HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Էրիկսոն» ընկերությունը կկառուցի Հայաստանի թվային ցանցը

2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է անցներ վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման, սակայն այս տարվա հունիսին Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց այդ ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին: Կարծիքներ կային, որ պատճառն այս ուղղությամբ կառավարության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելն էր եւ 2012-ին ձախողված մրցույթը, որի արդյունքում պետք է որոշվեր թվային ցանցի կառուցումն ու կառավարումը իրականացնող ընկերությունը: Տարվա կեսին պարզ դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է մրցույթի տարբերակից, եւ պետությունն է կազմակերպելու թվային ցանցի ենթակառուցվածքների ստեղծման գործը: Սակայն, այն ֆինանսական զգալի միջոցներ էր պահանջում: Գումար հայթայթելու ինչ տարբերակ գտնվեց, եւ ինչպես է իրականացվելու թվայնացման գործընթացը. այս հարցերի շուրջ «Հետքը» զրուցել է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ:

-Հեռուստատեսության թվայնացման ո՞ր փուլում ենք գտնվում:  

-Մենք գտնվում ենք վերջնական փուլում: Դեկտեմբերի 6-ը թվայնացման պայմանագիրը կնքելու վերջին օրն է: Կկնքենք, եւ կլինի գործողությունների ժամանակացույց: Մրցույթ հայտարարվեց, եւ կա արդեն հաղթող:

-Խոսքն անցյալ տարի հայտարարված մրցույթի՞ մասին է, որի ժամանակ նախաորակվեց երեք ընկերություն, բայց այդպես էլ հաղթող չեղավ:

-Ոչ, դա առաջին մրցույթն էր: Անցյալ տարվա մրցույթի հետ կապված պրոբլեմներ եղան, որովհետեւ ով որ վերջում ընտրվեց, ասաց, որ պետության առաջարկը տնտեսապես ձեռնտու չէ:

-Իսկ ի՞նչ պայմաններ էին առաջադրվել մրցույթին հայտ ներկայացրած ընկերություններին:

-Կոնցեսիոն կառավարման: Նրանք պետք է ներդրումներ անեին, հետո շահագործելու ընթացքում, երբ եկամուտ ստանային, այդ ծախսը ետ կստանային: Նախ 10 կազմակերպություն ընտրվեց, հետո մնացին 6-ը, ապա՝ 4-ը, հետո՝ 3-ը, ի վերջո ընտրվեց մեկը, որը եկավ ու ասաց, որ տնտեսապես ձեռտնու չէ, չեմ ուզում մասնակցել: Դրա համար փոխեցինք խաղի կանոնները: Հիմա պետությունն ինքն է գնում թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումները, ումից որ գնելու ենք, նա էլ բերելու է եւ տեղադրելու է:

՞ր ընկերությունից եք գնելու սարքավորումները:

-Էրիկսոն (Ericsson): Աշխարհում մի քանի ընկերություն է մասնագիտացած թվայնացման սարքավորումների արտադրության մեջ, ումից որ գնենք, նա էլ կտեղադրի եւ կկրի պատասխանատվություն՝ կտա երաշխիք: Ժամկետները ծայրը ծայրին հասցնելու առումով մեկ առավելություն կա, որ սարքավորումների գներն ընկել են, եւ մենք ավելի էժան ենք գնելու: Եվ արդեն գիտենք, թե աշխարհում ինչ նոր բան կա, ուստի ամենալավն ենք գնելու: Դեկտեմբերի 6-ը «Էրիկսոնի» հետ պայմանագիրը կնքելու վերջին օրն է, բայց հնարավոր է՝ այն ավելի շուտ կնքվի: «Էրիկսոնի» հետ այս պահին ժամանակացույցի խնդիրն է քննարկվում: Հաջորդ տարի կսկսվի եւ ՛տեղադրումը, եւ՛ փորձարկումը:

-Թվայնացման տեխնիկական առաջադրանքը 12 մլն դոլար էր գնահատվել: Վերջնարդյունքում որքա՞ն կարժենա թվայնացումը:

-Կարող է արժենալ առավելագույնը 15 մլն դոլար, բայց այս գումարը կարող է նվազել, որովհետեւ սարքավորումների գներն օր-օրի իջնում են: Ձեռք են բերվելու ամենաժամանակակից սարքավորումները: Վաճառողին տեղադրման պայմանն առաջադրել ենք, որպեսզի հետագայում խուսափենք այնպիսի իրավիճակից, երբ սխալ տեղադրման պատճառով սարքավորումները փչանան կամ չաշխատեն: Պայմանագրի պայմաններից մեկն էլ այն է, որ «Էրիկսոնի» տեղադրող անձնակազմը պետք է սովորեցնի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի մասնագետներին՝ ինչպես սպասարկել: Փորձել ենք հնարավոր ճիշտ լուծումը գտնել, որովհետեւ մենք մեր հարեւանների հետ կարող ենք խնդիր ունենալ, ուստի ցանցը պետք է ճիշտ բաժանվի: Վրաստանը նույնպես դեռ չի սկսել թվայնացման գործընթացը, իրենք էլ սպասեցին մեզ նման՝ վերջում գնեն, որպեսզի ավելի էժան եւ ավելի լավը ձեռք բերեն: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ էլ չեզոք տարածքում թվայնացման խնդիրը կքննարկվի, որպեսզի միմյանց չխանգարենք: Կարծում եմ՝ ժամկետների մեջ կտեղավորվենք:

-Այսինքն՝ վեց ամսով Ձեր կողմից հետաձգելը հնարավորություն տվեց հասցնե՞լ:

-Եկեք ճշտենք: Մենք չենք հետաձգել, մեր եվրոպացի բարեկամները որոշեցին հետաձգել եւ մեզ էլ ասացին՝ ձեր վերջին օրը սա է: Ամբողջ աշխարհում խնդիր կա: Իրենք զգացին, որ ինչ-որ բան այն չէ եւ որոշեցին հետաձգել, որպեսզի բոլորը կարողանան հասցնել: Մեզանով չէ պայմանավորված, մենք, ենթադրենք, ուզում ենք մեկ տարով էլ հետաձգել, բայց մեզանով չէ դա պայմանավորված: Հեռահաղորդակցության  միջազգային միության որոշումն է, իրենք ամբողջ աշխարհի կտրվածքով վիճակագրությունը նայեցին եւ ըստ այդմ որոշեցին:

-Այսինքն՝ Հայաստանը չէ՞ր ուշացրել պրոցեսը:

-Տեսականորեն՝ գուցե, բայց երբ գիտես, որ դեռ ժամանակ ունես, ինչպես ուսանողը քննության վերջին օրերին է պարապում, մենք էլ թողել էինք վերջում:

-Պարոն Ալեքսանյան, թվային ցացի կառուցման համար անհրաժեշտ գումարն ինչպե՞ս գտնվեց, ռադիոհաճախականության հատվածից 20 ՄՀց գումարային շերտի օգտագործման համար հայտարարված մրցույթի շնորհի՞վ, որի արդյունքում օրերս Ucom ընկերությունը 6 մլրդ 225 միլիոն դրամով գնեց այդ շերտի օգտագործման թույլտվությունը եւ հաճախականությունն օգտագործելու է շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայություններ տրամադրելու նպատակով: Կարծես թե այդ 6 մլրդը-ը հենց այն գումարն է, որը պատրաստվում եք վճարել «Էրիկսոն»-ին:

-Մենք բազմաթիվ տարբերակներ էինք դիտարկում՝ վարկ վերցնելուց մինչեւ հաճախականության հատվածի վաճառք: Մրցույթ հայտարարվեց, եւ Ucom-ը ստացավ այդ թույլտվությունը: Ուրիշ մեկը չի ցանկացել: Այնպես որ, թվայնացումը բյուջեի վրա հավելյալ բեռ չի լինի:

-Կարծիք կա, որ այդ գումարը 20 ՄՀց-ի համար չհիմնավորված թանկ գին է:

-Ճիշտ հակառակը: Եթե թանկ լիներ, գնորդ չէր լինի: Շուկայական հարաբերություններ են, եթե ապրանքը վաճառվում է այդ գնով, եւ գնորդ կա, ուրեմն հիմնավորված գին է: Անցյալ տարվա մրցույթի ժամանակ ինչպես էր՝ գինը թանկ էր, ցանկացող չեղավ:

-Գործնականում Հայաստանը ե՞րբ է անալոգային հեռուստատեսությունից անցում կատարելու թվայինին:

-2015-ի երկրորդ եռամսյակում սկսվելու է թվային հեռարձակումը: Հնարավոր է` մեկ ամիս անալոգայինը եւ թվայինը զուգահեռ հեռարձակվեն փորձարկման համար, բայց հնարավոր է` դրա կարիքը չլինի:

-Թվային հեռուստատեսություն դիտելու համար  մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային: Դա լրացուցիչ ծախս է քաղաքացիների համար, հատկապես մեծ ծախս՝ աղքատ բնակչության համար: Նախապես հայտարարվել էր, որ պետությունը կհոգա սոցիալապես անապահով խավի՝ դեկոդեր ձեռք բերելու խնդիրը: Կա՞ արդեն հստակ մեխանիզմ, թե քանի մարդու համար է պետությունը ձեռք բերելու դեկոդեր եւ ինչպես է բաշխելու:

-Ներկայումս Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մոտ 80 տոկոսը թվային չէ, այս թիվը կարող է փոխվել մինչ 2015 թվականը: Անալոգային հեռուստացույցների խնդիրը երկու լուծում ունի՝ ամեն մարդ իր համար գնում է, եւ պետությունն օգնում է սոցիալապես անապահով խավին: Դրանով, կարծում եմ, կզբաղվի սոցապնախարարությունը: Պետք չէ այս պահին նման հաշվարկներ անել, որովհետեւ շատ հնարավոր է, որ թվային հեռարձակման պահին հեռուստացույց վաճառող ընկերություններն իրենք հեռուստացույցի հետ միասին դեկոդեր առաջարկեն գնորդին: Բացի այդ՝ այս պահին դեկոդերի գինը ենթադրենք 20 դոլար է, 2015-ին այն կարող է լինել 5 դոլար, ուստի հիմա հաշվարկներ անելու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ դրանք լուծվող խնդիրներ են, անապահով խավի համար պետությունը, համոզված եմ, կգնի:

-Հաճախականությունների վերաբաշխման արդյունքում ազատվող հաճախականությունների բաշխման հայեցակարգ կա՞:

-Ազատվող հաճախականությունը կոչվում է թվային դիվիդենտ: Թվային դիվիդենտի մի մասը մրցույթով վաճառվեց Ucom ընկերությանը: Հաճախականությունների թիվը տեսականորեն կավելանա: Այսինքն, եթե մենք այսօր ունենք ենթադրենք 10 հատ, 10-ին գումարած կլինի X: Խնդիրն այն է, թե այդ եղած 10-ը ինչ որակի հեռարձակում են ուզում: Ենթադրենք` ինչ-որ հեռւստաընկերություն հեռարձակում է սպորտային հաղորդումներ կամ «Կենդանիների աշխարհում», նրան բարձր որակի հեռարձակում է պետք՝ HD, եթե քաղաքականություն կամ լուրեր` նրան անհրաժեշտ կլինի SD որակի հեռարձակում: Դրա համար էլ, կախված հեռարձակման որակից, հաճախականությունների տիրույթում կարող է տեղ ազատվել, որը մրցույթով կտրամադրվի ցանկացողներին: Այն բոլոր ալիքները, որոնք այս պահին հեռարձակվում են, թվային մուլտիպլեքսում կլինեն:

-Այսինքն՝ նոր խաղացողներ հեռուստադաշտում կարող են լինել:

-Բնականաբար:  

-Փաստորեն, փարատվում է այն մտահոգությունը, որ «Ա1+» հեռուստաընկերության համար, եթե այն ցանկանա վերադառնալ եթեր, մուլտիպլեքսում տեղ չի լինի:

-Ես այլ մտահոգություն ունեմ՝ որ մենք այնքան հնարավորություն կունենանք, բայց բովանդակություն չենք ունենա:

-Հայաստանյան հեռուստաընկերությունները, Ձեր կարծիքով, պատրա՞ստ են թվային հեռարձակման անցնել, թվային արտադրանք հեռարձակել: Չէ՞ որ նրանք նույնպես հավելյալ ծախսեր պետք է անեն:

-Ճիշտն ասած՝ իրենք պետք է մի քիչ ավելի շատ փող ծախսեն ու որակյալ հաղորդումներ պատրաստեն, մի քիչ ավելի շատ գումար վճարեն ազդանշանը հաղորդողին: Հնարավոր է՝ որոշ բնակավայրերում արբանյակային հեռարձակում իրականացվի՝ պայմանավորված մեր երկրի բարդ աշխարհագրական ռելիեֆով, որպեսզի բաց տեղեր չմնան:

-Մուլտիպլեքսը լինելու է միայն պետակա՞ն, թե՞ հնարավոր է կոմերցիոն մուլտիպլեքս:

-Այսօր պետությունն է գնում, բայց հնարավոր է նաեւ, որ պետությունը վաճառի: Պետք է ուսումնասիրել շուկան: Սկզբունքորեն թվայնացումն այսօր պետությունն է իրականացնում, քանի որ այն ծախսատար է: Բայց տեսականորեն չի բացառվում, որ որեւէ հեռուստաընկերություն որոշի առանձին մուլտիպլեքս ունենալ եւ ինքն իր համար այդ ամբողջ համակարգը ստեղծել: Եթե օբյեկտիվորեն նայենք, այս փոքր երկրին այդքան շատ մուլտիպլեքս անհրաժեշտ չէ: Ես համոզված եմ, որ այս պահին գործող 18 հեռուստալիքները, դրան գումարած մարզայինները, չեն դիմանալու, որովհետեւ բովանդակություն չկա:

-Իսկ այդ 18-ից քանի՞սն են անվճար դիտելու մարդիկ:

-Անվճար կլինեն այն բոլոր ալիքները, որոնք հիմա կան: Հետագայում, եթե ներկայումս գործող ընկերությունները ցանկանան վճարովի հիմունքներով այլ ալիքներ հեռարձակել, դա իրենց խնդիրն է՝ պետք է կարողանան մարդկանցից գումար հավաքել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter