HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ դանդաղ մահապատիժ

Մանուկ Սահակյան, ցմահ դատապարտյալ

Նախ ցանկանում եմ ասել, թե ինչ է ցմահ ազատազրկում պատժատեսակը, ինչպես է այն կիրառվում, ինչպիսի օրենքներ և մոտեցումներ են գործում այլ երկրներում, իսկ վերջում՝ թե ինչ է կատարվում մեզ մոտ:

Ցմահ ազատազրկումը մարդու ազատազրկումն է անժամկետ պատժաչափով, որի դեպքում դատապարտյալի համար նախատեսվում է պարտադիր ազատազրկում կրելու չափ (ՀՀ-ում 20 տարին է), որը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է ներում ստանալու դիմում ներկայացնել: Հանձնաժողովը, հաշվի առնելով դատապարտյալի հետ տարված աշխատանքը, պատժի կրման տարիներին նրա վարքագիծը՝ եթե գտնի, որ դատապարտյալը հասարակության համար վտանգ չի ներկայացնում ազատության մեջ լինելու դեպքում, այլ հանցագործություն չի կատարի, այսինքն` ուղղվել է, պատրաստ է վերադառնալ հասարակություն, կարող է նրան վաղաժամ ազատել: Այս ամենը հնարավոր է, եթե դատապարտյալների հետ տարվում են անհատական հոգեբանական աշխատանքներ, եթե դատապարտյալերն ունեն աշխատելու, կրթության հնարավորություն, եթե տարիների ընթացքում փոխվում է նրանց ռեժիմը փակից կիսափակ, այնուհետև՝ կիսաբաց….

Բերեմ մի քանի եվրոպական երկրներում գործող օրենքների օրինակներ: Շատ երկրներում ցմահ ազատազրկում չի նախատեսվում մինչև 21 տարեկանը, այսինքն` եթե հանցագործի տարիքը հանցագործություն կատարելու ժամանակ 21 տարեկանից ցածր է, ապա ցմահ ազատազրկում չի նախատեսվում, այդպես է, օրինակ, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեդիայում, իսկ ՀՀ ցմահ դատապարտյալների մեջ կան շատերը, որոնք դատապարտվել են մինչև 21 տարեկանը: Բելգիայում, եթե անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր կատարած առաջին հանցագործության համար, այսինքն` նախկինում դատապարտված չի եղել, ապա կարող է վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնել պատժի կրման 10 տարին լրանալուց հետո, եթե ոչ առաջին անգամ, ապա՝ 20 տարին լրանալուց հետո: Դանիայում, Ֆինլանդիայում վաղաժամկետ ազատում կարող են ստանալ պատժի կրման 12 տարին լրանալուց հետո, Ավստրայում, Գերմանիայում և Շվեդիայում`15 տարին լրանալուց հետո, բայց հատուկ դեպքերում պարտադիր ազատազրկումը կարող է լինել 10 տարի, Իտալիայում`12 տարին լրանալուց հետո (լավ վարքագծի դեպքում՝ 8 տարին լրանալուց հետո): Այստեղ դատապարտյալին հնարավորություն է տրվում օրվա ընթացքում աշխատել բանտի տարածքից դուրս և 45 օր անցկացնել իր տանը…Ամբողջ նպատակն այն է, որ դատապարտյալին հնարավորություն տրվի ուղղվելու` չհեռացնելով նրան հասարակությունից, որպեսզի պարտադիր պատժաչափը կրելուց հետո նա պատրաստ լինի հոգեպես և ֆիզիկապես որոշակի գիտելիքներ ստացած վերադառնալ հասարակություն:

Հիմա վերադառնանք ՀՀ: Սկսենք ամենասկզբից, երբ ՀՀ-ում վերացվեց մահապատիժը, և որպես առավելագույն պատժաչափ ընդունվեց ցմահ ազատազրկումը: Առանց գործերի վերանայման և նոր դատավճռի՝ նախկինում բոլոր մահապատժի դատապարտվածների պատժատեսակը փոխեցին ցմահ ազատազրկման, մինչդեռ պետք էր վերանայել բոլոր գործերը դատարանում: Նախկին մահապատժի դատապարտվածների վճիռներում հղում է կատարված նախկին նախագահ Ռ. Քոչարյանի ներման հրամանագրին, որով մահապատիժը պարզապես ավտոմատ կերպով փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Կարո՞ղ եք ասել, որ ցմահ ազատազրկումն ավելի մարդասիրական է: Այո´, եթե, իհարկե, ծառայում է նպատակին` դատապարտյալի ուղղման և հասարակություն վերադարձի տեսանկյունից: Ինչպես նշել եմ, ՀՀ-ում էլ օրենքով պատժի կրման 20 տարին լրանալուց հետո ցմահ դատապարտյալն իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատման, բայց մի քանի ցմահ դատապարտյալների պատժի 20 տարին լրացել է, բոլորին մերժել են, իսկ մերժման հիմքերն ուղղակի ծիծաղ են առաջացնում. փաստացի օրենքը չի գործում և ձևական է: ՀՀ-ում եղած ոչ մի համաներման ժամանակ ոչ մի անգամ ոչ մի կետով անդրադարձ չի կատարվել ցմահ դատապարտյալներին, չի ստեղծվել ոչ մի պայման աշխատելու համար, չկա անհատական հոգեբանական մոտեցում, ընդամենը մի սոցիալ-հոգեբան, որը մեծագույն ցանկության դեպքում էլ ֆիզիկապես չի կարող զբաղվել բոլոր դատապարտյալներով, չկան կրթական ծրագրեր, ՀՀ պետական բուհերում չկա հեռահար ուսուցման իրավունք:

Ես ձերբակալման ժամանակ եղել եմ 20 տարեկան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, ուսումս կիսատ է մնացել: Երբ ցանկացա շարունակել այն իմ բուհում կամ այլ հաստատությունում, իմ դիմումին ի պատասխան՝ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ՀՀ բուհերում հեռահար ուսուցում չկա:

Իսկ բանտում էլ չկա պատժի կրման ռեժիմի փոփոխության հնարավորություն, ցմահ դատապարտյալներն իրենց ամբողջ պատիժը կրում են մի սենյակում` օրական 1 ժամ զբոսանքի իրավունքով: Չնայած բազմաթիվ դիմումներին և առաջարկներին, որ տարիներ շարունակ ներկայացվել են մեր պետական այրերին, ոչ մի դրական տեղաշարժ չի կատարվել: Կարելի է մտածել, որ նրանք հատուկ մարդ են պահում, ով տեսնելով թղթի վրա ցմահ բառը՝ պատռում է, և այդ դիմումները չեն հասնում հասցեատիրոջը: Այս անուշադրության և կամքի բացակայության հետևանքով ոմանք մահացել են, ոմանք էլ՝ հասել խելագարության, այսինքն` աստիճանաբար գնում են դեպի մահ… Եվ հիմա հարց եմ տալիս` սա ցմահ ազատազրկո՞ւմ է, թե՞ դանդաղ մահապատիժ: Եթե նման կերպ պետք է գործի ցմահ ազատազրկումը` առանց հույսի և հնարավորության, ավելի մարդասիրական մոտեցում չի՞ լինի, եթե վերադառնանք մահապատժի, գնդակահարության, որը մարդուն խելագարության չի հասցնում և աստիճանաբար չի սպանում, այլ մեկ կրակոցով:

Ցանկանում եմ դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և մեր հասարակությանը…

Ի՞նչ եք կարծում` մյուս երկրներում հանցագործները կարող են փոխվել, իսկ մենք` ո՞չ: Ցմահ դատապարտյալները միատեսակ չեն, կան առաջին անգամ դատապարտվածներ և նախկինում դատապարտվածներ, կան մեկ անձի սպանության համար ցմահ դատապարտվածներ և երկու և ավելի, կան նաև այնպիսինները, որոնց տարիքը հանցագործություն կատարելու ժամանակ եղել է 21 տարեկանից ցածր, և դա՝ առաջին դատվածության դեպքում: Դատվածության ժամանակ ես եղել եմ 20 տարեկան, նախկինում դատապարտված չեմ եղել և 1 հոգու սպանության համար դատապարտվել եմ ցմահ ազատազրկման: Արդյո՞ք տարբերակում չպետք է լինի…

Կարծում եմ՝ սրանք խնդիրներ են, որոնք կարիք ունեն ուսումնասիրության և փոփոխության, եթե, իհարկե, ՀՀ-ում մահապատիժը վերացել է, և դանդաղ մահապատիժ չի սահմանվել: Ցանկացած մարդ կարող է սխալվել, բայց յուրաքանչյուրին էլ պետք է հնարավորություն տալ, որ նա ուղղվի և վերադառնա հասարակություն՝ իր մեղքը գիտակցած, պատիժը կրած և հասարակությանն ինտեգրվելու պատրաստ:

Մենք կարող ենք փոխվել… 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter