HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկիրն առանց երկնքի

Ռազմիկ Մարկոսյան

 (Նվիրվում Է ԽՍՀՄ քաղբանտարկյալի օրվան)

 «Այս երկիրն իր ուժը առնում է դևից,

Ամենուր ավեր, չորսբոլորն ամա,

Ցած են բերել անգամ երկինքը վերից,

Որ աշխարհն առանց երկնքի մնա…»:

Վասիլ Ստուս

1929-ին Մաքսիմ Գորկին գրողների խմբի հետ այցելում է խորհրդային երկրի ստեղծարար ներուժով օժտված հանրության վերջին, պարտադրված ապաստաններից մեկը՝ Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբար, որը համանուն արշիպելագի վեց կղզիներում էր տեղակայված: Գորկուն հնարավորություն է ընձեռվում լինելու ճամբարի բոլոր մասնաբաժիններում և խոսելու ազատության մեջ գտնվող մտավորականի կարոտ կալանավորների հետ, որոնք հանրահայտ գրողի օգնության խոստումներին ու սրտացավությանը տրված՝ պատմում են նրան իրենց խնդիրների մասին: Այդպիսի խնդիրներ երևի մեղսավորները  դժոխքում են ունենում: Լենինի կերպարի նմանակմամբ պրոլետարական նորաձևության համապատասխան՝ կեպին հետ՝ դեպի ծոծրակը դրած «հեղափոխության մրրկահավ» Գորկին իր թավ բեղերի տակից հուսադրող ժպտում է նրանց, բայց վերադարձից հետո ոչ միայն մոռանում է իր տված խոստումները, այլև «Իզվեստիա» թերթում փութկոտ ջանասիրությամբ մի հոդված է տպագրում՝ դիֆիրամբներ ձոնելով խորհրդային իշխանությանը, որ Սոլովեցկում «հեղափոխության հեռատես ու անխոնջ մարտիկների զարմանալի ջանքի շնորհիվ» (խոսքը համակենտրոնացման ճամբարի հսկիչ չեկիստների մասին էր) իր հասարակության զանցառու հատվածին ուղղում-դարձի է բերում հանրօգուտ աշխատանքի միջոցով: Իր «հայրենասիրական-մարդասիրական» հոդվածում Գորկին, գրողական զեղումներին մատնված, նկարագրում է սոլովեցկյան բնապատկերը. «Սպիտակ գիշերներն այստեղ առավել թափանցիկ, առավել արտասովոր են, քան Լենինգրադում, իսկ երկինքը բարձր է՝ հեռու ծովից ու կղզուց… Հուզում ու զարմացնում է այդ տարօրինակ երկինքը. այնտեղ ո՛չ աստղ կա, ո՛չ լուսին, անգամ թվում է, թե երկինք էլ  չկա, ու թե երկիրը պոկվել է տեղից և անշարժացած կախվել անծայրածիր, ամայի տարածության մեջ…»:                          

* * *

Սոլովեցկյան արշիպելագը ամենամեծն է Սպիտակ ծովում: 15-րդ դարում արշիպելագի վեց կղզիներից մեկում կառուցվել է ռուսական ուղղափառ եկեղեցու Սոլովեցկյան վանքը, որն այսօր էլ շարունակում է հոգևոր ծառայություն մատուցել, բայց նաև մնում է որպես դժնի անցյալի հուշարձան:  

Երկրի հեռավոր շրջանում գտնվող Սոլովեցկյան  վանքը, որ հողային մեծ սեփականություն ուներ, աճում ու հզորանում է` դառնալով այն ժամանակ շվեդական և անգլիական ներխուժումներին դիմակայող առաջապահ հենակետ: Սոլովեցկյան վանքի ազդեցությունը մեծանում է Սպիտակ ծովի ափամերձ տարածքներում: Բայց 17-րդ դարում կրոնական ռեֆորմին ընդդիմանալու, հին ծիսակարգից չհրաժարվելու  պատճառով վանքը ցարական իշխանության կողմից ենթարկում է զինված հարձակման:  Զոհվում ու կալանվում են վանքի վանահայրերն ու հոգևորականները: Վանքապատկան ողջ հողատարածքն անցնում է կայսրության տիրապետության տակ: Վանքը, շարունակելով գործել, վերածվում է քաղաքական ու կրոնական բանտի: 500-ից 550 կալանավոր է ունեցել մարդու հոգևոր կարիքները հոգալու համար ստեղծված Սոլովեցկյան վանքը: 1883-ին այն պաշտոնապես վերածվում է կալանավայրի: Ժամանակին կրոնասեր հոգևորականների ջանքերով կառուցված Աստծո տունը  բոլշևիկյան հեղափոխությունից հետո վերակազմակերպվում է Հատուկ նշանակության սոլովեցկյան ճամբարի (СЛОН): Այն ժառանգում է նախկին վանք-կալանավայրի ողջ ունեցվածքը: Արարչի երկրային տունը հիմքն է դառնում երկրի վրա Աստծուն որոնողների ցուցաբերած անմարդկային դաժանություններով չգերազանցված Գուլագ արշիպելագի: Դա 1923 թվականն էր: Ցարական կառավարությունից լենինյան բոլշևիզմին անցած Սոլովկին՝ Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբարը, դեռ նոր պիտի զարմացներ աշխարհին: Ճամբարի առաջին բնակիչները եղան լուծարված եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ինչպես նաև հակապետականության մեջ մեղադրվող բազմաթիվ զինվորականներ ու մտավորականներ: Նրանց շարքերն աստիճանաբար համալրեցին տարբեր հանրապետություններից բերված կուլակաթափ արված հանրությունը, էսեռներ, ձախ էսեռներ, մենշևիկներ, մոսկովյան ու լենինգրադյան մասոններ, զինվորականներ ու աշխատավորներ, որոնցից շատերն անգամ չէին կարող ձևակերպել իրենց դեմ հարուցված մեղադրանքը:

Եկել էր լռության դարը, և օդը լեցուն էր լռության դարի զոհերի ճիչերով: 

1937-ին Ստալինը ընդլայնված ու Սոլովեցկյան արշիպելագով մեկ տարածված պատժիչ ճամբարը պաշտոնապես վերակազմավորում է Հատուկ նշանակության սոլովեցկյան բանտի (СТОН), որտեղ փորձարկման էին ենթարկվում մարդու ֆիզիկական, մտավոր, հոգևոր ունակությունների սահմանները. ստիպում էին, մի տեղից մյուսը տեղափոխել ծանր քարեր ու գերաններ, ապա դրանք վերադարձնել նախկին տեղը,  հաշվել ճայերին, բարձր գոռալ «ինտերնացիոնալ», և այս ամենը` ուժասպառության աստիճան, մահվան սպառնալիքի տակ, հաճախ` մինչ ի մահ: Մեծ քանակությամբ զոհեր տվող բանտն այնուամենայնիվ տարածքի խնդիր ուներ ու անընդհատ մեծացնում էր իր «բնակմակերեսը»՝ հազարավոր նոր կալանավորներին «հավուր պատշաճի» տեղավորելու համար: Խորհրդային մեծ տեռորի ալիքները նախաստեղծ ուժգնությամբ կենտրոնից հասնում էին  անծայրածիր երկրի բոլոր ծայրերը: Անձի պաշտամունքի հայելային պատկերի՝ բռնատիրության շոշափուկները հարյուր հազարավոր դռներ էին ծեծում ու մի ակնթարթում փոխում ստեղծող-արարող մարդկանց, նրանց խաղաղ ընտանիքների՝ Աստծուց տրված ճակատագրերը:  

 

* * *

Բռնատիրության շոշափուկները մարդու տեսք ունեին: Բայց ներսից նրանք ավելի շատ նման էին անեծքի: Հայաստանում նրանցից շատ-շատ կար: Նրանցից խուսափել հնարավոր չէր, ինչպես որ արդեն կատարված ողբերգությունից. ուզես, թե չուզես, պիտի լսես դրա գույժը: Նրանք մտնում էին մարդկանց տներն ու ավերում խաղաղ կյանք ու ընտանիք: Այդ մարդկանց անուններն անգամ տեղ էին գտել ժամանակի ժողովրդական բանահյուսության անեծքի ժանրում. «Այսինչը մտնի քո տուն»` անիծում էին իրար` տալով այս կամ այն մատնիչ կատարածուի անունը: Բայց այդ անեծք-մարդիկ իրենք էլ զոհ էին. թույլ էին գտնվել ու իրենց հոգին գրոշով ծախել էին սատանային: Չլիներ աշխարհում կարմիր բռնապետությունը, այդ ծախված հոգիներն էլ գուցե այլ ճակատագիր կունենային ու չէին վերածվի անեծքի՝ մարդկանց բերանում: 1930-ին այդպիսի մի անեծք էր, որ մտավ պապիս՝ Լևոն Հակոբյանի տունը: 1927-ին պապիս նյութական վիճակը գնահատվել է «միջին»: Երեք տարի անց նույն նյութական վիճակն ունեցող պապիս ճանաչել են որպես կուլակ ու դատապարտել՝ դաշնակցական կուսակցությանն անդամակցելու և հակասովետական ագիտացիա վարելու մեղադրանքով: Պապս երևի Սոլովեցկի անունն էլ չէր լսել, երբ գնացքն իր պես անմեղների հետ միասին նրան տարավ դեպի վերջին կանգառ` աշխարհի ծայրում դարանակալած մահվան ճամբարը: Սոլովեցկյան տաժանակրության տարիների ընթացքում երկու  հայ կալանավորներ (Անուշավան Զատիկյան և Անդրեյ Մկրտչյան)  պապիս առաջարկել են միանալ իրենց  կազմակերպած  փախուստին՝  դեպի Ֆինլանդիա:  Ֆիննական  աղբյուրները  վկայում  են, որ  30-ականներին  Խորհրդային  Միության  Սոլովեցկյան ճամբարից  երկու  հայ  և  երկու  մուսուլման  փախուստի  են դիմել  ու  սահմանը  հատելով  մտել  են  Ֆինլանդիա, այնուհետև  կապվել են  Ֆրանսիական  դիմադրության  հայ  առաջնորդների  հետ ու  գաղտնի  կերպով  զենք մատակարարել: Պապս նրանց մեջ չէր, քանի որ մերժել էր փախուստը` ընտրելով աքսորից տուն վերադառնալու ու իր յոթ երեխաներին անհայր չթողնելու հույսը:

Այն ժամանակ գուցե Սոլովկին դեռ, այսպես ասած, ձևավորման փուլում էր, և այդ էր պատճառը, որ պապս ճամբարային բոլոր տառապանքները կրելուց հետո, այնուամենայնիվ, այնտեղ մնաց ճիշտ այնքան, որքան որ դատապարտված էր՝ երեք տարի: Բայց նրա վերադարձից հետո բռնապետական ալիքն ավելի սաստկացավ, և 1937-ին պապիս դարձյալ ձերբակալեցին որպես «հակա» և դատապարտեցին պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության՝ ունեցվածքի առգրավմամբ: Գուցե նաև պապիս «հակա» լինելն էր պատճառը, որ այդ գնդակահարությունից տասնմեկ տարի անց նրա քսանամյա որդուն աքսորեցին Յակուտիա, որտեղ նա զոհվեց ծանր ու վտանգավոր աշխատանքից: Իսկ 1937-ից 37 տարի անց խորհրդային երկիրը հասցրել էր քաղաքակրթվել այնքան, որ ինձ իմ անկախական գաղափարների համար ազատազրկեցին ընդամենը յոթ տարով: Ես, փաստորեն, պետական պատժիչ ապարատից տուժած երրորդ մարդն եմ իմ տոհմում:  

Սեփական երկրի բռնապետական համակարգին զոհ գնացած խորհրդային անմեղ քաղաքացիների թիվը համաշխարհային պատերազմին կսազեր: Բայց պատերազմ մեկնում են բոլորն անխտիր: Իսկ այս երկրի պետական տեռորի զոհը դարձավ գրեթե ողջ ստեղծարար սերուցքը: Ո՞ր դեպքում նոր կացութաձև ստեղծող երկիրը կվերցներ ու միլիոններով կբնաջնջեր իր երկրի լավագույն մարդկանց...

Նախնադարից հազարավոր տարիներ հետո ստեղծված ԽՍՀՄ-ում 15-20 տարվա ընթացքում պետական բռնադատման է ենթարկվել  6-6,4 միլիոն մարդ: ՕԳՊՈՒ հաշվառման բաժնի  1934թ. գաղտնի փաստաթղթի համաձայն՝ աքսորավայրեր տեղափոխվելու ընթացքում քաղցից ու հիվանդությունից («սեփական մահով») մահացել է 90 հազար մարդ, աքսորում՝ 300 հազար: Հիշենք, որ այդ ժամանակ տեռորի հզոր ալիքը դեռ առջևում էր: 37-38 թվականին՝ մեկ տարվա ընթացքում, ձերբակալվել է 1 միլիոն 575 հազար 529 մարդ, որոնցից 681692-ը գնդակահարվել է: Կուլակաթափության են ենթարկվել 489822-ը: Հիշենք, որ զանգվածային սպանդը դրանից հետո  շարունակվել է մեկ տասնամյակից ավելի: Այսպես բռնադատվածների թիվը հասավ մի քանի միլիոնի:

Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբարին դրանցից բաժին հասավ 300 հազարը: Արշիպելագի վեց կղզիներում կալանավորներին դասակարգում էին ըստ աշխատանքային պիտանության: Հատուկ նշանակությամբ հարկադիր աշխատանքի սոլովեցկյան համակենտրոնացման ճամբարի կալանավորների մեջ կանայք ու երեխաներ կային. քաղաքականապես անմեղսունակ, բայց իրենց «հակա» ծնողների մեղքի բաժինը կրող տասնյակ հազարավոր երեխաներ: 12 տարեկանից սկսած՝ երեխաները  գնդակահարվելու տարիքում էին, 16-ից՝ աշխատանքային: Ամենափոքրերն ապրում էին մայրերի հետ: Ամեն երեխայի կալանավորական համարը համապատասխանում էր մոր համարին: Նրանց բարաքների վրա գրված էր.

«Շնորհակալություն ընկեր Ստալինին մեր երջանիկ մանկության համար»: Մսուրային տարիքը հրաշքով հաղթահարած երեխաներին հանձնում էին մանկատներ, որտեղ նրանց դաստիարակությամբ զբաղվում էին ռեժիմի նկատմամբ նվիրվածությամբ աչքի ընկած քրեական հանցագործները: Նման մի նվիրված հանցագործ էլ այնքան աչքի ընկավ իր դաժան նորարարություններով, որ դարձավ մահվան ճամբարի պետը: Դա Նաֆտալի Արոնովիչ Ֆրենկելն էր՝ նախկինում ավազակության համար դատապարտված մեկը, որ խորհրդային Գուլագի կնքահայրը եղավ. անգերազանցելի Ֆրենկելը, որ թոշակի անցավ որպես ՆԳԺԿ գեներալ-լեյտենանտ և լենինյան շքանշանակիր: Նրա ոսկե կանոնը մնաց խորհրդային համակենտրոնացման ճամբարների պատմության մեջ. «Կալանավորի ուժերը նրանից պետք է վերցնել առաջին երեք ամսվա ընթացքում: Դրանից հետո նա պիտանի չի լինի»:

Նորաստեղծ երկիրը պետք էր, որ խնայող լիներ: Իսկ փամփուշտը ձրի չէր: Փամփուշտ կարելի էր օգտագործել միայն այն դեպքում, երբ կալանավորն ավելի շատ ծախս էր պահանջում, քան փամփուշտն արժեր: Դրա համար ավելի շատ աշխատատեղեր էին պետք: Պետք էր վերցնել կալանավորի ուժերը` մի կտոր հացի դիմաց, նրանց ուժերով յուրացնել հյուսիսի բնական հարստությունները՝ Պեչորայի և Վորկուտայի գետային ավազանի ածուխը, Ուխտայի նավթը: Պետք էր նաև մշակման ենթարկել հյուսիսի անտառային զանգվածը: Կալանավորների ուժերով կառուցվեցին աղյուսագործական, մեխանիկական և կաշեգործական գործարաններ: Իրականացվում էր անտառամշակում, ճանապարհաշինություն: Սոլովեցկյան ճամբարներն այսպես անցան ինքնածախսածածկման: Ուղղիչ-աշխատանքային նախագծերի գագաթնակետը եղավ Բելոմորկանալի կառուցումը, որն իրականացավ կալանավորների՝ հաճախ ցմահ ջանքերով: Դարի հսկա կառույցը՝ 227 կիլոմետրանոց ջրանցքը, Ստալինի հրահանգով  շահագործման հանձնվեց մի բարձրահարկ շենքի կառուցման ժամկետում՝ 20 ամսում, և այն էլ առանց շինսարքավորումների: Ասենք, որ 28 կիլոմետրանոց Պանամայի ջրանցքը սարքավորումների օգնությամբ կառուցվել է 28 տարում, Սուեզյանը (160կմ)` 10 տարում: Բելոմորկանալի կառուցման հիմնական շարժիչ ուժը կալանավորների թվաքանակն էր՝ 126 հազար մարդ: Նրանցից տասնյակ հազարավորները չհասան մինչև շինարարության ավարտը: Առաջին երեք ամսից հետո նրանք հանգիստ կարող էին մեռնել: Չէ՞ որ ԽՍՀՄ-ում միշտ էլ փոխարինողներին փոխարինողներ էին գալիս: 

Շինարարության հետ կապված ամբողջ իրականությունը զանգվածներից գաղտնի էր պահվում: Բելոմորկանալը կոչվեց Ստալինի անվամբ, նրա երկարությամբ անցնող առաջին գնացքը՝ «Չեկիստ»: Մտավորականները արվեստի գործեր ստեղծեցին՝ նվիրված դարի կառույցին, որը ներկայացվեց որպես երկրի առաջընթացի գրավական: Երկաթե մայրուղին փորձեցին հայտարարել կոմերիտական կառույց, այն դեպքում, երբ կոմերիտական տարիքի անչափահասների կյանքի գնով էր նաև կյանքի կոչվել: «Դարի մեծ կառույցի» բացման օրը կրծքանշանով կոմերիտականների մի մեծ խումբ էր բերվել, քանի որ հարմար չէր ներկայացնել ուժասպառ, կեղտոտ, հիմնականում կոմերիտական տարիքն անցած կալանավորներին՝ որպես Բելոմորկանալի շինարարներ: Ի դեպ` սա միակ դեպքն էր, երբ կալանավորներն ընդվզեցին ու ղեկավարությունը տեղի տվեց: Դատապարտվածները հաշտվել էին, որ իրենց հետ կարելի է վատ վարվել, բայց իրենց աշխատանքի արդյունքը թույլ չտվեցին խլել իրենցից: Այսպես կյանքի կոչվեց օրը մի կտոր հաց, մի աման ջրիմուռով ապուր կերած մարդկանց ուժերով, հազարավորների կյանքի գնով կառուցված Բելոմորկանալը: Նրա երկայնքով անցնող գնացքի երկաթյա անիվների շառաչը ասես ուժասպառությունից զոհվածների ու գնդակահարվածների հոգու ճիչը լիներ, որ լսելի չէր ստի ու անգիտության մեջ խարխափող ազատ ստրուկներին: Ապրողները պարտավոր էին երջանիկ լինել, որ ապրում են: Մեռածների մեջ էլ կային երջանիկներ: Այդ նրանք էին, որոնց մարմինները ծածկված էին հողով:  

Այսպես, հրեշտակապետ Միխայլո արխանգելի անունով կոչված Արխանգելսկ քաղաքը ստացավ իր երկրորդ անունը՝ «մեռյալների քաղաք»:    

* * *

Հիմա՝ օդային ճանապարհների այս մեծ հնարավորության պայմաններում էլ Երևանից Սոլովեցկյան կղզիներ հասնելը հեշտ չէ: Որդիակա՞ն, թե՞ քաղաքացիական պարտքի զգացումն էր՝ չգիտեմ (գուցե և՛ այն, և՛ այն), որ ստիպեց ինձ հաղթահարել Սոլովկի տանող ճանապարհը: Ահա և քրիստոնեական խոսքի միջոցով Աստծու հետ կապվելու համար ստեղծված վանքից համակենտրոնացման ճամբարի վերածված Հատուկ նշանակության սոլովեցկյան բանտը՝ Սոլովկին: Հազարավոր անթաղ մեռելների վերգետնյա գերեզմանոցն այսօր պետական ենթակայությամբ գործող թանգարան-արգելոցի է վերածվել: Եկեղեցին գործում է իր նախնական նշանակությամբ: Այն տարիներին այստեղ չկար ազատության մեջ գտնվող գեթ մի հոգևորական, որ հոգեհանգստի աղոթք կարդար մահվան օգնությամբ հալածանքից փրկվածների  հոգիների համար: 

Իմ այցելությունը զարմանալի պատահականությամբ համընկավ մի արարողության հետ: Հիսուսի պայծառակերպության տոնին Սոլովկիում պատարագ էր մատուցում Համայն Ռուսիո պատրիաք Կիրիլը: Իմացա, որ նրա պապն էլ է եղել Սոլովկիի աքսորյալների մեջ: Խորհրդանշական խոնարհված խաչի առաջ ներկաները  խաչակնքում էին անմեղ զոհերի հոգիների համար: Պատարագին ներկա գտնվելուց հետո ես եղա ժամանակի մեջ քարացած այդ դժոխքի բոլոր վայրերում, ամեն մի անկյունում: Թանգարան-արգելոցում ներկայացված էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Ամեն մեկն իր անկյունն ուներ ու խորհրդային մարդակուլ դևին մատուցած իր զոհերի պատմությունը: Իսկ Հայաստանն առհասարակ ներկայացված չէր: Այնինչ արխիվային փաստաթղթերի մի մասի մեջ միայն Սոլովկիում գնդակահարված 30 հայի ազգանուն կա: Թանգարանի աշխատակիցը բացատրեց, որ ամեն հանրապետություն ինքն է հայտ ներկայացնում՝ թանգարանում իր անկյունը ստեղծելու, իր հուշաքարն ունենալու համար: Հիշեցի, որ ԱԼԺԻՐ-ի թանգարան-արգելոցում, որտեղ վերջերս եղա, նույնպես Հայաստանը բացակա էր: Աններելի պասիվություն: Մինչդեռ բոլշևիկյան ինկվիզիցիայի պլանային մարդահավաքի տարիներին մենք աչքի ենք ընկել հատուկ ակտիվությամբ, «սոցիալական վտանգավոր տարրեր» և «սոցիալական վնասակար տարրեր» ցուցակները անմեղ մարդկանց անուն-ազգանուններով լրացնելու, պարտադիր պլանը գերակատարելու պատրաստակամությամբ: Այսօր մենք այնպես ենք վերաբերվում բոլշևիկյան տեռորից խլված մեր հայրենակիցներին, ասես մի հինգ դար առաջ պատուհասած բնական աղետի զոհ են եղել նրանք, ասես մատաղ ենք տվել, շարել ենք նրանց մեր բերդի պարսպապատերի մեջ, որ ամուր լինի մեր պաշտպանական ամրոցը: Այնինչ մեր երկրի համար 1915-ի ցեղասպանությունից ոչ պակաս գենոֆոնդային արհավիրք էր մեր ազգի սերուցքը քամած խորհրդային սպանդը: Նրա արյունոտ ոտնահետքերը մինչև մեր օրերն են հասնում: Ազգային թվաքանակի համեմատական վիճակագրության տվյալներով՝ 30-50-ական թվականներին ամենից շատ զոհ Հայաստանն է տվել: Պաշտոնական տվյալներով՝ միայն 1939 թվականին խորհրդային համակենտրոնացման ճամբարներում 11 հազար 64 հայ է եղել, 1951-ին՝ 26 հազար 764: Դրանց մեջ եղել են երևելի մարդիկ: Պարզապես, հայ մարդիկ: Այդ մասին մենք լռում ենք ոչ միայն թանգարանի վերածված հեռավոր համակենտրոնացման ճամբարներում, այլև հենց այստեղ՝ Հայաստանում:

Պետական անկախությունը հռչակագիր չէ: Անկախությունը մեծ հնարավորություն է, որը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Մենք, որ աշխարհից պահանջում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը, մինչ օրս չենք բարձրաձայնել բոլշևիկյան ինկվիզիցիայի՝ Հայաստանին պատճառած վնասների մասին: Մենք, որ ամեն առիթով նշում ենք խորհրդային հանրապետությունների կյանքում արցախյան շարժման դերի կարևորության մասին, երբևէ չենք անդրադառնում Հայաստանում անկախության թանգարան ստեղծելու անհրաժեշտությանը, որտեղ կամրագրվի այն ամենը, ինչով սիրում ենք հպարտանալ, այն ամենը, ինչ ցավ է պատճառում մեզ ու այն, ինչ չգիտեն ոչ միայն օտարները, այլ հենց մենք: Իրեն չճանաչող սերունդը վաղը պատիժ կդառնա իր երկրի համար, վաղը չի ունենա երկիր: Ես խոսում եմ մի բանի մասին, ինչն ամենևին էլ վեր չէ մեր երկրի ուժերից: Միայն ցանկություն է հարկավոր: Չկա ցանկություն, ուրեմն անկախ Հայաստանի ղեկավարման էստաֆետն անցել է ստալինյան դարաշրջանի մարդ-անեծքների սերունդներին:

 * * *

Սոլովեցկյան թանգարան-արգելոցի աշխատակիցը խոստացավ ինձ ուղարկել գնդակահարված հայերի ցուցակը: Նրան պատմեցի, որ իմ պապն էլ երեք տարի ճամբարի կալանավոր է եղել: Իմացավ նաև իմ կյանքի պատմությունը: Խնդրեց, որ օգնեմ հայազգի զոհերի համար թանգարանի տարածքում հուշաքար տեղադրելու գործում: Ես նրան խոստացա, որ Հայաստանն էլ ներկայացված կլինի Սոլովեցկյան քաղաքական գերեզմանոցում, ու համակենտրոնացման ճամբարի թանգարանի օտար, անծանոթ աշխատակիցը մի տեսակ թեթևություն զգաց… 


* * *

Մոսկվայում խորհրդային բռնապետության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար կա տեղադրված: Այդ քարը բերվել է Սոլովեցկյան Մեծ կղզուց, և կոչվում է «Սոլովեցկյան քար»: Տեղադրված է ՊԱԿ-ի՝ նախկին ՆԳԺԿ շենքի դիմաց: Հենց այդ շենքում էր, որ ժամանակին որոշում ընդունվեց մարդկանց զանգվածային կալանավորման ու աքսորի մասին: Հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1990թ. հոկտեմբերի 30-ին՝ ԽՍՀՄ քաղբանտարկյալի օրը, որ ժամանակին նշում էինք քաղաքական ճամբարներում: Հենց այդ օրն էլ Ռուսաստանում ամրագրվեց որպես քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օր: 

Սրանից նույնպես կարելի է մի տեսակ թեթևություն զգալ: Բայց սա նվազագույնն է, որ պիտի աներ Դաշնային Ռուսաստանը: Խորհրդային Միության փլուզումից հետո պետք է վեր հանվեին միութենական արխիվները ու ԽՍՀՄ-ը հռչակվեր որպես հանցագործ երկիր: Այդ գործում պիտի ներգրավված լինեին բոլոր նախկին միութենական հանրապետությունները: Բայց դա առաջին հերթին պետք է աներ Ռուսաստանը, քանի որ այնտեղ է գտնվում ԽՍՀՄ մայրաքաղաքը, այնտեղից էին երկրով մեկ սփռվում զանգվածային սպանդի հրահանգները, և, ծավալային իմաստով, խորհրդային սպանդից ամենից շատ հենց Ռուսաստանն է տուժել:

Նախկին խորհրդային երկրի քանի՞ քաղաքացի գիտի, թե ինչ բան է Բուտուգիչագը՝ Մագադանում գտնվող մահվան հովիտը, որտեղ խորհրդային իշխանությունը ուրանի հանքերում, բարձր ռադիոակտիվության պայմաններում ուղղիչ-աշխատանքային ծրագիր էր իրականացնում: Որտեղ գիտնականները «բավարար աստիճանի» ռադիացված մարդկանց գանգը շա՜տ զգուշությամբ բացում էին՝ պարզելու համար, թե մարդու ուղեղի վրա ինչ ազդեցություն է ունենում ռադիոակտիվ ճառագայթումը: Այդ տարիներին էր, որ խորհրդային ճառագայթաբանությունն աննախադեպ վերելք ապրեց: 380 հազար մարդու գանգ էր բացել այդ աննախադեպ վերելքը: Այդ մարդկանց ոսկորները մինչև այսօր երկրի երեսին են: 

Նախկին խորհրդային երկրի քանի՞ քաղաքացի գիտի, թե ինչ բան է Սանդարմոխը՝ Կարելիայում գտնվող տասը հեկտար անտառապատ տարածքը, որտեղ 1937-38 թվականներին ստալինյան բռնապետության 9500 զոհ է թաղվել: Այսօր էլ 9500 գնդակահարված գանգ կա Սանդարմոխի 236 գերեզմանափոսերում:

Նախկին խորհրդային երկրի քանի՞ քաղաքացի գիտի, որ ԽՍՀՄ տարածքում սեփական երկրի մարդկանց համար նախատեսված ճամբարային 35 համակարգ է եղել, որոնցից յուրաքանչյուրը մի քանի տասնյակ համակենտրոնացման ճամբար է միավորել: 

Նախկին խորհրդային երկրի քանի՞ քաղաքացի գիտի, որ ԽՍՀՄ-ն առհասարակ երկիր չէր, այլ համակենտրոնացման ճամբար: Նրանք, ովքեր ճամբարի փշալարերից դուրս էին ապրում, նույնպես այդ հանցագործ քաղաքականության ակամա մասնակիցն էին, քանի որ օգտագործվում էին բռնատիրության քողարկման համար: Երջանիկ մարդկանց երկրի պատրանքը նրանցով էր ստեղծվում:

Հրապարակել է պետք ԽՍՀՄ կենսագրության բոլոր մութ փաստերը, դրանց մեջ ներգրավված բոլոր մարդկանց անունները: Դրան պետք է հետևի ԽՍՀՄ-ի դատավճիռը: Պետք է վեր հանել նաև ծախու մտավորականների անունները, որոնք անմնացորդ ծառայում էին չարիքի կայսրությանն ու վարձատրվում մնացորդներով: 

Վլադիմիր Իլյիչը Լև Տոլստոյին համարում էր բոլշևիկյան հեղափոխության հայելին՝ նկատի ունենալով, որ Տոլստոյն այնպես ճշմարիտ է ներկայացնում ցարական Ռուսաստանի արատները, որ ցանկություն է առաջանում հեղափոխություն անելու:

Տոլստոյը գրում էր. «Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում առհասարակ կդադարեն գեղարվեստական գործեր ստեղծելուց: Կամաչեն գրել ինչ-որ հնարովի Իվանովիչի և Մարիա Պետրովնայի մասին: Գրողները, եթե նրանք լինեն, ոչ թե կստեղծագործեն, այլ միայն կպատմեն այն նշանավորը, կամ հետաքրքրականը, ինչ վիճակվել է դիտել կյանքում»: Տոլստոյը ճիշտ էր: Եկավ այդ ժամանակը: Միայն թե գրողները տվեցին իրականության աղճատված պատկերը: Գրողները ստեցին:

Այն տարիներին գիրք գրվեց Սոլովկիի, Բելոմորկանալի մասին, ֆիլմ նկարահանվեց Բելոմորկանալի շինարարության, Բելբատլագի մասին գեղանկարներ, անգամ լուսանկարներ արվեցին, որոնք խեղաթյուրում էին իրականությունը: Իլֆն ու Պետրովը Սոլովեցկում կազմակերպված զբոսաշրջությանը մասնակցեցին, գրող Ալեքսանդր Ավդեենկոն, լինելով Սոլովեցկում պատմեց, որ կալանավորների սեղանները տեսել է ամենաընտիր ուտեստով լեփ-լեցուն: Գորկին իր հեղինակությունն ի սպաս դրեց ռեժիմի անտառտնտեսական և այլ շահերին:

Ճիշտ է, 50-ականներից հետո եկավ հալոցքի շրջանը, ու երկրում աստիճանաբար փոխվեց իրավիճակը: Բայց դա միայն թվացյալ էր, քանի որ ոչ ոք չէր զղջացել: Առանց մեղքերի խոստովանության չի կարող թողություն լինել: 

Այդպես է նաև անկախացումից հետո: Ոչ մի տարբերություն: Այն, ինչ արվել է չարիքի կայսրության կենսագրության հետ կապված, կրել է ավելի շատ ձևական, քան բովանդակային բնույթ: Ուրեմն վստահ կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվել, այլ անցել է նոր կենսաձևի:



* * *

Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբար կատարած ծանր ուղևորության ընթացքում ես մի տեսակ վերարժևորեցի պապիս ապրած կյանքը, իմ ապրած կյանքը: Որքա՜ն կուզեի պապիս տառապանքներն ինձ վրա վերցնել: Իմ բանտարկության տարիներին ես քաղաքականապես հասուն էի, և բոլորովին այլ էր գիտակցաբար կրակի հետ խաղալու իմ հանդգնությունը: Սիրտս ճմլում է պապիս միամտությունը, բոլորի միամտությունը, ԱԼԺԻՐ-ի, Սոլովեցկի ու հաստատ մյուս ճամբար-թանգարանում էլ ամենևին չներկայացված իմ երկրի միամտությունը…, այս համատարած հետխորհրդային միտումնավորությունը…

Վերադարձից առաջ մի հայացք գցեցի սոլովեցկյան բնապատկերին: Մտովի պատկերացրի անիրավության բոլոր զոհերին՝ սկսած Սոլովեցկյան վանքը հիմնած վանահայրերից մինչև մահվան ճամբարի վերջին գնդակահարվածը: Թող հանգստություն լինի նրանց հոգիներին, որոնք անաստված երկրում խաղաղվելու տեղ չեն ունեցել ու վեր համբառնալու տեղ չեն ունեցել: Նրանց աղոթքն էլ երկրի երեսին է մնացել, քանի որ այդ երկիրը երկինք չուներ: Այդ երկիրն, իսկապես, պոկվել էր տեղից   ու անշարժացած կախվել անծայրածիր, ամայի տարածության մեջ…                

 Հ.Գ. Թանգարան-արգելոցի աշխատակցուհի Օլգա Բոչկարյովան իր խոստմանը համաձայն ուղարկեց ինձ 1937-38 թվականներին Սոլովեցկյան բանտի գնդակահարված հայ կալանավորների՝ թանգարանի տրամադրության տակ եղած ցուցակը:

Գնդակահարման վայրը՝ Սանդարմոխ (Կարելիա)

  1. Պողոսյան Լևոն Ղուկասի (27.10.1937թ.)
  2. Շեկոյան Սուրեն Համբարձումի (27.10.1937թ.)
  3. Կիրակոսով Ռուբեն Նիկիտայի (27.10.1937թ.)
  4. Կալամկարով Զինովի Արտեմի (27.10.1937թ.)
  5. Օսիպյան Կարլ Արկադիի (27.10.1937թ.)
  6. Այվազով Արշակ Սեմյոնի (2.10.1937թ.)
  7. Վարդանով Վալենտին Գեորգիի (2.11.1937թ.)
  8. Կարոնյան Կորսոն Հակոբի (2.11.1937թ.)
  9. Ստեփանյանց-Ստեփանով Անդրեյ Սերգեյի (2.11.1937թ.)
  10. Գրիգորյան Էնոխա Սաֆարի (3.11.1937թ.)
  11. Ձամոև Գրիգորի Սերգեյի (3.11.1937թ.)
  12. Դարչինյան Խաչատուր Հակոբի (3.11.1937թ.)
  13. Էրոյան Ստեփան Ներսեսի (3.11.1937թ.)
  14. Գևորգյան Հուսիկ Մարկի (4.11.1937թ.)
  15. Հովյան Արմենուհի Սմբատի (4.11.1937թ.)
  16. Պապայան Հայկ Կեգանի(4.11.1937թ.)
  17. Սաղաթելով Ասցատուր Խաչատուրի (4.11.1937թ.)
  18. Տեր-Ասատուրով Զաքարիա Լվովի (1.11.1937թ.)

Գնդակահարման վայրը՝ Լենինգրադի մարզ

  1. Օհանջանյան Սուրեն Սարգսի (8.12.1937թ.)
  2. Տեր-Հարությունյան Վարազդատ Զաքարի (8.12.1937թ.)
  3. Իվանիսով Քրիստափոր Իվանի (8.12.1937թ.)
  4. Վահրամյան Տիգրան Սարգսի (8.12.1937թ.)
  5. Շահզադով Լևոն Մարտիրոսի (8.12.1937թ.)
  6. Միրզոյան Նիկողոս Հարությունի (8.12.1937թ.)
  7. Տեր Կարապետյան Տեր-Արսեն Խորենի (8.12.1937թ.)
  8. Ավագյան Արծվիկ Արիստակեսի (8.12.1937թ.)

 Գնդակահարման վայրը՝ Սոլովկի

  1. Պանիև Վլադիմիր Գրիգորի (17.02.1938թ.)
  2. Ուրունց Հակոբ Դավիթի (17.02.1938թ.)
  3. Օհանով Գեորգի Արշակի (17.02.1938թ.)
  4. Տեր-Օհանեսով Գրիգորի Վարդանի (17.02.1938թ.)

 

Մեկնաբանություններ (7)

Դարչինյան
Անչափ շնորհակալ եմ այս նյութը տեղադրողից,այսօր պատահաբար գտա պապիկիս հոր անուն ազգանունը և մահվան վայրը։Սիրտս կտոր_կտոր է լինում,ափսոս ,որ պապիկս արդեն կենդանի չէ,նա մահացավ չիմանալով իր հոր մահվան վայրը։
Անուշ
Ես և իմ հասակակիցները խորհրդային դաստիարակության արդյունքում փաստորեն ապրել ենք , սակայն դաժան անցյալ ունեցող երկրի կրնկի տակ: Դեռ այն ժամանակվանից լինելով ըմբոստ խառնվածքի տեր համակարգի վերաբերյալ գաղափարական վեճեր էի ունենում ուսուցիչների ու դասխաոսների հետ, ինձ համարում էին ոչ ստանդարտ մտածող: Բայց ես գիտեի, որ ճիշտ եմ: Հազար փառք հոգով ազատ մեր նախնիներին:
Erazik Grigoryan
Նախկին խորհրդային երկրի քանի՞ քաղաքացի գիտի, որ ԽՍՀՄ-ն առհասարակ երկիր չէր, այլ համակենտրոնացման ճամբար: Նրանք, ովքեր ճամբարի փշալարերից դուրս էին ապրում, նույնպես այդ հանցագործ քաղաքականության ակամա մասնակիցն էին, քանի որ օգտագործված էին բռնատիրության քողարկման համար: Երջանիկ մարդկանց երկրի պատրանքը նրանցով էր ստեղծվում:
Սուսաննա Նահապետյան
Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբար կատարած ծանր ուղևորության ընթացքում ես մի տեսակ վերարժևորեցի պապիս ապրած կյանքը, իմ ապրած կյանքը: Որքա՜ն կուզեի պապիս տառապանքներն ինձ վրա վերցնել:
Օնիկ Միքայելյան
Սիրելի Ռազմիկ, Շնորհակալ եմ քեզ չարիքի կայսրության հիմնադիրների և շարունակողների գործերի հետևողական բացահայտման համար: Կարծում եմ ամեն մի ճշմարիտ հայ իր հոգում կառուցում է հուշարձան- մատուռ չարիքի զոհ դարձած թվարկածդ 30 հոգու և նման ճակատագրի արժանացած հայերից յուրաքանչյուրի համար: Թող Աստված ողորմի նրանց: Գրածիցդ հետևում է, որ նույնիսկ չարիքի հիմնադիր անթաղ մեռելի երկրի քաղաքացիներ և եկեղեցին մտահոգ են իրենց նախնիների դառը ճակատագրով: Պարզվում է, որ մեր պետությունն ու եկեղեցին նման խնդիր չեն տեսնում: Մեր անցյալի և նահատակների նկատմամբ հարգանքի լավագույն դրսևորումը ուժեղ պետություն ունենալուն նվիված ջանքեր ներդնելն է: Պետություն, որտեղ բացառվեն չարիքն ու մարդու ազատ ու արժանապատիվ ապրելու խոչընդոտները, այլ ոչ թուլացնել երկիրն ու օտար կուռքերից պաշտպանություն հայցել: Մեր իսկ պատմությունն է արձանագրել, որ այդպես չես պաշտպանվի: Աստված քեզ պահապան:
լենա
Հարգելի Ռազմիկ, շատ ցավում եմ ձեր և հարյուրավոր մարդկանց պապիկների համար: Անչափ գնահատում եմ, որ պատմեցիք ձեր տեսածը, իրավացի եք՝ մենք ոչինչ չգիտենք:
Արմեն Զատիկյան
Սիրելի Ռազմիկ, այս ամենի մասին մեր նոր սերնդի չիմանալն է պատճառը, որ նրանք չեն հասկանում, որ չարիքի կայսրությունը դեռ չի տապալվել, այլ կերպարանափոխված շարունակում է իր սատանայական «առաքելությունը»: Դիմակափոխված նեոբոլշևիկները կարողանում են հաջողությամբ խաղալ այդ դերը, քողարկել հրեշավոր անցյալը՝ ներկայի «երանելի» շղարշով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter