
ԿԲ նախագահը 24 մլն դրամով հուշամեդալ է գնել
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 428 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014 թ.-ին նրա աշխատավարձի չափը մնալու է նույն մակարդակի վրա եւ չի բարձրանալու:
Թեեւ մոտ 1,5 մլն դրամ աշխատավարձը Հայաստանում ամենաբարձրերից է, սակայն, դա Արթուր Ջավադյանի միակ եկամուտը չէ:
Ուսումնասիրելով Արթուր Ջավադյանի 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում ունեցել է 44 մլն 942 հազար դրամ, 43 հազար 970 դոլար եւ 312 եվրո:
26 մլն դրամից ավելին միայն աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումներն են, մնացածը վարկային գծեր են եւ ավանդից ստացած տոկոսներ:
ԿԲ նախագահը ձեռք է բերել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ից 2000 հատ բաժնետոմս, որից ստացել է շահաբաժին՝ 100 հազար դրամի չափով: ԿԲ լրատվականից տեղեկացնում են, որ բաժնետոմսերը Արթուր Ջավադյանի կողմից հանձնված են հավատարմագրային կառավարման:
ԿԲ նախագահը ունի նաեւ կուտակած դրամային միջոցներ: Այսպես, 2012 թ. նրա հաշվին եղել է 105 մլն դրամ, 435 հազար դոլար եւ 205 հազար եվրո:
Արթուր Ջավադյանը 24 միլիոն դրամով ձեռք է բերել «20-րդ դարի Հայոց Կաթողիկոսներ» հուշադրամ: ԿԲ-ից հավաստիացնում են, որ հուշադրամը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից ձեռք է բերվել անձնական նպատակներով՝ նրա անձնական միջոցների հաշվին:
Պակաս կարողություն չունի նաեւ նրա կինը՝ Հասմիկ Մանուկյանը: Նշված տարում նրա եկամուտները կազմել են մոտ 28 մլն 472 հազար դրամ, 578 դոլար, 26 հազար 714 եվրո, որոնք գոյացել են աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացած վճարներից, ավանդի տոկոսագումարներից եւ այլն:
Հասմիկ Մանուկյանը ունեցել է նաեւ դրամական միջոցներ՝ 155 մլն դրամ, 405 հազար դոլար, 385 հազար եվրո:
«Հետքն» անդրադարձել էր նաեւ Արթուր Ջավադյանի ու նրա տիկնոջ 2011 թ.-ի եկամուտներին: Հիշեցնենք, որ այդ տարում էլ ԿԲ նախագահը ձեռք էր բերել 2 բնակելի տուն իրենց հողամասերով: Մեկը՝ 20 մլն 350 հազար դրամով՝ 1138 քմ հողամասով, մյուսը՝ 105 մլն դրամով՝ 1455 քմ հողամասով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել