HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-4

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը 

2013թ. մայիսի վերջին, երբ Ուկրաինան դարձավ Մաքսային միության դիտորդ անդամ, Կրեմլը ձեռնամուխ եղավ պլանի հաջորդ փուլին՝ Ուկրաինային դրդել դեպի լիիրավ անդամակցություն` սակայն արտաքուստ ցույց տալով, թե դա պարտադրում է ոչ թե ինքը, այլ Ուկրաինայի շահը: Այդ իսկ նպատակով առաջիկա ավելի քան 1 ամսվա ընթացքում պետք էր գրգռել Կիեւի շահային նյարդերը, մեծացնել ճնշումը նրա վրա ու «կլիենտին» հասունացնել մինչեւ Վ.Պուտինի հետ հանդիպումը, որը տեղի էր ունենալու հուլիսի 12-ին Ղրիմում:

«Ապրանքային որակի» շանտաժներ Յանուկովիչ-Պուտին հանդիպմանն ընդառաջ

Սույն վերլուծության նախորդ մասն ավարտել էին նրանով, որ ի պատասխան 2013թ. ապրիլի 12-ից (հաստատված մարտի 14-ին) Ուկրաինա ներկրվող ավտոմեքենաների վրա մաքսատուրք սահմանելու (6,46%-12,95%) Կիեւի քայլին, Ռուսաստանը Մաքսային միության անունից դիմել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ իր մեքենաշինությանն ու տնտեսությանը պատճառված վնասները փոխհատուցելու համար զգուշացրել ուկրաինական շոկոլադի, քարածխի եւ ապակու վրա «կոմպենսացիոն մաքսատուրքեր» սահմանելու մասին:

Ավտոմոբիլային հարկը կանխելու նպատակով Մոսկվան ուկրաինական տնտեսության դեմ նախազգուշական սպառնալից քայլ էր իրականացրել Մաքսային միությունում իր գործընկեր Բելառուսի միջոցով, որի շուկան ուկրաինական հրուշակեղենի համար մեծությամբ չորրորդն է: Մասնավորապես՝ ապրիլի 3-ին Բելառուսը առանց հիմնավորման ու ծանուցման արգելափակել էր ուկրաինական Roshen, Конти, АВК եւ ЖЛ ապրանքանիշի հրուշակեղենի ներմուծումն իր տարածք: Ապրիլի 12-ին խնդիրը քննարկել էին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ու Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն: Վերջինս հանձնարարել էր մաքսային ձեւակերպումները կատարել առանց «բյուրոկրատական քաշքշուկների»՝ այդ կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրը քաղաքական դաշտում չէ: Անգամ դրանից հետո էլ ուկրաինական հրուշակեղենի ներկրումները Բելոռուս անխոչընդոտ չէին իրականացվել, ինչն էլ այս թեմայով նոր բանակցությունների անհրաժեշտություն էր առաջացրել քիչ անց: Կիեւն էլ փոխադարձաբար սպառնաց, որ Մինսկի կողմից խոչընդոտումները շարունակվելու դեպքում ինքն էլ «հավելյալ կուսումնասիրի» ուկրաինական չափանիշներին ներմուծվող բելառուսական կաթնամթերքի համապատասխանությունը եւ ըստ այդմ համարժեք քայլերի կդիմի: Չնայած Կիեւ-Միսկ հարաբերությունների հարթության վրա այս բռնկումին` հունիսին լարվածությունն ուղղակիորեն տեղափոխվեց Կիեւ-Մոսկվա առանցք:

Հունիսի 10-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց, թե «Гадячсыр» (Պոլտավայի մարզ) и «Прометей»/Milkiland (Չերնիգովյան մարզ) ընկերությունների արտադրած ու ռուսական շուկա ներմուծած պանրում հայտնաբերել է հակաբորբոքիչներ՝ համապատասխանաբար տետրացիկլին եւ օքսիտետրացիկլին (առաջանցնում են դիսբակտերիոզ): Ուստի, զգուշացվեց, մայիսի 27-ից սկսյալ ուժեղացված լաբորատոր հսկողություն է իրականացվում այդ ընկերությունների արտադրած պանրի բոլոր խմբաքանակների նկատմամբ, որոնք մտնում են Ռուսաստան: Milkiland-ը ԱՊՀ երկրների շուկայում կաթնամթերքի առաջատար հնգյակի մեջ է մտնում, արտադրում է պինդ յուղ եւ պանիր, 10 գործարան ունի Ուկրաինայում, մեկը՝ Մոսկվայում («Останкинский молочный комбинат») եւ եւս մեկը Լեհաստանում («Ostrowia»), ապրանքատեսակները վաճառում է հիմնականում «Добряна», «Останкинская» ապրաքանիշի ներքո): Ուկրաինական կողմը՝ թե արտադրողներ, թե մասնագետներ, իսպառ չհերքեցին մեղադրանքները, թեպետ հայտարարեցին, որ ռուս գործընկերներից պաշտոնական ծանուցումներ չեն ստացել պանրում հակաբորբոքիչներ հայտնաբերելու մասին: 

Ակնհայտ էր, որ Ռուսաստանը հերթական անգամ ուկրաինական պանրի որակի մասին (նախորդ անգամ այդ խնդիրը բարձացվել էր մեկ տարի առաջ՝ 2012թ. փետրվարին) հիշել է Կիեւի հետ իր քաղաքական հարաբերությունների լարման խորապատկերին, իսկ միակ նպատակը ուկրաինական ընկերությունների համար ռուսական շուկան կորցնելու հեռանկարի սպառնալիք հնչեցնելն էր: 2012թ. վիճակագրական տվյալներով` ռուսական շուկա էր արտահանվել Ուկրաինայի պանրի ամբողջ առաքումների 83%-ը կամ 56,59 հազար տոննա պանիր՝ 307,76 ԱՄՆ դոլլար արժողությամբ, որում հիշյալ երկու ընկերությունները հաջորդում էին առաջատար «Молочный альянс»-ին. ողջ առաքումների մեջ վերջինիս բաժինը կազմել էր 30,4%,  Milkiland-ինը՝ 29,7%, իսկ «Гадячсыр»-ինը՝ 14,2%:
Ռուսաստանի այս քայլին ի պատասխան՝ հունիսի 14-ին Ուկրաինան հայտարարեց, թե ուժեղացրել է Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող կաթնամթերքի որակի վերահսկողությունը:

5 օր անց՝ հունիսի 19-ին, ռուսական կողմը զարգացրեց պանրի սպառնալիքը: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը հայտարարեց, թե «Менский сыр»-ի ֆիլիալ «Прометей»-ի, «Ахтырский сыркомбинат»-ի ֆիլիալի «Рось»-ի եւ «Миргородский сыродельный комбинат»-ի արտադրած պանրամթերքում հայտնաբերել է մեզոֆիլային-աէրոբային եւ ֆակուլտատիվ–անաէրոբային միկրոօրգանիզմների՝ թույլատրելիից բարձր պարունակություն:

Երկու երկների հարաբերություններն ավելի ու ավելի էին լարվում Պուտին-Յանուկովիչ հանդիպման նախաշեմին: Հուլիսի 9-ին Ռուսաստանը շատ ավելի շոշափելի սպառնալիքի գնաց. Մոսկվան Կիեւին ծանուցեց ուկրաինական շոկոլադի, քարածխի եւ ապակու վրա «կոմպենսացիոն» մաքսատուրքեր սահմանելու մասին, այն է՝ 0,1 եվրո` 1 կգ շոկոլադի համար, 15%՝ ապակու եւ 54%՝ քարածխի համար: Ուկրաինայի ավտոմոբիլային մաքսատուրքի պատճառով իր տնտեսությանը պատճառված եկամտային վնասը Ռուսաստանը գնահատել էր տարեկան 36,12 մլն դոլար, քանի որ անցած տարում ռուսական ավտոմեքենաների ներկրումը Ուկրաինա կազմել էր 327,63 մլն դոլար (այդ թվում՝ 230,39 մլն դոլար 1500-ից մինչեւ 2200 խորանարդ սմ շարժիչներով ավտոմեքենաներինը): Նրանց կարծիքով՝ ուկրաինական շոկոլադի վրա դրված մաքսատուրքը փոխհատուցման կարգով Ռուսաստանին կբերեր13,4 մլն դոլարի եկամուտ:

Նույն օրը` հուլիսի 9-ին, Մոսկվայի ճնշումներին դիմակայելու մեջ Կիեւին միայնակ չթողեց Բրյուսելը՝ փորձելով հակակշռել ռուսական ուժգնացած ճնշումները: Ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն հարկի սահմանելու կապակցությամբ Եվրամիությունը ԱՀԿ-ին հայց ներկայացրեց Ռուսաստանի դեմ: Այդ հարկը վճարվում է նոր կամ լավ պահպանված մեքենաների ներկրման դեպքում, սակայն Ռուսաստանն իր տարածքում աշխատող արտադրողներին իրավունք էր վերապահել ապագայում տրանսպորտային միջոցի անվտանգ ուտիլիզացիայի վերաբերյալ երաշխիքներ ներկայացնել իշխանություններին դրա փոխարեն եւ այդպիսով տարբերություն էր ստեղծել օտարերկրացիների եւ ռուսական արտադրողների միջեւ: Որքան էլ Ռուսաստանը խոստացել էր վերացնել խտրականությունը, սակայն դա չէր արել:

Ուկրաինական հրուշակեղեն արտադրողները չհապաղեցին հուլիսի 10-ին «Ուկրկոնդպրոմ» ասոցիացիայի միջոցով իրենց կառավարությանը դիմել եւ խնդրել, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանի կողմից շոկոլադի ներմուծման վրա հավելյալ մաքսատուրքի սահմանումը, այլապես դա մեծ հարված կլինի թե տնտեսության այդ ճյուղին, թե նաեւ իրենց մրցունակությանը: Կարծես թե պարզ էր դառնում ուկրաինական տնտեսության համար հնարավոր վնասները, ինչի համեմատ պանրի շուկա կորցնելը չնչին բան էր դառնում: Միայն հրուշակեղենի պարագայում այն կարող էր կազմել 376  մլն դոլար, եթե այդ տարի Ռուսաստան չներկրվեր, օրինակ, 2012թ. ցուցանիշին համարժեք 111 հազար տոննա շոկոլադ: Մեկ այլ հաշվարկի համաձայն՝ ռուսական շուկայում ուկրաինական շոկոլադի իրացման ծավալները գնահատվել էին 119,1 հազար տոննա, իսկ պատճառված վնասը՝ 413 մլն դոլար:

Ուկրաինական կառավարությունը հավաստիացրեց, թե թույլ չի տա Մաքսային երկրների կողմից ուկրաինական շոկոլադի, քարածխի եւ ապակու վրա լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը` այդ հարցում ակտիվ  աշխատելով թե’ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, թե’ ԱՀԿ-ի հետ:  

Կիեւը նույնպես ձեռքերը ծալած չնստեց: Հուլիսի 11-ին Ուկրաինայի անասնաբուժական և բուսասանիտարական ծառայությունը Կրասնոդարի երկրամասում դաբաղի համաճարակի պատճառաբանությամբ հնարավոր համարեց հաջորդ շաբաթվանից Ռուսաստանից հացահատիկի տրանզիտ փոխադրման արգելքը, եթե ռուս գործընկերները տեղեկատվություն չտրամադրեն հիվանդության օջախների լիկվիդացիայի ուղղությամբ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ: 

Նույն օրը Ռուսաստանի սանիտարական ծառայությունն իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց Ուկրաինայից ներկրվող շոկոլադե ապրանքների որակի կապակցութամբ: Խոսքը հատկապեսվերաբերում էր Roshen ֆիրմային, որը պատկանում է Ուկրաինայի պետդումայի պատգամավոր Պետր Պորոշենկոյին: Ընկերությունն անմիջապես պարզաբանեց, որ Ռուսաստանի կողմից իրենց պաշտոնական որեւէ բողոք չի ներկայացվել, մինչ օրս որեւէ դիտողություն չեն ստացել նաեւ Ռուսաստանի սերտիֆիկացնող կազմակերպության կողմից, եւ այժմ փորձում են կապվել Ռոսպոտրեբնադզորի հետ` իրավիճակը պարզաբանելու եւ լուծելու համար:

Առեւտրային ու մաքսային կրքերը թեժացել էին հավուր պատշաճի: Դրան էլ գումարված գազային ճգնաժամի նշանները եւ պատկերը կատարյալ էր դառնում: Յանուկովիչ-Պուտին հանդիպման օրակարգը խոստանում էր չափազանց հագեցած լինել Ուկրաինայի տնտեսական շահերին վերաբերող բազում խնդիրներով, որոնց հանգուցալուծումը կախված էր գլխավոր հարցից՝ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցությունից:       

Յանուկովիչ-Պուտին հանդիպումը. արհամարանքից մինչեւ հարցերի առկախում

Ուկրաինա-Ռուսաստան գործընկերության ապագա ռազմավարության, գազային տրանզիտի, Ուկրաինային գազի մատակարարումների, Մաքսային միությանը նրա անդամակցության եւ այլ հարցերը քննարկելու նպատակով 2013թ. հուլիսի 12-ն Ղրիմում հանդիպեցին Վ.Յանուկովիչը եւ Վ.Պուտինը:

Մինչ Վ.Յանուկովիչը Լիվադիա դղյակում սպասում էր իր հյուրին, Վ.Պուտինը զվարճանում էր ողջ ծրագրով. օդակայանից դեպի հանդիպման վայր ճանապարհին նա այցելել էր բայքերների «Գիշերային գայլեր» ակումբի ճամբար եւ թերակղզում մոտոցիկլետ վարել: Դիտորդները աննախադեպ ցինիզմ որակեցին Պուտինի կողմից տանտիրոջ հետ նշանակված հանդիպմանը 4 ժամ ուշացումով գալն ու նրան սպասեցնելը:

Չնայած Վ.Յանուկովիչի եւ Ուկրաինայի հանդեպ ցուցաբերած նման արհամարհանքին` հանդիպման արդյունքում ստորագրվեցին են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ռազմավարական գործընկերության, Ազովի եւ Սեւ ծովերի, ներառյալ՝ Կերչի նեղուցի դելիմիտացիայի, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, երկու երկրների քաղաքացիների համար ռուս-ուկրաինական սահմանի հատման դյուրինացման, Անտարկտիկայում գիտական համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին: Սակայն առանցքային հարցերի (գազ, գազային տրանզիտ, Մաքսային միություն) կապակցությամբ երկու երկրներին ղեկավարներն ակնհայտորեն պայմանավորվածություններ ձեռք չէին բերել:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում նրանք երկուսն էլ հասկացնել տվեցին, թե Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու հետ կապված հարցը միայն նոր է քննարկվելու: Պուտինն ասել էր, թե «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ չի պարտադրելու», սակայն խորհուրդ էր տվել Ուկրաինային հանգամանորեն հաշվել այդպիսի միությունից օգուտները: Նման ուղերձ նա փոխանցել էր նաեւ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը, «այդ թվում՝ Մաքսային միությանն Ուկրաինայի մասնակցելու կամ չմասնակցելու հարցը քննարկելիս». «Մենք խոսել ենք այն մասին, թե ի՞նչ է տալիս Ուկրաինային դիտորդությունը, եւ ի՞նչ կլինի ու ի՞նչ չի կարող լինել հետագայում, եթե Ուկրաինան ընդունի այլ կարգի որոշում»: Ի հավելում ասվածի` Վ. Յանուկովիչն էլ չէր բացառել ապագայում Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու հեռանկարը:

Գազային տրանզիտի թեմայով բանակցությունների մասին Վ. Պուտինը նշել էր. «Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել Ուկրաինայի տարածքում տեղակայված ստոգետնյա պահեստարաններ գազի ներմղման տեմպերին, ինչն անհրաժեշտ է, որպեսզի ձմեռային առավելագույնի ժամանակաշրջանում Ուկրաինան նորմալ տրանզիտ գազ ապահովի դեպի Եվրոպա: Մեր ուկրաինացի գործընկերներն ասացին, որ ամենաուշադիր ձեւով կզբաղվեն այդ իրավիճակով, իսկ մենք էլ տեղեկացրինք, որ ուշադիր կհետեւենք, թե ի՞նչ է տեղի ունենում, որպեսզի չկրկնվեն այն խնդիրները, որ որոշ ժամանակ առաջ ունեցանք»: 

Միանգամայն օրինաչափ էր, որ գլխավոր խնդրի` Վ.Յանուկովիչի կողմից Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու հարցի պատասխանի առկախման խորապատկերին Պուտինն էլ իր հերթին էր անորոշ թողել «գազի համար կանխավճա՞ր, թե՞ ետվճար» թնջուկի պատասխանը: Կախված նրանից, թե ինչ որոշում կընդունի Ուկրիանան, Վ.Պուտինը երկու տարբերակն էլ չբացառելու իմաստով հղում էր կատարել Իլֆ եւ Պետրովի «12 աթոռ» ստեղծագործության դասական դարձած արտահայտությանը. «Можно ли вечером стулья, а утром деньги? Можно. А можно утром деньги, а вечером стулья? Можно. Но деньги вперед»: Նաեւ հասկացրել էր, թե կձգտեն այս հարցով «փոխզիջման գալ», ասել է թե՝ ամեն ինչ կախված կլինի Մաքսային միությանն անդամակցության օգուտների վերաբերյալ Ուկրաինայի հաշվարկներից: Եւ քանի որ Վ. Պուտինը համաձայնել էր այս հարցերի քննարկման համար «ժամանակային սահմանափակումներ չունենալու» Վիկտոր Յանուկովիչի առաջարկին, նա էլ իր հերթին էր Ուկրաինային ժամանակ տվել` հաշվարկելու իր օգուտներն ու վնասները, որոնք լսելու համար նա Ուկրաինայի նախագահին հենց տեղում աշնանը հրավիրեց Ռուսաստան:   

Հատկանշական է, որ հենց նախագահների հանդիպման օրը Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը ընդունել էր ամերիկյան Exxon Mobile ընկերության ներկայացուցիչներին ու քննարկելէներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես Սեւ ծովի Սկիֆյան շելֆում արտադրանքի բաժանման մասին համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու հարցեր: Այն կոչված էր միլիարդավոր դոլլարի ներդրումներ ենթադրող ուսումնասիրություններ կատարել Սեւ ծովի օֆշորային գազային ռեսուրսների գնահատման վրա, որոնց շահագործման դեպքում 2030թ. Ուկրաինան կազատվի գազային կախվածությունից: Ուկրաինան այդ կերպ փորձում էր Ռուսաստանին ցույց տալ, որ նրանից իր կախվածությունը հավերժ չէ, եւ ինքը աստիճանաբար շարժվում է այդ ուղղությամբ:  

Իսկ Պուտին-Յանուկովիչ հանդիպումից հետո Կիեւի քայլերն ամենեւին խեղճանալու վկայություն չէին: Ուկրաինան համարձակվեց արգելափակել իր տարածքով ռուսական հացահատիկի տարանցիկ փոխադրումը: Հուլիսի 22-ին Ռուսաստանն Ուկրաինային մեղադրեց չհիմնավորված արգելք դնելու եւ հացահատիկային պատերազմ սանձազերծելու մեջ: Իսկ 2 օր անց՝ հուլիսի 24-ին, հայտարարվեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Ուկրաինան միացել է Ռուսաստանում ավոտմեքենաների ուտիլիզացիոն հարկի վերաբերյալ կոնսուլտացիաներին, որոնք նախաձեռնել էր ԵՄ-ը:

Սա նշանակում էր, որ Ուկրաինան չի հանձնվում, միայնակ չէ Կրեմլի հետ իր դիմակայության մեջ, ինչը չէր կարող չնյարդայնացնել Կրեմլին, որը համաձայնել էր սպասել մինչեւ աշուն, երբ Յանուկովիչը Պուտինին կպատմեր Մաքսային միությունից իր երկրի ստանալիք օգուտների, իսկ չմիանալու դեպքում՝ վնասների մասին: Ռուսաստանը գործի անցավ...

Շոկոլադային պատերազմ

Հուլիսի ամսվա վերջին ռուս-ուկրաինական հարաբերությունների երկնակամարում ամպրոպի նման ճայթեց շոկոլադային պատերազմը: Հուլիսի 29-ին Ռուսաստանի «Գոսպոտրեբնադզոր» ընկերությունը ազդադարեց ոչ թե շոկոլադի ներկրման վրա մաքսատուրքի, այլ ընդհանրապես դրանց ներմուծման արգելքի մասին: Ուկրաինական հրուշակեղենի գիգանտ Roshen ընկերության ապրանքնատեսակների՝ Ռուսաստան ներկրելու արգելքը ռուսական ընկերությունը պատճառաբանեց, թե դրանց որակը չի համապատասխանում ճարպերի ու օրգանոլեպտիկայի պարունակման սահմանված նորմատիվներին, եւ որ Roshen կաթնային շոկոլադում հայտնաբերել են առաջին աստիճանի վտանգավորության կանցերոգեն նյութ՝ բենզապիրին: Իսկ հուլիսի 31-ին նույն ընկերությունը սպառնաց, թե գերատեսչության մասնագետներն անցնում են Ուկրաինայից ներկրվող ալյուրից պատրաստված արտադրատեսակների ստուգմանը:   

Ռուսաստանի պաշտոնական շրջանակները փորձում էին ճգնաժամը մեկնաբանել տնտեսական հարթության վրա՝ Roshen-ի ապրանքնատեսակների վտանգավորության տեսանկյունից, իսկ փորձագիտական շրջանակները լավագույն դեպքում այն համարում էին Ռուսաստանի պատասխան քայլը Ուկրաինայի «ավտոմոբիլային պատերազմին»: Սակայն թե առաջին, թե երկրրոդ պատճառաբանությունները հերքվում էին ակնհատ փաստով. միայն այն հանգամանքը, որ ամիսներ առաջ ավտոմեքենաների ներկրման նոր մաքսատուրքի վերաբերյալ Ուկրաինայի որոշման դեմ բացի Մաքսային միության երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) բողոքով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն էին դիմել նաեւ Թուրքիան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ՝ ԵՄ (վերջինս իր վնասը գնահատել էր 250 մլն եվրո), արդեն ինքնին խոսում էր նրա մասին, որ Ուկրաինայի այդ քայլը միայն Ռուսաստանի դեմ չէր: (Հետագայում ուկրաինական կողմն էլ խոստովանեց, որ հայրենական մեքենաշինությունը որեւէ շոշափելի արդյունք դրանից չի ստացել:

Ուկրաինայում, Եվրոպայում, անգամ ոմանք Ռուսաստանում տեղի ունեցողն ուղղակիորեն կապում էին ԵՄ-Ուկրաինա ասոցացման պայմանագրի հետ, որպես «նախազգուշական կրակոց», ըստ որում՝ Ուկրաինայի տնտեսության համար ավելի լայնամասշատ հետեւանքներ կանխատեսելով Եվրոպային ասոցացվելու դեպքում: Արեւմտյան պարբերականները նաեւ ընդգծում էին, որ բրենդային շոկոլադի արտադրողը արեւմտամետ միլարդատեր Պետր Պորոշենկոն է: Նրանց գնահատականով` Պուտինի նման քայլերը իրականում ավելի էին համախմբում ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ, որի դրսեւորումներից էր Ուկրաինայում խաղի ժամանակ ռուսական բասկետբոլային թիմի վրա այդ ապրանքանիշի շոկոլադների նետումը:

Օգոստոսի 16-ին «Ռոսպոտրեբնադզոր» ընկերության ղեկավար Գենադի Օնիշենկոն հայտարարեց, թե ուկրաինական կողմի հետ պայմանավորվել են քննարկել Roshen-ին ռուսական շուկա վերադարձնելու հարցը, ինչի համար հարկ կլինի ընկերության գործարանների եւ բացթողնման ընթացակարգերի տեսչական ստուգում:

2013թ. ողջ ամառվա ընթացքում այս ողջ դինամիկան մեկ բանի մասին էր խոսում. Ուկրաինան այդպես էլ չէր համաձայնում մտածել Մաքսային միությանը լիարժեք անդամակցության մասին, փորձում էր ժամանակ շահել ու շարժվել դեպի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչն ուղեկցվում էր գազային շանտաժին համալրելու եկած նորանոր պատերազմներով՝ ի դեմս ապրանքային-շոկոլադային պատերազմների:

Սակայն օգոստոսի թերեւս ամենաուշագրավ իրադարձություններից մեկը ուկրաինական ԶԼՄ-ներում մի գաղտնի փաստաթղթի հրապարակումն էր, որը թեպետ վերնագրված էր իբրեւ «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացում Ուկրաինային ներգրավելու միջոցառումների համալիր ծրագիր», սակայն իրավամբ անվանվեց «Ուկրաինան զավթելու պլան»: Փաստաթուղթը հրապարակողները պնդում էին, թե դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների փաստաթուղթն է, որը, այդ թվում՝ ռուս-ուկրաինական տնտեսական պատերազմի ռազմավարությունը, մշակել են Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը: Ծավալուն փաստաթուղթը ոչ միայն հստակեցնում էր Ուկրաինայի հանդեպ ճնշման մեթոդների բազմազանությունը` ըստ թիրախների, այլեւ մանրամասնում շատ ավելի լայնածավալ գործունեություն` Ուկրաինայի եվրաինտեգրումը խեղդելու համար: Իսկ դա, Ռուսաստանի հատուկ ծառայություններից բացի, դժվար թե համակարգվեր որեւէ այլ մարմնի կողմից:  

Արժե հիշել, որ 2013թ. փետրվարի 15-ին`  ռուսական հատուկ ծառայությունների հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վ.Պուտինն ասել էր, թե «Ռուսաստանի ФСБ-ն կպաշտպանի Բելառուսին եւ Ղազախստանին», եւ առաջին հերթին կպաշտպանի երեք երկրների ինտեգրացիոն նախագիծը «ինտեգրացիոն աշխատանքներն արգելակելու» փորձերից. «Եւ այդ ժամանակ կարող են օգտագործվել ճնշման ամենատարբեր գործոնները, անգամ այսպես կոչված փափուկ ուժի մեխանիզմներ»:

Այս ամենից զատ օգոստոսի կեսերին նախ ուկրաինական բլոգոսֆերայում, ապա եւ լրատվամիջոցներում շրջանառության մեջ հայտնվեց Վ. Յանուկովիչ պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների վերաբերյալ մի շարք փաստեր ու դրանց` նրա կլանի անդամների առնչակցության թափանցիկ ակնարկներով վերլուծություններ, որոնք նոյեմբերին՝ Ասոցացման պայմանագրի ու ԽՀԱԱՀ-ի ստորագրման տորպեդահարման նախօրեին ավելի համակարգված տեսքով պետք է հայտնվեին ռուսական մամուլում:

Կիեւին մտածելու ժամանակ էր տրված մինչեւ Պուտին-Յանուկովիչ հերթական հանդիպումները. նրանք երկուսն էլ մասնակցելու էին հոկտեմբերի 25-ին Մինսկում ԱՊՀ գագաթաժողովին, իսկ հոկտեմբերի 27-ին տետատետ հանդիպելու էին Սոչիում:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

խելոք
կեսերին նախ ուկրաինական բլոգոսֆերայում, ապա եւ լրատվամիջոցներում շրջանառության մեջ հայտնվեց Վ. Յանուկովիչ պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների վերաբերյալ մի շարք փաստեր ու դրանց` նրա կլանի անդամների առնչակցության թափանցիկ ակնարկներով վերլուծություններ, որոնք նոյեմբերին՝ Ասոցացման պայմանագրի ու ԽՀԱԱՀ-ի ստորագրման տորպեդահարման
խելոք
Այս հոդվածաշարից երեւում է առաջին հերթին, որ ռուսները (Պուտինը) վճռական են՝ տրամադրված լուրջ պայքարի: Դետալները զգայական ոլորտին են վերաբերվում ու շատ էլ կարեւոր չեն, թե ում ճաշն ինչպես են կեղտոտում: Մենք պիտի գլխավորը հաշվի առնենք ու խելոք լինենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter