HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ներգրավված է կենդանիների անօրինական առևտրի ցանցում

Մաս 1

Ինչպես են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիները հայտնվում Հայաստանում

Հայաստանը կենդանիների առևտրի տարանցիկ երկիր է: Աֆրիկյան էկզոտիկ, Կարմիր գրքում գրանցված կենդանիներից սկսած՝ մինչև Ինդոնեզիայի բացառիկ տեսակներ մտնում են Հայաստան և դուրս գալիս երկրից առանց խոչընդոտների:

Կենդանիների վաճառքն աշխարհում 4-րդ շահութաբեր, անօրինական բիզնեսի տեսակն է` թմրամիջոցների, մարդկանց առևտրից և կեղծարարությունից հետո: Քրեական հանցագործության այս տեսակն այնքան է ընդլայնվել, որ դարձել է կազմակերպված հանցավորության միջազգային ցանցի մաս, որը համակարգում և ղեկավարում են թրաֆիքյորները:

Ներկրված որոշ կենդանիներ պահվում են նաև Հայաստանում, դառնում սեփականատիրոջ բիզնեսի մի մասը և օգտագործվում առևտրային նպատակներով: Այդպիսի կենդանիներ հայտնվում են նաև հայ օլիգարխների առանձնատներում, դառնում նրանց զվարճանքի ու պերճանքի առարկան:

Լուսանկարում ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակ է: Հայտնի է բոնոբո, թզուկ շիմպանզե կամ լատիներեն Pan Paniscus անվամբ: 1996 թվականից այն ճանաչված է որպես վտանգված տեսակ և ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: Բոնոբոյի հայրենիքը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է, մասնավորապես` Կոնգո գետի ավազանը: Բոնոբոյի ուղղակի վաճառքն ու արտահանումը Կոնգոյից արգելված է: Բոնոբո տեսակի մի կապիկ այժմ Հայաստանում է` Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի նորաբաց «Ջամբո» էկզոտիկ այգում: 

Այգին, որը նաև ռեստորանային համալիր է, բացվեց այս տարվա սեպտեմբերի սկզբին: Այն հիմնադրել է Նիդեռլանդներից հայրենադարձած գործարար Արտյոմ Վարդանյանը: Բացման օրվանից նա հպարտությամբ ցուցադրում է իր այգու հազվագյուտ կենդանատեսակները:

Կոնգոյում բոնոբոների թվի մասին հստակ տվյալ չկա, սակայն տարբեր աղբյուրներում նշվում են մոտավոր թվեր` 5-17 հազար հատ:

Մասնագետներն անհանգստացած են, որ, եթե այսպես շարունակվի, երեք սերունդ հետո կմնա բոնոբոների 50 տոկոսը: Իսկ նվազման հիմնական պատճառը որսագողությունն է, առևտրային նպատակներով շահագործումը և շրջակա միջավայրի ոչնչացումը. բոնոբոների ոչնչացմանը հատկապես նպաստել են Կոնգոյում 1990-ականների քաղաքացիական պատերազմները: Բոնոբոների պահպանության խնդիրն այնքան է սրվել, որ Բնության պահպանության միջազգային միությունը 2012-2022 թվականներին դրանց պահպանության ծրագիր և ռազմավարություն է մշակել:

Հազվագյուտ կենդանիների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (1973), որին Հայաստանը միացել է 2009թ.: Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր երկիր, որը ձեռք է բերում որևէ կենդանատեսակ, այդուհետ պարտավորվում է կոնվենցիայի սահմանած կարգով և համապատասխան թույլտվություններով կազմակերպել առևտուրը: Կոնվենցիան ունի հավելվածներ, որտեղ ներկայացված են անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակները: Բոնոբոն ներառված է հենց առաջին հավելվածում, այսինքն` ամենավտանգվածների ցանկում է: Հայաստանում Կոնվենցիան համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալության Դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Սիրանուշ Մուրադյանի: Բնապահպանության նախարարությունից խնդրել էինք Հայաստան ներմուծված այն կենդանիների ցանկը, որոնք ներառված են Կոնվենցիայի հավելվածներում: Նախարարության՝ մեզ տրամադրած ցանկում բոնոբո չկա:

Ինչպե՞ս է բոնոբոն հայտնվել Հայաստանում

Հայկական երկրորդ ալիքի «Չէին սպասում» ծրագրի հաղորդումներից մեկում Արտյոմ Վարդանյանը համեստություն չի անում և պատմում է, որ շատ թանկ գնով ձեռք է բերել բոնոբո: «Բոնին անգին է, կարող է 150 հազար եվրո արժենա դրսում, պատահական բերել էին ու ես վերցրի` շատ մեծ գումարով, բայց էդքան չէ»,- այսպես է ներկայացնում բոնոբոյի գնման պատմությունը Արտյոմ Վարդանյանը:

Արտյոմ Վարդանյանը մեզ հետ զրույցում էլ ասում է, որ ինքն օրինական և թանկ գնով է ձեռք բերել կապիկը և ունի համապատասխան` կոնվենցիայով սահմանված CITES թույլտվությունը: Նրան խնդրեցինք ցույց տալ այն: Մի ակնթարթ մեզ ցույց տրված փաստաթղթում նշված է ներկրողի հասցեն, ներկրված երկիրը` Գվինեան, կազմակերպությունը՝ West Africa zoo, և ամսաթիվը` 04/05/2011: Երբ հարց տվեցինք գնման պայմանագրի մասին, ասաց, որ կապիկը ոչ թե գնել, այլ վարձակալում է ներկրողից` Արթուր Խաչատրյանից եւ առաջարկեց նրանից ճշտել մանրամասները:

Արթուր Խաչատրյանը կենդանիներ ներկրող «Զու ֆաունա արթ» ընկերության հիմնադիրը և սեփականատերն է: Զբաղվում է կենդանիների վաճառքով, ներկրում և արտահանում է կենդանիներ Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Արաբական Էմիրություններ և մի շարք այլ երկրներ, մեծ կապեր ունի աշխարհում այդ ոլորտի մարդկանց հետ: Նա Էրեբունի արգելոց-թանգարանի հարևանությամբ ձեռք է բերել հսկայական տարածք և կառուցում է կենդանաբանական այգի, ինչպես ինքն է ասում` «այսօր ՀՀ-ում պրն Խաչատրյանը կառուցում է Վաստոչնի Եվրոպայի ամենամեծ գազանանոցը»: Այդտեղ բուծում է նաև կենդանիներ, պահ է տալիս ներմուծած կենդանիները, որոնք հետո արտահանում է այլ երկրներ: Մասնավոր զրույցների ժամանակ հպարտանում է, որ կարող է ձեռք բերել ցանկացած կենդանի` շատ քիչ բացառություններով: 

«Օրինական ներմուծված կապիկներ են դրանք, ոչ մի խնդիր չունեն: Ես CITES կանոնադրությունն անգիր գիտեմ, նրանց օրենքներն էլ, Դուք սխալվում եք»,- մեզ հետ հեռախոսազրույցում բոնոբոներին վերաբերող հարցին այսպես է արձագանքում Արթուր Խաչատրյանը:

Նրա հետ փորձեցինք պայմանավորվել, որպեսզի գնանք նկարահանման, տեսնենք համապատասխան փաստաթղթերը և հարցազրույց անենք: Չհամաձայնվեց: Ասաց` հանդիպել խոսել կարելի է, բայց ոչ նկարահանել կամ ձայնագրել` պատճառաբանելով, որ «իմաստ չի տեսնում»:

Արթուր Խաչատրյանն ասում է, որ 2011-ին ներմուծել է երկու բոնոբո Գվինեայից: Առաջինը «Ջամբո» այգում ցուցադրվածն է: Երկրորդ բոնոբոն սատկել է Հայաստան հասնելուց 7-8 օր հետո, քանի որ, ըստ գործարարի, վատ վիճակում է հասել իրեն: «Գվինեայի գազանանոցից կապնվեցին, առաջարկեցին, կարելի է համարել նաև նվեր»,- ներկայացնում է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա` բոնոբոն ոչ թե վայրի բնությունից է վերցված, այլ բուծված է բուծարանում, ինչի համար Կոնվենցիան համակարգող մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ներկրման նախնական թույլտվություն չպիտի տա: «Նախնական թույլտվություն առաջին հավելվածի կենդանու համար վերցվում է այն դեպքում, երբ տվյալ կենդանին վերցվում է վայրի բնությունից: Եթե դուք դա տեղափոխում եք բուծարանից, գազանանոցից, անազատ պայմաններում ծնված կենդանին ավտոմատ համարվում է CITES II, բայց գրվում է CITES IF կամ captive (C)` ֆերմայում բուծված, գազանանոցի համար նախատեսված կենդանի»,- հիմնավորում է Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքերը հաստատում է նաև Կոնվենցիայի հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Ս. Մուրադյանը և նշում, որ այդ դեպքում իրենց գրանցամատյանում ներկրումները կարող են չգրանցվել:

Մինչդեռ կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադրման կարգի 33-րդ կետն այլ բան է սահմանում. «ՀՀ տարածքում նմուշներ տիրապետող, անազատ պայմաններում կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով իրենց նմուշների տեսակների ու քանակի մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը»։

Կոնվենցիայի հայաստանյան առաքելությունը տեղյակ չէ, թե կոնվենցիայով կարգավորվող ինչ տեսակներ են մտնում Հայաստան, չի հետաքրքրվում, թե ինչ ճակատագիր են ունենում այդ կենդանիները, ինչ թույլտվություններով են մտնում և դուրս գալիս ՀՀ-ից:

Կոնվենցիայի Գվինեայի առաքելությանն ուղարկած մեր հարցման՝ եղե՞լ է, արդյոք, երբևէ բոնոբոյի արտահանում Հայաստան, պատասխանը դեռ չենք ստացել:

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի համակարգող մարմնի տվյալների բազայում, սակայն, Գվինեայից արտահանված և Հայաստան ներմուծված բոնոբոյի մասին որևէ տվյալ չկա: Այս աղյուսակում ներառված են բուծարաններում բուծված (C), բուծարաններում արհեստականորեն բազմացրած (D), բուծարաններում ծնված (F), վայրի բնությունից վերցված (W) և մնացյալ բոլոր տեսակները, որոնք Գվինեայից արտահանվել են 2011 թվականին: Ինչպես երևում է` pan paniscus տեսակ չի արտահանվել:

Հայկական վարկածը և Գվինեայի նախադեպը

2013-ին Միացյալ ազգերի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած համատեղ աշխատության մեջ, որը կոչվում է «Գողացված կապիկներ-շիմպանզեների, գորիլաների, բոնոբոների և օրանգուտանների անօրինական վաճառք», ներկայացվել է աֆրիկյան երկրների փորձը կենդանիների առևտրի կազմակերպման գործում: Պարզվել է, որ Գվինեան հայտնի է կեղծ թույլտվություններով:

2007-ին Գվինեայից մեծ քանակությամբ շիմպանզեներ են արտահանվել Չինաստան իբրև օրինական` CITES թույլտվություններով, որտեղ գրված է եղել, որ կենդանիները բուծված են բուծարանում (captiv), այլ ոչ թե վայրի բնությունից են վերցված: Կոնվենցիայի Գվինեայի առաքելությունը հայտնաբերել է, որ 69 շիմպանզե դուրս է բերվել երկրից միայն 2010-ին, բոլորը նախատեսված են եղել չինական կենդանաբանական և սաֆարի-այգիների համար և արագ ցուցադրվել են ԶԼՄ-ների առաջ՝ ներկայացվելով որպես Գվինեայից ներմուծված: Հասարակական կազմակերպությունների և անհատների հետաքննությունը ցույց է տվել, որ այդ ճանապարհով ավելի քան 138 շիմպանզե և 10 գորիլա է արտահանվել Չինաստան: Մինչդեռ որևէ բուծարան Գվինեայում գոյություն չունի: Հետաքննիչները կասկածում են, որ կենդանիներն իրականում տեղափոխվել են Կոնգոյից, Կամերունից, Կոտ դ’Իվուարից, Լիբիայից և հարևան այլ երկրներից: 

Ավելին, Աֆրիկայի մեր գործընկերների միջոցով փորձեցինք պարզել, թե գործո՞ւմ է, արդյոք, Գվինեայում West Africa zoo անվամբ կենդանաբանական որևէ այգի: Մեր ստացած տեղեկություններով, նման կենդանաբանական այգի գոյություն չունի: Ավելին՝ Գվինեայում չկա որևէ օրինական կառույց, որը կարողանա կենդանի բուծել: 

Քանի՞ տարեկան է Հայաստանում ցուցադրված բոնոբոն

«Ջամբո» այգու աշխատակիցները, ովքեր ուղեկցում են մարդկանց այգում և պատմում կենդանիների մասին, այցելուներից մեկին նախորդ ամիս պատմել են, որ իրենց Բոնին (այդպես են անվանում բոնոբոյին այգում) 8 ամսական է: Արտասահմանցի մասնագետը (անունը դեռևս չենք հրապարակում), ով զանազանում և կարողանում է տարբերակել կենդանիների տարիքը, հավաստում է, որ առավելագույնը 1.5 տարեկան կարող է լինել բոնոբոն, բայց ոչ 3: Դա նշանակում է, որ այն չէր կարող 2011-ին ներկրվել Հայաստան: Ըստ ամենայնի, սա ոչ թե 2011-ին ներկրվածներից է, այլ բոլորովին այլ է, որը չունի ո՛չ ներկրման թույլտվություն, ո՛չ էլ այլ երկրից արտահանման:

Համաձայն ազգային վիճակագրության
ծառայության տվյալների`
Հայաստան 2011-ին ներկրվել է 286
պրիմատ, 2012-ին` 133:

 2011-2012թթ. Հայաստան ներկրվել է Կոնվենցիայով կարգավորվող բազմաթիվ էկզոտիկ տեսակներ` հովազներ, կոկորդիլոսներ, կապիկների բազմազան տեսականի, առյուծներ, մեծ քանակությամբ վարազներ, թութակների լայն տեսականի, օձեր և այլ կենդանատեսակներ:  Չի բացառվում նաև, որ բոնոբոն մյուս կապիկների հետ ներկրված լիներ որպես ոչ վտանգված տեսակ:

Հայաստանից կենդանիներն արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2011-ին CITES թույլտվություններով 43 տարբեր տեսակի կապիկ է արտահանվել ՌԴ, 2012-ին արտահանվել է 111-ը: Ռուսաստանից Հայաստան ներկրում չի եղել: Էմիրություններից Հայաստան ներկրում կա, որի ծավալները, սակայն, ավելի քիչ են, քան Հայաստանից էմիրություններ արտահանման ծավալներն են:

Վտանգված են նաև շիմպանզեները

Վերջին 7 տարվա ընթացքում 643 շիմպանզե, 48 բոնոբո, 98 գորիլա, 1019 օրանգուտան է գերեվարվել բնությունից անօրինական առևտրի նպատակով: Տարեցտարի նվազում է շիմպանզեների քանակն աշխարհում:

«Ջամբո» ակումբում ցուցադրված են տարբեր տեսակի կապիկներ: Գործարար Արտյոմ Վարդանյանը 75 կապիկ է պահում, այդ թվում` 4 շիմպանզե, մանգաբեյներ, մանդրիլուսներ և այլն: Կան նաև թռչունների հազվագյուտ տեսակներ, ինչպես, օրինակ, սև թութակն է: Ցուցադրված շիմպանզեները նույնպես 1996-ից համարվում են անհետացող տեսակ և ներառված են Միջազգային Կարմիր գրքում: Արտյոմ Վարդանյանն ասում է, որ իր այգու շիմպանզեները նույնպես ձեռք է բերել Արթուր Խաչատրյանից և դարձյալ առաջարկում մանրամասները ճշտել վերջինից: Արթուր Խաչատրյանն այս օրերին Հայաստանում չէ: Թե ինչ ճանապարհներով են այս և մնացյալ կենդանիները հասնում Հայաստան և դուրս տարվում երկրից, կանդրադառնանք առաջիկայում:

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Gerard
As, sadly enough, in many countries CITES doesn´t do their work which makes it almost impossible to save these poor animals.......
Daniel Stiles
An important point to note is that the CITES Management Authority of China was allegedly collaborating with the Guinea CITES office to try and make the ape imports appear legal using fraudulent C source codes. Guinea was hit with a CITES trade suspension, while in the case of China the CITES Secretariat hasn't even referred the matter to its Standing Committee for consideration. Double standards? What will CITES do with Armenia? Stay tuned...
arman
AFter surviving genocides, why capture creatures like slaves and objects? So shameful...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter