HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը արտահերթ կարգով քննարկում է կուտակային կենսաթոշակին վերաբերող հարցը

Ազգային ժողովում 49 պատգամավորի պահանջով արտահերթ կարգով քննարկվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից կազմակերպված ստորագրահավաքին միացել են ընդդիմադիր խմբակցությունները` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը եւ ԲՀԿ-ն:

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ անցած շաբաթ օրը երեխաները ակցիա էին կազմակերպել` «Մի նեղացրեք մեր ծնողներին» խորագրով` ընդդեմ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի: Երեխաները խնդրել են Արծվիկ Մինասյանին, որպեսզի իրենց ձեռքով արված նկարները փոխանցվեն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորներին:

«Եթե չեք ուզում գալ վերցնել այդ նկարները, մենք Ձեր աշխատասենյակ կուղարկենք, որպեսզի հասկանաք, թե որքան կարեւոր է այս հարցի վերաբերյալ քննարկմանը Ձեր մասնակցությունը»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը գրավով բանկային վարկերի տակ են, եւ կառավարության քաղաքականության արդյունքում այդ թիվը կարող է ավելանալ: «Ի՞նչ է, նպատակն այն է, որ այն դարձնենք 100 տոկո՞ս»,-հարցրեց Ա. Մինասյանը եւ հավելեց, որ ֆինանսական շուկայում ռիսկերն ու կազինոն իրարից չեն տարբերվում:

ՀՅԴ-ական պատգամավորը անմարդկային որակեց այն մոտեցումը, երբ քաղաքացին 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում ու նրան ստիպում են, որ կուտակային վճարումներ կատարի: «Արդյոք սա մարդկայի՞ն է»,-կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը հարց ուղղեց Ա. Մինասյանը: Նրա ասելով՝ նույնիսկ միջինից բարձր եկամուտներ ունեցողների նկատմամբ սխալ է կիրառել պարտադիր բաղադրիչը, քանի որ այն նման է սեփականությունը խլելուն եւ կծնի արտագաղթի նոր ալիք:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե կառավարությունը զիջումների չգնա, ապա իրենք կդիմեն Սահմանադրական դատարան եւ կպայքարեն այլ միջոցներով:

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարությամբ փաստում են, որ  միջազգային փորձի համաձայն կենսաթոշակային համակարգի բարեփոխումը բարդ եւ դժվար գործընթաց է: Կենսաթոշակային համակարգի փոփոխությունների հաջողությունը պայմանավորված է ինչպես դրանցից բխող ռիսկերի կանխարգելման եւ չեզոքացման համակարգի առկայությունից, այնպես էլ հանրային վստահության բարձր աստիճանից: ՀՀ կենսաթոշակային համակարգի հիմնարար փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտմեբերին, իսկ համակարգի ներդրմանը նպատակաուղղված շուրջ 50 օրենքների ընդունումից հետո մինչեւ օրս դրանք (հանրագումարային) մի քանի տասնյակ անգամ փոփոխությունների են ենթարկվել:

«Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի Հայաստանում ընդունված մոդելը՝ իր մանրամասնություններով, միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող ֆինանսական եւ աշխատանքային շուկաներից, ժողովրդագրական վիճակից, մասնագիտական կարողություններից, վարձատրության համակարգից, կորպորատիվ կառավարման համակարգից, առկա կենսամակարդակից, տնտեսության մրցակցային վիճակից բխող ռիսկերով»,-ասվում է հայտարարության նախագծում:

Պատգամավորներն աձանագրում են, որ հանրության մի ստվար հատվածի շրջանում առկա է պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվստահություն՝ հիմնված նշված ռիսկերի չեզոքացման անհնարինության եւ նոր համակարգի՝ Սահմանադրությանը չհամապատասխանող հիմնավոր փաստարկների վրա:

Նրանց կարծիքով`պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկամանը պետք է նախորդեր աշխատավարձերի անընդհատ աճը, մինչդեռ տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը, որպես համակարգային մոտեցում, տեղի է ունենալու միայն 2014թ. երկրորդ կեսին: Ի թիվս բավարար հանրային վստահության եւ ենթակառուցվածքների առկայության, պարտադիր կուտակային բաղադրիչի ներմուծման կարեւոր նախապայման պետք է հադիսանա նաեւ մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի որոշակի մակարդակի (օրինակ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ), ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման նվազագույն բյուջեից բարձր լինելու եւ միջին աշխատավարձի 40%-ից ոչ ցածր լինլու պայմանների առկայությունը:

Առաջարկվում է կառավարությանը եւ կենտրոնական բանկին՝ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը մինչ վերը նշված պայմանների բավարարումը կամ առնվազը մինչեւ 2015թ. հետաձգելու, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու հարցերը եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություներ:

Ինչպես նաեւ շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու դեպքում նոր համակարգի) մշակման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինպես նաեւ նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ:

Բացի այդ, առաջարկում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով նախաձեռնել կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի՝ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե:

Հիմնավորումներից մեկով արձանագրում են, որ կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլագոիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված հարցումները փաստում են, որ 2013թ. հունիսի դրությամբ հարցվածների 72.3%-ը չի հավատում կամ բացարձակ չի հավատում, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են բարեփոխումների նպատակով, 58.7%-ը գնահատել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի իրկանացնում, իսկ նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատել է հարցվածների ընդամենը 1.6%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter