունք ունի՞ ժողովրդի զավակը քննադատություն հնչեցնելու իր հովվապետի հասցեին, այսպես ասած՝ իրեն ծառայողի հասցեին:

-Անշուշտ, կարող է, միայն չափի մեջ: Եթե ինքը մտածում է, որ հովվապետը սխալ ուղղությամբ է տանում հոտը, թող ուրեմն իր կարծիքը հնչեցնի՝ ասելով, թե` հովվապետ, կարծում եմ, որ դու սխալ ուղղությամբ ես տանում հոտը: Բայց անպատվել, վիրավորել, առավել եւս ավելի խելացի կարծել իրեն, քան հովվապետը, ոչ մեկին տրված չի:

-Միթե անսխալական է հովվապետը, Սրբազան:

-Հովվապետն անսխալական է Աստծով: Ինքն իրենով գուցե ձեզանից էլ ավելի սխալական է, բայց Աստծով ինքը դառնում է անսխալական: Հիմա սա ոնց բացատրես մեկին, որ Աստծուն չի հավատում:

-Նկատի ունեք աթեիստների՞ն:

-Նկատի ունեմ նրանց, ովքեր Աստծուն չեն հավատում: Եվ հետո, ինչով եք վստահ, որ Դուք կամ ցանկացած մեկն ավելի անսխալական է, քան հովվապետը, այդ ի՞նչ չափով եք չափում:

-Սրբազան, փաստորեն ստացվում է, որ «անառակ որդիներն» այլեւս չե՞ն ներվելու:

-Սխալ հարցադրում եք անում: Ուրեմն հայրը ներեց անառակ որդուն, երբ անառակ որդին զղջաց եւ վերադարձավ: Մենք, պիտի ասեմ, որ հաճախ ներում ենք նաեւ, երբ չի զղջում, չի էլ վերադառնում:

-Այդ դեպքում ինչու նման խիստ բնորոշումների արժանացրեցիք Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին: Չէ որ Դուք հենց նոր նշեցիք, որ Հայ առաքելական եկեղեցին ներում է նաեւ նրան, ով չի զղջում եւ չի վերադառնում:

-Դուք լսե՞լ եք, արդյոք, որեւէ հայ հոգեւորականից ռեւանշիստական կոչեր: Թե հիմա էլ մեր հերթն է, հիմա էլ մենք  ենք աթեիստներին գնդակահարելու, Ցեկայի շենքը քանդելու ենք, տեղը եկեղեցի ենք կառուցելու եւ բոլոր կոմունիստներին գնդակահարելու ենք կամ աքսորելու ենք Ալթայի երկրամաս: Երբեւիցե, որեւիցե հոգեւորականից ռեւանշիստական կոչ կամ ռեւանշիստական որեւէ արարք տեսե՞լ կամ լսե՞լ եք: Դուք կարողացեք տեսնել ամբողջ համայնապատկերը: Հայ եկեղեցին իր ոչ մի զավակին, նույնիսկ իրեն հայհոյող զավակին չի վտարել եւ չի վտարում: Այլ ընդհակառակն, ասում է` անդրադարձիր, համեցիր, վերադարձիր:

-Այդ դեպքում ինչու պարոն Նիկոլայ Ծատուրյանը չհրավիրվեց Վեհափառի մոտ:

-Վստահ եղեք, որ պարոն Ծատուրյանը ներողություն խնդրելու բոլոր շանսերն ուներ եւ ունի: Եվ եթե ինքը ներողություն խնդրեր ու հիմա էլ խնդրի, Վեհափառն, անշուշտ, կների իրեն: Որքանով որ ես տեղյակ եմ, սա ամբողջական տեղեկությունը չէ, որովհետեւ ես Վեհափառի հետ այս հարցով ոչ հանդիպել եմ, ոչ խոսել եմ, պարզապես, որքանով որ ես եմ տեղյակ, Վեհափառն այդ ցանկությունն ունեցել է՝ Ծատուրյանին իր մոտ հրավիրելու եւ հարցնելու, թե ինչ է պատահել: Բայց թե ինչպես պիտի պարոն Ծատուրյանը գնա եւ նայի Կաթողիկոսի աչքերի մեջ, անգամ հրավիրվելու դեպքում, սա արդեն այլ հարց է: Թեպետ, եթե մարդն ուզում է եւ ցանկություն ունի ներողություն խնդրելու, կարող է դա անել նույն այդ մամուլով, հեռուստատեսությամբ, անգամ հեռախոսազանգով: Վերջ ի վերջո, Ծատուրյանն էնպես թեթեւ խոսքեր չի ասել կաթողիկոսի հասցեին, չէ՞: Մարդս սխալական է, եթե սխալվել ես, ներողություն խնդրելն ամոթ բան չէ, եթե այդպես չլիներ, ուրեմն ներողություն խնդրելն այլեւս անիմաստ է, ներողությունը պիտի վերացնեին: Ես էլ եմ սխալվում եւ ներողություն խնդրում եմ իմ սխալի համար: Ներողություն խնդրելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա, առավել եւս մտավորականի համար, առավել եւս Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջ:

-Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխ եւ Վատիկանի միապետ Հովհաննես Պողոս 2-րդ պապն այցելեց բանտ եւ հանդիպեց իր դեմ մահափորձ իրականացրած ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջայի հետ: Հովհաննես Պողոս 2-րդը ներեց իր վրա կրակած անձին` ասելով. «Ես ներում եմ քեզ ու նրանց»:

-Այո, այդպես էլ եղել է: Բանտարկյալը պապի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Ես հանդիպեցի Քրիստոսին»: Հիմա դա, ըստ ձեզ, ներողություն է, թե ներողություն չէ…Իհարկե, ներողություն է: Գիտեք ինչ, լկտիությունն ավելի ծանր բան է, քան մահափորձը, դուք դա չգիտեի՞ք: Ասում են` լեզվի պատճառած վերքն ավելի դժվար է բուժվում, քան սրի վերքը:

-Սրբազան, ձեր վերջին հարցազրույցում բավական խիստ քննադատության էիք ենթարկել պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այդ հարցազրույցի հրապարակումից հետո հանդես եկավ «Մի զատիր, որ չզատվես» հրապարակախոսական հոդվածով: Ինչ կասեք այս մասին:

-Ես 14 տարի է` ղեկավարում եմ Շիրակի թեմը: Սա այն տարածաշրջանն է, որտեղ մարդուն կամ ընդունում եւ սիրում են, կամ չեն ընդունում՝ հատկապես գյումրեցիները: Սա դուք ինձնից էլ լավ գիտեք: Ինձ սիրում, հարգում, վստահում են հենց նրա համար, որ ես ծառայում եմ իմ ժողովրդին, ես իմ անձի համար չեմ ծառայում: Իմ անձին ծառայելու ուրիշ ասպարեզներ կարող էի ունենալ, ուրիշ առավել բարվոք, սակայն ընտրել եմ այս ասպարեզը: Կան մարդիկ, որոնց դուր չի գալիս այն հեղինակությունը, որ ունի թեմի առաջնորդը: Կամ խանդում են այդ հեղինակությանը կամ էլ ենթադրում են, որ իրենք ավելի մեծ հեղինակություն են, քան թեմի առաջնորդը: Ուրեմն ինձ հարգող եւ սիրող անձնավորությունը թիկունքից չէր հարվածի: Նվազագույն պարկեշտությունը պահանջում է, որ եթե մի կարծիքի հետ համաձայն չես, նախ էդ մարդու հետ հանդիպես, էդ կարծիքը քննարկես եւ հետո, երբ 100 տոկոսով համոզված կլինես, որ դու ավելի ճիշտ ես, քան ինքը, նոր դրանից հետո ասպարեզ իջնես, այն էլ` կոռեկտության եւ պարկեշտության սահմաններում: Լեւոն Բարսեղյանը պիտի իր անհավասարակշիռ արտահայտությունները մի քիչ չափավորեր եւ հավասարակշռեր:

Իր հոդվածից այն տպավորությունն էր, որ պարոն Ծատուրյանի խոսքերից հետո Կաթողիկոսը պիտի գար, նստեր Ծատուրյանի դռան առաջ ու ասեր. «Տղաս, ինչ է պատահել, ես քո ծառան էլ եմ»: Եվ գրում է հոդվածը Կաթողիկոսին պարոն Գարեգին կոչելով, ինչի իրավունքը չունի Լեւոն Բարսեղյանը, ի դեպ, նման ձեւով՝ պարոն Աջապահյան կոչելով ինձ: Եվ այդ նույն Լեւոն Բարսեղյանի կողմից անվանարկված մեկ այլ հոգեւորական, հանձինս ինձ, զանգահարում է նրան, որ իմանա, թե ինչ է պատահել, զանգում եմ իր բջջային հեռախոսին եւ պատասխան չեմ ստանում: Սա նույն դռան առաջ նստելու նման մի բան էր իմ կողմից, քայլ, որ պարոն Բարսեղյանն ակնկալում էր Կաթողիկոսից: Արվում է այդ քայլը, բայց մնում է անպատասխան: Գուցե ես զանգել էի ու ցանկանում էի ներողություն խնդրել: Միգուցե զղջացել էի, անդրադարձել էի, բա զանգում էի, եկել էի դուռդ, ինչպես որ ինքն էր պահանջում Կաթողիկոսից, որ գար Ծատուրյանի դուռը: Դե ուրեմն հարկ է, որ Լեւոն Բարսեղյանն իր պահանջմունքները նույն նժարի վրա պահի:

-Դա նշանակում է, որ կայուն չեն չափանիշնե՞րը եւ պահանջնե՞րը:

-Այո, ասվում է այլ բան, արվում է այլ բան: Ես զանգելով եկել էի դուռդ, բա չպատասխանե՞ս, որ իմանաս, գուցե ներողություն խնդրելու համար եմ զանգել: Բայց հիմա արդեն այդ արարքից հետո հո ներողություն չեմ խնդրելու: Այլեւս իր խնդիրն է ներողություն խնդրելը, մանավանդ, որ իր երկրորդ անդրադարձի մեջ ինձ մեղադրում է ստախոսության մեջ: Մի քիչ չափը չանցա՞վ: Եվ եթե ինքը կարծում է, որ որպես աթեիստ ինքը ավագանու անդամ դարձավ աթեիստների քվեներով, չարաչար սխալվում է: Լեւոն Բարսեղյանը ավագանու անդամ է դարձել Առաքելական եկեղեցվո հետեւորդների քվեներով: Եթե նա կարծում է, որ այս ելույթով եկեղեցու հետեւորդները պիտի բաժանվեն ու իրեն միանան, չարաչար սխալվում է: Ես իմ այն մի հարցազույցում ասել եմ, որ Նիկոլայ Ծատուրյանը գործեց բարոյական ինքնասպանություն, նույնը գործեց Լեւոն Բարսեղյանը:

Ես հոգեւոր կամ մարմնական դիկտատոր չեմ, որ ինչ ասեմ` բոլորն անվերապահ ընդունեն: Լեւոնը եկեղեցու նկատմամբ ունեցած իր ժխտողական կեցվածքը ցույց է տվել, եւ ես երբեք դա խնդիր չեմ համարել, ասել եմ` հիմա ինչ անենք, էս տղան էլ էսպես է: Ամենափրկիչ եկեղեցու դիմացի տարածքը եկեղեցուն հանձնելու հարցը ավագանու նիստում քննարկելու ժամանակ միակ մարդը, որ դեմ էր արտահայտվել, Լեւոն Բարսեղյանն է եղել, հետո կարծեմ ձեռնպահ էր քվեարկել: Դրանից հետո անգամ ես Լեւոնին չեմ հարցրել, թե ինչու նման դիրքորոշում ունես եկեղեցու նկատմամբ: Ես հիմա հասկանում եմ, որ պարզապես չպետք է թույլ տալ որոշակի մարդկանց լինել իմ մտերիմների շրջանակում: Ես միշտ համարել եմ, որ Լեւոն Բարսեղյանն այս քաղաքի աղն է, համ է տալիս այս քաղաքին, հիմա պիտի խոստովանեմ, որ «աղն է կերել մատաղը»: Եվ Ավետարանն ասում է. «Երբ աղն անհամանում է, ինչով կարող է համեմվել, ոչնչով, պիտի նետվի եւ ոտքի կոխան պիտի դառնա»:

-Սրբազան, Դուք ասացիք, որ այս տարիներին անբասիր եւ նվիրումով ծառայել եք Հայ առաքելական եկեղեցուն: 14 տարի է` Շիրակի թեմի թեմակալ առաջնորդն եք, սակայն թեմը մոտ մեկ տարի առաջ մասնատվեց: Ի՞նչն էր պատճառը:

-Նախ` մասնատվել ասելը սխալ է: Մեկ հինգերորդն է առանձնացվել, եւ ստեղծվել է Արթիկի թեմը: Այս հարցը ինձ չէ, որ պիտի ուղղեք, այս հարցը պիտի ուղղեք Վեհափառին: Թեմեր ստեղծելը, թեմեր վերաստեղծելը, թեմեր միավորելը կամ առանձնացնելը Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասության մեջ է: Եթե ձեզ իմ բացատրությունը չի բավարարում, հարցրեք Վեհափառին, թե ինչու ստեղծվեց Արթիկի թեմը: 

Մեկնաբանություններ (16)

Հասմիկ Պողոսյան
Վահան Գալստյան, սոցցանցերում քիչ չեն ադրբեջանցիներն ու թուրքերը, ովքեր հայերեն են սովորում և հենց հայի անվան տակ էլ մտնում են համացանց, գրառումներ կատարում:Նույնիսկ հայալեզու կայքեր են թողարկում հենց հայաստանյան իրադարձությունների մասին:Եթե այս հանգամանքը հաշվի չառնենք, միշտ տեղեկատվական ծուղակի մեջ կընկնենք: Ես սա Ձեզ ասում եմ որպես երիտասարդ լրագրող, ով ուսումնասիրում է ազգային հիմնախնդիրներն ու մեր հակառակորդների հակահայկական քարոզչության մեթոդները...
john
ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ(7)-ՀԵՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՂԴ ԷԼ ՄՆԱ, ՈՒ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԿԱՐԴԱ ՀԱՄԱՐ ՀԻՆԳԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ...
Հայ
Հարգելի Վահան Գալստյան և շատ սիրելի երիտասարդ լրագրողուհի Հասմիկ Պողոսյան, թեև ես ջանացել եմ իմ մտքեը հնարավորինս պարզ ու հասկանալի արտահայտել, սակայն դուք ձեր նեղ թայֆաբազական ու թաղական մտածողությամբ մնացել եք պլենտուզից ցածր մակարդակի վրա: Ձեր հնաոճ բանձևը հետևյալն է, մենք լավ ենք, հայրենասեր ենք, քանի որ պաշտպանում ենք ոմն X անձնավորությանը, անկախ նրանից թե այդ անձնավորությունը կամ անձինք ովքեր են և ինչպիսի արժեքներով են ապրում, դուք վատ մարդ, վատ հայ եք, քանի որ տեսնում և քննադատում եք անվայել կեցվածք դրսևորող անձանց կամ նրանց ապրած անբարո արժեքները: Մի՞թե վերջին հաշվով որևէ պատասխանատու դիրք կամ պաշտոն զբաղեցրած անձի ոչ պարկեշտ կեցվածքը կամ ապրած անբարո արժեքները ուղղակիորեն բացսաբար չեն անդրադառնում հայ մանուկ սերնդի, երիտասարդության, համայն հայության և Հայաստանի Հանրապետության ու հերոսական Արցախի վրա: Ե՞րբ պիտի պատասխանատու անձինք հասկանան, գիտակցեն, որ իրենք հազարապատիկ պատասխանատու են իրենց ամեն բառի ու ապրած արժեքների համար: Ահա թե խոսքն ինչի մասին է, իմ շատ սիրելի կասկածամիտ հայրենասեր Վահան Գալստյան և շատ սիրելի երիտասարդ լրագրողուհի Հասմիկ Պողոսյան: Ավել պակաս ներող եղեք: Մաղթում եմ, որ դուք իսկապես ինձանից ավելի շատ հայրենասեր ու եկեղեցասեր լինեք, բայց առողջ, շինիչ ու լայնախոհ իմաստով:
Հասմիկ Պողոսյան
Հարգելի՛ Հայ և Ջոն , իմ հայրենասիրության չափին ու մարդկային բարձր որակներին չկասկացեք, առավել ևս, որ մարդկանց չեք ճանաչում.... Եթե դուք երեկ տեսնեիք հաղորդաշարը, կիմանայիք, թե իրականում ովքեր են կործանում Հայոց աշխարհը և սպառնում Արցախի անվտանգությանը.խոսքը այսպես կոչված մարմնավաճառ տրանսվիստների, և այլ տեսակի այլասեռվածների մասին է, ովքեր վայելում են եվրոպաների և ամերիկաների բարձր հովանավորությունը, և նորմալ , նահապետական արժեքներով ապրող մարդկանց համար դժվար է այդ ահավոր երևույթների դեմ պայքարելը , եթե մենք այսպես հետևողականորեն տարանջատում ենք ինքներս մեզ: էլ չեմ խոսում աղանդների մասին:Ես ինքս այնպիսի մարդու զավակ եմ, որն իր ամեաանմիջական մասնակցությունն է ունեցել 1988-ին սկիզբ առած մեր ազգային շարժմանը: ՈՒ ձեզ խորհուրդ կտամ մտապահել Վազգեն Սպարապետի խոսքերը.: Իսկ ամեն տեսակի վիրավորանք, անվանարկում դեռևս կարծիք չէ: Այնպես որ, մի հանգցրեք ձեր հոգու մոմերը և դարձի եկեք:Ես իմ տեղը շատ լավ գիտեմ: ՈՒ գիտեմ՝ ինչ եմ անում և հանուն ինչի... Չեմ կարծում թե արդարամիտ մարդը ծածկանուններով հանդես գալու կարիք ունի:Հետևությունները թողնում եմ ձեզ....
john
«ԿԱՍԿԱԾԵԼԸ» ԳՐՎՈՒՄ Է«Ծ»-ՈՎ,ՀԱՍՄԻԿ ՋԱՆ...
Հասմիկ Պողոսյան
Հարգելի՛ john , մի՛ կասկածեք ,որ ես մեր արքայական լեզվի ուղղագրությունը գերազանց գիտեմ: Պարզապես վրիպում է եղել...Լավ կլինի խոսենք այն խնդրի մասին, որ ոմանց թեթև ձեռքով մեր հրաշք, Ոսկեղենիկ Հայոց լեզուն վերածվում է անգլահունչ, օտարահունչ ինչ-որ մի բանի : Էլ չեմ ասում , որ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ / ի դեպ, մեծատառ> չկա / անհետացող լեզուների շարքում է: Իսկ մեր քաղաքի ցուցանակներին նայելով` չես զգում, որ քո հարազատ երկրում ես....
Հայ
Օդի մեջ անիմաստ թուր ճոճող անկեղծության ու արդարամտության տիպար ,,Հասմիկ Պողոսյան,,, այնուամենայնիվ դուք ձեր ճարպիկ խորամանկությամբ մեզ բոլորիս բուն թեմայից շեղեցիկք, կեցցե՜ք: Դուք ձեր ,,սրբազան,, նպատակին հասաք: Մենք գանձ ենք ասում, դուք տանձ եք հասկանում կամ այս պահին ձեզ այդպես է պետք և էշի համառությամբ էլ մեզ դասեր եք տալիս, մանավանդ եթե երիտասարդ եք, կենսափորձի պակաս ունեք: Գիտեք չէ՞, հենց գողն է բարձր բղավում, գողին բռնե՜ք, գողին բռնե՜ք: Ձեզ հրաշալի լրագրողական ապագա է սպասվում: Այնուամենայնիվ պլենտուզից ներքև ձևակերպումը տեղին էր: Ջերմ բարևներ հարգարժան john ին:
Հասմիկ Պողոսյան
Էշն ու գողը ինքդ ես, ա՛յ կասկածելի հայ: Եթե մակարդակդ > մի քիչ վերև լիներ , > պարտքդ չէիր համարի քո ազգի ներկայացուցիչ աղջկա հետ անվանարկումներով խոսել ու այդկերպ ինքնահաստատվել: Իսկ ինչ վերաբերում է իմ լրագրողական փայլուն ապագային , ասեմ, որ ես արդեն մի քանի տարի համագործակցում եմ բազմաթիվ հեղինակավոր թերթերի հետ ,ու մեր ազգի՝ ինձ հանդիպած տարբեր բնագավառների մեծանուն մտավորականները / որոնց մասին շատ հոդվածներ եմ հրապարակել/ արդեն այդ մասին ասել են:Կարող եմ նաև անուններ թվել, եթե, իհարկե, կճանաչես...Ամոթ քեզ... ճիշտ թիրախ ընտրիր, հետո՝ պայքարիր...
Հայ
Այո, այո, էշն ու գողը նույնիսկ ինքնահաստատման ճանապարհին գտնվող ապուշը ես եմ, որ ձեզ հետ գլուխ եմ դրել: Այս հարցում բացարձակապես ճիշտ եք, քանի որ այնքան ամուր եք ինքանհաստատվել, որ փոխաբերական ու ուղղակի իմաստներն իրարից տարբերելու տարրական կարողություն չունեք: Ներող եղեք: Ես այլևս փասսսսս:
Հասմիկ Պողոսյան
Որո՞նք են մադկանց հասցված վիրավորանքների ուղղակի և փոխաբերական իմաստները... տու՛ր դրանց քերականական սահմանումները : Ի սկզբանե ես պիտի քեզ հետ գլուխ չդնեի, քանի որ մարտնչող դատարկության հետ գործ ունեմ...
H.H.
Իսկ սրբազանը ինչ կասի հարյուրավոր կարգալույծ արված հոգևորականների ու ճեմարաններից հեռացված ուսանողների մասին?! Բա ուր մնաց Ձեր քարոզած սերն ու ներողամտությունը?! Ինչու եք այս կարևոր հարցի մասին լռում?!...
maddtheos
Mikael srpazane, mius polor hokevorganneroun nman, sarsapadz e yev tsayn tchi grnar hanel. Menk azkovin khoump me hantsakordznerou tserke badant enk. Artentsir joghovourt. Vaghe ouch e ...
Հայ
Մի խենթ մեկ քար է նետում անդունդը, հազար իմաստուն չեն կարողանում հանել, իսկ այսօր խենթերն անպակաս են, կտրիչ գարեգին երկրորդական, , կճո մճոներ, ճոռոմաբան ու դեմագոգ քլունգահայացք ասողիկ, միակողմանի ծանծաղ պռոպագանդ կոմիտաս, հիմա էլ միքաելը: Այ ձեր հոգուն մատաղ, կամ ընդունեք, որ դրանք խենթեր են և շարունակ քարեր են նետելու անդունդը, կամ եթե կարող եք, ապա թույլ մի տվեք, որ պատեհ անպատեհ առիթներով քարեր նետեն անդունդը: Հակառակ դեպքում իզուր տեղն ինչու եք ձեզ տանջում ու պաճառահետևանքային արդարացումների ոլորապտույտում կրկնաբանություներով փորձում ձև տալ, թե ձեր ասածներին հավատում եք: Չեք նկատում, որ մարդիկ այլևս անտարբեր են այդ խենթերի շարունակական ահեթեթություների նկատմամաբ, որովհետև հասկացել են, որ իսկապես կարճամիտ, անհեռատես, ծանծաղ խենթերի հետ գործ ունեն: Մեկ խոսքով:
Մուրադ Գևորգյան
Զարմանում եմ, որ Սրբազանը երբ որ պայքարի էր դուրս եկել Բարսեղյան Լեվոնի հետ, իբր նույն թշնամու դեմ էին պայքարում, չէր տեսել կամ անտեսել էր, որ այդ մարդը տարօրինակ է,մերժող իր հարազատներին, իրենշատ մեծ բանի տեղ դրած մարդ է:Բա Սրբազանը չէր մտածում, թե ազնիվ մղումներ ունեցողը որտեղից 3 ավտո կունենա, տներ ու հողատարածքներ, չէ որ նա պաշտոնյա ու գռփող չէր, էդ որտեղից էդ ունեցվածքը?Սրբազանը ամեն ինչ էլ գիտեր, բայց ես միշտ զարմացել եմ, որ նա իր թիմակիցների շարքում տեսել է Լևոնին, կամ էն Վահան Թումասյանին, կամ Սեյրան Մարտիրոսյանին:Ախր անզեն աչքով էլ պարզ էր, որ էդ մարդիկ որևէ արժեք չեն դավանում, բացի ներսի աղբը դուրս հանելը: Բայց Սրբազանը մեկտեղվել էր իրանց հետ ինչու?, հիմա էլհիասթափվելէ?
John
ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՄԵՋ ԵՐԵՎԱՑՈՂ ԲԱԶԿԱԹՈՌԸ ՎԱՏԸ ՉԷ,Հ՞Ը...
ԱՇՈՏ
ԱՅՈ ԻՆՏԵՐԻԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ Է ՈՒ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ Է ԱՊՐՈՒՄ,ՈՉ ԹԷ ԵՐԿՆԱՅԻՆ: ԳՈՆԷ ԿՈՄՊԻ ՎՐԱ ՔՐԻԴՏՈՍԻ ՆԿԱՐԸ ՖԻՔՍԵԻՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter