HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)

(սկիզբը)

5 հուլիսի

Հուլիսի առանձին նշանակալից էջ է կազմում իմ արյունոտ օրագրի մեջ, որովհետև այսօրվանից Ղազախ-Շամշադինի Սովետական-Ծապլվարյան խեղկատակության երկրորդ արարվածը վերջացավ մեր թշնամիների կատարյալ պարտությամբ և մեր զորամասերի փառավոր հաղթությամբ: Գուցե երրորդ, չորորդ, հինգերորդ և տասերորդ արարվածներ ևս սկսվեն, բայց թող լավ իմանան «Ծապլվարյան կոմունիստները», որ այդ արարներն էլ պիտի վերջանան իրենց ողբերկական մահով:

Այսօրվանից Ղազախ-Շամշադինը երկրորդ անգամ վերջնականապես մաքրվեց «բոլշևիկ» կոչված անկոչ տականքներից, որոնք սարսափահար փախան Ադրբեջան: Քշվելով մեր սահմաններից, բոլշևիկները մի պատվիրակություն են ուղարկել գնդապետ Խաչատրյանին հետևյալ պաշտոնական գրությունը հանձնելու մեզ.

Դաշնակցական Հրամանատարություն, Հայկական զորամասերը անցել են Ադրբեջանի սահմանը և գրավել «Կեյնախ-գշլուխ, Կոգնա-գշլուխ»: Ռուսաստանի սոցիալիստական-դաշնակցական խորհրդային հանրապետության զորքերի հետ ընդհարում ունենալուց խուսափելու համար առաջարկված է Հայկական հրամանատարությանը անմիջապես մաքրել վերոհիշյալ գյուղը և քաշվել Հախում, հակառակ դեպքում Հանրապետությունը ստիպված կլինի զենքի ուժով ստիպելու Հայկական զորամասերին քաշվելու սահմանից:

Գանձակի շրջանի զորքերի հրամանատար՝ Վելիկանով.
Գանձակի շրջանի արտակարգ կոմիսար՝ Էֆենասև.
3 հուլիս II 2157

Մենք պատասխանեցինք. -

«Վերոհիշյալ գյուղը մենք չենք գրավել և ոչ մի զորամաս սահմանը չի անցել: Մենք գրավել ենք միայն Ֆավախթունիս լեռը, որտեղից խռովարարները ռմբակոծում էին մեր զորքերին, և մենք այդ լեռը չենք կարող թողնել, որովհետև սահմանի գիծը անցնում է նրա գագաթից»

Նամակատուփի վրա մակագրված «Դաշնակցական հրամանատարություն» խոսքերի համար պատասխանվեց, որ Հայաստանի Հանրապետության մեջ «Դաշնակցական հրամանատարություն չկա, այլ կա հայ ժողովրդական կառավարություն»:

Այս բոլորից հետո պատասխանի մեջ ասված է նաև, որ նման գրություններից և սպառնալիքներից Հայկական հրամանատարությունը և նրա քաջարի Բանակը չեն վախենում:

Այս պատասխանը հաղորդվեց Սպարապետին ի գիտություն:

Մեր հետախույզները հուլիսի 3-ին բռնեցին հայտնի խռովարար Վասիլի Ծատուրյանին, որ փախչելու փորձ անելիս սպանված է: Այստեղ չեմ կարող զզվանքով չարձանագրել, որ և մենք, և բոլշևիկները մի անազնիվ ձև ունենք ծանր հանցագործներին պատժելու համար: Նախօրոք որոշվում է սպանել և ժողովրդին չգրգռելու համար հայտարարում են «փախչելիս սպանվեց»:

Վերջնականապես պարզվեց, որ Շամշադինում մենք խռովարարներից խլել ենք ութ գնդացիր, որից չորսը «Կոլտ», իսկ մնացածը «Լուիս» սիստեմի:

Շամշադինում գնդապետ Մանևը Ադրբեջանի սահմանապահ զորամասերի պետից ստացել է մի գրություն, որով պահանջել է չանցնել սահմանը, այլապես կդիմեն միջոցների:

Վախկոտ նապաստակներ բոլշևիկները, նրանք տեսնելով, որ բոլոր ճակատներում ջարդվեցին, սկսել են ամեն կողմից սպառնական գրություններ ուղարկել: Եթե դուք իրոք այդքան քաջ եք և կտրուկ, Ձեր թղթի կտորների և դատարկամիտ խոսքերի փոխարեն պիտի մեզ հետ խոսեին Ձեր թնդանոթները: Դուք այնքան անազնիվ և ուխտադրուժ եք, որ եթե ձեր ձեռքից գար ոտնակոխ անել մեր և մեզ նման ուրիշ ազգերի անկախությունը, ոչ մի միջոցի առաջ կանգ չէիք առնի ձեր սև ծրագրերն իրագործելու: Մենք վաղուց ենք ճանաչում Ձեզ և Ձեր տված «ազնիվ» խոսքերի իմաստը:

6-7 հուլիսի

Այս երկու օրը ռազմաճակատներում հանգիստ էր, գյուղացիները վերջնապես վերադարձել են իրենց գյուղերը: Ղազախ-Շամշադինի շրջանում կյանքը մտել է իր սովորական հունը: Սովն է իշխում ամեն տեղ, և կառավարությունը խիստ միջոցներ է ձեռք առնում արտակարգ օգնություն հասցնելու ժողովրդին:

Այս վայրիվերումների ընթացքում ժողովրդի առանց այն էլ քայքայված տնտեսությանը ծանր հարված հասցվեց: Պատերազմող կողմերը, իրար ձեռքից խլելով հավաքված անասունները, որ ժողովրդինն է, համարում են պատերազմական ավար: Իհարկե հայ կառավարությունը հնար եղած չափով վերադարձնում է խլված անասունները և թալանված գույքը: Բայց, այնուամենայնիվ, տուժողների թիվը շատ է: Եթե հաշվելու լինենք ժողովրդի և կառավարության վնասը, տասնյակ միլիոնների է հասնում: Մեկ կողմից խորհրդային Ռուսաստանը հաշտության բանակցություններ է վարում Մոսկվայի մեր ներկայացուցիչների հետ Լևոն Շանթի Նախագահությամբ, մյուս կողմից այդ նույն Ռուսաստանը ստորերկրյա խլուրդային աշխատանք է կատարում մեր հանրապետությունը ներսից պայթեցնելու: «Ընկեր» Լենինը, որ մի ժամանակ բողոքում էր ամեն տեսակ քաղաքականության և գաղտնի դաշնակցությունների դեմ, այսօր նա մեր և Վրաստանի դեմ նույն ստոր դիվանագիտությունն է վարում: «Սոցիալիստական Ռուսաստանը» վաղուց գաղտնի դաշն է կռել հետամնաց և հակահեղափոխական Տաճկական ուժերի հետ, կռվելու իբր թե իմպերիալիստ Անտանտի դեմ, բայց փաստորեն այդ դաշինքը ուղղված է հայ ժողովրդի և Վրաստանի դեմ:

Երկու ամսից ավել է, որ Շանթը չի կարողանում վերջնականապես հաշտության բանակցությունները վերջացնել և հաշտություն կնքել: Նա ամսի մեկին Մոսկվայից հեռագրում է, որ Սովետական Ռուսաստանը Ղարաբաղը, Զանգեզուրը և Շարուր-Նախիջևանը վիճելի է համարում և հաշվում Ռուսաստանի անբաժանելի մասը, մի պահանջ, որ ոչ ավելի ոչ պակաս անում էր Ադրբեջանի նախկին կառավարությունը, բացի այս, նրանք, ի մխիթարություն մեզ, պատրաստակամություն են հայտնում միջնորդի դեր ստանձնել Քեմալի և մեր միջև Տաճկահայաստանը կցելու մեր հանրապետությանը՝ առանց որոշելու նրա սահմանները:

«Իսկական Ռուս Կոմունիստները լավ են տրամադրված դեպի Հայաստանը և երբեք միտք չունեն ոտնատակ անելու մեր անկախությունն ու ազատությունը», ասված է հեռագրում, բայց չարամիտ հայ բոլշևիկների խորհրդով և ցուցմունքներով հաշտության բանակցությունները ձգձգվում են և մեր սեփական հողամասերը վիճելի են դառնում: Ուղղակի ապշեցուցիչ է հայ կոմունիստ կոչված տականքների թշնամական վերաբերմունքը հանդեպ այն ժողովրդի, որի ծոցից վիժել են և այն հողի, որի վրա մեծացել են:

Միամիտները միայն կարող են հավատալ, որ Ռուսաստանը իբր թե լավ է տրամադրված դեպի մեզ, նա վիճելի համարելով այդ խոշոր գավառամասերը, նպատակ ունի ձեռք գցել Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը և սոցիալիստական վերարկուի տակ շարունակել ցարական Ռուսաստանի նախկին իմպերիալիստական քաղաքականությունը, այն է՝ ազդեցության շրջան ստեղծել Պարսկաստանում և վերջինս դարձնել առևտրական անբարբառ շուկա ընդդեմ անգլիական առևտրական ծավալման:

Մյուս կողմից, օղակելով Հայաստանը տերիտորիալ տեսակետից և զրկելով նրան Պարսկաստանի հետ առևտրական հարաբերության հնարավորությունից, կամաց-կամաց և աստիճանաբար հայ վասակների առաջնորդությամբ տիրել նրան: Ահա Ռուս կոմունիստների իսկական ծրագիրը:

Այն, թե Ռուսաստանը նպատակ ունի համաշխարհային հեղափոխություն բռնկել Ասիայում և տարածել այն Եվրոպայում դատարկ ուտոպիաներ են ու դրանց կարող են հավատալ միայն ու միայն «տիրացու վարժապետներ» հայ նորակնունք կոմունիստները, որոնց բերանից դեռ կաթնահոտ է գալիս և որոնք այնքան ծանոթ են և հասկանում են Մարքսի վարդապետությունը, որքան ես հասկանում եմ հեթանոսական լեզուն:

Մեկ խոսքով, ես չեմ հավատում այդ սոցիալիստական հեղափոխությանը, որ գալիս է տգետ Մոսկվայից և նպատակ ունի անցնելու լուսավոր Եվրոպան:
Մարդկության այս ծանր լուծը, որ իր ուսերի վրա է վերցրել ֆիզիկապես, մտավորապես տկար, թույլ և անկազմակերպ Ռուսաստանը՝ անկարող է տանել և կընկնի կես ճանապարհին մեծ հիասթափություն պատճառելով համայն մարդկությանը և հուսահատության դուռը բանալով նրանց համար, ովքեր խելոք և հաստատուն ճամփով գնում էին դեպի այդ բարձրագույն իդեալը՝ նրան հասնելու և նրանից օգտվելու: Ռուսաստանը կընկնի իր խելագար պայքարի մեջ, և մենք պետք է զգույշ լինենք, որ նրա անկման ժամանակ էլ նահատակ չդառնանք:

10 հուլիսի

Երկու ամսից ավելի է, որ համառ և անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ իբր նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ, լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ և ընդունել է սովետական իշխանությունը: Անհետևանք չէին այն տարաձայնությունները: Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը և փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք:

Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, և մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից զբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ և մյուս կողմից ճնշել հայ բոլշևիկ կոչվածների դավադրությունները՝ Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա: Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետև «զգուշանում է» բարդություններից և քաշվում Զանգեզուր նոր դիրքեր գրավելու:

Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ:

Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկացնում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում: Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետևաբար, սպասել առանձին կարգադրության և նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ և ոչ վճռական:

Բայց շան գլուխը թաքնված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ:

Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է`

— Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ:

Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչու մեղադրել հասարակ զինվորին: Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը պատմությունը շարունակ մեզ հետ է եղել և միշտ էլ նպաստավոր հանգամանքներով: Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք:

Հայ ժողովուրդ, դու այնքան տկար գծեր ունես, որ ես որպես քո ծոցիծ ծնած զավակ հիանում եմ և միաժամանակ հիասթափվում, երբ նայում եմ քո ախտավոր պակասությունների վրա, որոնց կարծես թե փայփայում ես ու խնամում: Քո հոգեկան լավ գծերը և արհամարելի պակասները եթե կշռելու լինենք, դու կախված կլինես դատարկության մեջ տխուր հիշողություններով:

11 հուլիսի

Մի քանի օրվա եռանդուն պատրաստություններից հետո, այսօր առավոտյան մեր Ղամարլուի զորամասը հարձակում սկսեց Բեյուք-Վեդիի վրա երեք զորասյուներով: Աջ զորասյունը փոխգնդապետ Ալեքսանյանի ղեկավարությամբ շարժվել է Արաքսից մինչև երկաթուղագիծը ներփակաբար: Միջին զորասյունը գնդապետ Ղասանբաշյանի գլխավորությամբ շարժվել է երկաթուղու գծից և Բոշ-Բարան լեռան վրա ձախ ուղղությամբ Բեյուք-Վեդիի վրա, իսկ Մարտիրոսի ձախ զորասյունը շարժվել է Աղասի Բեկլուի վրա:

Այսօր անդադար կռիվներ են տեղի ունենում, որոնք կատաղի բնույթ ունեն: Քաջալերված անցյալ տարվա հաղթություններից Բեյուք-Վեդիի թուրք-ադրբեջանցի գործակալներն ու սպաները կարծում են, որ ամեն տարի մեկ կլինի, սովոր է ասել ժողովուրդը: Չէ, Բեյուք-Վեդիցիներ, Զանգիբասարի ամոթալի փախուստից հետո և, մանավանդ, դրանից առաջ Ադրբեջանի սոցիալիստական ավազանում մկրտվելուց վերջը, դուք պիտի տեղի տաք հայ հաղթական Բանակին, որ նպատակ ունի հողամասը մաքրել ձեզ նման դավադիր, ապերախտ և միաժամանակ անհնազանդ տարրերից, որոնք իրենց իրավունք են համարում Հայաստանի հարկի տակ ապրել, բայց չճանաչել նրան:

Անցյալ տարվա մեր մոտ հազար քաջ զինվորի արյունը բողոքում են, որոնք ընկան ձեր բնական անառիկ գյուղի պատերի տակ և ընկան ոչ թե ձեր քաջության շնորհիվ, այլ մի քանի ապիկար սպաների և զորավարների ինքնավստահ ամբարտավանության պատճառով, որոնք գյուղը հաջող կերպով գրավելուց հետո զինվորներին թույլ են տալիս, որ ծառեր բարձրանան և միրգ ուտեն: Առայժմ մեր առաջխաղացությունը շատ հաջող է ընթանում և մեր զորքի ոգին բարձր է: Այն քաջագործությունները, որ այս մի քանի շաբաթվա ընթացքում կատարեց մեր փոքրաթիվ Բանակը, անօրինակ է մեր պետության պատմության մեջ:

Նկատել տամ, որ մեր ռազմական թաքնված ուժը երևան հանողը Ռազմական նախարար Ռուբեն Տեր Մինասյանն է: Այս մարդը հեղափոխական մեծ անցյալ ունի, կտրուկ է, անվախ և վճռական: Հենց որ Ռուբենը ստանձնեց զորական նախարարի պաշտոնը, մի այնպիսի փորձանք եկավ մեր դեռ թույլ պետության գլխին, որ եթե մի ուրիշը լիներ, գուցե ամեն բան կորած լիներ. նա առանց գլուխը կորցնելու, կարողացավ մի քանի օրվա ընթացքում տականքների ապստամբությունը խեղդել իր բնի մեջ: Տաճկահայերին, մասնավորապես սասունցիներին ու մշեցիներին, ծանոթ է Ռուբենը, որ մատի մի շարժումով կարող է այդ հերոսական ժողովրդի երիտասարդ ուժերը իր շուրջը համախմբել, որպես ամենավստահելի տարր:

Լինելով փախստական-հեղափոխական՝ նախարար Ռուբենը գլխավորապես իր գործողության կենտրոնը արել էր Սասունը և Մուշի դաշտը. նա լավ է ճանաչում այդ ժողովրդին և սիրում է նրանց: Նույնքան և կարելի է ասել ավելին, ճանաչում է քրդերին, որոնց այնքան գովասանք էր շռայլել իր մի հոդվածում, որ ուսումնասիրական փորձ էր քուրդ ժողովրդի բնութագիծը երևան բերելու համար:

12 հուլիսի

Գլխավոր շտաբը հաղորդում է, որ հուլիսի 12-ին վաղ առավոտյան կռիվը վերսկսվում է ավելի կատաղի բնույթ ստանալով, սակայն ժամը 5-ին Բեյուք-Վեդին ընկնում է, և թաթարները, թողնելով ամեն բան, փախչում են Դավալուի ուղղությամբ: Մենք կորցնում ենք 5 սպա սպանված, և 6 վիրավոր, մեր ընդհանուր կորուստը լինում է մոտավորապես 200 հոգի: Թաթարների կորուստը դեռ պարզ չէ, բայց, համենայն դեպս, ասված է հեռագրում՝ մերինից շատ է: Կռվի դաշտում թշնամին թողել է 100 դիակ, իսկ վիրավորներին կարողացել է տանել: Այսպիսով Զանգիբասարից հետո ընկավ Բեյուք-Վեդին, որ արատ էր բերում մեր պետությանը և Բանակին: Այժմ մեր ճանապարհը բաց կարելի է համարել դեպի Նախիջևան, որի համար նույնպես ահագին արյուն ենք թափել: Իմ կարծիքով թաթարները, այդ երկու ամրացած որջերից պոկ գալով այլևս ոչ մի լուրջ դիմադրություն չպիտի ցույց տան մեր խելագար բանակին, որ գնում է հա գնում: Մեր շտաբում այն կարծիքն է տիրում, որ Գայլի Դրունքի մոտ լուրջ կռիվներ կարող են պատահել: Այո, կարող են, եթե թաթարները սարսափահար չփախչեն. ինչպես մենք փախանք Էրզրումից: Եթե մենք դժբախտություն չունենայինք Ղարաբաղն ու Զանգեզուրն ունենալ մեր կողքին, այն էլ սովետական իշխանության տակ, մենք ահագին հաջողություններ կունենայինք: Սեպուհի կարծիքով, եթե այն բոլոր ծախսերը՝ ռազմամթերք և մարդկային հսկայական զոհերը, որ կառավարությունը տվեց Ղարաբաղն ու Զանգեզուրը ազատելու, գործածվեր Տաճկահայաստանը գրավելու, այժմ եթե ոչ ամբողջ, գոնե մի մասը գրաված կլինեինք:

17 հուլիսի

Այս հինգ օրվա ընթացքում նշանակալից դեպքեր չկան: Ռազմաճակատներում ընդհանրապես խաղաղ է, եթե հաշվի չառնենք տեղական բնույթի մի քնի փոքրիկ ընդհարումներ սահմանամերձ շրջաններում:

Մեր առաջխաղացությունը Նախիջևանի ուղղությամբ անարգել շարունակվում է և մենք նորանոր գյուղեր ենք գրավում առանց լուրջ դիմադրությունների: Նախիջևանի թաթարները տեսնելով, որ զանգիբասարցիները և բեյուք-վեդիցիները անողոքաբար հետապնդվում են մեր քաջարի Բանակի կողմից և տարերային խուճապով Արաքսի ու երկաթուղու գծի երկայնքով նահանջում են դեպի Ջուլֆա, միտք են հղացել պատվիրակություն ուղարկել և խնդրել, որ հայկական կառավարությունը իրենց ընդունի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որի համար նրանք վար կդնեն իրենց զենքերը և կկատարեն կառավարության բոլոր հրամանները: Թաթար պատվիրակությունը հանդիպել է Գայլի-Դրունքի մեր զորաշղթային, և հրամանատարությունը թույլ է տվել նրան անմիջապես մեկնել Երևան, բանակցելու կառավարության հետ:

Սիլիկովի(Սիլիկյան -Գ.Ռ.) զորամասը, որ շարժվում էր Նոր-Բայազետից Նախիջևանի գավառը գրավող զորամասին օգնելու՝ արդեն հասել է Գայլի-Դրունք և կապվել է մյուս զորամասի հետ: Հրամանատար Սեպուհը շատ մեծ ցավ է զգում, որ այս մեծ գործողությունների ժամանակ չի գտնվում Իգդիրի շրջանում: Նա ասում է, որ եթե հայ չարագործները Ղազախ-Շամշադինի շրջանից հանգստացնեին մեզ, նա վաղուց գրաված կլիներ Կողբի աղահանքերը և իր զորամասերը Իգդիրից կհաներ Արարատի փեշերի բարձունքների վրա՝ քրդերին շպրտելով դեպի Բայազետ:

Կողբի գրավումը չի ճշտվում, հակասական լուրեր են հասնում: Սասունցիները տեսնելով, որ քրդերը Կողբը դատարկում են, մի հանդուգն հարձակումով մտնում են այնտեղ, թալանում, կողոպտում և էլի ետ քաշվում: Սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը Կաղզվանի ուղղությամբ լուրջ գործողությունների չի դիմել, այլ այդ գրավումը տեղական բնույթ է կրել:

Բայց այս բոլորից հետո, Կողբի գրավումը մի առանձին դժվարություն չի ներկայացնում: Վերջին երկու շաբաթվա մեր հաջողությունների հետևանքով, մեր փողերի գինը 50 տոկոսով բարձրացել է, բայց դժբախտաբար ապրանքների գները դեռ չեն իջել: Չարաշահները /սպեկուլյանտներ/ տեսնելով, որ ահագին վնաս են կրում, գաղտնի կերպով մեր բոնիրը կրում են արտասահման, վալյուտան դարձյալ իջեցնելու ի վնաս մեզ, այդ իսկ պատճառով, ելևմտական նախարարությունը մի խիստ հայտարարությունով արգելել է ճամփորդներին 5000 ռուբլուց ավելի փող ունենալ՝ մեր երկրից դուրս մեկնելիս: Մեր վալյուտայի բարձրացմանը մեծապես օգնում է մեր պետական փոխառությունը թե երկրի ներսում և թե արտասահմանում: Վրաստանի հայաշատ մեր քաղաքներում կանայք իրենց ոսկի և արծաթ զարդերը նվիրաբերում են հայկական պետական գանձարանին:

Կան մարդիկ, որոնք երբեք լավատես չեն մեր ապագայի նկատմամբ, միշտ տրտնջալով ասում են, որ այսինչ կամ այնինչ նորաստեղծ փոքր պետությունները մեզանից շատ նպաստավոր պայմաններում են գտնվում:

Ոչ ոք իրավունք չունի մեզ համեմատելու մեր հարևան հանրապետությունների հետ: Մենք բացառիկ պայմաններում ենք ապրում: Այդպիսի կույրերին միայն մի պատասխան կարելի է տալ. վեց հարյուր տարվա ընթացքում մենք ե՞րբ ենք այնպիսի բախտավոր օրեր տեսել, քան այն րոպեից, երբ ստեղծեցինք մեր սեփական կառավարությունը:

Մեր անցյալը միշտ եղել է տարտամ, անորոշ և հուսահատական, իսկ մեր ԱՆԿԱԽ-ԱԶԱՏ պետական օրից, մեր ապագան հետզհետե պարզվել է և պայծառացել: Այն դաժան հանգամանքներում, որ մենք ձեռք առանք մեր ճակատագրի տնօրինությունը, եթե մի ուրիշ ցեղ կամ ժողովուրդ լիներ՝ չէր կարող այնպես պատվով դուրս գալ ինչպես հայ ժողովուրդը: Մեր հանրապետության ամրապնդումը ոչ թե տարիներով, ամիսներով և շաբաթներով է առաջ գնում, այլ, թող զարմանք չպատճառի, եթե ասեմ՝ օրերով և ժամերով է առաջ ընթանում:

19 հուլիսի

Երեկ գիշեր գլխավոր շտաբը հաղորդեց, որ Օլթիի ուղղությամբ թուրք կանոնավոր ասկյարները, թվով 200 հոգի, երկու գնդացիրով փորձել են հարձակվել մեր դիրքերի վրա, բայց մեր զինվորների կողմից ետ են մղված: Հարձակումը տեղի է ունեցել ամսի 16-ին, իսկ հաղորդագրությունը մենք ստացել ենք երկու օր հետո, ինչպես երևում է կապը կտրված է եղել: Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չի պատահել: Ուղիղ մի ամիս է, որ Ղազախ-Շամշադինի շրջանի «բոլշևիկյան» արկածախնդրությունը վերջացել է, բայց օր չի անցնում, որ մենք վերջնագիր չստանանք այս կամ այն գիծը չեզոք հաշվելու պահակները այնտեղից վերացնելու: Եվ բնորոշն այն է, որ նրանց վերջնագիրը միշտ վերջանում է սպառնալիքով: Բայց ցարդ ոչ մի գործողության չեն անցել, չնայած, որ նրանց վերջնագրի տված ժամանակամիջոցը միշտ էլ լրացած է եղել, և մեր պատասխանները խիստ և կտրուկ: Տեղին է նկատել, որ բոլշևիկները իրենց արարքներով նման են այն շնիկների, որոնք անցորդի վրա հաչում են իրենք իրենցից վախենալով:

Գլխավոր շտաբը ի տեղեկություն մեզ հաղորդում է.-«Կիրովը ամեն տեսակ միջոց ձեռք է առել դադարեցնելու Ադրբեջանի զորքերի առաջխաղացությունը Զանգեզուրի վրա: Հարկավոր է կենտրոնացնել ուժերը և պաշտպանել սահմանները»: Այս խոսքերը բառացիորեն Կիրովինն են, որ ասել է Թիֆլիսի մեր ներկայացուցիչ Բեկզադյանին, իսկ վերջինս նույնությամբ հաղորդել է Երևան կառավարությանը: Այսպիսով Ղարաբաղը ժամանակավորապես մնում է սովետական իշխանության տակ, իսկ Զանգեզուրում մենք անբախտություն ունենք սահմանակից լինելու նրանց:

20 հուլիսի

Իջևանից գնդապետ Հակոբյանը հեռախոսագրում է, որ Եվլախի շրջանում թաթարների և բոլշևիկների միջև կատաղի կռիվներ են, իսկ Ղազախում լսվում է գնդացրային կրակոցի ձայն: Բոլշևիկները առաջարկել են վրացիներին շտապ կերպով վերանորոգել Պոյլի կամուրջը: Եվլախից և Ղազախից նոր եկած մեր գործակալները նույնն են հաստատում, ինչպես երևում է և այն, որ բոլշևիկները թե հայերին և թե թաթարներին զոռով մոբիլիզացիայի ենթարկելով ուղարկել են լեհական ճակատ: Ադրբեջանում խուճապ է տիրում, և բոլշևիկները ռազմական բոլոր հարկավոր մթերքները տենդոտ կերպով տեղափոխում են: Ինչպես երևում է, Լեհական ճակատում գլխավոր և վճռական ճակատամարտեր են տեղի ունենում, որոնց ելքը դեռ հայտնի չէ:

27 հուլիսի

Ուղիղ մի շաբաթ է, որ օրագրիս մեջ ոչ մի տող չեմ գրել, որովհետև աչքի ընկնող դեպքեր չեն պատահել:

Մեր պետական նավակը հաջող է ընթանում, չնայած, որ հյուսիսից թե հարավից եկած ալիքները վտանգավոր են և ահարկու: Սակայն հայ ժողովրդի մակույկը շատ է տեսել օվկիանոսի գոռ ալիքներ, որոնք մերթ նրան բարձրացրել են իրենց գագաթը, մերթ իջեցրել օվկիանոսի խոր անդունդը: Հին լողորդներ ենք մենք, մեզ ոչինչ չի կարող վախեցնել, բացի հոգնածությունից, բայց վերջին հանգամանքը ևս մտահոգիչ չէ, որովհետև ցամաքը երևում է, փրկարար փարոսի լույսը հետզհետե պայծառանում է, առավոտ է բացվում մեզ համար:

Վեց հարյուր տարի է, որ լողում ենք և չենք խեղդվել, և այդ պարագան պատահական չէ, այլ համառ և անդուլ աշխատանքի հետևանք է: Մի քիչ էլ աշխատանք, մի քիչ էլ կորով, և մենք հասած կլինենք մեր նպատակին:

Մեր ռազմաճակատներում տեղական բնույթ կրող կռիվներ են տեղի ունենում, այժմս մեր կարևորագույն զորաճակատները Ղազախ-Շամշադինն է և Շարուր-Նախիջևանը: Առաջինը ցարդ խաղաղ էր, բայց այդտեղ նորից դավեր են նյութում մեր դեմ: Մեզ հանգիստ չեն տալիս և շարունակ զբաղեցնում են մեզ իրենց ավազակային ասպատակություններով: Այսպես օրինակ, օր առաջ թաթարները, թվով վեց հարյուր հոգի, հարձակվել են Գուղ գյուղի վրա և գրավել են այն, մեր պահակները, բնական է՝ պիտի տեղի տային իրենցից հարյուրապատիկ ուժերի առաջ: Այդ ավազակախումբը բաղկացած է գլխավորապես այն թաթարներից, որոնք չեն ուզում զինաթափվել Ադրբեջանում և նրանցից, որոնք սրանից մի երկու ամիս առաջ քշվել են մեր երկրից դուրս: Սրանց ղեկավարում են «մուսավաթականները», որոնք շարունակում են հետապնդել իրենց դժոխային նպատակները, այն է՝ Հայաստանի դիակի վրայով կապվել Մուստաֆա Քեմալի ուժերին:

Մեր հակահետախուզական վարչության գործակալները Ադրբեջանից հակասական տեղեկություններ են բերում, ոմանք ասում են, որ սովետական իշխանությունը ամեն ջանք թափում է Հայաստանը ներսից և դրսից պայթեցնել և միանալ քեմալիստների հետ, իսկ ոմանք ճիշտ հակառակն են պնդում, որպես թե նրանք այդպիսի լուրջ մտադրություն չունեն և այլն: Սովետական իշխանությունը իրապես ամեն կերպ խլուրդային աշխատանք է թափում կապվելու Անատոլիայի միլիտարիստների հետ, կռվելու Եվրոպական բռնակալների դեմ: Կարմիրների խստությունները Ադրբեջանում բոլորովին խորտակեց թուրք-թաթարների սպառնալիքները: Նրանք կարծելով, որ Ադրբեջանը խորհրդային հայտարարելով մեծ հարված կհասցնեն Հայաստանին, բայց նրանց սին հույսերը ցարդ և հետագայում ոչ արդարացել են, ոչ էլ պիտի արդարանան:

Երեկ մեզ մոտ եկավ սովետական Ադրբեջանի հակա-հետախուզական կազմակերպության կառավարիչ գանձակեցի Սողոմոն Գրիգորյան-Հովհաննիսյանը, տեսակցություն ունեցավ Սեպուհի հետ, որ տևեց երկու ժամ: Բավական կարևոր և հավանական տեղեկություններ տվեց բոլշևիկների գործունեության մասին ընդհանրապես և Բոլշևիկ Ադրբեջանի մասին մասնավորապես: Նա կարծես մեր մեջ խախտեց դեպի բոլշևիկները տածած թերահավատությունը և վստահեցրեց, որ ռուս և այլազգի իսկական կոմունիստները շատ լավ են տրամադրված Հայաստանի հանդեպ և նրանք բոլորովին մտադրություն չունեն քայլելու Հայաստանի վրա: Սակայն բոլշևիկյան քողի տակ թաքնված մուսավաթականները և հայ ժողովրդի ծոցից վիժածները ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում իրականացնելու Հայաստանի կործանումը: Մարդկային խղճից ու արդարությունից հալածված այդ թշվառականները էլ պրովոկացիա, էլ աներևակայելի ստեր չի մնացել, որ բաց չթողնեն թե մամուլի միջոցով և թե բերանացի Հայաստանի մասին, որպես թե այնտեղ կատարվող ահաբեկումների, ճնշումների և այն բանվորական ու գյուղացիական կրկնվող ապստամբությունների մասին, որոնք, իբր թե ճնշվում են ամենաբարբարոսական կերպով:

Սողոմոն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ եթե բոլշևիկները ուժեր են կենտրոնացնում Հայաստանի սահմանի վրա, այդ ոչ թե հարձակման դիմելու նպատակով է, այլ իրենց սահմանները պաշտպանելու և Հայաստանից երկյուղ կրելու պատճառով: Եվ այսպես, եթե հավատանք Հովհաննիսյանի ցուցմունքներին, բոլշևիկները մեզ հաշվի են առնում: Մտնելով Ղարաբաղ ու Զանգեզու, նրանք՝ այդ մանկամիտ քաղաքագետները, սկսեցին զինաթափել հայ գյուղացիությանը, ենթադրելով, որ սրանք ևս վախկոտ թաթարների պես անբարբառ պիտի հնազանդեն այդ ապօրինի կարգադրությանը: Բայց ազատասեր հայ լեռնական ժողովուրդը ծառացել է նրանց դեմ և այնտեղ սկսել է ներքին կռիվ, որի հետևանքով բոլշևիկները անամոթաբար թողել են Զանգեզուրի սիրտ Գորիսը:

Այսպես, բոլշևիկներին գրկաբաց ընդունող Ղարաբաղն ու Զանգեզուրն արթունության նշաններ են ցույց տալիս և իրենց կաշվի վրա փորձով համոզվեցին, որ նախկին Ռուսաստանն է եկողը՝ նոր հագուստով: Շարուրը ամբողջապես մաքրվեց մեզ թշնամի տարրերից, որոնք բույն էին դրել երկաթուղագծի երկու կողմերը: Այժմ մեր քաջարի Բանակը շարժվում է Նախիջևանի վրա: Շայթախտ կայարանը և Խոկ գյուղը ամսի 25-ին, համառ կռվից հետո, գրաված են մերոնց կողմից:

Ադրբեջանից եկողները ասում են, որ մեր արշավանքը դեպի Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը ուրախությամբ է ընդունվել այնտեղ, բացառությամբ թաթարների: Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու կարևոր գծի գրավումով ուրախանում ենք և մենք, և բոլշևիկները, և անգլիացիք: Մեր ուրախությունը ամենքի համար շատ պարզ է, բայց վերջին երկուսի դիվային ուրախությունը մութ է, շատ մութ ամենքին: Իմ կարծիքով բոլշևիկները հրճվում են, որ մենք երկաթուղագիծը ազատում ենք հակա-հեղափոխական տարրերից, իսկ մեզ հետ, նրանց կարծիքով, ի վերջո հաշիվ տեսնելը հեշտ է, որովհետև ռուսամոլ ենք, և եթե մի փառավոր օր զուտ ռուսական զորամասեր շարժվելու լինեն Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Շարուր-Նախիջևան և ապա Պարսկաստան, մենք առանց գնդակ արձակելու պիտի ասենք «հրամեցեք»:
Բայց «կոմունիստ» աշխարհակալները շատ են սխալվում. մեր առաջվա պլատոնական սերն ու համակրանքը հանդեպ Ռուսաստանի փոխվել է ատելության ու վրեժխնդրության, մենք հիմա քաջ գիտակցում ենք, որ եթե սրանից հետո, եթե նորից մեզ վիճակվի խմել ստրկության թույնը, դրա միակ պատճառը Ռուսաստանն է, լինի նա նոր թե հին, հեղափոխական թե ռեակցիոն: Թուրք թաթարական ամեն տեսակի վտանգներին մենք այժմ ի վիճակի ենք դիմագրավելու և նույնիսկ հակահարված տալու, եթե Ռուսաստանը, այդ կեղծ կարմիր հագած Ռուսաստանը մեր կռնակից մեզ չհարվածի:

Գալով Անգլիային պիտի ասեմ, որ նրա ուրախությունը բխում է ոչ թե նրանից, որ նա մարդասիրաբար ցանկանում է, որ Հայաստանի խաչելիությունը վերջանա ու այդ զրկված սրբությունը ազատ և անկախ կյանք վարի դարավոր ստրկությունից հետո, այլ նրանից, որ հանձինս Հայաստանի ուժեղության և անկախության՝ տեսնում է անգլիական տիրապետության պաշտպանություն: Հանձինս մեզ նա տեսնում է մի պատնեշ Ռուսաստանի դեմ, բոլշևիկյան համաճարակի դեմ, որ սպառնում է ողջ Եվրոպան հիմնահատակ անել, որից հետո ծովերի թագուհին ստիպված պիտի լինի քաշվել-կծկվել Բրիտանական նեղ, անարև ու մառախլապատ կղզիներում և լաց լինել իր անցած փառքի վրա: Պետք է նկատել, որ Եվրոպան, այդ անատամ քավթառը, հանձինս Անգլիայի և իր վարչապետ Լլոյդ Ջորջի, մեզ երկար տարիներ խաբելուց և խոստումներով կերակրելուց հետո, հայտարարեց, որ հայերը իրենց հույսը իրենց վրա թող դնեն: Այս հայտարարությունից ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հրաշալիորեն գիտակցել էր, որ իր միակ հույսը, իր միակ ապավենը ինքն է, իր բազուկը: Դրան որպես ապացույց թող բարի լինի «մեծ» քաղաքագետ Լլոյդ Ջորջը կարդալու հայ ժողովրդական այն երգը, որ ասում է. «Համոզված ենք որ միայն զենքով կա հայի փրկություն»:

Թուրքիան տեսնելով, որ մենք սրարշավ առաջանում ենք Նախիջևանում, որտեղ մեր զորքերի առջևից փախչում են 150 հազար զինված և անզեն խուժանը, ուզում է կասեցնել մեր արշավանքը, դրա համար էլ Օլթիի ուղղությամբ մոտ 200 լավ զինված ասկյարներ 4 գնդացիրներով հարձակվել են մեր դիրքերի վրա, բայց ետ են շպրտվել:
Անգլիացիների խոստացած զինամթերքը արդեն Բաթում է հասել:

40000-ոց բանակը լավագույն կերպով սպառազինելու և զգեստավորելու համար է: Մեր պետության ամենացավալի կողմն էր, որ բուժվեց: Այժմ ռազմամթերքի հոգսը վերացած կարելի է համարել, մնում է հաց՝ նա էլ ապահովված է համարյա, շնորհիվ բարեբեր երկրի և այն հաղթությունների, որ մի ամսվա ընթացքում մենք ունեցանք Շարուր-Նախիջևան ճակատում: Հայաստանի բոլոր թշնամիները թող սրանից հետո զգույշ լինեն և չխաղան մեր պետության ամենանուրբ լարերի հետ, այլապես մենք նրանց զենքով կզգուշացնենք: Զգույշ, շատ զգույշ թող լինեն:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter