HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիթլզ` դատապարտված հավերժ սիրո

Նաիրա Հայրապետյան

սկիզբը

1966թ. Evening Standard թերթին տված հարցազրույցում Ջոն Լենոնը հայտարարեց. «Քրիստոնեությունը կանցնի-կգնա, կանհետանա և կկորցնի իր նշանակությունը: Ես չեմ պատրաստվում վիճել այդ հարցում: Ես ճիշտ եմ, և դա  կապացուցվի: Այսօր մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուս Քրիստոսը: Չգիտեմ, որը կլինի առաջին տեղում` ռոքնռոլը, թե՞ քրիստոնեությունը…»

Այս հայտարարությունը Անգլիայում կարծես թե հանգիստ ընդունվեց, սակայն ԱՄՆ-ում վերածվեց հակաբիթլյան անսպասելի պայթյունի, հատկապես, երբ մամուլը սկսեց իրար հետևից հրապարակել հենց այս տողերը՝  հաստ գլխագրերով զետեղելով այն ամսագրերի շապիկներին:

Ջոն Լենոնի աղմկահարույց, բայց անկեղծ  հայտարարությունների հանդեպ լրատվամիջոցներն ասես առանձնահատուկ սեր ունենային: Դեռևս 1963թ. նոյեմբերին Prince of Wales Theatre-ում տեղի ունեցող  բարեգործական համերգի ժամանակ, որին ներկա էր Անգլիայի վերնախավը,  Լենոնի համարձակ ու անսպասելի հայտարարությունն անմիջապես հաջորդ օրը «զարդարում» էր գրեթե բոլոր թերթերի գլխավոր էջերը.   Վերջին երգը հնչեցնելուց առաջ, նա բարձրախոսով ասաց. «Բոլոր նրանք, ովքեր էժանագին տոմսեր ունեն, թող ծափահարեն, իսկ մյուսները (հայացքը ուղղելով թագավորական օթյակին), ուղղակի շխկշխկացրեք ձեր թանկարժեք զարդերով»:  Բայց  բարձրաշխարհիկ հանրության ապշահար հայացքները չխանգարեցին թագուհու կողմից ընդունելության, ապա՝ պարգևատրման արժանանալու համար.  1965թ. Էլիզաբեթ 2-րդ թագուհին Լենոնին, Մաքքարթնիին, Հարիսոնին և Սթարին   պարգևատրեց ամենապատվավոր՝ «Բրիտանական կասրության օրդերով» բրիտանական երգարվեստում նրանց ունեցած ներդրման և այն մասսայականացնելու համար:  

«Evening Standard»-ի պարագայում իրավիճակն այլ ընթացք ստացավ. վիրավորված հավատացյալները սկսեցին կազմակերպել խմբի ձայնասկավառակների  ոչնչացումը՝ հրապարակայնորեն այրելով դրանք,  նրանք այրում էին նաև երգիչների տեսքով պատրաստված տիկնիկները, ռադիոկայաններից շատերին արգելվեց հնչեցնել խմբի երգերը, իսկ Լենոնն անհայտ անձանց կողմից  մի քանի անգամ զանգեր ստացավ, որոնցում սպառնում էին սպանել նրան հենց բեմի վրա՝ համերգի ժամանակ:

 

Իրավիճակն այնքան էր լարավել, որ Ջ. Մարթինը ստիպված եղավ հետաձգել ամերիկյան համերգները, խումբը նույնիսկ որոշեց տևական ժամանակ համերգներով հանդես չգալ: Իհարկե, անակնկալի եկած Լենոնը մի քանի անգամ տարբեր հարցազրույցներով փորձեց մեկնաբանել իր հայտարարության իմաստը,  ներողություն խնդրել և հաստատել, որ ինքը ոչ ոքի վիրավորելու ցանկություն չի ունեցել, և  այդ կերպ ամենևին էլ չէր փոքրացնում Հիսուսի նշանակությունը, բայց այն, որ Բիթլզն ավելի հանրահայտ էր, նա համարձակությամբ կրկին շեշտում էր:

ժամանակն ու Բիթլզի անփոխարինելի հարաբերությունները հենց նրա հետ, իհարկե ի զորու եղան դրությունը մեղմել, չէ՞ որ առջևում դեռ առաքելություն ունեին  «Sgt. Peper’s Lonely Hearts Club Band» (1967թ.), «The Beatles» (1968թ.), «Yellow Submarine»,  «Abby Road» (1969թ.)  «Let It Be» (1970թ.)  ալբոմները: Մեկը մյուսին հաջորդող սրընթաց վերելքները, սակայն, խմբի անդամներից ոմանց համար այլևս դադարում էին որոշիչ դեր խաղալ. Ժամանակն էր սեփական ճանապարհն ունենալու և այնպիսին, ինչպիսին կրում էր իր ներսում նրանցից յուրաքանչյուրը:

Հասարակությանը շատ բան հայտնի չէր խմբի ներսում տեղի ունեցող տարաձայնություններից և խնդիրներից, բայց սկսած 1968թ-ից` քառյակի քայքայումն արդեն տեսանելի էր: Տիրող  մթնոլորտն արդեն չէր նպաստում համատեղ ստեղծագործական աշխատանքին:  Ջոնը և Ջորջն արդեն թողարկել էին իրենց սոլո ձայներիզները և  անհատական աշխատանքը գնալով ավելի ու ավելի ռեալ էր թվում:  1969թ սեպտեմբերին Լենոնը հայտարարեց խումբը լքելու իր որոշման մասին` խոստանալով առայժմ հրապարակայնորեն չներկայացնել այն, որպեսզի այդ քայլը չազդի թողարկման պատրաստվող «Abbey Road»  ալբոմի վաճառքի վրա:

Հայտարարությունից վեց օր հետո թողարկվեց  «Abbey Road»-ը` խմբի վերջին «ստեղծագործությունն» ու պրոդյուսեր  Ջորջ Մարտինի բիթլյան վերջին աշխատանքը (վաճառքի առումով ամենահաջողվածն է գնահատվել քննադատների կողմից):  Դեռևս անավարտ «Get Back»  ալբոմի վերջին երգերից մեկը` «I Me Mine»-ը, որի հեղինակը Ջորջ Հարիսոնն էր, ձայնագրվեց 1970թ.  hունվարին, արդեն առանց Լենոնի մասնակցության: Նույն տարում հանրությանը ներկայացվեց «Let It Be» ալբոմը, ապա՝ 18 օր հետո, բիթլյան գործունեությունը պատկերող համանուն վավերագրական ֆիլմը, որի պրեմիերային արդեն բիթլներից ոչ մեկը ներկա չէր. խմբի գոյությունն արդեն անցյալին վերաբերող փաստ էր:

1970թ.  հայտնի լրագրող Յան Վենները ծավալուն հարցազրույց վերցրեց Ջ. Լենոնից, որտեղ նա խոսել էր նաև «Բիթլզի» քանդվելու պատճառների մասին.  «Բրայանը մեզ կոստյումների մեջ մտցրեց, ու թեև դա մեզ մեծ հաջողությունների հասցրեց,  բայց գիտե՞ք, այդ կերպ մենք վաճառվեցինք… թեև մենք շրջագայում էինք, բայց այդ պահից «Բիթլզի» երաժշտությունը մահացավ…»

Մեկնաբանություններ (1)

anahit
sireli hexinak, shnorhakalutiun hodvaci hamar, mi shnchov kardaci, spasum em sharunakutian@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter