HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյան. «Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ»

Ազգային ժողովը քննարկում է վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: Նշենք, որ վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջարկել է վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով թեկնածուին, ասաց, որ ինչ բացահայտում էլ վերահսկիչ պալատն անի, ինչի ականատեսը եղել են ԱԺ ամբիոնից հնչած աղմկահարույց բացահայտումներով, այնուհանդերձ, ինչ- որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է:

«Տպավորությունն այնպիսին է, որ խոսվում է, ասվում է, եւ պատասխանատվության ենթարկվում են մանր կատարողները: Հիմա դուք օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին: Իմ տպավորությամբ Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ, որ անընդհատ օրինակ բերվի` բա տեսեք, Խաչիկյանը եւ այլն: Եկեք թողնենք Խաչիկյանին, նա կմնա թանգարանային էքսպոնատ, որպես թանգարանային նմուշ, այնուհանդերձ, ի՞նչ գործիքներ են պակասում վերահսկիչ պալատին, որպեսզի կարողանա գործընթացը հասցնել մինչեւ վերջ: Իհարկե, միամիտ չեմ եւ հասկանում եմ, որ այստեղ ձեզանով չի ամեն ինչ որոշվում, եւ այստեղ կա քաղաքական իշխանության քաղաքական կամքի խնդիր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` հորդորելով բռնել իրական գանձագողերի ձեռքը, այլ ոչ նրանց, ովքեր եղել են կատարողներ կամ միջանկյալ օղակում մասնակից են եղել գանձագողությանը:

«Այո, նրանք եւս պատասխանատվության պետք է ենթարկվեն, բայց նաեւ նրանք, ում հրամանները կատարել են այդ մանր գանձագողերը»,-հավելեց պատգամավորը:

Իշխան Զաքարյանն ասաց, որ վերահսկիչ պալատը շարունակելու է ստանդարտներին համապատասխան ներկայացնել իր հաշվետվությունները, որոնք ենթադրում են շատ կարեւոր 3 օղակ: Առաջինը վերահսկիչ պալատի բացահայտումներն են: Երկրորդ օղակը այն բացատրություններն ու մեկնաբանություններն են, որ տրվում են վերահսկիչ պալատի բացատրություններից ու ստուգումներից հետո: Դրանք տրվում են հիմնականում կառավարության ներկայացուցիչների կամ տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, կամ` այն մասնավոր ընկերությունների կողմից, որոնք առնչություն են ունեցել կոնկրետ ծրագրի եւ պետական բյուջեի հետ:

«Կա վերահսկիչ պալատի որոշակի բացահայտում կամ որոշակի գնահատական ինչ-որ ծրագրի հետ կապված, եւ կա կառավարության կողմից ներկայացված բացատրություն: Դրանից հետո կա եւս երրորդ պահը. վերահսկիչ պալատն ընդունում է որոշակի մեկնաբանություններ, ասենք թե չընդունեց, ի՞նչ պիտի լինի հետոն: Կա մեկ ճանապարհ` դա դատական իշխանություններին դիմելն է»,-նշեց Ի. Զաքարյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավալեց, որ տեսել են, թե ինչպես է արձագանքել կառավարությունը վերահսկիչ պալատի նախագահի` ԱԺ ամբիոնից հնչեցրած վերջին հայտարարություններին, ներկայացված փաստերին:

«Եթե մի քիչ ավելի գրական, գեղարվեստական ձեւավորեմ` դրանք համարեցին ֆիկցիա, ուղեղի մորմոք, եւ տեսանք, թե դրանցից որոնք դատական ընթացք ստացան կամ չստացան: Այսինքն` կարելի է արձանագրել, որ էլի բարի ավանդույթները շարունակվելու են. լինելու են աղմկահարույց բացահայտումներ, լինելու են հայտարարություններ, այնուհետեւ ինչ-որ մի օղակում դրանք ավարտվելու են»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter