HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

ՊԵԿ-ն ըննդեմ գազաբալոններ արտահանող ընկերության

Ավտոմեքենայի գազաբալոններ արտադրող տեղական «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգելու: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվել է դրական եզրակացություն, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն առարկել է:

ՊԵԿ-ը «Գոլդեն ֆիլդին» բնորոշել է որպես «անբարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող», որն ունի չվճարված հարկային ու մաքսային պարտավորություններ: Այնուամենանիվ, էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտել հարցը ներառել ՀՀ կառավարության հունվարի 23-ի նիստի օրակարգում:

«Գոլդեն ֆիլդի» տնօրեն Մեխակ Գարիելյանը «Հետքի» հետ զրույցում հերքեց, թե չվճարված հարկային ու մաքսային պարտավորություններ ունեն: Ընդհակառակը, նրա խոսքով, 80 մլն դրամի ավելացված արժեքի հարկի գերավճար կա, այսինքն՝ բյուջեն է իրենց պարտք: Սակայն, ըստ Մ. Գաբրիելյանի, դատարանում իր դեմ ՊԵԿ-ի կողմից վարչական տույժերի վարույթ կա, որը վիճարկվում է: Թե ինչի մասին է խոսքը, Մ. Գաբրիելյանը չցանկացավ մանրամասնել:

Հայաստանում ավտոմեքենաների մոտ 75 %-ն ունի գազաբալոն, ինչը թույլ է տալիս ցանկության դեպքում մեքենան աշխատեցնել սեղմված բնական գազով:

Մեր գնահատմամբ՝ տարեկան մոտ 10 հազ. մեքենա տեղադրում է գազաբալոն: Գազի բալոնների տեղադրմամբ զբաղվում են բազմաթիվ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ, այս շուկան ամենամրցակցայիններից է: Միայն Երևանում այդպիսի մոտ երկու տասնյակ արհեստանոց կա: Սակայն այս շուկան ունի մեկ այլ առանձնահատկություն՝ Հայաստանում գործարկվել է գազաբալոնների արտադրություն (զանգվածային արտադրությունը սկսել է 2010 թ.): Այն գտնվում է Հրազդանում, նախկին «Հրազդանմաշի» տարածքում: Շուկայում ստեղծվել է սուր մրցակցություն հայկական ու չինական բալոնների միջև, ու այդ մրցակցությունում չինացիներն առայժմ հաղթում են: Չինական ու հայկական բալոնների տեղադրումը ավտոմեքենայի տիրոջ վրա համարյա նույն ծախսն է նստում (1,2 կամ 1,3 լիտր տարողությամբ բալոնի տեղադրումն արժե 650-700 դոլար); Սակայն հայկական բալոնները պողպատից են, իսկ չինականները՝ մետաղապլաստե:

Մետաղապլաստե բալոնների հիմնական առավելությունը քաշն է՝ պողպատյա բալոնները կշռում են մոտ 82 կգ, իսկ մետաղապլաստները՝ մոտ 72 կգ: Սակայն մյուս չափանիշներով մետաղյա բալոնները գերազանցում են (նույն չափսի պարագայում ավելի շատ գազ են պարունակում):

Ռուսական ու իտալական օրիգինալ բալոնները նույնպես պողպատից են, սակայն մեր շուկայում այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում, քանի որ թանկ են (միայն բալոնի արժեքը 600-700 դոլար է, տեղադրումով՝ մոտ 1000-1100 դոլար):

Հարկ է նշել, որ գազաբալոնների տեղադրման նկատմամբ պահանջարկը նվազել է՝ շուկան հագեցած է: «Գոլդեն ֆիլդ» ընկերությանը 2013թ. ներմուծել է բարձր ճնշման խողովակներ, սակայն դրանցից պատրաստված բալոնների իրացումը ձգձգվել է՝ իրանական և պակիստանյան պատվիրատուների հետ ծագած խնդիրների պատճառով: «Գոլդեն ֆիլդի» բալոնների 70%-ն արտահանվում է, ու նախորդ տարիներին հիմնական գնորդները եղել են Իրանում ու Պակիստանում: Սակայն Պակիստանը դիվանագիտական հարթությունում չի ճանաչել Հայաստանի Հանրապետությանը, ու այդ երկրի շուկայում հաստատվելը որոշ խնդիրներ է հարուցում: Իրանում էլ գազը թանկացել է, իսկ բալոնների նկատմամբ պահանջարկը՝ նվազել (այդ երկրում բենզինն անհամեմատ ավելի ձեռնտու է):

Վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը գազաբալոնների նկատմամբ Ռուսաստանում, Ուկրաինայում ու միջինասիական պետություններում, հատկապես՝ Ղազախստանում: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության՝ 2013 թ. «Գոլդեն Ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագրեր` ղազախական, ուկրաինական և ղրղզական ընկերությունների հետ, ինչը հնարավորություն կտա արտահանելու արտադրված բալոնների ամբողջ քանակությունը: Սակայն այս առումով հեռանկարայինը թերևս ռուսական շուկան է, քանի որ այդ երկրում մեծ թափով իրականանում է գազալցակայանների շինարարություն: Եթե «Գոլդեն ֆիլդին» հաջողի տեղ գրավել ռուսական շուկայում, ապա կկարողանա գործարկել իր ողջ արտադրական հզորությունը (տարեկան մոտ 60 հազ. հատ բալոն): Հատկանշական է, որ հայկական բալոններն ավելի էժան են, քան ռուսական արտադրության համապատասխան բալոնները:

Մեկնաբանություններ (6)

Կարեն
փաստորեն հիմա սուտ խոսելը մոդա է՝ պաշտոնական սուտը սուտ չի: Սենց բաների համար ՊԵԿ-ին պետք է դատի տալ
Էդիկ
անցյալ տարի էլ ինձ նամակ էին ուղարկել, թե պետք ա տուգանք մուծես հաշվետվություն չտալու համար: Մի ամիս ապացուցուոմ էի, որ հաշվետվությունն էլ, հարկերն էլ ժամանաին մուծել եմ: ահավոր են զահլեդ տանում
Սուր
ՊԵԿ-ին դատի տալն անիմաստ զբաղմունք է, բայց իրանք որ մի բան լինի՝ միանգամից վազում են դատարան: Բայց PR-ի համար կարելի էր դատ սկսել՝ ընկերության բարի համբավը արատավորելու համար
Աշոտ
իսկ ով կասի՝ մետաղապլաստ դնելն ա լավ, թե՞ մետաղից բալոնը
Հասմիկ
Մետաղապլաստե բալոնները ավելի թանկ են մետաղականից: Նաև դրանք պայթունավտանգ են: Մետաղական բալոնները չեն պայթում , դրանց վրա ճեղք է առաջանում : Մետաղապլաստե բալոնները բեկորներ են առաջացնում պայթունից:
Աշոտ
Բայց ինչ տրամաբանությամբ մետաղապլաստն էժան է մետաղից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter