HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ավագանիները չգիտեն, թե ինչ փաստաթղթի տակ են ստորագրել

Շուշան Օհանյան

Գորիսի ավագանու հերթական` դեկտեմբերի 19-ի նիստին, նախատեսված ժամից քառասուն րոպե անց դահլիճում ավագանու միայն մեկ անդամ էր ներկա, մի քանիսն էլ ելումուտ էին անում միջանցքում: Համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը դահլիճում գտնվող լրագրողների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների համար պարզաբանելով նիստի ուշացման պատճառը, նշեց, որ «ավագանու անդամները դժգոհ են որոշ բաներից»: 

Նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվում, ավագանու 15 անդամից ներկա էր 6-ը: Մյուսների բացակայությունն, ըստ համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի, անհարգելի էր, քանի որ օրենքով սահմանված ժամկետում ավագանու անդամներին իրազեկել են նիստի օրվա և քննարկվող օրակարգի մասին, բայց նրանցից տեղեկություն չեն ստացել հարգելի պատճառով բացակայելու մասին:

«Առավոտից զանգում եմ ավագանիներին, մեծ մասը չի պատասխանում, հեռախոսներն անջատված են»,- նշեց Գ. Հայրապետյանը: Աշխատակազմի քարտուղարը, վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ըստ որի՝ «Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների կեսից ավելին, և եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, եւ այն չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները», նշեց, որ նիստը  չի կարող կայանալ: Այսպիսով, ավագանու նիստը, որի օրակարգում համայնքի 2014թ. բյուջեի, ինչպես նաև՝ համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների հաստատումն էր, հետաձգվեց մինչև երկուշաբթի:

Այնուհետև ոչ պաշտոնական քննարկում ծավալվեց, որի ընթացքում քաղաքապետը, անդրադառնալով  ավագանու որոշ անդամների` իր բնորոշմամբ բողոքին, նշեց, որ դեկտեմբերի 17-ին ավագանու ինը անդամների (Վահե Բաբայան, Վահե Հովսեփյան, Արծրուն Միրզաթունյան, Արշակ Մկրտչյան, Դավիթ Դոլունց, Հրայր Յոլյան, Մասիս Ղևոնդյան, Գոռ Տիգրանյան, Ռուստամ Ակլունց) ստորագրությամբ քաղաքապետարան է ներկայացվել դիմում: Նամակագիրները խնդրում էին մեկնաբանել, թե ինչու օրենքով սահմանված ժամկետում չի կայացել ավագանու հերթական նիստը, որտեղ պետք է ներկայացվեր ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նիստին չմասնակցած ավագանու անդամներին հետաքրքրում էին նաև համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակները` ներառյալ դրանք զբաղեցնող մարդկանց անուն-ազգանունները: Ավագանիները պահանջել էին նաև ներկայացնել քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի 3 հասցեում գտնվող շենքի վարչական հատակագիծը, գործող վարձակալության պայմանագրերը, վարձակալության համար դիմած կազմակերպությունների կամ անհատների դիմումները:

Փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանի խոսքով` հաստիքացուցակներն ու դրույքաչափերը նախօրեին էլեկտրոնային տարբերակով ուղարկվել էին  ավագանիներին: 

Հաջորդ հարցի կապակցությամբ քաղաքապետը ներկայացրեց իր պարզաբանումը. «Շենքի հատակագիծը, վարձակալության համար տրամադրված դիմումները, էլեկտրոնային հղումները, որոնց միջոցով կարող եք ծանոթանալ դիմումներին, կարող եք գտնել goriscity.am կայքում, իսկ կնքված պայմանագրերին առաջարկում եմ ծանոթանալ քաղաքապետարանում, քանի որ հնարավոր է՝ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող անձանց համար դրանք պարունակեն առևտրային կամ այլ գաղտնի  տեղեկատվություն»:

Այն, թե ինչու չի ապահովվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջը, ըստ որի «Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ», համայնքի ղեկավարը բացատրեց նրանով, որ քաղաքապետարանի այն անդամները, ովքեր իրավասու էին գումարել ավագանու նիստեր, հոկտեմբերի 11-22-ը գտնվում էին գործուղման մեջ:

Նիստին ներկա գտնվող ավագանու անդամ, «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի խոսքով` ավագանիների նման գործելակերպի ու ենթադրյալ բոյկոտի հիմնական պատճառն այն է, որ Գորիսի քաղաքապետարանը 2013 թվականին բյուջեից 14 մլն դրամ է ծախսել ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար` առանց ավագանու անդամների գիտության: «Դա արհամարհանք էր ավագանու անդամների նկատմամբ, և այն բացասական ազդեցություն ունեցավ մեր աշխատանքների արդյունավետության վրա»,- շարունակեց Ռուզաննա Տոռոզյանը:

Զարմանալի է, թե ինչպես է, որ դեռևս 2013թ. փետրվարի 8-ին կայացած նիստի որոշումը ավագանիներին մտահոգել է միայն տասը ամիս անց, մանավանդ, որ մինչ այդ ավագանու ութ նիստ է կայացել: Ուշացած հարցի առնչությամբ, թերևս, մնում է համաձայնվել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանի պարզաբանման հետ. «Իսկ ո՞վ է ասում, որ առանց ավագանու համաձայնության է եղել: Դուք ինքներդ ստորագրել եք այդ նախագծի տակ: Դուք ևս ստորագրել եք այն ավագանու նիստի արձանագրությունը, որը վերաբերում էր Գորիս համայնքի 2013թ. բյուջեի փոփոխմանը, ըստ որի առանձին տողով «տրանսպորտային սարքավորումներ»-ի համար նախատեսվում էր 14 մլն դրամ»:

 Թե իրականում ինչ պատճառաբանությամբ ավագանու ինը անդամները չէին ներկայացել նիստին, և արդյոք սա բոյկո՞տ էր, փորձեցինք պարզել հենց նրանցից:
«Ո՞վ է ասել, որ բոյկոտում ենք, կոնկրետ անուն կասե՞ք: Նման բան չկա, ուղղակի անձնական խնդիրներ ունեի և բացակայում էի քաղաքից, ես տեղյակ եմ պահել, որ ներկա չեմ լինելու»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույզի ժամանակ ասաց ավագանու անդամ Ռուստամ Ակլունցը:

Ի տարբերություն նրա, ավագանու անդամներ Վահե Հովսեփյանն ու Գոռ Տիգրանյանը նշեցին, որ նախօրոք տեղյակ են եղել նիստի մասին, բայց բացակայել են այն պատճառով, որ իրենց ներկայացրած հարցերին բավարար պատասխան չի տրվել: «Ես ներկա չեմ եղել այն պատճառով, որ նիստում ընդգրկված հարցերը շատ էին, մեզ պատշաճ պարզաբանումներ էլ չէին տրվել, ուստի պատրաստ չէի նիստին»,- ասաց Գ. Տիգրանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter