HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խեղված ճակատագրեր

«Հետքը» և «Անմեղության հայկական ծրագիր» կազմակերպությունը սկսում են հոդվածաշար՝ «Խեղված ճակատագրեր» խորագրով:

Այստեղ կլինեն հոդվածներ, որոնք կպատմեն 1990-ականներից մինչև մեր օրերը դատապարտված մարդկանց մասին:

Մեզ կարող են գրել թե՛ երկարատև ու ցմահ դատապարտված անձինք, թե՛ ՀՀ ԵԽ անդամ դառնալուց հետո դատապարտվածներ, նրանք, ում գործերը դեռ վիճարկվում են դատարաններում: Մեզ կարող են գրել մարդիկ, ովքեր գտնում են, որ անմեղ են, պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներ ունեն, ցանկանում են հասնել իրենց գործերի վերաբացմանը, տարիներ շարունակ պայքարում են իրենց գործերի վերանայման, արդարության վերականգնման համար,  բարձրաձայնում են դատական սխալների մասին կամ գտնում են, որ չափազանցված պատիժ են կրում, չեն ունեցել արդարադատությանը հասնելու բավարար գործիքներ, օրինակ՝ չեն կարողացել ու չեն կարող դիմել ՄԻԵԴ, քանի որ, օրինակ, դատավճիռները կայացվել են մինչև ՀՀ-ի՝ ԵԽ անդամ դառնալը, այսինքն՝ 2001 թ-ից առաջ:

Ինչպե՞ս էին դատապարտում մարդկանց նորանկախ Հայաստանի առաջին տարիներին, երբ դեռ սաղմնավորման փուլում էին բոլոր պետական համակարգերը, այդ թվում և դատականը, երբ դեռ չկար ՀՀ Քրեական օրենսգիրք, երբ գործում էր 1961 թ-ի սովետական ժամանակաշրջանի օրենսգիրքը, երբ մահապատժի դատավճիռները կայացվում էին, սակայն չէին իրագործվում (մորատորիում էր հայտարարված 1991 թ-ից):

Մենք պատրաստակամ ենք տպագրել դատապարտյալների, նրանց հարազատների, փաստաբանների, փորձագետների նամակները, կարծիքները, փաստարկները, կատարել լրագրողական հետաքննություններ, վեր հանել խնդիրները:

Նշենք, որ այս ճանապարհով է անցել հայտնի “Innocence Project” կազմակերպությունը՝ հիմնվելով ԱՄՆ-ում 1980-ականների վերջին՝ նախ տպագրելով այն դատապարտյալների նամակները, ովքեր բարձրաձայնում էին դատական հնարավոր սխալների մասին: Հենց  այս կազմակերպության ջանքերով ԴՆԹ թեսթերի կիրառմամբ, իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ, նաև գործերի վերաբացման միջոցով, կազմակերպությունը հասնում է երկարատև ու ցմահ ազատազրկվածների գործերի վերանայումների: Արդյունքում՝ միայն Մեծ Բրիտանիայի վերջին 3 տարիների վիճակագրությունը վկայում է, որ ավելի քան 300 ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտված մարդիկ արդարացման դատավճռով վերագտել են իրենց ազատությունը: Նրանցից 75 տոկոսի գործերով դատավճիռները կայացվել են բացառապես վկաների ցուցմունքների հիման վրա:  

Բանտերում գտնվող անմեղ մարդկանց գոյության մասին խոսում են նաև երկար տարիների փաստաբանական փորձ ունեցող մասնագետներ: Դատապարտյալներից ոմանք իրենց դիմումներում, նամակներում պարբերաբար նշում են, որ վկաների ցուցմունքների հիման վրա են դատապարտվել, սակայն իրենց գործերի վերաբացմանն ուղղված նրանց տասնյակ դիմումների պատասխաններն այսպիսին են՝ անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Ու քանի որ նրանց գործերի ուսումնասիրությամբ հատուկ զբաղվողներ, մասնագետներ չկան, ուստի այս լրագրողական հարթակը կլինի մի գործիք, որը կօգնի դատական հնարավոր սխալի վեր հանմանն ու շտկմանը, չէ՞ որ դատական սխալի հավանականությունն ընդունում են անգամ ամենակատարելագործված իրավական համակարգ ունեցող երկրները: Իսկ դատական ճակատագրական սխալների շտկումն, անշուշտ, ամրապնդում է հանրության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ:

 

Գրեք «Հետքին» այս հասցեով. 
Երևան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Էլ-փոստ՝ [email protected]

 

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Hoyakap naxadzernutiun.
Զարուհի
Հարգելի Վարազ Սյունի, այստեղ կարող եք լսել տասնյակ տարիներ անց արդարացված մարդկանց մասին, թե ինչպես են ԱՄՆ-ում, Բրիտանիայում գործերի վերաբացման արդյունքում մարդիկ անգամ տասնյակ տարիներ ՉԿԱՏԱՐԱԾ հանցանքների համար պատիժ կրելուց հետո արդարացվում http://www.fm107.am/hy/irexen-apacuycnery-cmah-kpahpanven-kyanqi-dem-uxxvac-hancagorcutyunneri-depqum-hayastani-datairavakan-hamakargy-barepoxvum-e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter