
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ֆեյբուք էջում այսօր անդրադարձել է երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանի այսօրվա քննադատությանը.
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին և պարունակում են մեծ խորհուրդ:
Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր:
Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:
Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ: Երկրորդ անգամ համաձայնել եմ նրա քննադատության հետ և նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը և հենարանը: Կարող եմ նաև ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաև երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի և չարածի համար: Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը:
Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն, ի դեպ, դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) և այլն:
Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, (7or.am և zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:
Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:
Հ.Գ. Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը և յուրաքանչյուրիս և մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` - Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»,-գրել է Տիգրան Սարգսյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել