HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրս երջանիկ մարդ էր. հուշեր նկարիչ Սարգիս Մուրադյանի մասին

Զարուհի Մուրադյան 

սկիզբը

Ռուսերենից թարգմանեց ցմահ դատապարտյալ, 18-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանը 

1987-ի աշնանը հայրս վերադարձավ արվեստանոց: Եվ այստեղ վրա հասավ 1988-ը…

Շարժումը սկսվեց բնապահպանության խնդիրների հետ կապված հանրահավաքներով: Այդ ժամանակ ես կլանված աշխատում էի քաղաքի ծայրամասում գտնվող իմ արվեստանոցում: Ինձ համար ամեն ինչ սկսվեց փետրվարի 18-ի երեկոյան: Այդ օրը, երեկոյան ժամը 10-ի կողմերը մենք վերադառնում էինք կինոյի տնից, որտեղ դիտել էինք «53-ի սառը ամառը» ֆիլմը, ես ղեկին էի, քույրս ամուսնու հետ՝ մեքենայում: Հանկարծ ձայներ լսվեցին: Դրանից 2 տարի առաջ ես Հունաստանում էի և այնտեղ տեսել էի մեծ հանրահավաքներ, բազմամարդ ցույցեր: Չգիտեմ ինչու՝ այն ժամանակ Հունաստանում ոգևորվեցի: Մարդիկ հոծ շարքերով շարժվում էին փողոցներով և երգում: Հիշում եմ, թե ինչպես գիշերով Աթենքում դուրս վազեցի հյուրանոցից և միացա ցուցարարներին: Եվ հիմա, Երևանում, հանկարծ լսում եմ նման մի բան: Սայաթ-Նովայով անցնելիս՝ մենք տեսանք մի քանի հարյուր մարդ՝ հավաքված Օպերայի հրապարակում: Կանգնեցրեցի մեքենան և մոտեցանք հավաքվածներին Ինչ-որ մեկը վրդովված խոսում էր բարձրախոսով, ոչինչ չէր լսվում: Փորձում էինք կռահել։ Սկսեցինք տարբերել «Ղարաբաղ», «սեսիա» բառերը: Հասկացանք, որ վաղը բոլորին հրավիրում են ընդհանուր հավաքի, բայց միևնույն է, հասկանալի չէր՝ ինչի՞ մասին է խոսքը, միայն պարզ էր, որ շատերը հուզված էին և ոգևորված: Հաջորդ օրը սովորականից շուտ դուրս եկա արվեստանոցից, որ գնամ Օպերայի հրապարակ: Արդեն հազարավոր մարդիկ կային հավաքված: Լսվում էին հռետոր Վաչե Սարուխանյանի պաթետիկ կոչերը՝ երթով անցնել քաղաքով ի պաշտպանություն Ղարաբաղի մարզխորհրդի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման: Շատերը տեղյակ չէին, թե ինչի մասին է խոսքը, մեկը մյուսին էր հարցնում: Շատ ցուրտ էր, ես տուն գնացի, բայց հոգիս փոթորկված էր: Շատ էր ազդել Սարուխանյանի հռետորական ազդեցիկ ձայնը: Հետագայում իմ աչքերով տեսա, թե ինչպիսի մանիպուլյացիաների կարող է ենթարկել ամբոխին լավ հռետորը: Հաջորդ օրը, կեսգիշերին մոտ, մենք պատրաստվում էինք քնել և հանկարծ ասես երկրաշարժ սկսվեց. Կիևյան փողոցը դղրդում էր բազմամարդ երթից: Լսվում էին միահամուռ կոչեր՝ «Հայեր, միացե՛ք», «Ղա՛-րա՛-բա՛ղ»: Սիրտս քիչ էր մնում կրծքիցս դուրս թռչեր: Ես և քույրս արագ հագնվեցինք, դուրս թռանք տնից՝ չլսելով մայրիկի հորդորները ուշ ժամի և ցուրտ եղանակի մասին: Ցուցարարների հետ միասին հասանք Կիևյան և Կասյան խաչմերուկ: Ծանոթներին տեսնելիս՝ գրկախառնվում էինք, բոլորը ոգևորված էին: Երթի սկիզբն անցնում էր Կոմիտասի փողոցով: Մենք իմացանք, որ մարդիկ դուրս են եկել Օպերայի հրապարակից, անցել են քաղաքով և այժմ Մոնումենտով իջնում են նորից Օպերայի մոտ: Բոլորը արագ քայլում էին, վանկարկում էին, ոտքերով դոփում էին գետնին, երգում էին «Զարթիր, լաո»: Գիշերային ցուրտ քաղաքում 1988-ին այս տեսարանը անսովոր էր և տպավորիչ: Կարծես բոլորն իրար ծանոթ էին, անկաշկանդ շփվում էին, և ոչ ոք չէր հոգնում: Պատուհաններից տեսնելով երթը՝ մարդիկ միանում էին: Գիշերվա երկուսի կողմերը հասանք Աբովյանի պուրակ (Պլանի գլուխ): Հանկարծ բազմամարդ ցույցի բոլոր մասնակիցները միաժամանակ լռեցին: Վայրկյան անց հասկացա, հիվանդանոցի կողքին ենք: Կարծում եմ՝ ո՛չ հիվանդանոցում, ո՛չ ծննդատանը ոչ ոք չարթնացավ. հազարավոր մարդիկ էին քայլում, բայց քայլերի ձայն անգամ չէր լսվում: Օպերայի հրապարակում մարդիկ թերմոսներից թեյ էին խմում ու սպասում էին քայլերթի մոտենալուն: Առավոտյան կողմ մենք հասանք տուն և մեռածի պես քնեցինք: Լուսաբացին նորից լսվեց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ»: Ես մտածեցի, որ երազ եմ տեսնում, բայց անասելի աղմուկից վերջապես արթնացա: Ժամը 11-ին մոտ գործադուլավորների խիտ խմբերը գետերի նման հոսում էին դեպի Կիևյան և Կասյան խաչմերուկ և հետո՝ դեպի Օպերայի հրապարակ: Հայրս արդեն հագնվել, դուրս էր եկել: Մենք կիսաքուն սուրճ խմեցինք, մեքենայով հասանք կենտրոն, մեքենան թողեցինք կողքի շենքի բակում և արագ քայլերով մոտեցանք Օպերային: Տեսարանը ցնցող էր՝ մարդկանց հոծ բազմություն, դրոշներ, պաստառներ, ծափահարություններ: Ես նայեցի հայրիկիս, նրա պայծառացած դեմքին, հիշելով, որ դեռ 1965թ-ին Պարույր Սևակի, Ռաֆայել Ղազարյանի, Վարագ Առաքելյանի հետ միասին, նա համառորեն զբաղվում էր Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերով, սակայն ինձ ոչինչ չէր պատմում: Գիտեի միայն, որ բազմաթիվ նամակներով դիմում էին Մոսկվա՝ ԿԿ և Գերագույն խորհուրդ: Հայրս շշնջաց ականջիս. «Սա պետք է նկարահանել»: Մեկ տարի առաջ նա ԱՄՆ-ից տեսախցիկ էր բերել, և ես միանգամից հասկացա՝ ինչ է պետք անել:

Հրապարակում արդեն բարձրախոսներ էին տեղադրել, բայց միևնույն է՝ վատ էր լսվում: Ավելի հաճախ լսվում էին Սամսոն Ղազարյանի, Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի ձայները: Շատերը հայրիկիս ճանաչում էին՝ ողջունում էին, շնորհավորում: Մենք կորցրեցինք իրար: Ես կանգած էի սրճարանի մոտ, վիզս ձգում էի, որ գոնե ինչ-որ բան տեսնեմ (հետո արդեն չէի ամաչում և տեսախցիկով բարձրանում էի պատերի, ծառերի վրա և բոլորին օգնում էի, որ ավելի վեր բարձրանան ): Հանկարծ ինչ-որ մեկը դիպավ ուսիս.

–Ի՞նչ է այստեղ կատարվում:

Իմ քրոջ գործընկերն էր Մատենադարանից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես տեղնուտեղը նկատեցի նրա ձեռքի պայուսակի չափսերը, դրեցի այն գետնին, կանգնեցի վրան ու ասացի.

–Տեղիցդ մի շարժվիր ես ամեն-ինչ քեզ կպատմեմ:

Այդպես կանգնեցինք 2 ժամ՝ ափսոսալով, որ չեմ նկարահանում կատարվածը: Մարդիկ շրջաններից ոտքով արդեն հասել էին Երևան: Փետրվարի 22-ից սկսած «Ժամանակ» հեռուստածրագրով հաղորդում էին ամեն տեսակ հիմարություն, հայկական և խորհրդային հեռուստաալիքներով կոչ էին անում սթափվել: Սակայն ջինը շշից արդեն դուրս էր եկել: Երևանը ալեկոծվող ծովի էր նմանլ, բոլորը հիանում էին համերաշխության և համախմբվածության զգացումով: Երեկոյան հայրս ասաց, որ տեսախցիկի համար խոսել է Արմեն Հովհաննիսյանի հետ և նա առաջարկել է իր եղբոր՝ օպերատոր Վահեի օգնությունը:

1965 թ-ից հետո հայրս շատ լավ գիտեր, թե ինչեր կարելի է սպասել սովետական պատժիչ մեքենայից: Ապահովության համար նա պնդեց, որպեսզի հաջորդ օրը Վահեն իմ կողքը լինի: Առավոտյան մենք հանդիպեցինք, ծանոթացանք, տեսախցիկը փոխանցեցի նրան և կանգնեցի կողքին: Ոչ ոք չգիտեր՝ ինչ էր տեղի ունենալու և որքան կտևեր: Մեկ ժամ անց մենք սկսեցինք իրար փոխարինելով նկարել:

Փետրվարի 23-ին Սամսոն Ղազարյանը հարթակից հայտարարեց, որ Մոսկվայից ժամանել են Դոլգիխը և Լուկյանովը: Հրապարակը լցվում էր գործադուլ հայտարարած բանվորներով, մերգելյանցիներով և այլ ակադեմիական ինստիտուտների գիտաշխատողներով: Նրանց ընդունում էին մեծ ցնծությամբ: Ժամը 14.00-ին որոշվեց գնալ դեպի ԿԿ (իմիջիայլոց, Բաղրամյան պողոտան մինչև կեսգիշեր փակ էր՝ Պռոշյան փողոցից մինչև Չեխովի դպրոցը. ոչ մեկի մտքով չէր անցնում քշել ցուցարարներին՝ ծեծի ենթարկելով նրա մասնակիցներին): Բարձրախոսը դրեցին անմիջապես ԿԿ-ի շենքի առաջ՝ գրախանութի մոտ: Վահեն բարձրացավ ցանկապատի վրա, ձայն տվեց ինձ՝ ասելով, որ փողոցի ներքևի մասը չի երևում: Նայեցի վերև և ծառի ճյուղին կանգած 2 տղա տեսա: Մի քանի վայրկյան անց ես ծառի վրա էի, այստեղից ամբողջ փողոցը երևում էր: Պարզվեց, որ կողքինս հայտնի Զատիկյանի զարմիկն էր: Մի քանի ժամ նա ինձ պահում էր, որ ծառից չընկնեմ: Ժողովուրդը ոգևորված երգում էր Վահրամ Թաթիկյանի հետ, Վերա Հակոբյանի հետ արտասանում: Մարդիկ համոզված էին, որ ամբողջ ազգը կանգնի, պահանջները կկատարեն, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը: Է՜, ինչքան միամիտ էինք և ռոմանտիկ… Հավանաբար բոլորը այնքան էին կլանված միասնության և եղբայրության անզուսպ զգացումով, որ չէին կարող սթափ գնահատել իրավիճակը: Անմիջապես դարպասների առաջ բացվեց մի միջանցք. թվում էր, թե մեր ձայնը տեղ կհասնի, որ Դոլգիխը ու Լուկյանովը հիմա դուրս կգան ու կլսեն մեզ…

Տեսախցիկի մարտկոցը նստում էր, բայց ես ծառից չէի իջնում մինչև ուշ երեկո: Խցիկն անտանելի ծանր էր դարձել, ուժս չէր հերիքում: Հայտարարեցին, որ հաջորդ օրն առավոտյան նորից հավաքվելու ենք Օպերայի հրապարակում: Տասի կողմերն էր, երբ տուն հասա: Հայրս արդեն տանն էր, չեմ հիշում ովքեր էին, բայց շատ մարդ կար մեր տանը: Գրկեցի հորս, հոգնած ու ուժասպառ եղած լաց եղա երեխայի նման, չնայած արդեն 27 տարեկան էի:

Այդ օրերին մեր տանը տարբեր մարդիկ էին հավաքվում՝ Ռաֆայել Ղազարյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը և հայրիկիս հին ընկերները: Գալիս էին ինձ ծանոթ և անծանոթ մարդկանց հետ, նայում էին նկարահանած նյութերը, մինչև կեսգիշեր քննարկում էին անցած օրվա իրադարձությունները….

Այսօրվա չափանիշներով մեր տեսախցիկը մեծ էր և ծանր, սակայն ԽՍՀՄ-ում շատ քչերն ունեին նման տեսախցիկներ (երևի միայն կենտրոնական հեռուստատեսությունում և ԱԱԾ-ում ունեին լավ տեխնիկա. ինչ-որ մարդիկ էին հայտնվում և նկարահանում էին): Միայն մարտկոցը, որը նստեց ԿԿ-ի շենքի առաջ, երևի 1 կիլոգրամից ավելի կլիներ: 3 տարի շարունակ գիշերները լիցքավորում էի մարտկոցը, հաջորդ օրը ծանր պայուսակն ուսիս գցած գնում էի հրապարակ, որտեղ հավաքվում էր ժողովուրդը: Ունեմ մեծ արխիվ: Երբ 90-ականներին թվայնացման հնարավորություն առաջացավ, իսկ ես փոքր երեխաներ ունենալու պատճառով չկարողանալով այդ հարցով զբաղվել, տարբեր մարդկանց էի առաջարկում այդ գործը: Բոլորն ասում էին, որ գումար չկա, շատ թանկ է և այլն: Հետո ինքս սեփական միջոցներով թվայնացրեցի նկարահանածները:

Հասկանալի էր, որ չէի կարող ամեն տեղ հասցնել, սակայն ամենակարևոր ցույցերը, իրադարձությունները հաջողվեց նկարահանել: 1988-ի աշնանը, դեռ մինչև պարետային ժամ հայտարարարելը՝ ժողովուրդը կանգնած էր Օպերայի հրապարակում: Հանկարծ Թումանյան փողոցում խորհրդային տանկեր երևացին: Ինչ-որ մեկը ելույթ էր ունենում, ես նկարահանում էի, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Տանկերի շարասյունն ամբոխից 10 մետր հեռավորության վրա սկսեց անցնել: Պատկերացրեք, թե ինչ դղրդոց էր: Հավանաբար բողոքի ձայնը և վրդովմունքի զգացումը վախից ավելի ուժեղ էին, և որպեսզի լռեցնեն տանկերի ձայնը, ամբողջ Հրապարակը միաձայն սկսեց գոռալ «Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ», «ՂԱ՛-ՐԱ՛-ԲԱ՛Ղ, ՂԱ՛-ՐԱ՛-ԲԱ՛Ղ»: Երբ տանկերը թեքվեցին դեպի Լենինի պողոտա, ես վազեցի նրանց հետևից՝ նկարահանելով նրանց երթը Երևանի գլխավոր պողոտայով:

Ցույցերի ժամանակ միշտ ներկա էր Միշիկը (ազգանունը չեմ հիշում)՝ Վոժդ մականունով: Հոյակապ տղա էր։ Կարծես «գողական» էր, անասելի հայրենասեր, շատ քաջ ու մի փոքր թիթիզ՝ նռնակը պարանոցից կախած էր ման գալիս: Կամավորական խմբերի կազմակերպիչներից մեկն էր: Միշտ ասում էր՝ ինչ մտածում էր: «Ղարաբաղ» կոմիտեից շատերին դա դուր չէր գալիս: Մենք ընկերներ էինք, ես նրան համակրում էի ժողովրդի նկատմամբ ազնվության և հավատարմության համար: Վոժդ-Միշիկը մահացավ 1991-ի գարնանը, Շամշադինի շրջանում: Ասում էին, որ նրան ուղարկողները հաստատ գիտեին, որ շրջապատման մեջ կընկնի ու կմահանա: Նա վիրավորվել էր, և երբ ադրբեջանցիները մոտեցել էին՝ պարանոցից կախած նռնակով ինքն իրեն պայթեցրել էր ազերիների հետ միասին:

Այն աշնանային օրը հրապարակում Միշիկն ասաց. «Գնանք նկարահանենք, կողքիդ կլինեմ», և երկուսով վազեցինք տանկերի ետևից՝ նկարահանելով, թե ինչպես են վախեցնում ժողովրդին: Մարտկոցի լիցքավորումը, ինչպես ասացի, հերիքում էր 1.5 ժամ: Դրա համար խնայում էի, ընտրովի նկարահանում, երեկոյան մոնտաժ էի անում: Այդ նյութերի ետևից տարբեր մարդիկ էին գալիս մեր տուն: Նույնիսկ BBC-ից էին գալիս և որոշ կադրեր վերցնում: Համբարձում Գալստյանը երեկոյան շտապ գալիս էր մեր տուն և ասում. «Շուտ տուր կասետը, պետք է ուղարկել BBC կամ CNN»: Ես տալիս էի կասետները, հետո ինձ վերադարձնում էին, չնայած մի քանի անգամ այդպես էլ չվերադարձրեցին: Մի երկու անգամ այդ պատճառով ընդհարում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի հետ:

Սկզբում վախ կար, որ կարող են գալ ՊԱԿ-ից և առգրավել կասետները: Երեխաների բոլոր կասետներից ջնջել էի մուլտֆիլմները և ցույցերն էի ձայնագրել: Կասետները դժվարությամբ էին ճարվում: Եթե մեկը հարցնում էր, թե ինչ է մեզ պետք, ես մաքուր կասետներ էի խնդրում: Մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը կապվեց ինձ հետ և հարցրեց՝ ինչո՞վ կարող է օգնել: Ես նրանից նույնը խնդրեցի: Ոչ մի անգամ մեր տանը այդպես էլ խուզարկություն չեղավ:

Փետրվարյան իրադարձությունների առաջին շաբաթվա ընթացքում ազգային ոգու վերելքն էր: Ինչ-որ մեկը հրապարակ մատնաքաշ էր բերում, հացերը ցուցարարների գլխավերևներով էին անցնում, և ամեն մեկը իրեն մի կտոր հաց էր պոկում: Նույն ձևով՝ ծխախոտի տուփերը: Երբ ինձ տեսախցիկով էին տեսնում, միանգամից օգնում էին ավելի բարձր տեղ կանգնել: Ես սյուների վրա էի բարձրանում, ինչ-որ պատերի վրա, դարպասների: Անհավանական ռոմանտիզմի ժամանակ էր:

Երբ 88-ին սկսվեցին ցույցերը, մարդիկ նորից հավաքվում էին մեր տանը: Նորից հայտնվեցին նույն դեմքերը, որոնք ծանոթ էին 70-ականներից: Նրանք մինչև առավոտ կարող էին մնալ մեր տանը: Իրենց հետ էին բերում թղթակիցների, ճանաչված մարդկանց, և մենք դիտում էինք այդ օրվա նկարահանված նյութերը: 1-2 ժամ նայում էինք՝ իմ մեկնաբանություններով: Հետո սեղան էր բացվում, և խոսակցությունները շարունակվում էին: Լավ եմ հիշում Չեռնովին՝ «Օգոնյոկի» թղթակցին: Այդ օրը մեր տանը մոտ 20 մարդ կար: Նա վեր կացավ և կենաց ասաց. «Դուք՝ հայերդ, ականապատ դաշտ եք դուրս եկել: Հայ ազգը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»: Մի անգամ էլ ամբողջ գիշերն անցկացրեցինք ճանաչված ռուս բանաստեղծ և հասարակական գործիչ Միխայիլ Դուդինի և դերասան Սոս Սարգսյանի հետ: 

88-ի փետրվարի վերջին, Սումգայիթի դեպքերից 2 օր առաջ, երեկոյան 10-ին մոտ տեսախցիկիս մարտկոցը նորից նստեց: Ժողովուրդը հավաքված էր Հրապարակում, լսում էր հռետորներին: Ձմեռ էր, ցուրտ, շուտ էր մթնել: Հանկարծ բարձրախոսով լսում եմ հայրիկիս ձայնը. «Ես Սարգիս Մուրադյանն եմ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր, կոչ եմ անում բոլոր իմ ընկերներին և պատգամավոր-գործընկերներին հավաքվել արտահերթ նիստի ԳԽ-ում և քննարկել ԼՂԻՄ-ում բարձրացրած հարցը»:

Վաղ առավոտյան զանգահարեցին ԿԿ-ից. «Սարգի՛ս, այդ ինչ ելույթներ ես ունենում»: Չէ՞ որ նա պատգամավոր էր, իշխանության մեջ գտնվող մարդ: Այն ժամանակ դա անասելի խիզախություն էր: Հայրս այդ զանգերին ոչ մի նշանակություն չտվեց:

Սումգայիթից եկած նորություններից հետո հայրս կոտրվեց, ընկճվեց. հավանաբար նյարդերը չդիմացան լարվածությանը և մի քանի օր բարձր ջերմությամբ պառկեց: Փախստականների ալիք սկսվեց Ադրբեջանից: Մեր տուն տարբեր մարդիկ էին գալիս և պատմում…

Հաճախ մեր տանն էին լինում Ռաֆայել Ղազարյանը և Սոս Սարգսյանը. քննարկում էին՝ ինչպես օգնել տեղավորել փախստականներին: Դիմեցին Վլադիմիր Մովսիսյանին, ով, եթե չեմ սխալվում, այն ժամանակ Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալն էր և կառավարության հանձնարարությամբ դիմավորում և տեղավորում էր փախստականներին առողջարաններում, պիոներական ճամբարներում և այլն: Նրանք մտածեցին (հայրիկս, Ռ. Ղազարյանը, Ս. Սարգսյանը) Ադրբեջանի փախստականներին բնակեցնել ԼՂԻՄ-ում: Տեղափոխվել ցանկացողների օգնության հիմնադրամ ստեղծվեց: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացվում էր զգալի գումար: Այդ ժամանակ Սումգայիթի ջարդերը անտեսելով, Բաքվում կատարվող անօրինությունների վրա աչք փակելով՝ խորհրդային իշխանությունները զորք մտցրեցին Երևան: Ցույցերը որոշ ժամանակ դադարեցին: Սարսափելի էր, տանկերը, չգիտես ինչու, Կիևյանով վերև էին գնում: Հետո ուղղաթիռները հայտնվեցին ու պտտվում էին քաղաքի վրա։ Դրանց անվանում էին «վերակառուցման ծիծեռնակներ»: Երեխաները դրանց զարհուրելի սվվոցից վախենում էին:

Սումգայիթի դեպքերից որոշ ժամանակ անց, 1988-ի մարտի վերջին մեր տանը հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա պատգամավորների ստորագրություններ էր հավաքում՝ Գերագույն Խորհրդի նիստ հրավիրելու պահանջով: Լևոնը քույրիկիս հետ միասին մի քանի տարի աշխատել էր Մատենադարանում և այս իրադարձություններից առաջ բազմիցս իր տիկնոջ հետ միասին եղել էր մեր տանը: Ես միշտ հարցնում էի քույրիկիս. «Ոչ մի խոսք չի ասում, միշտ լուռ նստած է»: Դա ինձ դուր չէր գալիս: Հավաքվածները բարձր խոսում էին, պատմություններ պատմում, իսկ նա ամենալուռն էր: Եվ հանկարծ նա հայտնվում է մեր տանը՝ ստորագրություններ հավաքելու նպատակով: Բացի Ղարաբաղից, նամակում նշված էր նաև Նախիջևանի հարցը: Հայրս ասաց. «Լևոն, արի Ղարաբաղի հարցը վերջնականորեն լուծենք, իսկ Նախիջևանի հարցում դեռ պետք է սպասել»: Նամակը ստորագրեցին, որքան հիշում եմ, ընդամենը ինը հոգի: Հետո բոլորին սկսեցին զանգահարել ԿԿ-ից, և բացի Սովմինի փոխնախագահ Ալեքսանդր Կիրակոսյանից ու հայրիկիցս՝ մնացածը հրաժարվեցին իրենց ստորագրություններից: Հայրս ասում էր, որ կոմունիստ չինովնիկների մեջ էլ կան հայրենասերներ: Ալեքսան Մատվեյիչը դրա վառ ապացույցն էր:

1988-ի մայիսի վերջն էր: Ուսանողները սկսել էին նստացույց օպերայի հրապարակում: Նորից արվեստանոցում աշխատանքը վերջացնելուց հետո գալիս էինք Օպերա: Ամբողջ երեկո այնտեղ էինք անցկացնում, լինում էր՝ գիշերն էլ էինք այնտեղ մնում: Օպերայի հրապարակը դարձել էր մշտական ճամբար: Սկսեցին հանրահայտ հացադուլները վրանների մեջ: Իմիջիայլոց, ցանկանում եմ ոստիկանության մասին ասել: Ոչ մեկը ոչ ոքի չէր խանգարում, ոստիկանները չէին միջամտում, այլ պաշտպանում էին հենց ցուցարարներին (համեմատության համար՝ այսօրվա մեր ոստիկանները կարող են պատռել մեկ տեղանոց վրանը Մաշտոցի պուրակում, որտեղ կատարվող ակցիաների մասնակից երիտասարդները պարզապես ցանկանում էին մի փոքր տաքանալ ձմեռվա ցրտին): Նույնիսկ լուսանկարներ կան, որտեղ երևում է, թե ինչպես են Սպենդիարյանի և Թումանյանի արձաններն օգտագործել՝ վրաններն ամրացնելու համար, որոնց մեջ գիշեր ու ցերեկ մարդիկ էին մնում: Առավոտյան ցուցարաները մաքրում էին ամբողջ Հրապարակը: Ամեն օր ցուցահանդես էր լինում (ծառերից և սյուներից շրջանակաձև թելեր էին ամրացվում), որոնց վրա նկարիչները տեղադրում էին իրենց ծաղրանկարները՝ օրվա իրադարձությունների թեմաներով: Երեկոյան այդ նկարիչները հավաքվում էին որևէ մեկի արվեստանոցում և պատրաստում էին այն ժամանակների հայտնի պաստառները: Ողջ մտավորականությունը երեկոները նամակներ էր գրում ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում ապրող իրենց գործընկերներին: Մենք այնքան միամիտ էինք, որ մտածում էինք՝ նամակ գրելը բավական է…

Երբ ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, հայրս չանդամակցեց: Հավանաբար այն պատճառով, որ պատգամավոր էր և կապող օղակ էր հանդիսանում այն ժամանակվա իշխանության և ժողովրդի հետ: Երկու-երեք տարի, մինչև իշխանության եկան նոր մարդիկ, հայրս Ռ. Ղազարյանի և Ս. Կապուտիկյանի հետ այդ ֆունկցիան էին կատարում: Երբ հրատապ հարցեր էին առաջանում, նրանք գնում էին ԿԿ, կառավարություն, Գերագույն Խորհուրդ: Ռ. Ղազարյանի հետ հայրս ընկերություն էր անում դեռ 60-ական թվականներից: Նա անհավանական ազնիվ, առաքինի, ազգային գաղափարներին նվիրված մարդ էր, մի քիչ էլ՝ միամիտ ու զգացմունքային: Իսկ հայրս տարբերվում էր դիվանագիտայնությամբ: Այն, ինչ անհրաժեշտ էր, նա հասցնում էր իշխանություններին, և աշխատում էր ամեն ինչ անել առանց ավելորդ վեճերի և ընդհարումների: Նրան ընդունում էին և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը, նրան լսում էր թե՛ մեկը, թե՛ մյուսը: Դրա վառ օրինակն էին 1988-ի հունիսի 15-իրադարձությունները, երբ Օպերայի հրապարակում նստացույցից և հացադուլից հետո որոշվեց հրավիրել հանրապետության Գերագույն Խորհրդի նիստ: Նիստն ընթանում էր Շահումյանի անվան պալատի շենքում, որտեղ այժմ գտնվում է Ամերիկյան Համալսարանը: Մենք ուղիղ եթեր էինք պահանջում: Բացի սոցիալ-տնտեսական հարցերից, պետք է քննարկվեր Լեռնային Ղարաբաղի հարցը: Թատերական հրապարակում` Օպերային թատրոնի առաջ (ավելի ուշ ժողովուրդը վերանվանեց Ազատության հրապարակ) արդեն տեղադրվում էին մի քանի հեռուստացույցներ. մարդիկ ուղիղ եթերով նայում էին նիստը: Հրապարակում նախօրեին որոշեցին, եթե Գերագույն Խորհուրդը չբավարարի մեր պահանջները, ապա կգնանք այնտեղ և կշրջապատենք շենքը: Այդպես էլ եղավ: Բոլորը, շունչները պահած, հետևում էին նիստին: Մի պահ հայրս ցանկանում էր ինչ-որ բան ասել, սակայն նրան խանգարում էին, և մենք տեսնում էինք, թե ինչպես է նա ձեռքը բարձրացնում, ինչ-որ բան գոռում: Նա խոսքի իրավունք էր պահանջում, բայց նրան խոսք չէին տալիս: Մինչ այդ Ալեքսան Մատվեյիչ Կիրակոսյանը, ով նույնպես ԳԽ-ի պատգամավոր էր, ինչ-որ բան էր տեղից ասում, բայց նրան էլ չէին թողնում խոսել. թեման ցանկանում էին ընդհանրապես փակել: Ես հասկացա, որ հիմա ժողովուրդը կգնա այնտեղ, և վազեցի ԳԽ-ի շենքի մոտ՝ տեսախցիկը մոռանալով տանը: Փառք Աստծո, այդ օրն ամբողջությամբ նկարահանվեց։ Նկարահանում էր Շավարշ Վարդանյանը, ում հետ հետագայում դարձանք լավ ընկերներ, և մի լիտվացի օպերատոր, ով հետագայում մահացավ Վիլնյուսում: Շավարշ Վարդանյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի օպետատոր էր: 92-ի մայիսին նա ծանր վիրավորվեց Ստեփանակերտի օդակայանում: Նա նկարահանում էր Շուշիի ազատագրման բոլոր գործողությունները: Ստեփանակերտից թռիչքի ժամանակ «գռադ» կայանների գնդակոծման տակ էր ընկել: Այն ժամանակ նման գնդակոծումները ադրբեջանցիների կողմից սովորական էին: Գնդակոծվում էին օդակայանը և բնակելի վայրերը: Ծանր վիրավորված, հիվանդանոցում նա զառանցում էր իր այրված կասետների համար:

Վերադառնանք հունիսի 15-ի իրադարձություններին: Ասում էին, այն ժամանակ ինչ-որ գազ են օգտագործել: Չգիտես ինչու՝ հենց այդ օրը շատ մարդիկ կորցնում էին գիտակցությունը՝ գերլարվածությունից, տոթից կամ էլ այդ գազից: Կադրում երևում է՝ շտապ օգնության մեքենաների շարասյուն է կանգնած, և մարդկանց ձեռքերի վրա են տանում: Միգուցե ոչ մի գազ էլ չկար, պարզապես լարվածությունը հասել էր գագաթնակետին: Ճնշումն արդեն սկսվել էր: Ռ. Ղազարյանը մտավ շենք, նրա ետևից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Որոշ պահանջներ կատարվում էին, քվեարկության էր դրվել հարցը. «Հավանություն տալ ԼՂ մարզխորհրդի դիմումին՝ Հայկական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերյալ և Մարզային խորհրդի հետ համատեղ դիմել ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհուրդ՝ խնդրելով քննարկել Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման հարցը»: Քննարկվում էին նաև սումգայիթյան ջարդերը, սակայն «ցեղասպանություն» բառն այդպես էլ չօգտագործվեց: Մի պահ շենքի մոտ բերեցին վահաններով զինվորների: Չնայած բարձրացված հարցերի մեծամասնությունն ընդունվեցին, ցուցարարները ծայրաստիճան անհանգիստ էին. պահանջում էին ԳԽ-ի պաշտոնական հայտարարությունը: Շենքի առջև գտնվող հարթակին մոտեցավ հայրս և բարձրաձայն ասաց, որ որոշումների հրապարակման համար ձայնը տրամադրվում է ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանին: Ոչ ոք չէր ցանկանում նրան լսել, բոլորը սկսեցին սուլել: Պահպանվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Ոսկանյանը փորձում կարդալ որոշումները, իսկ հայրս ձեռքի շարժումներով փորձում է հանգստացնել հավաքված ժողովրդին: Հետո դուրս եկավ Վազգեն Մանուկյանը: Ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես է նա գոռում բարձրախոսով, որ զորքերը հիմա հետ կքաշվեն: Հետին պլանում երևում են ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը, հայրս և կուսակցության որոշ առաջնորդներ: Ես գիտեմ, որ այդ ժամանակ հայրս նրանց համոզում էր՝ զինվորներին հանել: Վերջապես նրանք ընդառաջ գնացին՝ զինվորների փոխարեն եկան հայ ոստիկանները՝ ամառային սպիտակ վերնաշապիկներով: Այդ ժամանակ շարքերի միջից դուրս պրծան մարդիկ, որոնց ձեռքում պաստառներ էին Սումգայիթի զոհերի պատկերներով. այդ ամենը ստեղծված իրավիճակն ավելի դրամատիկ էր դարձնում:

Որպեսզի ամեն ինչ տեսնեմ, ես բարձրացա դիմացի փոստի տանիքի վրա: Արդեն օպերատորի բնազդ էի ձեռք բերել՝ եթե նույնիսկ տեսախցիկ չկա, ապա ամեն ինչ պետք է տեսնեմ գոնե սեփական աչքերով: Այդ պատմական պահին, փաստորեն, հայրս միակ ընդունելի մարդն էր և՛ ժողովրդի կողմից, և՛ իշխանությունների համար: Նա շենքի առջև դրված բարձրախոսով կարդաց ԳԽ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի որոշման համաձայն դիմել Կենտրոնական Կոմիտե այս հարցը քննելու խնդրանքով, նաև ԳԽ կողմից Սումգայիթի ջարդերը դատապարտող փաստաթուղթ: Ես տեսնում էի՝ ինչպես է հայրս հուզվում: Կատակ բան չէր՝ իրականանում էր նրա կյանքի խնդիրներից մեկը… Հուզվում էր, սակայն ծայրաստիճան հավաքված էր, գործնական՝ առանց ավելորդ բառերի (ժողովուրդը ոչ մի ձգձգում չէր հանդուրժի), նաև լարված էր՝ դեռ շատ բան կար անելու:

Մի պահ եկավ, երբ հայրս քննադատում էր «Ղարաբաղ» կոմիտեի որոշումները, և նրան աշխատում էին թույլ չտալ մոտենալ բարձրախոսին: ՀՀՇ-ի առաջին համագումարին ես տեսա, թե ինչպես ամբիոնից հրահրեցին ժողովի մասնակիցներին կառավարության ղեկավար Վլադիմիր Մարգարյանցի դեմ: Հավանաբար հայրս ամոթանք էր տվել նրանց: Երբ քվեարկությամբ ընտրեցին ՀՀՇ-ի ղեկավարությանը, հորս անունը «մոռացան» ընդգրկել քվեարկության ցուցակում: Այդպիսով նրանք իրենցից վանում էին մի մարդու, ով կարող էր ամեն ինչ ասել երեսներին և չենթարկվել նրանց թելադրանքին: Իսկ թելադրանք կար. ես տեսել եմ, թե ինչպես էր այդ ամենը սաղմնավորվում: Տղաներն արդեն սկսել էին տառապել «աստղային» հիվանդությամբ և հայճույքով մարդկանց ենթարկում էին մանիպուլացիայի: Հանրությանը հայտնի դեմքերից շատերը բավական տարօրինակ էին իրենց պահում: Մանրուքներ կան, որ մնում են հիշողության մեջ: Հիշում եմ մի ճանաչված երաժշտի, նույնպես հանրապետության ԳԽ պատգամավոր: Հանկարծ նա հայտնվում էր, չնայած մինչ դա երբեք չէր երևացել, չէր մասնակցել ոչ մի միջոցառման, Շարժման սկզբից ոչ մի տեղ չէր դրել իր ստորագրությունը որպես պատգամավոր, ոչ ոք չէր լսել նրա ձայնը: Տեսնում էի, թե ինչպես էր նրա որդին նկարահանում հորը տեսախցիկով: Վերջացնելով իր ելույթը՝ տղայի հետ հեռանում էին: Մեզ հետ նույն բակում ապրող մի հայտնի նկարչի պատշգամբում խաղող էր աճում: Ամեն անգամ, երբ հայրիկիս հետ միասին վերադառնում էինք ցույցերից, նա խաղողի տերևների արանքից գլուխը դուրս էր հանում և հարցնում.

-Սերոժ, ի՞նչ կա-չկա:

Երբ իշխանության եկավ Լևոնը, նա միանգամից հայտնվեց իշխանության կողքը: Հետաքրքիր փոխակերպում էր: Եվ այդպիսի մարդիկ շատ կային: 

88-ի նոյեմբերին Կիրովաբադում սկսվեցին հայկական ջարդերը: Այդ կապակցությամբ ժողովուրդը պահանջում էր ԳԽ-ի արտահերթ նիստ հրավիրել: Ցուցարարների խմբերը տներից նիստի էին բերում իրենց պատգամավորներին: Նիստը սկսվեց նոյեմբերի 24-ին Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Փաստացի այն վարում էին հայրս և Աշոտ Մանուչարյանը՝ մաթեմատիկայի դասատու, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազնիվ և անկաշառ մարդ, հետագայում, անցումային շրջանում, Հայաստանի ներքին գործերի նախարար, նոր իշխանության այն սակավաթիվ ներկայացուցիչներից, ում հեղինակությունն անբիծ էր մնացել:

Հրապարակը լեփ-լեցուն էր, խարույկներ էին վառվում: Նիստերի դահլիճում և Հրապարակում լարվածություն կար: Հայկական ԽՍՀ ԳԽ-ը Սումգայիթի դեպքերը ճանաչեց որպես ցեղասպանություն, մի շարք այլ որոշումներ ևս ընդունեցին: Հիշում եմ, թե ինչպես ԳԽ փոխնախագահ Տոնոյանը, նախկինում գործարանի բանվոր, դուրս եկավ հրապարակ՝ ժողովրդի մոտ, մոտեցավ բարձրախոսին և հուզված ասաց. «Սիրելի ընկեր ժողովուրդ, վերջապես մեր ԳԽ-ն ընդունեց այն որոշումը, որին մենք բոլորս այդքան երկար սպասում էինք»: Շատ տպավորիչ էր: Ես նկարահանում էի և հուզմունքից արցունքները գլորվում էին աչքերիցս, որովհետև գիշերվա ժամը 1-ին հրապարակում անհավանական բան էր կատարվում:

Գիշերը շատերը գնացին տուն, բավարարված ԳԽ-ի որոշումներով, սակայն մարդիկ դեռ մնացել էին Հրապարակում: Եվ հանկարծ հայտնվեցին զինվորներ՝ ոմանց ծեծեցին, ոմանց էլ՝ ձերբակալեցին: Փողոցներում նորից տանկեր էին: Մոսկվան հայտարարեց պարետային ժամ… 

1988 թ-ի դեկտեմբերին Գրողների միության տանը ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին: Այդ ձերբակալումներից հետո հայրս թողեց իր գործերը և սկսվեց զբաղվել նրանց ազատման հարցերով՝ հանդիպում էր Մոսկվայից ժամանած քննիչների հետ, տարբեր հայցադիմումներ գրում: Այդ ժամանակ Լյուսյան՝ Լևոնի կինը, հաճախ էր գալիս մեր տուն։ «Ի՞նչ պետք է անենք, Սարգիս Մամբրեևիչ, ինչպե՞ս անենք»: Հետագայում, երբ նրանք իշխանության ղեկին էին, իսկ մենք նրանց քննադատում էինք, նա դադարեց նույնիսկ մեզ բարևել: Հայրիկիս թաղմանն էլ չեկան, նույնիսկ հեռախոսով չցավակցեցին, չնայած ողջ 1988 թվականին ցույցերից հետո Լևոնը գալիս էր մեր տուն և տարբեր մարդկանց էր հետը բերում:

Մարդիկ շատ ուշ հասկացան իշխանության եկած խմբի էությունը: Երբ Լևոնը առաջադրվեց նախագահական ընտրությունների ժամանակ, մենք արդեն որոշել էինք նրան ձայն չտալ: Հիշում եմ, թե ինչպես էին ԳԽ-ում անպատվում գեներալ-մայոր Սուրկովին (7-րդ բանակի քաղբաժնի ղեկավար): Նրան պաշտպանեց Ռ. Ղազարյանը: Սուրկովը հետո սեղմում էր նրա ձեռքը և շնորհակալություն հայտնում:

Եվս մի քանի դեպք եմ հիշում, երբ «վերևի» հրահանգներով մարդկանց պիտակավորում էին: Հիշողությանս մեջ հատկապես երկու դեպք է մնացել, երբ ես պարզապես անջատեցի տեսախցիկը և զզվանքով հեռացա, քանի, որ ցավալի էր տեսնել՝ ինչպես էին ահռելի ամբոխը մանիպուլյացիայի ենթարկում ի շահ իրենց անձնական նպատակների: Մի անգամ «քարկոծեցին» Սիլվա Կապուտիկյանին, չթողեցին, որ նա ելույթ ունենա Հրապարակում: Ժողովրդին տրամադրել էին նրա դեմ, ամբոխը սուլում էր: Եվ երկրորդ դեպքը՝ մտավորականների համագումարին, կարծես՝ 1989-ն, ելույթ էր ունենում Հրանտ Խաչատրյանը «Սահմանադրական իրավունք» միավորումից: Նրա ելույթը սկզբունքորեն չէր համընկնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների տեսակետին: Մի կին-քարտուղար բաժակով ջուրը շփեց նրա երեսին: Իրարանցում սկսվեց: Բոլորը ոտքի կանգնեցին և միաձայն, ինչպես կոմունիստական համագումարներին, սկսեցին գոռալ՝ «Կո՛-մի՛-տե՛, կո՛-մի՛-տե՛», իսկ Հրանտին բեմից ներքև քաշեցին: Կոմիտեի անդամների գոհ դեմքերը կարծես ասում էին՝ ամեն ինչ լինելու այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Այդ ամենը շատ տհաճ էր:

Իր հիշողություններում Ռ. Ղազարյանը գրում է, որ ցանկանում էր հեռանալ կոմիտեից, երբ նրա ղեկավարներն աշնանը անընդհատ կոչ էին անում գործադուլներ և դասադուլներ անել: Նա այն ժամանակ բացատրում էր, որ դրանով քանդում են տնտեսությունը, չի կարելի անընդմեջ գործադուլներ անել: «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներն այլ կերպ էին խոսում (ես ունեմ այդ ձայնագրությունները), ասում էին, որ մի երկու շաբաթ էլ կարելի է հացի փշուրներ ուտել: Ռ. Ղազարյանը հիշում է, թե ինչպես էին Սոս Սարգսյանը և հայրս իրեն համոզում մնալ Կոմիտեում՝ որպես հակակշիռ մնացածին:

(շարունակություն)

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հարգելի` Марат Костанян, իսկապես միանգամյան ճիշտ դիտարկումներ են, սակայն ասել թե ՀՀՇ-ն է ցանկացած միջոցով ձգտել իշխանության հասնել, իմ կարծիքով սխալ է թեկուզ այն պատճառով, որ 88-ին Հայոց Համազգային Շարժման անդամ Էին այս նկարներում երևացողների մեծամասնությունը և Հաաստանում գործող այլ կուսակցությունների գրեթե բոլոր անդամները: Այսօր ՀՀՇ ասելով ոչ թե ազնիվ և կատակասեր Ռաֆաել Ղազարյանին կամ անբիծ Աշոտ Մանուչարյանին են պատկերացնում, այլ նրանց, ովքեր որպես ՊԱԿ-ի կամ այլ թշնամական երկրի գործակալ աննկատ սողոսկեցին իշխանության մեջ և մոլուցքով մինչ օրս շարունակում են մեր ժողովրդի արյան գնով հարստանալ: Շուտով Հայաստանում իշխանափոություն կլինի, սակայն վստահաբար ասել թե այս անգամ իշխանության եկածների մեծ մասը չեն ծախվելու, չենք կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter