HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը 

1918 թ. հուլիսի 31-ին, գիշերը, Ղարաղշլաղ գյուղից լուր բերին Շուշի, որ Զանգեզուրից մեծ թվով գաղթականներ, մոտ 2500 շունչ, հասել են Ղարաղշլաղ` Շուշի մեկնելու նպատակով, բայց խճուղին երիզող լեռնային արոտավայրերում տեղավորված մուսուլման քոչվորները Շուշուց մոտ 18-20 կիլոմետր հեռավորության վրա արգելում են գաղթականությանն անցնելու Շուշի։ Նրանք լեռնային անառիկ բարձունքներից կրակում են խճուղով անցնել փորձող գաղթականների վրա և ստիպում նրանց կրկին վերադառնալ Ղարաղշլաղ։ Գաղթականությունից կային սպանվածներ և վիրավորներ։ Ղարաղշլաղի սուրհանդակը նախազգուշացրեց, որ ոչ միայն գաղթականների, այլև տեղացիների վիճակը կարող է խիստ ծանրանալ նրանով, որ մի քանի օրից հետո գյուղում այլևս ուտելու բան չի մնա։ Ղարաղշլաղի ղեկավարների անունից նա խնդրեց կառավարության արագ միջոցներ ձեռք առնել զսպելու քոչվորներին և ապահովելու գաղթականության ճանապարհը դեպի Շուշի։ Հարցը անմիջապես մտցվեց Ազգամիջյան կոմիտե։ Որոշվեց կոմիտեի մուսուլման անդամներից բաղկացած մի հանձնաժողով ուղարկել լեռները համոզելու քոչվորներին՝ թույլ տալ գաղթականության անարգել անցնելու խճուղով Շուշի։ Հանձնլաժողովի հորդորները անցան ապարդյուն։ Մի քանի օր անընդհատ շարունակվեցին բանակցությունները քոչվորների հետ ուրիշ, ավելի հեղինակավոր մուսուլման գործիչներից կազմված հանձնաժողովների միջոցով, բայց դարձյալ առանց որևէ դրական արդյունքի։ Քոչվորները ամեն անգամ վճռականորեն մերժում էին բաց թողնել գաղթականությանը, պատճառաբանելով, որ տղամարդիկ այնտեղ զինված են և իբր թե կարող են քաղաքում անկարգություններ առաջ բերել։ Այդ պատճառաբանությունը բոլորովին ակներև դարձրեց, որ քոչվորներն ինքնագլուխ չէին գործում և, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում էին Շուշու մուսուլմանական մասի տաճիկ «կոմենդանտ» Հասան Բասրի-բեյի կողմից, որը փոխարինում էր լուծարքի ենթարկված նախկին մուսուլմանական ազգային կոմիտեին։  «Հանգույցը» լուծելուն չօգնեց նաև Ազգամիջյան կոմիտեի հայ անդամների նախազգուշացումը, որ կառավարությունը կարող է ստիպված լինել դիմելու քոչվորների նկատմամբ զինված ուժի միջամտության։ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովը, տեսնելով ստեղծված լարվածությունը, մի անգամ ևս փորձեց համոզել իր ցեղակիցներին խաղաղությամբ լուծելու հարցը։ Բայց գործադրված նորանոր ջանքերը ոչ մի դրական արդյունք չտվին, մինչդեռ Ղարաղշլաղից շարունակում էին ստացվել, գրեթե յուրաքանչյուր գիշեր, տագնապալի լուրեր գաղթականության և գյուղացիների հուսահատական վիճակի մասին։

Պահանջվում էին արագ և վճռական գործողություններ` դրությունը փրկելու համար։

1918 թ. օգոստոսի 5-ի գիշերը կառավարության կարգադրությամբ Խաչենից Շուշի ուղարկվեցին լիակատար մարտական պատրաստությամբ երկու հարյուր ընտիր ռազմիկներ իրենց հրամանատարով։ Ջոկատին առաջադրություն տրվեց՝ ապահովելու համար նորմալ երթևեկությունը Ղարաղշլաղ գյուղի և Շուշու հայկական մասի միջև՝ արագ գործողություններով  ազատել խճուղին մինչև Ղարաղշլաղ, մաքրելով այդ տարածության վրա ընկած լեռնային արոտատեղիները քոչվորների զինված ուժերից։ Խստորեն կարգադրվեց խուսափել աննպատակ սպանություններից և հարվածել միայն դիմադրողներին։ Ձեռք առնվեցին բոլոր միջոցները, որպեսզի իր մասշտաբով տեղային բնույթի այդ օպերացիան չծավալվի և չվերացծվի մեծ հրդեհի, որից ամեն կերպ խուսափում էր կառավարությունը։ Օգոստոսի 7-ի վաղ լուսաբացին սկսվեցին գործողությունները զինվորական գործերի կառավարիչի ընդհանուր ղեկավարությամբ։ Առաջին և հիմնական հարվածն ուղղվեց Գայլագորիկանի (Ղալագորիքան) անառիկ սարավանդում տեղավորված քոչվորների զինված ուժերի դեմ։ Այդ բարձունքին տիրելով, հարվածի տակ էր ընկնում խճուղին երիզող լեռնային զանգվածը ամբողջ տարածության վրա, ուր փոքր խմբերով ցրված տեղավորված էին մնացած քոչվորները, ինչպես գիշատիչ անգղներ, որոնք պատրաստ էին ամեն ժամ հարձակվելու և հոշոտելու ճանապարհով անցնող ամեն մի հայի։ Գիշերային հետախուզությունը ցույց էր տվել, որ քոչվորները պահպանություն չունեն կազմակերպած։ Այդ պատճառով հայ մարտիկների շղթաները հնարավորություն ունեցան հարձակման առաջին իսկ վայրկյաններից արագ թռիչքներով մոտենալու քոչվորների վրաններին մոտ 100 մետր տարածության վրա։ Նրանք օդում մի քանի համազարկներ տալուց հետո, չհանդիպելով լուրջ դիմադրության, շարունակեցին դանդաղ առաջխաղացությունը քոչվորներին սարից քաշվելու հնարավորություն տալու համար, որոնք առաջին իսկ համազարկներից հանկարծակիի գալով և իրենց շրջապատված տեսնելով երեք կողմից, տագնապահար հավաքեցին վրանները և ունեցած-չունեցածը և սկսեցին հապճեպ քաշվել Սարու-Բաբա լեռան ուղղությամբ։ Կարճ ժամանակից հետո Գայլագորիկանի վրա արդեն իշխում էին հայ մարտիկները։

Այնուհետև կարճ ժամանակամիջոցում մաքրվեց քոչվորների մանրմունր խմբերից նաև ամբողջ լեռնային տարածությունը մինչև Ղարաղշլաղ։ Ճանապարհը լիովին ապահովվեց քոչվոր բանդիտների հարձակումներից։

Հեծյալների մի խումբ թռավ դեպի Ղարաղշլաղ`իմաց տալու, որ ճանապարհը ազատ է, և գաղթականությունը կարող է հանգիստ շարժվել դեպի Շուշի։

Մի քանի ժամից հետո ամբողջ խճուղով երկար ձգված հայ գաղթականների կարավանի ծայրը արդեն  հասել էր Շուշու «Վերին հանգստարան» կոչված հայկական մեծ գերեզմանատան, ուր քաղաքի հայ կանանց միությունը լայն պատրաստություն էր տեսել ընդունելու հայ ժողովրդի տանջված, մերկ ու քաղցած զավակներին։ Տեսնողին հիացմունքն էր պատճառում, թե ինչպիսի աշխուժով, հայրենանվեր անձնվիրությամբ ու ոգևորությամբ էին նախապատրաստվել Ոսկեդարի հայ կանանց սրբազան ավանդները ջերմ գուրգուրանքով իրենց բոցավառ սրտերում ամուր պահած մեր սիրելի քույրերը՝ ընդունելու իրենց արյունաքամ եղբայրներին և քույրերին...

Բժիշկների մի մեծ խումբ` բաղկացած մեծ մասամբ կանանցից, մեկիկ-մեկիկ քննության էր ենթարկում տղամարդկանց, կանանց և երեխաներին ու ցույց տալիս բժշկական օգնություն կարիք ունեցողներին։ Ծանր հիվանդները իսկույն փոխադրվում էին քաղաքային հիվանդանոց։ Երեխաների համար ստեղծված էին լողանալու հատուկ հարմարություններ։ Նրանց լողացնում և ապա հագցնում էին մաքուր սպիտակեղեն և հագուստ, որ նվիրել էին քաղաքի հայ ունևոր խավերը։ Հագուստ էր բաժանվում նաև կիսամերկ կանանց և տղամարդկանց։ Այդ ամենից հետո գաղթականներին բաժանվում էր հաց ու եփած միս։

Կեսօրվա մոտ, երբ գաղթականության արագ հոսանքը շարունակվում էր տակավին, հանկարծ, անսպասելի կերպով, Գայլագորիկանի դիմացի լեռնալանջերին, 3-4 կիլոմետր հեռավորության վրա, երևաց Սուլթան-բեկի քրդերից բաղկացած սպառազեն ձիավորների մի մեծ խումբ, տաճկական դրոշակ պարզած։ Դա «Քուրդիստանի» թուրք «կոմենդանտի» կազմակերպած մի նոր «համիդիեի» ջոկատներից էր, որ եկել էր Ղարաբաղի լեռնաշղթայի անցուղիներով, հավանորեն Բազիրիկանի լեռնանցքով, թյուրք քոչվորներին օգնության։ Բայց ուշացել էր։ Արդեն ամեն ինչ վերջանալու վրա էր։ Այնուամենայնիվ, ձիավորների մի մասը փորձ արեց դուրս գալ խճուղի «Թթու ջրի» ուղղությամբ, նպատակ ունենալով կտրելու գաղթականության վերջին խմբերի ճանապարհը։ Սակայն հանդիպելով այդ կետում հայկական շրջիկ այրուձիի անվրեպ կրակին, քրդերը մատնվեցին խուճապի և ձիաների գլուխները շրջելով՝ ընկրկեցին ետ, տալով երեք սպանված և մի քանի վիրավորներ։ Այնուհետև, Գայլագորիկանի բարձունքներից տրված մի քանի միահամուռ համազարկներով քրդական ջոկատը ցիրուցան արվեց և այլևս չերևաց։

Շուտով դադարեց խճուղու վրա գաղթականների հոսանքը։ Ղարաղշլաղ գյուղում նրանցից էլ ոչ ոք չէր մնացել։

Խճուղին քոչվորների հարձակումներից ապահովելու և գաղթականությունը Շուշի փոխադրելու համար ձեռնարկված գործողությունների ընթացքում, որ տևեց ընդամենը ոչ ավելի, քան 12-13 ժամ,  քոչվորները նյութական և մարդկային կորուստներ չկրեցին։ Փախուստի ժամանակ նրանք չէին կարողացել իրենց հետ տանել գորիսեցի հայ առևտրականներից խճուղու վրա կողոպտված մի երկու արկղ ծխախոտը, որը հայ զինվորների և սպաների մեծամասնության համար ծառայեց իբրև «բացառիկ ռազմական ավար»։

Գործողությունների ժամանակ խաղաղությունը ամենուրեք, թե քաղաքում և թե գավառում, ոչնչով չխախտվեց։ Այդ օպերացիան տվեց նաև քաղաքական տեսակետից դրական արդյունք. Լյուֆտալի-բեկի և նրա համախոհների ազդեցությունն ավելի ուժեղացավ թյուրք բնակչության շրջանում, իսկ ագրեսիվ տարրերը, որոնք խմբված էին տաճիկ «կոմենդանտի» շուրջը, համոզվեցին, որ հայերի խաղաղասիրական քաղաքականությունը բնավ չի ապացուցում,թե նրանց դիմադրական կարողությունը կամ մարտական ոգին որևէ չափով թույլ է, որ այդ խաղաղասիրությունը բխում է երկրում հանգստություն պահպանելու և անմիտ ու աննպատակ արյունահեղություններից խուսափելու միանգամայն անկեղծ ձգտումներից։

Օսմանյան բարձր հրամանատարությունը և մուսավաթական ղեկավարները այդ դեպքը մատի փաթաթան դարձրին Հայաստանի կառավարությանը բողոքելու, որ Ղարաբաղում հայերը իբրև թե սիստեմատիկ հարձակումներ են գործում մուսուլման քոչվորների վրա, թալանում և սպանություններ կատարում։ Այդ ստահոդ և պրովոկացիոն հերյուրանքները Ղարաբաղի հայ գործիչներին ամենևին զարմանք չպատճառեցին։ Նրանք արդեն գիտեին, որ թուրք-ադրբեջանական ջարդարարները իրենց մութ պլանները իրագործելու համար միշտ դիմում են նման խարդավանքների։

Կառավարության կից գաղթականական Կոմիտեն հաջորդ մի քանի օրերում ցուցակագրեց գաղթականներին, բաժանեց գյուղերի վրա և հատուկ լիազորների առաջնորդությամբ ուղարկեց տեղերը։ Երեխաների մի մասը տեղավորվեց նոր հիմնված որբանոցներում։

12. Զինամթերքը Զանգեզուրից Ղարաբաղ տեղափոխելու փորձի անհաջողությունը. Ղարաղշլաղի ավերումը[1]

Բաքվի պաշտպանության և քաղաքի ընդհանուր վիճակի մասին զանազան ուղիներով Ղարաբաղ մուտք գործող լուրերը 1918 թ. օգոստոսի երկրորդ կեսից սկսել էին դառնալ ավելի ու ավելի տագնապալի։ Անգլիացիների դավաճանությունը հուսալքում էր առաջարցրել քաղաքի պաշտպանների և հայ բնակչության շրջանում։ Հոգնել էին կռվողները, իսկ նրանց փոխարինելու համար չկային թարմ ուժեր, օժանդակ զորամասեր։ Զինամթերքի պակասն ավելի էր սաստկացնում բարոյալքումը ճակատում։ Ծանր էր առանձնապես քաղաքի պարենավորման և առողջապահության վիճակը։

Եվ թշնամին մեկ դիրք մյուսի ետևից գրավելով, քայլ առ քայլ մոտենում էր քաղաքի պաշտպանության վերջին բնագծերին։

Այդ ցնցող լուրերը արագորեն տարածվում էին Ղարաբաղում և առաջ բերում ժողովրդի մեջ ջղայնություն և տագնապ։ Շուշու գնդի և Գորիս հասցրած զենքի և զինմաթերքի տեղափոխությունը դարձավ այլևս օրհասական անհրաժեշտություն։ Այդ գունդը, ինչպես ասացինք, կազմակերպվել էր Թիֆլիսում։ Դրա համար վճռական նշանակություն էր ունեցել ղարաբաղցիների Թիֆլիսի հայրենակցական միության և Շուշուց 1917 թ. նոյեմբերին հատուկ միսիայով Թիֆլիս գործուղղված Հայրապետ Մուսայելյանի միջնորդությունը։ Վերջինիս հանձնարարվել էր ամեն կերպ հաջողեցնել Ղարաբաղ ուղարկելու մի կանոնավոր զորամաս, օգնելու տեղական իշխանություններին կարգ և հանգստություն պահպանելու երկրում։

Այդ այն ժամանակ էր, երբ կազմակերպվեց հայկական կորպուս՝ ռուսական արևմտյան ճակատից 1917 թ. ընթացքում, մինչև հոկտեմբեր, Կովկասում հավաքված 30 հազարից ավելի հայ զինվորներից և սպաներից։

Հայկական կորպուսը բաղկացած էր երեք դիվիզիայից, որոնց մեջ էին մտցված նաև կամավորական ջոկատները։ Կորպուսի հրամանատար էր նշանակվել գեներալ Թոմաս Նազարբեկյանը։ Դիվիզիաներից մեկը, որ բաղկացած էր «Հայկական հատուկ հարվածող զորամաս» և դրվեց Անդրանիկի հրամանատարության տակ։ Բացի հայկական կորպուսից, կազմակերպվեցին երկուական բատալիոններից բաղկացած հատուկ զորամասեր Լոռի, Ախալքալաքի, Ղազախի և Շուշու համար։

Շուշու զորամասը, որ սկսեց կոչվել «Շուշու գունդ», կազմված էր ղարաբաղցի, նուխեցի, շամախեցի, գանձակեցի զինվորներից, թվով մինչև 800 մարդ (500 հետևակ և 300 այրուձի)։ Գնդի հրամանատարն էր գնդապետ Միքայել Օսիպովիչ Մելիք- Շահնազարյանը` շուշեցի, իսկ կոմիսարը՝ մի սպա, նույնպես շուշեցի։ Գնդապետ Մելիք-Շահնազարյանը մեծ եռանդ գործադրեց գնդի կազմակերպման գործում։ Նրան հաջողվեց ստանալ ռուսական ռազմական մթերանոցներից բավականաչափ հրացաններ, երկու միլիոնից ավելի փամփուշտ, «ձեռքի» և «Մաքսիմ» սիստեմների մի քանի տասնյակ գնդացիրներ, երկու ծանր, բայց հին սիստեմի թնդանոթ և մեծ քանակությամբ մարտական հանդերձանք։

Գունդը մեկնեց 1917 թ. նոյեմբերի վերջերին և Ղարաքիլիսայի, Դիլիջանի, Բայազետի, Դարալագյազի և Սիսիանի վրայով հասավ Գորիս միայն 1918 թ. հունիսին, այսինքն` անցնելով իր լեռնային դժվարահաղթ ճանապարհը ամբողջ յոթ ամիսների ընթացքում։ Գունդը Գորիս հասավ ոչ լրիվ կազմով։ Դեռևս Ղարաքիլիսայում և Դիլիջանում եղած ժամանակ նրանից բաժանվել և լեռներով իրենց ծննդավայրն էին մեկնել գանձակեցի, նուխեցի և մասամբ ղարաբաղցի զինվորները իրենց զենքերով։ Մի քանի հարյուր հոգի էլ ցրվել էին Բայազետից մինչև Սիսիան և Գորիս հասնելը։ Այդպիսով Շուշու գնդում, Գորիս հասնելուց հետո, հազիվ մնացել էր 200-300 մարդ։

Արդեն երրորդ ամիսն էր, որ գնդի մնացորդը իր բավականին զգալի պաշարով նստած էր Գորիսի շրջանի Տեղ գյուղում և Ղարաբաղ տեղափոխվելու համար աջակցություն չէր գտնում տեղական իշխանությունների և կազմակերպությունների կողմից։ Գորիսի շրջանի ղեկավարները պարզապես չէին ցանկանում, որ գնդի բերած զինամթերքը իրենց շրջանից դուրս բերվի։ Գործի անհաջողությանը նպաստում էր նաև գնդի հրամանատարի և իր օգնականի Հովան Ստեփանյանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները։ Բանը հասնում էր նրան, որ գնդապետը և իր օգնականը համաձայնության չէին գալիս պատասխանելու Ղարաբաղի կառավարության հարցումներին, թե ինչ կարող է անել Ղարաբաղը գնդի փոխադրության գործը դյուրացնելու համար։ Գնդի հրամանատարը փոխանակ անմիջական կապ հաստատելու սուրհանդակի միջոցով Ղարաբաղի կառավարության հետ` իրազեկ դարձնելու նրան փոխադրության հետ կապված դժվարություններին և պահանջներին, այդ տարաձայնություններից դրդված, դիմում էր անուղղակի միջոցի։ Եթե անհրաժեշտ էր որևէ բան հաղորդել կառավարությանը, կամ վերջինիս գրավոր հարցումներին էր կամենում պատասխանել, նա այդ ամենը կատարում էր ոչ պաշտոնապես, այլ Շուշում ապրող իր եղբորի ուղղած անձնական նամակների միջոցով։

Զինվորական գործերի կառավարիչը, Շուշու գնդի հրամանատարից անուղղակի եղանակով ստացված հատ ու կենտ տեղեկությունների կարևորություն չտալով, պահանջում էր, որ նա անմիջապես կապվի կառավարության հետ և պաշտոնապես հայտնի, թե երբ է մտադիր շարժվելու դեպի Ղարաբաղ և դրա հետ կապված ինչ պահանջներ ունի։ Սակայն գնդապետը չկամեցավ հրաժարվել իր մի անգամ ընտրած կապի խոտելի եղանակից։ Նա օգոստոսի սկզբներին դարձյալ իր եղբոր՝ Սամսոն-բեկի միջոցով տեղեկացրեց զինվորական գործերի կառավարիչին, որ իբր թե իր մոտ ամեն ինչ պատրաստ է, և միայն Գորիսի շրջանի ղեկավարությունը չի կամենում աջակցել իրեն անցնելու Ղարաբաղ, որպեսզի զինամթերքը դուրս չբերվի իր շրջանի սահմաններից։ Նա հայտնում էր նաև, որ իրեն դժվարություններ են պատճառում գնդի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները։ Դրանից հետո կառավարությունը մի հատուկ գրությամբ խնդրեց Գորիսի շրջանի ղեկավարության՝ աջակցություն ցույց տալ գնդապետ Մելիք-Շահնազարյանին կազմակերպելու գնդի տեղափոխությունը Ղարաբաղ։

Վերջապես, 1918 թ. օգոստոսի կեսերին Սամսոն-բեկը հայտներ կառավարությանը, որ գնդապետը խնդրում է զինամթերքի տեղափոխության համար շտապ Զանգեզուր ուղարկել 300 սայլ, որ նա հույս ունի նույն քանակությամբ սայլեր դուրս բերել Գորիսի շրջանի գյուղերից և այդ տրանսպորտով տեղափոխել զինամթերքը Շուշի։

Սակայն եղբորը գրած իր այդ նամակում գնդապետը որևէ ձևով չէր շոշափել վճռական նշանակություն ունեցող մի հարց` թե գունդը ինչպես պիտի կարողանար իր փոքրաթիվ ուժերով 600 սայլերից բաղկացած խոշոր գումակը, որ բռնելու էր ավելի քան 4-5 կիլոմետր տարածություն, անցկացնելու ապահովաբար Զաբուղը, որտեղ, ինչպես ցույց  էր տվել հետախուզությունը, կենտրոնացված էին վերջին օրերում զգալի ուժեր, բաղկացած երկու տաճկական հրաձիգ վաշտից, իրենց լեռնային հրետանիով և գնդացիրներով, քրդական հեծյալ զորամասից (600 սուսեր) և տաճիկ հրահանգիչների միջոցով լավ մարզված և կարգապահության սովորած մի քանի հազար տեղական զինված մուսուլմաններից, իրենց անսպառ զինամթերքով։ Այդ ուժերը կռվի ժամանակ կարող էին կրկնապատկվել ի հաշիվ Ագարա գետի հովտի թուրքական զինված բանդաների։ Այդպիսի մեծաքանակ և լավ սպառազինված ուժերը հաղթահարելու և Զաբուղը գեթ ժամանակավորապես գրավելու համար պահանջվում էր լավ ծրագրված և նախապատրաստված գործողություներ պատկառելի ուժերի միջոցով։ Ընդ որում այդ գործողությունները անհրաժեշտաբար պիտի սկսվեին միաժամանակ երկու կողմից՝ Ղարաբաղի և Զանգեզուրի զինված ուժերով, նախապես փոխադարձաբար համաձայնեցվելուց հետո։ Բայց, թեպետև գնդապետ Մելիք- Շահնազարյանը գիտեր, որ Զանգեզուրի ազգային իշխանությունները մտադիր չեն որևէ կերպ աջակցել գնդին զինամթերքի տեղափոխության գործում, որ նույնիսկ Ղարաբաղի կառավարության դիմումը դրական ներգործություն չէր արել Զանգեզուրի ղեկավարության վրա, այնուամենայնիվ, վճռել էր դիմել հուսահատական փորձի, «մահացու թռիչքի», առանց պատշաճ նախապատրաստության, առանց հետախուզության միջոցով պարզելու, թե Զաբուղով անցնելու համար ինչպիսի և ինչ քանակությամբ ուժերի հետ էր ստիպված լինելու բախվել, առանց հաստատապես համոզված լինելու, թե որչափ հուսալի են և քանակապես բավարար այն մի քանի հայկական գյուղերի զինված ուժերը, որոնց երերուն, անհաստատ խոստումների վրա հիմնվելով՝ նա մտածում էր գլուխ բերել գնդի տեղափոխությունը Ղարաբաղ։

Զինվորական գործերի կառավարիչը, բոլոր հանգամանքները կշռադատելով, առաջարկեց, նախքան սայլերը Զաբուղ ուղարկելը, անհապաղ գնդի հրամանատարության մոտ գործուղել շտաբի սպաներից մեկ կամ երկու հոգու՝ կազմելու օպերացիայի համատեղ պլան, նախապես ստուգելով և համոզվելով, որ գնդի հրամանատարությունը ի վիճակի է Գորիսի շրջանից դուրս բերելու բավականաչափ կռվողներ՝ ապահովելու համար գործողությունների հաջողությունը, աչքի առաջ ունենալով, որ հարձակման ծանրությունը բնականաբար պիտի ընկներ Գորիսի շրջանի կողմից գործող ուժերի վրա։ Կառավարիչը իրավացի էր, երբ գտնում էր, որ առանց պատշաճ պլանի և նախարատրաստության Զաբուղի դեմ գործողություններ սկսելով՝ ոչ միայն պատահականության քմահաճույքին կարող էին մատնվել Ղարաբաղից ուղարկված մարդկային և նյութական միջոցները, այլև վտանգվել կարող էր Ղարաղշլաղը (Կարադարասին), որը իր աշխարհագրական դիրքով, իր տեղադրությամբ ռազմագիտական խիստ կարևոր նշանակություն ուներ Հայկական Ղարաբաղի պաշտպանության համար, իբրև մի անառիկ ամրոց, մի երկրորդ Ասկերան, որի կորուստով կարող էին վտանգվել վճռական մոմենտներին ոչ միայն Ղարաբաղի թիկունքը, այլև ճակատի պաշտպանությունը։ Բացի դրանից Ղարաղշլաղը անչափ կարևոր կոմունիկացիոն կետ էր, որով ապահովվում էր կապը Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև։ Եվ զարմանալի չէ, որ Ղարաղշլաղի դեմ սկսել էին ատամ կրճտացնել օսմանյան «կոմենդանտները»։

Այնուամենայնիվ, կառավարությունը մի քանի լուրջ նկատառումներով վճռեց անցնել «Ռուբիկոնը»։

***

1918 թ. օգոստոսի 20-ին, 300 սայլ և 400 ընտիր ռազմիկներ Շուշիում կենտրոնանալուց հետո, հաջորդ օրվա վաղ առավոտյան մեկնեցին Ղարաղշլաղ։

Ուղարկվող տրասնպորտի և նրան ուղեկցող մարտիկների կոմունիկացիան ապահովելու համար ձեռք առնվեցին համապատասխան միջոցներ։ Սայլերը և մարտիկները նույն օրվա երեկոյան հասան Ղարաղշլաղ։

Ինչպես երկուստեք պայմանավորվել էին, գիշերը Ղարաղշլաղի և Զանգեզուրի կողմից մեծ խարույկների միջոցով իրար փոխադարձաբար ազդանշաններ տալուց հետո, լուսաբացին սկսվում է երկու կողմերի գրոհը Զաբուղի ուղղությամբ։ Ղարաղշլաղ գյուղի կռվողների մեծ մասը, թվով մինչև 700 մարդ, միացան սայլերին ուղեկցող մարտիկներին և նրանց հետ միասին ճակատ կազմեցին Ղարաղշլաղի լեռնազանջերից սկսած մինչև Լաչին լեռան հարավային բարձունքները։ Հրամանատարությունը, ապահովելով աջ և ձախ թևերի պաշտպանությունը, սկսեց զարգացնել հարձակումը կենտրոնից խճուղու երկու կողմերի լեռնալանջերով դեպի Զաբուղի ձորը։

Թշնամին, որ ամրացած էր գլխավորապես աջ թևի հանդիպակաց լեռների լանջերին և լայնատարած ձորի բարձրադիր բլուրների գագաթներին, ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Կռվի հենց սկզբից դարձավ միանգամայն ակներև, որ միայն Գորիսի շրջանի կռվողների եռանդուն փոխգործողություներով կարելի էր ընկճել հակառակորդի դիմադրությունը և նրան դուրս մղել իր գրաված դիրքերից։ Այդպիսով, միայն Ղարաբաղի կողմից հարձակվող ուժերը կկարողանային առաջանալ դեպի ձորը, բռնել այնտեղով անցնող խճուղու երկու կողմերի բարձունքները և գրավել կամուրջը, որից հետո երկու ճակատների կռվողները միանալով ձորում իրար հետ, հնարավորություն կտային Ղարաբաղից ուղարկված սայլերի գումակին արագ երթով կտրելու անցնելու Զաբուղը և տեղափոխելու Զանգեզուրից զինամթերքը։ Բայց, դժբախտաբար, Գորիսի շրջանի կռվողների կողմից թշնամու դիրքերի վրա ոչ մի վճռական հարձակում չկատարվեց, թեև երկար ժամանակ հրաձգության ձայները Զաբուղի ձորի ուղղությամբ և Կոռինձոր գյուղի կողմերից չէին դադարում։

Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարության բոլոր ջանքերը, կապ ստեղծելու Գորիսի շրջանի կռվողների հետ, անցան ապարդյուն։

Կեսօրվա մոտ տաճկական մեկ վաշտ տեղացի մուսուլման կռվողների հետ միասին, նպատակ ունենալով շրջանցել ղարաբաղցի կռվողների ձախ թևը, ձեռնարկեց կատաղի գրոհների այդ թևը պաշտպանող մարտիկների դիրքերի դեմ։ Մոտ երկու ժամվա լարված կռիվներից հետո, թշնամին մեծ կորուստներ կրելով, ստիպված եղավ նահանջել։ Գրեթե միաժամանակ ուժեղ հարձակման ենթարկվեց նաև աջ թևը տաճկական սպաների ղեկավարությամբ գործող քրդական զինված ուժերի կողմից։ Բայց այդտեղ էլ ուժեղ դիմադրության հանդիպելով, հակառակորդը ստիպված էր ետ քաշվել։ Այդ հաջողությամբ խրախուսված՝ Զաբուղի ուղղությամբ գործող Ղարաբաղի ուժերը առաջ անցան և դուրս արին թշնամուն մի քանի կարևոր և խիստ ամրացրած դիրքերից։ Իսկ սայլերը խճուղով քայլ առ քայլ հետևում էին կռվողներին։ Երեկոյան դեմ Զանգեզուրի կողմից մինչ այդ լսվող երբեմնակի ուժեղ հրացանաձգությունը հետզհետ թուլացավ և ապա բոլորովին դադարեց, զարմանք և հիասթափություն առաջ բերելով ղարաբաղցի մարտիկների շարքերում։ Հրամանատարությունը կրկին փորձ արեց կապվելու գնդապետի հետ, բայց դարձյալ ապարդյուն, թշնամին շարունակում էր դարանակալել Զաբուղի ձորի ամեն քար ու թուփ։

Բոլոր նշաններից երևում էր, որ թշնամին այս անգամ զգալի ուժեր է կենտրոնացնում ղարաբաղցի կռվողների ձախ թևի դեմ։ Գիշերային հետախուզության տվյալներով Զաբուղի ձորի շրջանում ևս հակառակորդը նոր ուժեր էր կուտակում։ Հրամանատարությունը կարգադրեց ձորի ուղղությամբ առաջացած ուժերին ետ քաշվել, իսկ գումակի ղեկավարին՝ սայլերը ետ քաշել թիկունք։ Այնուամենայնիվ, թե հրամանատարությունը և թե շարքային մարտիկները հույսեր էին տածում, որ զանգեզուրցիների լռությունը ժամանակավոր է և, հավանորեն, ուժերի նոր վերադասավորման հետևանք։ Ուստի սպասվում էր, որ լուսաբացին կվերսկսվեն գործողությունները Զանգեզուրի կողմից։ Բայց, դժբախտաբար, խաբուսիկ հույսեր էին դրանք։

Ինչ էր կատարվել Զանգեզուրի ճակատում։

Գնդապետ Մելիք_Շահնազարյանը գործողությունները Զաբուղի դեմ սկսելուց առաջ, Զանգեզուրի ազգային խորհրդից և Անդրանիկից աջակցություն չգտնելով, դիմել էր Խնձորեսկի, Տեղի, Կոռնիձորի և մի քանի այլ գյուղերի կռվողներին, խնդրելով օգնել Զաբուղի ուղղությամբ նախապատրաստվող գործողություններին, խոստանալով տալ փամփուշտ և նույնիսկ հրացաններ։ Այդ մեծ և փոքր գյուղերի 800-ից ավելի մարտիկները համաձայնվել էին և գործողությունների սկզբում կռվել մեծ եռանդով և արիությամբ։ Այդպես, սակայն, շարունակվել էր մի քանի ժամ միայն։

Ճակատի աջ թևում, հրապուրվելով մուսուլմանական գյուղերի հարուստ թալանով, սյունեցի կռվողները մաս-մաս սկսել էին ետ քաշվել, լքելով իրենց դիրքերը։ Թուրքերը նկատելով այդ, կարողացել էին արագ կերպով ուժեր կենտրոնացնել և եռանդուն գործողություններով շրջանցման վտանգ ստեղծել կենտրոնի և ձախ թևի սակավաթիվ կռվողների համար։ Գնդապետը դրանից հարկադրված ետ էր քաշվել, որից հետո դադարել էին ընդմիշտ գործողությունները Զանգեզուրի կողմից։

Օգտվելով Զանգեզուրի ճակատի քայքայումից, հակառակորդը իր բովանդակ ուժերը նետեց Ղարաբաղի ճակատի կռվողների դեմ։ Օգոստոսի 23-ի առավոտյան սկսվեցին թշնամու ուժեղ գրոհները ամբողջ ճակատում։ Հակառակորդը մանևրում էր և ջանքեր գործ դնում շրջանցելու հայ կռվողների ձախ թևը, նպատակ ունենալով գրավելու թիկունքում Ղարաղշլաղը և ապա շրջապատելու և ոչնչացնելու Ղարաբաղի կռվող ուժերը ամբողջ ճակատում։ Ղարաբաղի 1500-ի մոտ մարտիկների դեմ հակառակորդը կուտակել էր ավելի քան 10 հազար կռվողներ։ Թուրքական վաշտերի, քրդական ուժերի և մուսուլմանական ջոկատների հետ մասնակցում էին կռվին Կուբաթլուի և նրա շրջակա մուսուլմանական գյուղերի զինված խաժամուժը, որի թիվը մեծանում էր ժամ առ ժամ։

Հայ մարտիկների համար այլևս կասկածից դուրս էր, որ Գորիսի շրջանի կռվող ուժերը դավաճանել են գնդապետին և վերջնականապես ետ քաշվել ճակատից, թողնելով, որ Ագարա գետի մուսուլմանաբնակ հովտի զինված հորդաները, միացած թուրքական կանոնավոր վաշտերին, կրետների պես թափվեն Ղարաբաղի ճակատի սակավաթիվ ռազմիկների վրա։

Ձախ թևի դեմ ուղղված անընդհատ  գրոհները ետ էին մղվում թշնամու համար մեծ կորուստներով։

Օգոստոսի 24-ի ամբողջ ցերեկը շարունակվեցին կատաղի մարտերը երկու կողմերի անհավասար ուժերի միջև։ Հայ կռվողների մարտապաշարը արդեն սպառվելու վրա էր։ Շուշու արհեստանոցում պատրաստած փամփուշտն իր որակով մրցել չկարողացավ ռուսական գործարանային մարտական փամփուշտների հետ։

Հակառակորդը, չնայելով զգալի կորուստներին, համառորեն շարունակում էր իր ճիգերը՝ շրջանցելու ձախ թևը։ Նա կենտրոնացրել էր այդ կետում մեծ ուժեր և իր կատաղի գրոհներով կամենում էր փշրել այդ թևի պաշտպանների հերոսական դիմադրությունը։ Կեսօրվա դեմ թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ ձախ թևը պաշտպանող ուժերը ստիպված եղան մի փոքր ետ քաշվել, բայց երեկոյան դեմ թիկունքից նոր հասած թարմ ուժերի օգնությամբ վերականգնվեց նախկին դասավորությունը։

Թշնամին, սակայն, վճռել էր ինչ գնով էլ լինի գրավել Ղարաղշլաղը և հարվածել հայ մարտիկներին թիկունքից։

Օգոստոսի 24-ի երեկոյան Ղարաղշլաղի ճակատից Շուշում ստացված վերջին հաղորդումը համոզեց կառավարությանը, որ Զաբուղի օպերացիան վերջնականապես ձախողում է կրել և այլևս Զանգեզուրի կողմից որևէ գործողություն սպասել ինքնախաբեություն է։ Փամփուշտի պակասությունը զրկեց հրմանատարությանը հնարավորությունից ապահովելու Ղարաղշլաղի և դեպի Շուշի տանող խճուղու պաշտպանությունը։

Նույն օրվա գիշերը որոշվեց ետ քաշել բոլոր ուժերը ու ամրանալ Ղարաղշլաղից մոտ 12 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած լեռնային բնագծերում։ Միաժամանակ կարգադրվեց Խաչենի և Վարանդայի զինված ուժերին անհապաղ բռնել և ամրացնել այդ շրջանների հյուսիս-արևմտյան սահմանների լեռնային անցքերը։

Օգոստսոի 25-ին Զաբուղ ուղարկված կռվողները Ղարաղշլաղ գյուղի զինված ուժերի հետ համատեղ, չորսօրյա հերոսական արյունահեղ լարված մարտերից հետո, տալով 20 սպանված և 35 վիրավորներ, ստիպված եղան ետ քաշվել, նախապես դատարկելով Ղարաղշլաղը և կանանց, երեխաներին ու ծերերին ճանապարհելով սայլերի վրա դեպի Շուշի։

Թշնամին չհամարձակվեց հետապնդել նահանջող մարտիկներին։ Նա այդ անել չկարողացավ գլխավորապես այն մեծ կորուստների պատճառով, որ կրել էին նրա լավագույն ուժերը։ Գրեթե ամբողջովին շարքից դուրս էին եկել տաճկական երկու վաշտեր, իսկ քրդերը տվել էին մոտ 150 սպանված և 200-ից ավելի վիրավորներ։ Տեղական մուսուլմանական անկանոն խմբերի կորուստներն անհամեմատ մեծ էին։ Չունանելով բուժական կազմ և բավականաչափ բուժամիջոցներ, մուսուլման վիրավորները թողնվում էին ճակատագրի կամքին, իսկ գյուղական հեքիմների միաջամտությունը առավել ևս մեծացնում էր վիրավորների մահացության թիվը։

***

Ղարաղշլաղի կռիվների ամենատաք շրջանում Ջեբրայիլից ուղարկված տաճկական մի գումարտակ տեղացի մուսուլմաններից հավաքագրված բազմաթիվ հեծյալների հետ, մոտենալով Զանգեզուրի հարավ-արևելյան ծայրամասի մատույցներին, հարձակման գործողություններ էր սկսել հայերի դեմ։

Թշնամուն հակահարված տալու համար Անդրանիկը ուղարկում է իր հարվածող զորամասի հեծելազոր։ Մի քանի ժամվա կատաղի մարտերից հետո թշնամին գլխովին ջախջախվում է և խուճապահար դիմում փախուստի, տալով մեծ թվով սպանվածներ ու վիրավորներ։

Զանգեզուրի դեմ հակառակորդի ձեռնարկած այդ արշավն, իհարկե, չէր կարող խանգարել զանգեզուրցիներին օգնության ձեռք մեկնելու գտդապետ Մելիք- Շահնազարյանին, եթե նրանք այդ անկեղծորեն ցանկանային։

Այդպիսով, իզուր անցան Շուշու գնդի և նրա զինամթերքի հետ կապված հույսերը։ Դրա հետ միասին խորտակվեցին նաև Բաքվին զինված օգնություն ցույց տալու համարձակ պլանները։

Պատմությունը, հարկավ, չի կարող չնշավակել, թե ինչպես ամենածանր տանջանքների գնով Ղարաբաղի համար Գորիս բերված զենքը և զինամթերքը հափշտակեց Գորիսի շրջանը, թողնելով, որ Ղարաբաղը մերկ ձեռքերով մեն-մենակ դեմ կանգնի տաճկական զորքերին և բեկական բազմահազար հորդաներին։

***

Երբ ավելի քան չորս հազար շնչից բաղկացած ղարաղշլաղցի փախստականները և ապա զինված տղամարդիկ հեղեղի պես հորդեցին Շուշի, քաղաքում ստեղծվեց աներևակայելի լարված վիճակ։ Առանձնապես մեծ էր տագնապը և շփոթությունը քաղաքի մուսուլմանական մասի բնակչության շրջանում, ուր սարսափով սպասում էին վայրկյան առ վայրկյան հայերի հարձակմանը թուրքական քաղաքամասի վրա։ Անգամ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովը, որը լավ տեղյակ էր, թե քաղաքի հայությունը ինչպիսի անկեղծ վստահություն և ջերմ համակրանք էր տածում իր նկատմամբ, մինչև իսկ նա, վտանգված համարելով իր և իր ընտանիքի կյանքը, հայկական մասից հապճեպ տեղափոխվեց մուսուլմանական մասը։ Մեծ էր հուզումը և վախը նաև քաղաքի հայ բնակչության շրջանում՝ թե շուտով իշխանությունը հայկական մասում կանցնի զինված խուժանի ձեռքը, որը պատուհաս կդառնա քաղաքի հայ հասարակության գլխին և տեղիք կտա արյունահեղ և կործանարար բախման երկու հարևան ժողովուրդների միջև։ Այդ խուճապը, սակայն, քաղաքի երկու հատվածներում երկար չտևեց։ Կառավարությունը անմիջապես դիմեց վճռական միջոցների՝ սանձահարելու հայկական մասի արկածախնդիր տարրերին։ Հայկական քաղաքամասի պարետին տրվեցին արտակարգ լիազորություններ, քաղաքում հասարակական կարգի և անդորրության պահպանության ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։ Մի երկու օրվա ընթացքում զինաթափ արվեցին քաղաքի բոլոր կասկածելի անհանգիստ տարրերը։ Ազգամիջյան Կոմիտեի միջոցով հայ-մուսուլմանական սահմանի պահպանությունը քաղաքում հանձնվեց հայերից և մուսուլմաններից խառը կազմված պահնորդ ջոկատների ձեռքը։ Այդպիսով կարճ ժամանակամիջոցում վերականգնվեց կարգն ու հանգստությունը քաղաքում և փոխադարձ վստահությունը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ղարաղշլաղցիները տեղավորվեցին Շուշում, Վարանդայի և մասամբ Խաչենի գյուղերում։ Քաղաքում տեղավորվեցին մեծ մասամբ այն ընտանիքները, որոնք չունեին զգալի թվով անասուններ։ Ղարաղշլաղցիներին հաջողվել էր գյուղից դուրս բերել ոչ միայն իրենց անասունները, այլև գրեթե ամեն անհրաժեշտ տնային իր, գլխավորապես պղնձեղենը, անկողինները, բացի մանր մունր իրերից, կահույքից և խոր հորերում թաքցրած հացահատիկից։ Միայն քաղաքում տեղավորված ընտանիքների պարենավորման կարիքների համար կառավարությունը ֆինանսական սուղ միջոցներից բաց էր թողնում օրեկան 5-6 հազար ռուբլի։ Ուժեղացավ հացի վաճառքի սպեկուլյացիան։ Հայկական գյուղերից քաղաք մուծվող հացահատիկը, ալյուրը կամ թխած հացը հաճախ ընկնում էր չարաշահողների ձեռքը։ Այդ երևույթի դեմ վարչական մարմինների ձեռք առած միջոցները լուրջ արդյունքներ չէին տալիս։ Ավելի ծանրացավ քաղաքի հայ բնակչության աշխատավորական տարրերի պարենավորման վիճակը։

Կառավարությունը փախստականներին հեռավոր շրջանների գյուղերում չուզեց տեղավորել, հույս ունենալով խաղաղ բանակցությունների միջոցով նրանց շուտով վերադարձնել Ղարաղշլաղ։

(շարունակություն)



[1] Ղարաղշլաղը Ղարաբաղի մեծ և բարեկեցիկ հայկական գյուղերից էր։ Նա գտնվում էր Շուշուց դեպի հարավ-արևմուտք, մոտ 20-25 կիլոմետր հեռավործության վրա, Շուշի-Գորիս խճուղոնւ մոտ, Սաղսաղան լեռան լանջին։ Մինչև ղարաբաղի խորհրդայնացումը Ղարաղշլաղը բաղկացած էր 6-700 տնից։ Ներկայումս նրա բնակչության թիվը ավելի չէ 4-500 տնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter