
Ոստիկանների ու դատախազների վերաբերմունքը օրենքի նկատմամբ (տեսանյութեր)
Շատերս ենք տեսել ճանապարհային երթևեկության կանոնները խախտող ոստիկանության, դատախազության և այլ ուժային կառույցներին պատկանող մեքենաներ: Նման խախտումների մի քանի ժողվածու մենք արդեն հրապարակել էինք:
Հոկտեմբեր ամսին հաջողվեց հավաքել դատախազական և ոստիկանական համարներով մեքենաների կողմից խախտումների նոր ժողովածու, ուր նաև նշված էր խախտման վայրն ու օրը:
Ոստիկանական համակարգիչները YouTube-ի հետ «չունե՞ն»
Տեսանյութում երևում է, որ ոստիկանական մեքենաները հատում են խաչմերուկը կարմիր լույսի տակ, դուրս են գալիս հանդիպակաց գոտի և հատում են հոծ գծեր: Հրապարակելուց առաջ տեսանյութի հղումը ուղարկվեց Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին՝ խնդրանքով պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
Սակայն այսօր գնդապետ Գալստյանից ստացվեց պատասխան, համաձայն որի http://www.youtube.com/watch?v=X-PF7HiZawI հասցեի տակ տեսանյութ չկա:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ հավատում ենք, որ ՃՈ-ում միայն տեխնիկական պատճառներով չտեսան իրենց կոլեգաների խախտումները պատկերող տեանյութը:
Մասսայական խախտումներ դատախազների կողմից
Մինչ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մարդու իրավունքների պաշտպանից փաստեր է ուզում, իր ենթակաները իր իսկ պատուհանի տակ զանգվածաբար խախտում են օրենքը:
Հատկանշականն այն է, որ, ի տարբերություն ոստիկանների համեմատաբար ոչ հաճախակի խախտումների, դատախազության աշխատողներն ամեն օր են նույն կերպ (օրենքի խախտմամբ) կայանում իրենց մեքենաները: Թերահավատները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր աշխատանքային ժամին մոտենալ դատախազության շենքի մոտ ու վայելել զանգվածային օրինախախտման տեսարաններ:
Եզրահանգումները պարզ են
Եթե բոլորի աչքի առջև ոստիկաններն ու դատախազները օրենք են խախտում, պատկերացրեք, թե ինչ են անում իրենց աշխատասենյակներում:
Իսկ առաջիկայում մենք կփորձենք պարզել, թե որքանո՞վ են պատժվում տեսախցիկների ու արագաչափերի աչքի տակ խախտում անող ուժային կառույցների ու պետական այլ մարմինների մեքենաների վարորդները:
Մեկնաբանել