
Արտակ Զախարյանն ամենահարուստ դատավորն է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրին արդեն անդրադարձել ենք: Դատավորը մեկ տարի անց շարունակում է պահպանել ամենահարուստ դատավորի «տիտղոսը»: Նշենք, որ դատավորը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի որդին է:
Ըստ դատավորի 2012թ. հայտարարագրի` նա նշված տարում ստացել է մոտ 100 մլն 518 հազար դրամի եկամուտ, որից միայն 4 մլն 518 հազար դրամն է աշխատավարձը, իսկ 96 մլն դրամը դատավորի ստացած շահաբաժինն է: Ի դեպ, 2011թ. դատավորի միակ եկամուտը աշխատավարձն էր:
Փորձեցինք Արտակ Զախարյանից պարզաբանում ստանալ, թե խոսքն ինչ շահաբաժնի մասին է, որն իրեն բերել է 96 մլն դրամի եկամուտ: Գործավարն ասաց, որ այդ հարցի պատասխանը կարող ենք ստանալ մեկ շաբաթ անց, երբ աշխատանքի վերադառնա դատավորի օգնականը:
Ինչ վերաբերում է դատավորի դրամական միջոցներին, ապա դրանք եւս ավելացել են:
Եթե 2011թ. վերջին Ա. Զախարյանն իր հաշվին ուներ 412 մլն դրամ, ապա 2012թ. վերջին այդ գումարն ավելացել է` հասնելով 504 մլն դրամի: Նույնն են մնացել արտարժույթով պահվող դրամական միջոցները՝ 200.000-ական դոլար եւ եվրո:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել