
Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին: Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ղեկավարները:
Ասուլիսը բացեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով նաև ընթերցեց բանախոսների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման: Վերջինս, մասնավորապես, կոչ է արել երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրել է 16-օրյա քարոզարշավի օրացույցը: Այս տարի այն ներառում է տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ երթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, 16-օրյակի հարցերի բարձրաձայնում Ազգային Ժողովում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, Հայաստանում սեռական բռնության խնդրին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում, լուսանկարչական ցուցահանդես, ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում և այլն:
«Գենդերային բռնության վերացումը և գենդերային հավասարության հաստատումն առանցքային նշանակություն ունեն աշխարհի յուրաքանչյուր հասարակության զարգացման համար՝ լինի դա զարգացման տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե որևէ այլ բաղկացուցչի առումով», - ասուլիսում նշել է պրն. Բուզետտոն:
Ասուլիսի ավարտին ներկաները հրավիրվել են ՄԱԿ-ի շենքի նախասրահ՝ դիտելու կանանց հնարավորությունների ընդլայնմանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակների հետ համատեղ ողջունել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը` հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից «Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:
Բացի այդ, մենք աջակցում ենք նաև Խորհրդի կոչը` երաշխավորելու «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:
Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերայի հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:
Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:
Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում»:
Մեկնաբանել