HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են»

«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը հայտարարություն է տարածել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները, նոյեմբերի 5-ին, իրենց միացած քաղաքացիների հետ միասին, դուրս եկան երթի: Հաշվի առնելով նախկին երթերի ու ցույցերի փորձը, երբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում օրենքի սահմաններում խաղաղ միջոցառման դուրս եկած մարդկանց նկատմամբ, երթից առաջ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են պաշտպանվել սպասվող ոստիկանական բռնությունից:

Նրանք իրենց ձեռքերում ունեին խանութներից գնված բահի պոչեր եւ պայթուցիկներ, որոնք օժտված էին միայն ձայնային էֆեկտով, որեւէ մեկին վնաս ոչ հասցրել են եւ ոչ էլ կարող էին հասցնել: Երթը պետք է ունենար խաղաղ ընթացք: Շանթ Հարությունյանը նախապես ու հստակ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գործողություններ իրականացնելու ծրագիր ունի: Նրանք չէին պատրաստվում ընդհարվել ոստիկանության հետ եւ ձերբակալվել նոյեմբերի 5-ին:

Ընդհարումը տեղի ունեցավ ցուցարարների մեջ եղած քաղաքացիական հագուստով ոստիկանների` ամենայն հավանականությամբ նախապես ծրագրված սադրանքի արդյունքում: Այս հանգամանքի վրա Շանթ Հարությունյանը, երթից առաջ, ոստիկանության ուշադրությունն էր հրավիրում եւ պահանջում էր նրանցից նման բան թույլ չտալ:

Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսերով քաղաքական պայքարի էր դուրս եկել: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ փորձում է փոխել երկրում տիրող անտանելի քրեական այս մթնոլորտը: Իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վարկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու: Նրանք յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշում են մահակներով ու ավտոմատների կրակահերթերով՝ չխորշելով ոչ բռնություններից եւ ոչ էլ սպանություններից: Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների պայքարի ընտրած ձեւը երկրում ստեղծված իրավիճակին համարժեք էր եւ է:

Իրավունքի եւ ազատությոն կենտրոնը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները քաղբանտարկյալներ են: Պահանջում է ազատ արձակել նրանց: Կոչ է անում իշխանություններին սթափվել, հրաժարվել բիրտ ուժի կիրառումից, ընտրակեղծարարությունից, սադրանքներից, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու ու կալանավորելու պրակտիկայից: Հակառակ դեպքում մարդկանց մեջ կուտակված արդարացի զայրույթին դիմակայել չեք կարողանալու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter