HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազդարարի» խմբագիրը կալանավորված է. քաղաքացին նրան խարդախության մեջ է մեղադրում

Նորիկ Ղահրամանյանը պնդում է, որ խարդախության զոհ է դարձել: Նա պատմում է, որ իրենց շենքի կողքին գտնվող հանրակացարանում այս տարի բնակարան է վարձել և ժամանակավորապես հաստատվել Մարտիկ Սարգսյանը: Վերջինս առաջարկել է միջնորդել և օգնության ծրագրում ընդգրկել Ղահրամանյաններին, որոնք սոցիալապես անապով են վիճակում են:

Նորիկ Ղահրամանյանը «Նաիրիտ գործարանի» աշխատակից է, պարապուրդում է: Նրա 4-հոգանոց ընտանիքն ապրում է «Նաիրիտ գործարանի» աշխատակիցների համար նախատեսված հանրակացարանի14 քմ-անոց սենյակում:

Վարձով ապրող հարևանը ներկայացել է որպես Մարտիկ Սարգսյան, «Ազդարար» ամսագրի խմբագիր, Արցախյան շարժման ազատամարտիկ, այս տարվա ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածություն առաջադրած անձ (հայտարարել էր, որ առաջադրելու է թեկնածությունը, բայց այդպես էլ չառաջադրեց-հեղ.) և վստահություն է ներշնչել Ղահրամանյաններին:

Այս տարվա հուլիսի 17-ին Նորիկ Ղահրամանյանը իր որդու`  Գրիգորի և Մարտիկ Սարգսյանի հետ գնացել է Էջմիածին: Մարտիկը հրահանգել է սպասել Տիգրան Մեծ սրճարանում՝ մինչև ինքը կազմակերպի «օգնությունը»: Որոշ ժամանակ անց մոտեցել և ասել է, թե այսօր գումար չկա, վաղը կլինի: Հոր եւ որդու անձնագրերը վերցրել է, ինչպես Ղահրամանյաններին է բացատրել, օգնությունը ձևակերպելու համար:

Հաջորդ օրը Մ. Սարգսյանը Ղահրամանյաններ հոր և որդուն տանում է Էջմիածնի «Բիլայնի» խանութ-սրահ, որտեղ հորը և որդուն լուսանկարում են: «Մենք կարծում էինք, որ գովազդի նման ինչ-որ բանի համար են նկարում: Որոշ ժամանակ հետո մեզ դուրս է կանչում Մարտիկը, 40 հազար դրամ է տալիս, եւ մենք ուրախ-ուրախ գալիս ենք տուն,- պատմում է Նորիկ Ղահրամանյանը և նկարագրում իրենց վիճակը,- մուկը որ մութ տեղը երշիկի հոտ է առնում, գնում է, ընկնում է թակարդը»:

Ստացած «օգնությունից» ոգևորված` Նորիկը ցանկանում է կնոջ և սոցիալապես վատ պայմաններում ապրող աղջկա անունով էլ օգնություն ստանալ: Մարտիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում նրանց համար էլ օգնություն ձևակերպել:

Նորիկ Ղահրամանյան

«Կինս ու աղջիկս գնում են, փաստաթուղթ են տալիս, կինս ստորագրում է: Աղջիկս ասում է` մամ, առանց կարդալու ինչու ես ստորագրում, մայրն էլ` դե օգնություն է, ինչ կա դրա մեջ: Աշխատողն ասում է` ինչ օգնություն, սա ապառիկի պայմանագիր է: Կինս թե` ոնց թե, մենք չենք աշխատում, ապառիկ ուզենք, որ ի՞նչ անենք, ու այդտեղ թղթերը պատռում են»:

Հաջորդ օրը Նորիկ Ղահրամանյանը, հասկանալով, որ իրականում իրենց խաբել են, գնում է ոստիկանության Էջմիածնի բաժին և պատմում կատարվածը: Շուտով պարզ է դառնում, որ իր և տղայի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկից վերցված է 225 հազարական դրամ գումար` կնքելով կոշտ գրավի և բանկային հաշվի պայմանագիր` ապառիկ եղանակով ապրանքների ձեռք բերման նպատակով:

Հերմինե Թովմասյան անունով մի կին, ով Մարտիկ Սարգսյանի հետ կազմակերպել է այդ գործընթացը, փուլ առ փուլ համաձայնում է գումարը մարել: Նորիկ Ղահրամանյանի անունով ձևակերպված վարկն ամբողջությամբ մարվում է: Սակայն որդու անունով ձևակերպված գումարից 55 հազար դրամ մնացել է, Հերմինե Թովմասյանն այլևս հրաժարվել է վճարել գումարը:

Սեպտեմբերի 24-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկը ծանուցում է ուղարկել Գրիգոր Ղահրամանյանին` հայտնելով, որ Գրիգորը խախտել է վարկային պայմանագրի պահանջները, որի արդյունքում բանկի նկատմամբ պարտքը սեպտեմբերի 24-ի դրությամբ կազմել է 90 հազար դրամ: Բանկը պահանջել է սեղմ ժամկետում մարել պարտքը, հակառակ դեպքում սպառնացել է բռնագանձել դատական կարգով: 

«Ամբողջ իմ զայրույթն այն է, որ 40 տարվա իմ աշխատանքը «Նաիրիտում», որ գյուղից էի գալիս, ավտոբուսի մեջ էի քնում, որ պիտի կարողանայի ամբողջ գիշեր դիմակայել, այդ ամբողջ 40 տարվա չարչարանքս 40 հազարի պատճառով մեզնից ուզում են խլել»,- ասում է Նորիկ Ղահրամանյանը` նկատի ունենալով հանրակացարանի սեփականաշնորհած սենյակը: Ղահրամանյաններն ապրում են 32 հազար դրամ թոշակով և հարկադիր պարապուրդի համար Նորիկի` «Նաիրիտից» ստացած շուրջ 56 հազար դրամով, որը ոչ մշտապես և ուշացումներով են տալիս: Նա մտահոգվում է, որ ունեցած 14 քմ հանրակացարանային սենյակը կարող է «բռնագանձման զոհ» դառնալ, իրենք էլ` անօթևան: 

Նորիկ Ղահրամանյանը դիմել է Կենտրոնական բանկ: ԿԲ-ն հայտնել է, որ ուսումնասիրել է  գրությունը և խնդրի պարզաբանման նպատակով համապատասխան հարցում է կատարել «ՎՏԲ-Հայաստան» բանկ: Բանկը հայտնել է, որ տեղյակ է բարձրացված խնդրին և դրան հետագա ընթացք տալու նպատակով արդեն իսկ դիմել է իրավապահ մարմիններին (ՀՀ դատախազություն):

«Հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել իրավապահ մարմինների գործունեությանը, սակայն եթե Ձեր գրությամբ նկարագրված գործընթացում ի հայտ գան բանկի կողմից թույլ տրված թերացումներ, ԿԲ-ն իր իրավասությունների շրջանակներում կիրականացնի համապատասխան վերահսկողական միջոցառումներ»,- հայտնել է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը` սեպտեմբերի 12-ի գրությամբ:

Ինչպես Նորիկն է ասում, Էջմիածնի ոստիկանական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի «գործարքներից» այլ անձինք էլ են տուժել: Մարտիկ Սարգսյանը վիրավորվել է՝ իբր Ղահրամանյաններն իր հեղինակության հետ են խաղում: Նա էլ է սպառնացել Նորիկ Ղահրամանյանին դատի տալ: Սակայն հետո անհետացել է և այլևս հանրակացարանում չի հայտնվել:  

Նորիկ Ղահրամանյանը պարզել է, որ Հերմինե Թովմասյանը Դուբայից ապրանք է բերում, միամիտ մարդկանց տանում, նրանց անուններով վարկեր ձևակերպում, հետո բերած ապրանքը վաճառում և վարկը փակում է: Առերեսման ժամանակ Հերմինե Թովմասյանը պատմել է, որ ոչ թե 40, այլ 90 հազար է տվել Մարտիկ Սարգսյանին Ղահրամանյաններին փոխանցելու համար (այդ գումարն էլ հետագայում վերցրել և դրանով վճարել է վարկի մի մասը):

Ն. Ղահրամանյանը հավելում է, որ Մարտիկ Սարգսյանն ու Հերմինե Թովմասյանը բազմիցս իրեն սպառնալու փորձեր են արել` տալով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ճոյտի (Հակոբ Հակոբյանի) անունները: Հերմինե Թովմասյանն ասել է, որ Ճոյտն իր բարեկամն է:

«Թաղի` Ներքին Շենգավիթի գողականներից են բերել, ասում է` դու գնացել ստորագրել ես, բայց դու չես հիշում: Ասի` ի՞նչ եք ասում, էդ ո՞նց է` ես ստորագրել եմ, չեմ հիշում, իսկ դու էնտեղ գոյություն չունեիր, լավ հիշում ես»:

Նորիկ Ղահրամանյանն ասում է, որ իրենք ոչ նոթբուքի, ոչ էլ հեռախոսի կարիք չունեին, քանի որ դրանք իրենց համար շքեղություն են. «Ասում եմ` Հերմինե, արի մի հատ մեր զուգարան մի բան ցույց տամ. սառնարան չլինելու պատճառով շաքարախտով հիվանդ կնոջս դեղանյութը զուգարանի բաչոկի մեջ եմ պահում, որ սառը մնա, չփչանա»,- իր և Հերմինե Թովմասյանի առերեսումից մի դրվագ է պատմում Նորիկ Ղահրամանյանը:

Իրենց իրավունքների պաշտպանության միակ միջոցը Նորիկ Ղահրամանյանը համարում է օրենքը: Նա շարունակում է դիմել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններին:  

Էջմիածնում գտնվող «Բիլայնի» խանութ-սրահի մենեջեր Գրիգոր Ասատրյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ մայիս ամսից ի վեր «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով գործարք չի կատարվել, իսկ Հերմինե Թովմասյան անվամբ աշխատող չի եղել իրենց գրասենյակում:

Հերմինե Թովմասյանի հետ կապ հաստատել չկարողացանք: Նրա բջջային հեռախոսահամարն այլևս չի գործում: Չի պատասխանում նաև «Ազդարար» խմբագրության քաղաքային հեռախոսահամարը, Մարտիկ Սարգսյանի բջջային հեռախոսն անջատված է:

«Հետքի» ոստիկանության աղբյուրը հայտնեց, որ Մարտիկ Սարգսյանը կալանավորված է: Թե ինչ հոդվածներով է նրան մեղադրանք առաջադրվել, և ինչ ընթացք է ստացել քրեական գործը, «Հետքը» այսօր փորձեց պարզել ՀՀ ոստիկանությունից: Մեր պաշտոնական նամակի  պատասխանը դեռ չենք ստացել: 

 

Առաջին լուսանկարում Մարտիկ Սարգսյանն է 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter