HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խանդից ու նվաստացումից կուրացած ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Կնոջը խեղդամահ արած տղամարդը նստած էր մեջքը կորացրած՝ աչքերն անթարթ հառած դատավորին: Դեմքի արտահայտությունը հանգիստ էր ու չփոխվեց անգամ, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք ոչ մի պահանջ չունեն ամբաստանյալից եւ դատարանից խնդրեց մեղմ պատիժ սահմանել նրա նկատմամբ: Դրա փոխարեն զարմանք գծագրվեց նիստը նախագահող դատավորի դեմքին: Թերեւս սա այն եզակի դեպքերից էր, երբ կատարվել էր սպանություն, իսկ սպանվածի հարազատները որեւէ պահանջ չէին ներկայացնում սպանողին:

Դեպքը տեղի էր ունեցել 2013թ-ի հունիսի 1-ին, Արթիկում: Արտյոմ Ղազարյանն, ըստ քրեական գործի, ժամը 00:30-ի սահմաններում՝ գտնվելով ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, վարձակալած բնակարանի խոհանոցում վիճել էր կնոջ՝ Ցողիկ Այվազյանի հետ, մեղադրել նրան իրեն դավաճանելու մեջ: Այնուհետեւ ձեռքերով բռնել էր Ցողիկ Այվազյանի պարանոցից, գցել հատակին եւ շուրջ 10-15 րոպե տեւողությամբ կոկորդը սեղմելով՝ խեղդամահ արել: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն, որ պատժվում է 8-ից 15 տարի ազատազրկումով:

Ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանը դատավորի հարցին, թե իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում, պատասխանեց, որ իր դիրքորոշումը կհայտնի հետո՝ հարցաքննության ժամանակ: Դատարանը՝ բավարարելով մեղադրող Հայկ Հակոբյանի միջնորդությունը, որոշեց լսել նախ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին, հետո վկաներին, այնուհետեւ ամբաստանյալին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սպարտակ Խաչատրյանը դատարանում հայտնեց, որ անձնապես այնքան էլ լավ չի ճանաչել Ցողիկ Այվազյանին: Վերջինս իր հարսի հորաքրոջ աղջիկն էր եւ ծնվել ու մեծացել է Ռուսաստանում: Ցողիկին առաջին անգամ տեսել է դեպքից 8 ամիս առաջ: Ինչ որ մեքենայով եկել էր Հրազդան՝ իրենց տուն հյուր: Եկել էր առանց ամուսնու եւ երեխաների՝ հանգամանք, որ իրեն դուր չի եկել, նշեց Սպարտակ Խաչատրյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին դուր չէր եկել նաեւ Ցողիկի ազատ պահվածքն ու «բաց» հագուստները: Ցողիկը երեք օր մնացել է Հրազդանում: Սպարտակ Խաչատրյանն ասաց, որ իր ավանդապահ ընտանիքում, որտեղ երեք տղաներն են ապրում իրենց կանանց ու երեխաների հետ, Ցողիկի վարքը նորմալ չէր կարող համարվել:

«Ես շատ բան չգիտեմ էս պատմության հետ կապված, միայն գիտեմ, որ Արտյոմը շատ էր սիրում Ցողիկին: Էս դեպքից հետո, խնամիս կապվեց իմ հետ, որ ես դատարանում լինեմ իրենց ներկայացուցիչը,-պարզաբանեց Սպարտակ Խաչատրյանը,-դիակն էլ ենք մենք ուղարկել Ռուսաստան, քանի որ իրենք էստեղ ուրիշ հարազատ չունեն: Ես իրանց հարցրեցի, թե ինչ ասեմ դատարանում: Ինձ ասին, դու ասա ինչ որ պետք է, ով մեղավոր է՝ նրան Աստված կպատժի: Ցողիկի հարազատները ոչ մի պահանջ չունեն Արտյոմից, ու որքան գիտեմ Ցողիկի քույրն եկել երեխաներին տարել է Ռուսաստան, այսքան բան»:

Վկա Սիրվարդ Ղազարյանը ամբաստանյալի մայրն է: Կինը պատմեց, որ տղայի ամուսնության մասին տեղեկացել են հեռախոսազանգով: Արտյոմն 2006թ-ի գնացել է Կեմերովո աշխատելու: 2008թ. զանգահարել եւ ասել է, որ մի լավ աղջիկ կա Ցողիկ անունով, ուզում է հետը ամուսնանալ: Սիրվարդ Ղազարյանն սկզբում ընդդիմացել է, որդուն հորդորել է վերադառանալ Հայաստան ու տեղի աղջիկների մեջ ընտրություն կատարել:

«Ասի` այ բալա, ինչ գիտենք ով է, ինչ է, դու արի Արթիկ, մենք քեզի ըստեղից լավ աղջիկ կգտնինք, կնշանվիս, չլսեց ընձի»,-նկատեց վկան:

2012թ. փետրվարին ամբաստանյալին «դեպորտ» են արել ու նա վերադարձել է Հայաստան: «Ըսի` տղա ջան, դու 5 տարի էլ չես կրնա ետ էրթաս, զանգե, թող կինդ երեխեքիդ առնի գա: Ուրդեղ դու, ընդեղ իրանք, ընչի մնաք իրարից հեռու»,-պատմությունը շարունակեց Սիրվարդ Ղազարյանը:

Հարսը երկու երեխաների հետ Ռուսաստանից եկել է Հայաստան: Մեկ ամիս ապրել են միասին, հետո կնոջ պահանջով Արտյոմը բնակարան է վարձել Արթիկի Լմբատավան թաղամասում: Սեպտեմբերին Ցողիկը երեխաների հետ վերադարձել է Կեմերովո՝ մահամերձ հոր եւ ընտանիքի հետ լինելու նպատակով:

«Նոյեմբեր ամսին հետ եկավ: Հայրն էնտեղ մահացել էր, թաղումից հետո հարսս եկավ ու հայտարարեց, թե բդի էրթամ Անապա աշխատելու: Դեկտեմբերի 10-ին գնաց, հեչ մեկիս կարծիքն էլ հաշվի չառավ, էրեխեքին թողեց մոտս, գնաց»,-պատմեց վկան: Սիրվարդի ասելով, իր հարսը «տղամարդ աղջիկ էր, իր ասածի, եթե ասեց մածունը սեւ է, ուրեմն սեւ է»:

Անապայից Ցողիկը վերադարձել է առանց գումարի, հետը համակարգիչ ու նոր հեռախոս է բերել: Վկայի հիշելով, հարսը «խոպանից» վերադառնալուց հետո կտրուկ փոխվել է, սկսել է հեռախոսով ավելի հաճախակի խոսել, ձգտել է, որ դրանք լինեն գաղտնի: «Ես, օր ճիշտն ըսեմ իրա վարքագծի մեջ վատ բան չեմ տեսել, բայց հարեւաննեսր կըսեին, թե դուրսը շիշը կդնե բերանին կխմե: Կարողա պիվա է խմել, կարողա կոլա է խմել, ես ինչ իմանամ: Բայց խելքին ինչ փչեր, էն կեներ, հեչ մարդու էլ հաշվի չէր առնի: Իրա մահից հետո նոր հարեւաններս ըսին, թե ձեր դուռը ավտո-մավտո գուկար, օր Ցողիկն անծանոթ ավտոներով տուն գուկար»,-պատմեց վկան:

Հաջորդ վկան Հովիկ Ապուրյանն էր: Վերջինս Ցողիկ Այվազյանի հետ ծանոթացել էր «օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով դեպքից 8 ամիս առաջ: Ցողիկը ներկայացել է որպես Սվետա, ասել է, որ հյուր է եկել Արթիկ:  Շփվել են հիմնականում երեկոյան ինտերնետի միջոցով: Վկան չի իմացել Սվետայի իսկական անունը: Վերջինս շատ հաճախակի փոխել է կայքում իր անունը՝ հանդես գալով «դիկի անգել», «տիգրիցա» եւ այլ նմանատիպ անուններով: Վկան ասաց, որ ծանոթանալու պատճառն եղել է այն, որ Սվետան մտնելով իր անձնական էջը՝ գնահատել է նկարները:

Ծանոթությունից 4 ամիս անց իրենից հեռախոսահամար է ուզել: Վկան խոստովանեց, որ իրեն գրավել է Սվետայի ազատ, բաց խոսելաձեւը : «Ընձի դուր էր եկել իրա ռուսերեն խոսալը»,-խոստովանեց Հովիկ Ապուրյանը: Վկան ասաց, որ մեկ անգամ է տեսել Ցողիկին փողոցում, հետո իմացել է, որ Արտյոմի կինն է: Իմացել է նաեւ, որ հիվանդ երեխա ունի, քանի որ Սվետան (Ցողիկ) իրենից պարտքով 150 հազար դրամ է ուզել հիվանդանոցային ծախսեր կատարելու համար:

«Ես հրաժարվա իրան առձեռն փող տալուց: Ընկերոջս լոմբարդում վզիս ոսկե շղթան գրավ դրեցի, ասի, որ Սվետա անունով աղջիկ գուկա, 100 հազար դրամ կուտաք իրան: Սվետան փողն ընձնից պարտքով էր ուզել: Հետո ես իմացա, օր եկել վերցրել էր փողը, հետո մեկ, թե 2 օր անց ժողովրդի խոսակցություններից իմացա, օր ամուսինը սպանել է»,-ասաց վկան:

Հովիկ Ապուրյանը մի քանի անգամ կրկնեց, որ մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել Ցողիկի հետ: Ինքն ամուսնացած է, ունի երկու երեխա, ունի բիզնես Արթիկում, մարդկանց հաճախակի են օգնում, իսկ Ցողիկ-Սվետայի հետ շփումներն եղել են վիտուալ մակարդակի: Նրան օգնել է, որովհետեւ խնդրել է գումար երեխայի բուժման համար:

Վկաներից Գագիկ Գասպարյանն ու Սերգո Սահրադյան անհատ տաքսի մեքենա են վարել եւ Ցողիկ Այվազյանին ճանաչել են, որպես հաճախորդ: Վկա Գագիկ Գասպարյանն ասաց, որ մի քանի անգամ Ցողիկին Արթիկի տարածքում ինչ որ բարեկամի տուն է տարել: Վկա Սերգո Սահրադյանի հետ տուժողի հարաբերություններն ավելի մտերիմ բնույթ են կրել: Ցողիկը վերջինիս ավելի հաճախակի է զանգահարել, նրա տաքսիով գնացել է Ապարան, Մասիս եւ Գյումրի: Ամուսնու հարցապնդմանը պատասխանել է, թե ընկերուհու եղբայրն է Սերգոն:

Վկա Սերգո Սահրադյանը դատարանում պատմեց, որ Ցողիկ Այվազյանի հետ ծանոթացել է պատահական, որպես տաքսու վարորդ: Հետո կինը վերցրել է իր հեռախոսահամարը՝ պատճառաբանելով, թե գործի բերումով շատ է այստեղ-այնտեղ գնում եւ իրեն մշտապես տաքսի է պետք: Վկան՝ պատասխանելով մեղադրողի հարցին, ասաց, որ Ցողիկն իրեն շատ ազատ էր պահում, մի քանի անգամ ակնարկ է արել մտերմության, սակայն ինքը մերժել է:

«Որովհետեւ ինքն իմ ճաշակով չէր: Ես էդ բանն իրա ամուսնուն էլ եմ ըսել, երբ օր մե անգամ զանգել էր ընձի ու կըսեր թե հեռու մնա կնոջիցս: Ես իրան պատասխանել եմ, թե քու կնիգդ իմ ճաշակով չէ, ես ընդամենը տաքսի կքշեմ: Ինքն էլ խնդրեց, թե ըսուրից հետո, օր կզանգե, դու իրան տեղ մի տար: Ես էլ ըսի էղավ ախպեր ջան»,-պարզաբանեց վկան:

Ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանը նախքան դատարանում ցուցմունքը տալը՝ հայտարարեց, որ ինքը պաշտպանվել է, որովհետեւ վիճաբանության ժամանակ կնոջ ձեռքին դանակ է եղել: «Ես չէի ուզե իրան սպանե,-ասաց ամբաստանյալը,-ես ընդամենը գուզեի, օր ինքը դանակը ցած գցեր ձեռքից»: Արտյոմ Ղազարյանը պատմեց, որ կնոջ հետ ծանոթացել է Կեմերովոյում: Ամուսնացել են, սակայն չեն զագսավորվել: Երեք եւ չորս տարեկան երեխաները նրա ազգանունը չեն կրում: Արթիկում բնակվելու ընթացքում կինն իր սովորույթները չի փոխել` չցանկանալով հարմարվել տեղի բարքերին: Ինքը երկու տեղ է աշխատել ընտանիքը պահելու համար՝ գազալցակայանում ցերեկները գազ է լիցքավորել, իսկ գիշերները պահակ է աշխատել:

Ամբաստանյալը խոստովանեց, որ դեպքից 1-2 ամիս առաջ կնոջ մեջ փոփոխություններ է նկատել: «Դե սառել էր համ իմ, համ երեխեքի նկատմամբ»,-պարզաբանեց Արտյոմը: Նա պատմեց, որ Ցողիկը հղի է եղել ոչ իրենից ու ցանկացել է արհեստական ընդահատում անել, սակայն ինքը չի թողել՝ ասելով, թե երեխան ինչ մեղք ունի, թող ծնվի: Հետագայում իմացել է, որ Ցողիկը զանգահարել է Կեմերովոյում ապրող զոքանչին, գումար ուզել եւ ընդհատել հղիությունը: Մի քանի անգամ վիճել են Սերգո անունով տաքսիստի հետ կապված, սակայն կինը մշտապես պնդել է, թե երիտասարդն ընկերուհու եղբայրն է ու իրենց մեջ ոչ մի ընդհանուր բան չկա:

Մայիսի 31-ին ամուսիններով հյուրընկալվել են Արտյոմի ընկերոջ տանը: Երեխաները գտնվել են Արտյոմի մոր մոտ: Վերադարձել են բավական ուշ՝ կեսգիշերին մոտ: Տան էլեկտրականությունն անջատված է եղել: Խոհանոցում վառված մոմը ռոմանտիկ տրամադրություն չի ստեղծել: Արտյոմը՝ լինելով գինովցած, կրկին անգամ որոշել է կնոջ հետ խոսել նրա պահվածքի, տաքսիներով ման գալու, առանց իրեն զգուշացնելու ինչ որ տեղեր գնալու մասին: Վիճել են, կինը սկսել է ծաղրել Արտյոմին:

Ըստ ամբաստանյալի, երբ ինքն ուզեցել է վեր կենալ աթոռից, Ցողիկը սեղանին դրված խոհանոցային դանակը վերցնելով՝ նստած տեղից հարվածել է իր որովայնին: Ինքը բռնել է կնոջ կոկորդը, որպեսզի դանակը վայր գցի ձեռքից: Քաշքշուկի հետեւանքով ընկել են հատակին: Արտյոմը բաց չի թողել կնոջ կոկորդը: Երբ նկատել է, որ Ցողիկն այլեւս չի շարժվում, ցանկացել է արհեստական շնչառություն տալ: Հետո հասկացել է, որ կինը մահացել է: Զանգել է շտապօգնություն եւ ոստիկանություն:

Դատախազ Հայկ Հակոբյանը դատարանին միջնորդեց Արտյոմ Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանել ազատազրկում 11 տարի ժամկետով: Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալի արարքը չի կարող ինքնապաշտպանություն դիտարկվել, քանի որ Արտյոմը նախաքննության ժամանակ բոլորովին այլ բան է պատմել եւ դատարանում նրա ասածների մեջ հակասություն կա: Արարքը կատարելիս նրա մոտ աֆեկտի վիճակ չի գրանցվել: Ընդհակառակը՝ բավականին մտածված գործելակերպ է ունեցել ամբաստանյալը: Մոտենալով զոհին թիկունքից՝ ձեռքով օղակել է կնոջ կոկորդը եւ սեղմած պահել՝ մինչեւ նրա լիակատար անշարժանալը:

Դատախազ Հայկ Հակոբյան Ամբաստանյալ Արտյոմ Ղազարյան Փաստաբան Աննա Դավթյան

Փաստաբան Աննա Դավթյանը համամիտ չէր մեղադրողի միջնորդության հետ եւ այն համարեց շատ խիստ: Նրա կարծիքով` դատարանը պետք է վերաորակավորի Քր. օրենսգրքի 104 հոդվածը: Աննա Դավթյանը նշեց, որ իր վստահորդը պաշտպանվել է, որ նրան պետք է առաջադրել մեղադրանք Քրեական օրենսգրքի 108 հոդվածով, նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, կիրառել համաներում եւ Արտյոմ Ղազարյանին բաց թողնել դատարանի դահլիճից:

Ամբաստանյալն եւս դատարանից խնդրեց ազատ արձակել իրեն: «Թողեք էրթամ որբերիս տիրություն էնեմ»,- խնդրեց Արտյոմ Ղազարյանը: Դատարանը, հրապարակելով վճիռը, բավարարեց մեղադրողի միջնորդությունը եւ Արտյոմ Ղազարյանի նկատմամբ սահմանեց պատիժ ազատազրկման ձեւով, 10 տարի ժամկետով:

Մեկնաբանություններ (2)

Tigran
Man ekox knoj@ etel e qich....10 tarin shat er !
Anna
էս տղամարդը իր կնոջը սպանելուց ոչ էլ խանդից կուրացած է եղել: նա այդ կնոջը կեմերովոյից բերելուց շատ լավ էլ իմացել էր, որ վերջինս իր իմացած ավանդական հայ տան կնիկը չէր, թող չբերեր: տգետ տղամարդ, որն իր համար էդպես էլ չկարողացավ կին գտնել:սովորական պատմություն: ընկերուհիս, որ 10 տարի մարդու կողմից ծեծվելուց հետո՝ իբր որ վերջինս ման է գալիս, վերջապես դուրս շպրտեց նրան իր կյանքից, միշտ ասում էր, որ դա պատրաստ է մտնել իր տրուսիկը՝ մենակ թե նորից հետը միանա: կարծում եմ, որ կնոջը ստորացնելու, առավել ևս սպանելու համար, առանձնահատուկ պատիժ պետք է սահմանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter