Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)
22 հոկտեմբերի, Ռատինովկա
Հասանք առաջավոր դիրքերը և իջևանեցինք Ռատինովկա մոլոկանի գյուղը, որ թշնամուց 4 վերստ հեռավորության վրա է: Մենք հակառակորդից բաժանվում ենք բլուրների կարճ շղթայով: Նրանց դիրքերը իշխող են և հարմարավետ: Ինձ հետ երբեք չէր պատահել, որ այսքան մոտ լինեի թշնամուն:
Ամեն բան դեռ նոր է կանոնավորվում. շտաբի համար հարմար շենք դեռ չի ճարվել, հրամանատարը զետեղված է մի փոքրիկ սենյակում, ուր և լինում է գրագրություն: Նրա ննջարանին կից մի նեղ սենյակում հաստատված է հեռագրաթելի ապարատը, իսկ մյուս կեսում աղյուսե վառարանի կտուրում ապրւմ է տանտիրուհի պառավ մոլոկանը իր փոքրիկ թոռան հետ: Մեր հեռագրատան ծառայողները ընդհանուր առմամբ խոսում են ռուսերեն, գրությունների մեծ մասը նույն լեզվով է կատարվում և օ՜ , զարմանք, մոլոկան ընտանիքը նստած այստեղ լսում է ամեն բան, և այդ ժամանակ, երբ թշնամին չորս վերստի վրա է, և մոլոկան դավադիր տարրը օրեցօր սպասում է նրանց գալուն: Նրանք հրաշալի կերպով կարող են լրտեսել, մեր ուժերը և լեռներին, ճանապարհին քաջածանոթ լինելով՝ ամեն բան հաղորդել մեր թշնամուն: Սակայն ինչպես երևում է, դա ժամանակավոր բան է, բայց ինչ էլ որ լինի, այդպես էլ պետք է լիներ թեկուզ մի վայրկյան:
Հրամանատարի գալուց հետո այդ բոլորը կարգադրվեց մի քանի ժամվա մեջ: Մոլական համայնքների վերաբերմունքը դեպի մեր Հանրապետությունը ամենուրեք խիստ թշնամական է, բարեբախտաբար ռազմիկ ժողովուրդ չլինելով, լուրջ վտանգ կամ վախ չեն կարող ազդել մեզ՝ թիկունքի անապահովության տեսակետից:
Սեպուհի այս ճակատի հրամանատար նշանակվելու առթիվ զինվորների և սպաների մեջ եռ ու զեռ, կենդանություն և վստահություն է նկատվում: Բոլորի տրամադրությունը բարձր է, և ամեն ոք իրեն այլևս ապահով է զգում:
Նոր տուն բռնագրավվեց՝ երկու մեծ և մի փոքր սենյակներից բաղկացած: Վերջինը ծառայում է որպես հրամանատարի կայան և ննջարան: Նրան անմիջապես կից սենյակը, որը միաժամանակ ծառայում է շտաբի աշխատողների ննջարան, զետեղված է շտաբի գրասենյակը, իսկ մյուսում զետեղված են հեռախոսները, ուր և ապրում են հեռախոսիչները: Հեռախոսի ապարատները զետեղված են փողոցի վրա նայող պատուհանի մոտ, որտեղից փողոցում լսվում էր հաղորդագրությունները: Սակայն հրամանատարի կարգադրությամբ ապարատները հաստատվեցին սենյակի մյուս անկյունը, որտեղից ավելի հարմար է՝ և ռազմական գաղտնի կարգադրությունները, և հաղորդագրությունները անհասանելի են մնում կողմնակի զինվորականների ու անձերի համար:
Շտաբում ծառայող զինվորականները այսօր գործերը վերջնապես բաժանեցին՝ շտաբի պետ նշանակվեց երբեմնի թուրքական և այժմ հայկական զինվորական դասընթացների ուսանող փոխտեղակալ Մկրտիչ Մկրյանը, տնտեսական և դատաստանական մասը վերցրեց տեղակալ Գրիգոր Ամիրյանը, իսկ զորաշարժականը մնաց ավագ համհարզ վարատար Մուշեղ Թամրազյանին: Իսկ ավագ գրագրի պաշտոն հանձնվեց շտաբի փորձառու գրագիր Վահան Բիբարյան անունով մի կարճահասակ երիտասարդի, որ ռուսաց բանակումն էլ նույն պաշտոնն էր կատարում: Նա ունի մի Բաբերդցի Նորիկ զինվոր օգնական, իսկ ես միմիայն զբաղված եմ օրագիր գրելով և ազատ ժամերին երբեմն էլ գրագրություններ եմ անում, որով գործին շատ մեծ օգնություն չեմ բերում:
Ստեփան Ծաղիկյանը նունպես այստեղ է իր ձիավոր հարյուրակով, որի ձիավորների թիվը իջել է մինչև 24-ի, բայց դեռ «ձիավոր հարյուրակ» անունը մնացել է այդ խմբի վրա: Նա ամեն կերպ աշխատում է ձիավորների թիվը հասցնել էլի հարյուրի: Տեսնենք այդ կհաջողվի նրան, թե՝ ոչ: Մինչև օրս մեր զորամասի ճակատում հանգիստ է: Բացի հետախույզների թեթև ընդհարումներից, որ սովորական երևույթ է դարձել պատերազմի միջոցին:
23 հոկտեմբերի, Ռատինովկա
Մեր և թշնամու բռնած դիրքերի և ուժերի դասավորումը հետևյալ պատկերն է ներկայացնում:
Թշնամին բռնում է Դեմուր-Կափե գյուղ-Կայնըխ սար-Կորանդաղ Կսարաբա-Ալթան Բուլաղ գյուղ և Շաքի սար գիծը մինչև Կափար-Թափե սարի ստորոտը: Նրա ուժերն են մոտավորապես կանոնավոր մի հետևակ գունդ, 500 ձիավոր, 2 թնդանոթ և տեղական անկանոն ուժեր: Մերտենեկի զորամասի պարտականությունն է՝ ապահովել Ղարսի զորամասի աջ թևը: Մեր ձախ թևում՝ Սամավաթ գյուղում գտնվում է մանևրային պահեստի ուժը, իսկ աջ թևում՝ վրացական մասերը Գեոլաբերդ գյուղում: Մեր զորամասի աջ ռազմագիծը պահում է Սմբատի 700 հետևակ և ձիավոր կամավորական զորասյունը, որի պարտականությունն է բռնել Խաս-Քէոյ գյուղ ներառյալ Բիշլիք և Մուզալ գյուղերի արևմտյան բարձունքները: Ձախ ռազմագիծը բռնում է ութերորդ գնդի հրամանատար Բաղդասարյանը, որն ունի չորս գումարտակ, 10 գնդացիր, մի ձիավոր խումբ և չորս թնդանոթ: Բաղդասարյանին խնդիր է դրված բռնել 1050.60 բարձրությունից անմիջապես հարավ-արևելք գտնվող Եայլա-Ներասքալ 1112.5 բարձրության Կարա-Թաուխ գյուղը, Չուլլու գյուղ և Ալթան-Բուլագ գիծը ներառյալ, և կատարվող անընդհատ հետախուզումներ Դեմուր-Կափեի, Կայնըխ սարի, Կոյքոն Դաղի և Կոնդուկսու ու Շաքի գյուղերի ուղղություններով և հարմար առիթին ջարդել թշնամուն:
Պահեստի և հանգստացող ուժերը գնդապետ Սըրմաքեշյանի ղեկավարությամբ 4 թնդանոթով և 35 ձիավորով մնում է թիկունքը:
24 հոկտեմբերի
Այսօր հրամանատարը երկու քուրդ հետախույզ ուղարկեց թշնամու թիկունքը: Երկուսն էլ տեղացի ծերուկներ են: Նրանց ընտանիքը պատանդ է մեզ մոտ, որպեսզի նրանց վրա դրված պարտականությունները ճշտությամբ կատարվեն: Նրանց հանձնվեց «Մուսավաթ» կուսակցության կոչերի մի կապոց և թուրքերեն լեզվով գրած մի նամակ քուրդ բեկի, որ այժմ մեր դեմ կռվում է: Հրամանատարը այն միտքն է հայտնում նամակում, որ քուրդ բեկը իր աշիրաթով վերադառնա և բնակվի Հայաստան, առանց վախենալու պատժից: Նրանք խաղաղ և հանգիստ կարող են ապրել ինչպես ապրում էին առաջ, քանի դեռ մոլորության մեջ չէին ընկել:
Վերջերս, ամեն մի զորաշարժական տեղեկությունից հետո նախազգուշացնում են հրամանատարին, որ նա արթուն և զգաստ լինի իր ճակատի վրա և թշնամական հարձակման դեպքում արժանի պատասխան տա:
Կատաղի կռիվներ են տեղի ունենում Սուրմալուի շրջանում: Թշնամին Իգդիրի ճակատից ուզում է պատռել մեր շղթան և շարժվել Երևանի վրա: Նրան հաջողվել է գրավել Իգդիրի շրջանի համարյա բոլոր գյուղերը: Մերոնք տեղի են տալիս նրանց գերազանց ուժերի առաջ: Մեր զորամասերը նույն Ճնշման տակ են նաև Էջմիածնի, Ղարս-Սարիղամիշ ճակատի և Կաղզվանի ուղղության վրա:
27 հոկտեմբերի
Մերտենեկի մեր զորամասը թնդանոթաձգության բռնվեց թշնամու հետ: Այս ճակատում մինչև այսօր սովորական հետախուզություններ և թեթև ընդհարումներ էին: Ամսի 26-ին Իգդիրի ճակատում մեր զորասյունը Դրոյի ղեկավարությամբ ետ է գրավել այն բոլոր գյուղերը, որոնք խլված էին թշնամու կողմից 24-ին: Թուրքերը այստեղ կատարյալ պարտություն են կրել: Նրանք այժմ ձգտում են շարժվել Սարդարապատի վրա և Ալեքպոլ- Ղարս երկաթուղագիծը ձեռք ձգելու դիտավորությամբ և մեր զորքերի կռնակն անցնելու պարզ նկատառումով: Մեր թիկունքն անցնող տաճկական զորամասը ղեկավարում է Խալիլ-Բեյը: Նրանք արդեն բավական առաջանալով գրավել են Ազատ և մի շարք ռազմական նշանակություն ունեցող կետերը:
Մեր հրամանատարությունը մեզ շրջապատող թշնամուն երևան է հանել այն ժամանակ, երբ վերջինս հասել է Ալեքպոլ տանող երկաթգծից երեք չորս վերստի վրա: Հանդուգն թշնամու այդ համարձակ քայլը՝ առաջխաղացությունը կանգնեցնելու համար նրա դեմ ուղարկվել է պահեստի մի պատկառելի ուժ գնդապետ Մազմանյանի հրամանատարությամբ: Վաղը մեր ուժերը շոշափման մեջ կմտնեն մեր թիկունքը անցնող թշնամու հետ՝ վճռական ջարդ տալով նրան:
Հենց հիմա Ղարսից հեռախոսով հայտնեցին մեզ, որ հաղորդակցությունը Ալեքպոլի հետ խզված է: Զարմանալի բան. մի՞թե թշնամին կարողացել է արդեն կտրել երկաթուղագիծը և հեռագրաթելերը: Պարզ երևում է, որ թշնամին ձգտում է Ղարսի-Ալեքպոլի մեջտեղից կտրել մեր թշնամու / հավանաբար՝ թշնամու բառն ավելորդ է -խմբ./ հավանական նահանջի ճանապարհը և միանալ Զարուշատի և Աղբաբայի մուսուլմանության հետ:
28 հոկտեմբերի
Այսօր ցերեկվա ժամը 12-ից սկսած բովանդակ ճակատի վրա կատաղի կռիվներ են: Սամավաթի ուղղությամբ թնդանոթամարտ է. նույնն է և մեր ճակատում: Թշնամու շարժումներից պարզվում է, որ նա պատրաստվում է հարձակման դիմելու: Սակայն դեռ որոշ ոչինչ հայտնի չէ, ոչինչ չի կարելի եզրակացնել մինչև զորաշարժական տեղեկություն չստանանք: Թնդանոթամարտը դադարեց ցերեկվա ժամը երկուսին, իսկ երեկոյան պաշտոնական հաղորդագրություն ստացանք 5-ին, որի բովանդակությունը անմխիթարական է: Թշնամին մեզ հանել է մեր դիրքերից Սարիղամիշի, Սամավաթի և Անիի ուղղություններով ու սպառնում է Ղարսին: Արդեն ծրագրված է կռիվներ մղել բերդաքաղաքի պարիսպների տակ: Գնդապետ Իշխանյանի գունդը Սամավաթից նահանջել է Պրոխլադնոյե գյուղը, որով մեր դրությունը վտանգվում է:
Մեզ նախազգուշացրին նահանջի պատրաստվելու: Ճիշտ պատասխան կտրվի 8-ին. կմատնանշվի մեր նոր դիրքերը, որ պիտի բռնենք: Շտաբում բոլորս էլ ոտքի վրա ենք՝ սպասողական դրության մեջ: Ժամը 8-ը անց է արդեն, բայց Ղարսից կարգադրություն չունենք: Ահա հրամանատարին կանչեցին հեռախոսի մոտ: Հարևան սենյակից լսվում է կցկտուր, բայց կարևոր խոսակցություն: Ինչպես երևում է մի քանի խոսքից, այս գիշեր նահանջելու ենք:
Մազրա կայարանի գրավումը չճշտվեց, թեև կարծում էին, որ Ալեքպոլի և Ղարսի միջև կապը կտրվելու պատճառը այդ էր: Այդ ուղղության վրա կտրված մի քանի հեռագրասյուները վերականգնված են, ինչպես նաև շինված է երկաթուղագծի քանդված կամուրջը՝ մեր զրահապատի կողմից: Զրահապատը կապ է պահպանում Ալեքպոլի և Ղարսի միջև: Դրությունը ճգնաժամային է, բայց բոլորովին անհուսալի չէ:
28 հոկտեմբերի
Այս գիշեր նահանջի հրաման տրվեց: Ցուցմունքներ ստացանք նաև մեր բռնելիք դիրքերի մասին: Մինչև Օզերո հետ պիտի քաշվենք՝ բռնելով նրանից հյուսիս բարձրունքները: Շտաբը պիտի տեղափոխվի Մալայա Վարանցովկա և Ջլաուզայից Վարանցովկա ճանապարհների հավասար հեռավորության վրա և այստեղից հեշտ է ղեկավարել թե կռիվները և թե կապ պահպանել, և թե մատակարարել զորամասերը պարենով և ռազմամթերքով: Սմբատի կամավորական զորամասի պարտականությունն է հսկել Աղբաբա-Զարուշատ տանող ճանապարհները և պաշտպանել մեր աջ թևը:
Մեզ համար տխուր գիշեր է, մեր սրտից արյուն է կաթում, և առանց թշնամու կողմից ուժեղ ճնշում լինելու Մերտենեկի զորամասը պարտված է առանց մի գնդակ արձակելու. թողել է իր դիրքերը և ետ քաշվել 15 վերստ: Ուղիղ 10 օր է որ այստեղ եմ, բայց ոչ մի գիշեր այսպես լուսնկա և պարզ չէ եղել: Լուսինը հավասարապես լուսավորում է մեր նահանջող բանակի և առաջ խաղացող թշնամու ճամփան:
Գյուղում կենդանություն է տիրում: Պահեստները հապճեպորեն դատարկվում են, զինվորները արագորեն շարժվում են այս ու այն կողմ: Կենդանություն է տիրում նաև շտաբում. լրաբեր ձիավորներ են գալիս ու գնում կարևոր հանձնարարություններով: Հրանատարը իր շտաբի սպաների հետ պատրաստություններ է տեսնում նահանջելու: Փոխգնդապետ Բաղդասարյանի խումբը դեռ առաջավոր դիրքերումն է: Նա իր գնդով ամենից ուշ պիտի թողնի դիրքերը և արիերգարդի դեր պիտի կատարի:
Ձի չլինելու պատճառով ինձ վիճակվեց կառքով նահանջել մեր զորամասի բժիշկ Ավդալյանի հետ, որ բարի, առաքինի, բայց վախկոտի մեկն է: Մոլոկանները հրճվում են մեր անակնկալ նահանջի առիթով: Հակառակի պես այս գիշեր պարզ է և լուսնկա: Գիշերվա ժամը 3-ին հասանք Օզերո կոչված կայանը, որ իր անունը առնում է իր քով գտնվող լճակով:
Այստեղ իրարանցումը ավելի մեծ է, և որքան դեպի ետ ենք գալիս, այնքան խուճապը զգալի է և ծանր: Սեպուհին հրամայված է նոր դիրքեր բռնել Օզերոյի բարձրունքներում, իսկ շտաբը տեղափոխել Տրոցկի: Կեսօրին հասանք Պրոխլադնոյե գյուղը, ուր քշված են մեր զորամասերը և որտեղ գտնվում է զորավար Հովսեփյանի շտաբը:
Այստեղ է և 7-րդ քաջարի գունդը, որ իր համարձակ կռիվներով Սամավաթում համարյա կեսն է մնացել: Գնդապետ Իշխանյանը շատ հոգնած դեմք ուներ: Նա միայն մի քանի խոսք փոխանակեց ինձ հետ և ապա շարունակեց իր գործերը: Նա 48 ժամ կոպ-կոպի չէր տվել և էլի կարիք չեր զգում քնելու: Մեր կառքով Տրոցկի հասանք, ուր գտանք մեր շտաբը տեղավորված մի մեծ և բավական մաքուր տան մեջ /ընդհանրապես մոլոկանները մաքուր են ապրում/:
30 հոկտեմբերի
Երկու օր է, որ թնդանոթների որոտը մեզ ջղայնացրել է: Ղարսը դիմադրում է: Իրիկվանից մեր բոլոր դաշտային զորքերը կռվով նահանջել են Բերդը: Լուրեր են հասնում, որ թշնամին կտրել է Մազրայի գիծը, որով ոչ միայն պաշարել է Ղարսի մեր զորքը, այլև փակել է մեր զորամասի նահանջի ճամփան:
Այսօր ցերեկվա ժամը 12-ին թուրքերը խուժել են բերդաքաղաք: Քաղաքի առումը հանկարծակի է եղել, որով և անհնար է եղել դուրս գալու մեր շտաբների ծառայողներին, ժողովրդի մեծ մասին և օ՜, խայտառակություն, այնտեղ են մնացել նաև Ղարսի ճակատի ընդհանուր շտաբի պետ գնդապետ Վեքիլով, խնամատարության նախարար Բաբալյան, զինվորական նախկին նախարար զորավար Արարատյան և զորավար Փիրումյան և ուրիշ շատ ու շատ զինվորականներ ու հասարակական գործիչներ: Բոլոր որբանոցները նույնությամբ մնացել են ամերիկյան ծածանվող դրոշակի տակ:
Ծրագրված է այսօր երեկոյան ժամը 8-ին դարձյալ նահանջել: Մեր զորամասին հրամայված է Աղբաբայով անցնել, իսկ գեներալ Հովսեփյանը իր զորամասով պիտի նահանջի խճուղով դեպի Ալեքպոլ:
Ղարսի առման մասին ճիշտ մանրամասնություններ չկան: Եկողները ահաբեկված տալիս են հակասական տեղեկություններ, բայց մի բան պարզ է, որ այդ պոռնիկ բերդաքաղաքը չի կարողացել դիմանալ նույնիսկ մի քանի ժամ: Մեր կորուստները հսկայական են. ահագին գերիներ են մնացել, առանձնապես տուժել է հինգերորդ գունդը, որի մեծագույն մասը ջարդվել է թշնամու կողմից:
Այս գիշեր ժամը 10-ին հասանք Ղարսաչայի կամրջի մոտ, որտեղից Ալեքպոլի խճուղին բաժանվում է Աղբաբա տանող ճամփից: Զինվորները խառնված գաղթողների հոծ բազմությանը, ուզում են փախչել: Բայց չորրորդ Բրիգադայի զինվորա-ոստիկանական առաջապահ վաշտը վարատար Ավետիսյանի ղեկավարությամբ կանգնած է կամրջի մոտ և թույլ չի տալիս, որ ամբոխ դարձած զինվորները փախչեն: Այստեղ կատարվում է զտումն: Զինվորները խումբ-խումբ կանգնած վիճում են մթության մեջ և դժգոհ են, որ իրենց ուզում են Աղբաբայով տանել*: Բայց հրամայված է այդպես նահանջել և այդպես էլ պետք է լինի, որովհետև, եթե մի զորասյունը հոծ իսլամներով բնակվող Աղբաբայով չանցնի, նրանք կարող են մեր նահանջի ճանապարհները բռնել և երկու կրակի մեջ առնել մեր հետնապահ զորամասերը:
_________________
*այս ուղղությունը տանում է Ալեքպոլից դեպի հյուսիս և Ջավախք երևի նահանջն այնուհետև հասել է մինչև Ջավախք, որտեղից տողերի հեղինակը կամ մեկ ուրիշը օրագիրը հասցրել են Ախալցխա, որտեղ և այն հայտնաբերվել է 1956-57 թ.թ. -Գ.Ռ.
_________________
Վերջապես, մի քանի ժամ սպասելուց հետո, շարժվեցինք առաջ և կեսգիշերին ապահով հասանք Օշանկա մոլոկան մեծ գյուղը, ուր հանգստացանք մենք՝ ձիավորներս, իսկ աբոզը կանգ չառնելով առաջ շարժվեց: Մոլոկանները, վախենալով թալանվելուց, իրենց ամբողջ անասունները դուրս են բերել դաշտ: Ճանապարհին հանդիպած կովերն ու եզներն քշում են մեր զինվորները, որպես մսացու, իսկ պատահած ձիերը հեծնում են, չնայած, որ ձիերի առաջին երկու ոտքերը նեղ շղթայով կապված են իրար: Փախչող սրիկա զինվորները, շղթաները հանելու գործիք չունենալով, քարերով են կոտրում և այնպես բաց անում:
31 հոկտեմբերի, Կիզիլ-Չախչախ
Ապահով կերպով հասանք հայկական այս կեղտոտ, դատարկված և մռայլ գյուղը, որ երկաթուղագծին մոտ է: Ցերեկով մենք Կարաուրգանի կիրճով անցնելիս, Բաշքադիկլարի կողմից լսվում էր սարսափելի թնդանոթաձգություն և գնդացրային ուժեղ կրակ և այնքան մոտիկ, որ թվում էր, թե թշնամին կտրել է մեր և մյուս զորամասերի նահանջի ճամփան: Նախքան Կարաուրգանի ձորով անցնելը, որտեղից հոսում է Ղարսաչայը, հարկ եղավ ձիավորներ ուղարկել մեր դիմացի իշխող բարձրունքը բռնելու: Հետախուզությունը հաջող անցավ, ապա ուղարկվեց հարյուր զինվոր դիրքերը ուժեղացնելու, որոնց մեջ էի և ես: Այստեղ ես հոգեկան մեծ ապրումներ ունեցա, որ չեմ կարող հիմա գրի առնել: Երբ բարձրացանք մեր 15 ձիավորների կողմից բռնած բլրաշարքերը, ականատես եղանք մեր զրահապատ գնացքի և մի փոքրիկ զորամասի կռվին: Բաշքատիկլար կայարանում թշնամին խոշոր ուժերով ճգնում էր պատռել մերոնց շղթան և հարձակվել մեզ վրա, բայց նրա կատաղի հարձակումները ետ էին մղվում զրահապատի կողմից: Վերջում թշնամուն հաջողվեց գրավել կայարանը, բայց հենց որ զրահապատը հասավ նրանց, դուրս շպրտեց այնտեղից, և թշնամին սկսեց նահանջել: Կռիվը տևեց մինչև մութն ընկնելը, երբ Սեպուհի զորամասն ու աբոզը հաջողությամբ դուրս եկան Աղբաբայի դաշտով:
Ցեխի և խճուղու անկանոնության պատճառով, թեև բավական ռազմամթերք թափեցինք, բայց մարդկային կորուստներ քիչ եղան: Այս գիշեր հրաման ստացվեց զորավար Սիլիկյանից, որ մեր զորամասով անցնենք Փիրվալի, Կիզիլ-Չախչախի ճակատը հանձնելով զորավար Հովսեփյանի պաշտպանության:
Դասալքությունը սարսափելի չափերի է հասնում: Գիշերները զինվորները հարյուրներով են փախչում: Զորքի բարոյական կորովը բավականին ընկած է. զորավարներից սկսած մինչև հասարակ զինվորը ոչ միայն դիմադրելու, առաջխաղալու հույս չունեն, այլև հավատացած են, որ այլևս ամեն բան վերջացել է: Բաբելոնյան խառնակություն է տիրում: Մեր բանակը չի կռվում և օր առաջ շտապում է տուն հասնել, որպեսզի թշնամուն չպատահի:
2 նոյեմբերի, Փիրվալի
Երեկ երեկոյան հասանք Փիրվալի, որ գտնվում է Ղարսաչայի ափին: Այս գյուղը քանդըված է դեռ 1918 թվին, նույն այս թուրքերի ձեռքով: Սակայն երկու տարվա ընթացքում հայ շինականը կարողացել է վերաշինել իր նախկին քանդված օջախը: Գյուղի քառորդ մասն է միայն բնակեցված, այն էլ այս անգամ ավերվեց: Բնակչությունը վաղուց փախել է. տներում միայն անտեր կատուներն են ապրում՝ կծկված սառը թոնիրի վրա: Առհասարակ հայկական ոչ մի գյուղի չհանդիպեցինք, որի ժողովուրդը դեռ մնացած լիներ:
Թեև կարծում էինք, որ այս տարի մեր ժողովուրդը կարող է դարձյալ սոված մնալ, բայց երևում է, որ ամեն տուն ունեցել է իր տարվա պաշարը: Գյուղերում հարյուրավոր փթերով թափված են գարի ու ցորեն: Խեղճերը նույնիսկ չեն վերցրել իրենց անհրաժեշտ իրերը: Թշվառ հայ ժողովուրդ, մինչև ե՞րբ ոտնակոխ պիտի լինես:
Սեպուհը այժմ նշանակված է Ղարսի և Ալեքպոլի ընդհանուր ռեզերվի հրամանատար: Երեկ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը իր մի քանի սպաներով և ձիավորներով եկել էր Կիզիլ-Չախչախ կայարանը, որտեղից ժամանեց Փիրվալի՝ Սեպուհի մոտ: Նրա հետ եկել էին նաև պառլամենտի անդամներ Արշակ Հովաննիսյանը և Ենոք Միրաքյանը: Զորական նախարարը մի քանի ժամ տեսակցություն ունեցավ Սեպուհի հետ և հետաքըրքրվեց զորքի բարոյական կորովի և ռազմունակության մասին: Հրամանատարը մանրամասն նկարագրեց մեր կռվել չցանկացող զորքի բարոյալքման մասին և կանգ առավ վերին հրամանատարության և սպայության ապիկարության վրա: Նախարարը ընկճված էր և քիչ էր խոսում: Հրամանատարի կարճ զեկուցումից ոչինչ լավ բան չէր կարելի եղրակացնել: Չմոռանամ հիշատակել, որ Սեպուհը երկու դասալիքի անձամբ գնդակահարեց, որոնցից մեկը մեռավ, իսկ երկրորդը դարձյալ ողջ մնաց շնորհիվ այն բանի, որ երեք անգամ Սեպուհը կրակեց և երեք անգամ էլ կրակ չբացվեց մաուզերից:
Երբ մութը ընկավ, նախարարը մեկնեց Ալեքպոլ, վերջին անգամ ասելով. «ոչինչ, ես հույս ունեմ, որ ամեն բան լավ կանցնի, այս բոլորից հետո մի լավ բան պիտի տեսնենք»:
Ինչ ուզում է թող ասի ռազմական նախարարը, դրությունը չափազանց ծանր է և անհուսալի: Զորքը և ժողովուրդը քարավան կազմած քաշվում են դեպի Երևան, Սանահին: Չգիտեմ ու՞ր է գնում մեր զորքը, մինչև որտեղ. փախչելու տեղ չունի, իսկ թշնամին երես առած առաջանում է:
4 նոյեմբերի
Այսօր հրաման ստացանք ամբողջ ռեզերվով անցնելու Վարդանլու գյուղը, այսինքն մեր աջ թևը, որտեղից թշնամին ուզում է գրավել Ալեքպոլը և շրջապատել մեր զորքը: Երեկոյան ժամը 4-ին դուրս եկանք Փիրվալուից և նույն օրը երեկոյան 6-ին հասանք Ուիվնիս գյուղը, ուր կանգնած էր Հովսեփյանի զորամասը: Հովսեփյանը մի թեթև զորք ուներ Կիզիլ-Չախչախի ուղղությամբ. իր շտաբը տեղավորված էր վագոնում, ուր Սեպուհը տեսնվեց նրա հետ: Ճակատից վատ լուրեր են հասնում: Զորքը մութն ընկնելուն պես տասնյակներով թողնում է իր դիրքերը և փախչում Ալեքպոլ: Եկան և Սմբատի ձիավորները ինքնակամ կերպով:
Տեր Աստված, փախչում է և ձիավոր, և հետևակ, և թնդանոթածիգ. մեծ ու փոքր, բոլորն ալ փախչում են: Սրիկաներ: Ուվնիսում մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Վարդանլու, ուր առաջուց գնացել էր մեր հետևակ ռեզերվը և 4 թնդանոթ:
Վարդանլու. 5 նոյեմբերի
Առավոտյան ժամը 10-ին հասանք Վարդանլու, ուր թշնամին գյուղում չէր՝ հակառակ մեր ենթադրության: Նա դիրք էր բռնել Ղմլիի ուղղությամբ Աղբաբայի լեռնաշղթան կռնակ ունենալով, մենք դաշտում էինք և աննպաստ դիրքերում: Հրամանատարը գյուղ հասնելով, առաջին գործը եղավ ձիավոր հետախույզներ ուղարկել հակառակորդի ճիշտ դասավորումը, նպատակները և շարժումները երևան հանելու համար: Մեր այնտեղ ժամանելուց երկու ժամ հետո ուղարկած ձիավոր հետախույզները ճակատից հրացանաձգության բռնվեցին թշնամու հետ և ետ փախան անամոթաբար: Հրամանատարը իսկույն կարգադրեց, որ գյուղում եղած բոլոր ուժերը դուրս գան առաջավոր դիրքերը փոխգնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ, որը և կատարվեց:
Ոչ մի տեղ թշնամուն լուրջ դիմադրություն ցույց չտվող և հակառակորդի առաջին իսկ գնդակից փախչող հայ զինվորը նորից սկսեց ալեկոծվել և ետ նայել, բայց հրամանատար Սեպուհի համբավը և նրա ներկայությունը նրանց ներշնչում էր դիմադրական ուժ և անվախություն: Զորքը կանգնած էր իր դիրքերում ու սպասում նոր կարգադրության՝ թշնամու հարձակմանը դիմագրավելու: Մարտկոցը, որ ծածկված էր Վարդանլու գյուղի վեր բլրի ետևը, նույնպես հրաման ստացավ կազմ ու պատրաստ լինելու: Սեպուհը իր շտաբի սպաներով և մի քանի ձիավորներով շտապեց մարտկոցի մոտ, որն արդեն հեռադիտակով հետևում էր թշնամու շարժումներին:
Այդտեղից պարզ երևում էր, թե ինչպես թշնամու չորս կանոնավոր զորասյուներ մեկը մյուսի ետևից առաջանում էին: Կռիվը սկսված էր արդեն, թշնամու կողմից մեր առաջավոր դիրքերի մոտ հանկարծ սկսեց գործել երկու գնդացիր: Սեպուհը հրաման տվեց մարդկոցին մասնակցել կռվին: Կյանքումս առաջին անգամ ականատես եղա, թե ինչպես հինգ վերստ ճակատ կազմող տարածության վրա իրար են խառնված հրացանային, գնդացրային և թնդանոթային համազարկերը: Կռվի տաք ժամանակ, ըստ թշնամու սովորության, հանկարծ մոտ երկուհարյուր սուարիներ Ղմլի գյուղի կողմից երևացին դեպի Ալեքպոլ տանող սարերի լանջին՝ մեր ծայրագույն աջ թևի վրա: Առանց շփոթվելու և հանկարծակիի գալու Սեպուհը կարգադրեց իր Բրիգադայի ձիավոր հարյուրակի պետ Ստեփան Ծաղիկյանին, որ նա հարյուրակի մնացած 15 ձիավորներով հարձակվի թշնամու վրա և զբաղեցնի նրան և եթե հնարավոր է ետ շպրտի նրան՝ ապահովելով մեր թիկունքը: Ծաղիկյանը իր հետ վերցրեց 8-րդ գնդի մի տաս ձիավորների՝ վանեցի Արշակ անունով մի երիտասարդի գլխավորությամբ, որ կրակի բռնվեց թշնամու գնդացիրներից և ետ քաշվեց: Կես ժամից հետո Ծաղիկյանի մի բուռն քաջերը հասան սուարիների բռնած սարալանջերին և կռվի մտան: Մեր լեռնային երկու թնդանոթները ուղղված էին թշնամու հետևակի վրա, իսկ մյուս երկուսը՝ սուարիների վրա: Կռիվը ավելի ու ավելի էր տարածվում ու կատաղի բնույթ կրում: Պարզ էր, որ թշնամու ուժը գերազանց էր, դրա համար էլ մեր կենտրոնը սկսեց ետ քաշվել, որ կարող էր վճռել ամբողջ կռվի բախտը ի վնաս մեզ: Հրամանատարը իսկույն ձի նստեց և շտապեց այնտեղ. դրությունը վերականգնվեց: Մեր թնդանոթները լավ էին խփում. այդ երևաց նրանից, որ թշնամու գնդացիրներին լռեցրին միաժամանակ: Ապա նրանք իրենց նոր և ապահով տեղեր գրավելով, էլի սկսեցին գնդակոծել մեր առաջին շարքերը:
Ծաղիկյանից լուր չկար, միայն հեռադիտակով նկատվում էր, որ նա իր ձիավորներով խռնվեց թշնամուն, որի հետևանքով մեր մի քանի ռումբեր պայթել էին հենց նրանց մեջ՝ առանց վնասելու: Ժամ ու կես կռվից հետո մեկ էլ են տեսանք, որ Ծաղիկյանի երկու ձիավորներ մեջտեղ շարած մի ուրիշ ձիավորի, բերին մարտկոցի տեղը, ուր գործում էր դաշտային շտաբը: Ձիավորը Աղբաբայի մի թուրք էր կարճահասակ, շեկ մազերով, երկար փափախով և տեղական տարազով: Հրամանատարի այն հարցին, թե որքա՞ն են թշնամու ուժերը և ինչպես են դասավորված նրանք, նա ժպտաց և ասաց, որ թշնամին բաղկացած է ընդամենը մի քանի տասնյակ ձիավորներից, իսկ հետևակ կանոնավոր ասկյար բոլորովին չկա: Թուրքի հայրենասիրական գաղտնապահությունը ակներև էր: Նրան փաղաքշեցին, կյանքը պարգևելու խոստում տվին, ոչ մի տեղեկություն չտվեց: Սպառնաց հրամանատարը, սպառնացին մյուս սպաները, բայց թուրքը դարձյալ անդրդվելի մնաց: Նա չափազանց վախից ժպտում էր խելագարի նման և ուրախ էր մանկան պես: Երբ բոլորս թողինք նրանով հետաքրքրվելն ու հարցաքննելը, նա մի քիչ սիրտ առավ, իսկ երբ նրան հանձնեցին մի զինվորի հսկողության, նա զգաց այն սարսափելիությունը և լրջացավ:
Նա անօգուտ տեղ սկսեց խնդրել, որ խնայվի իրեն, որովհետև ընտանիքի տեր է և երեխաներ ունի, որոնք որբ կմնան: Կռիվը դադարեց. թշնամին տեղի տվեց մեր համառ դիմադրության, շնորհիվ միմիայն Ստեփանի հերոսական քաջագործության: Մենք ունեինք մի քանի թեթև վիրավորներ, իսկ թշնամու կորուստը մեզ անհայտ մնաց: Այսքանը պարզ էր, որ այդ օրը երեկոյան դեմ, Վարդանլու գյուղի ավերակներից մեկում, թշնամու կողմից մի կյանք միայն խավարեց, որը դժբախտություն ուներ մեր ձեռքն ընկնելու: Եվ քանի քանիսը մեզանից թշնամու ձեռքով ընկել էին այդ ամբողջ ողբերգության և դժոխային նահանջի ճանապարհին:
Օրագիրն ընդհատվում է / խմբ./:
Օրագրի վերջին նախադասությունը կարծես հուշում է, որ այն ոչ թե ընդհատվում է այլ ավարտվում:
Որպես երախտիքի տուրք օրագրի առաժմ անհայտ հեղինակի՝ Մեծ Հայրենասերի ու Տառապյալ Գրողի պայծառ հիշատակին՝ ինտերնետային ընթերցողների լայն շրջանների համար սիրով պատրաստեց` Գեիմ Ռուշանյանը:
Լրացուցիչ տեղեկություններ` Աղբյուր՝ Դեպի երկիր մատենաշար, թիվ 9. ք. Երևան 1993թ.
Բնօրինակից խմբագրեց և հրատարակեց՝ Սարգիս Հարությունյանը
Համակարգչային տեքստը պատրաստեց, խմբագրեց և գրադարանին տրամադրեց՝ ճարտարագետ Գեիմ Ռուշանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել