HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

60.6մլն եվրո՝ պետական սահմանի անցման 3 կետերի արդիականացման համար

Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության ու «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցիչները: Նպատակն էր դիտարկել անցումային կետերի արդիականացման ծրագրի գրանցած առաջընթացն ու քննարկել այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները:

Խորհուրդը նախագահող Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում հաստատվել են անցումային երեք կետերի էսքիզային նախագծերը, և արդեն կատարվել է շինարարական որոշակի աշխատանք: «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերին սարքավորումների տրամադրման և դրանց կարողությունների զարգացման նախագիծն է ներկայացրել ՄԱԶԾ Սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա նշել է նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` 2014թ.-ից նախագիծը կյանքի կոչելու համար:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ը նախատեսում է անցակետերը համալրել ավտոմեքենաների որոնման և վերահսկման համակարգերով և կիրառել «Մեկ պատուհան» սկզբունքը: Դա թույլ կտա պարզեցնել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter