
Խոշոր հարկատուների ստվերը
Կառավարությունն ամեն տարի հարկային վարչարարության ուժեղացման ծրագրեր է մշակում, ամեն տարի տնտեսությունից լրացուցիչ 15-17 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար) հարկ է հավաքագրվում միայն վարչարարության ուժեղացման միջոցով:
Այսինքն՝ եթե մի տարում վարչարարության շնորհիվ հավաքագրվում է n գումար, ապա հաջորդ տարում արդեն ավելի խիստ վարչարարությամբ՝ n+15 մլրդ դրամ, հաջորդ տարի՝ n+15+15 մլրդ դրամ ու այդպես շարունակ: Եթե այս վարչարարության արդյունքները ի մի բերենք` ըստ տարիների, ապա վստահորեն կարելի է ասել, որ վարչարարությանը բաժին է ընկնում բյուջե հավաքագրվող եկամուտների կեսից ավելին, մյուս կեսը հարկատուների կամավոր մուծումներն են:
Սակայն վարչարարության կիրառման ռեսուրսները դեռ սպառված չեն: Հարկային ստվեր կարելի է գտնել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկերում: Մասնավորապես՝ այսօր ՊԵԿ-ը հրապարակել է 2013 թ. արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Այդ ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայռուսգազարդ» ընկերությունը՝ 36 մլրդ դրամ վճարած հարկերով: Այդ գումարից միայն 3,5 մլրդ դրամն է ուղղակի հարկ (շահութահարկ կամ եկամտահարկ): «Հայռուսգազարդի» տարեկան շրջանառությունը մոտ 2 տրլն դրամ է (մոտ 5 մլրդ դոլար): Պայմանականորեն համարենք, որ ընկերությունն աշխատում է 10% շահութաբերությամբ, հետևաբար՝ շահույթը կկազմի մոտ 200 մլրդ դրամ: Այսինքն՝ ընկերությունը շահութահարկ է վճարում այդ գումարի միայն 1.75%-ի չափով: Մի՞թե սա ստվերի առկայություն չէ:
Շաքարավազի, հացահատիկի, ալյուրի, ձեթի շուկաներում գերիշխող դիրք գրավող, «Երևան Սիթի» ցանցի հիմնադիր և Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամ հարկ ու չորրորդ խոշոր հարկատուն է: Այդ 18,7 մլրդ դրամից միայն 1,6 մլրդ դրամն է ուղղակի հարկ: Ընկերության տարեկան շրջանառությունը մոտ 1 տրլն դրամ է, հետևաբար՝ շահութահարկը կրկին շահույթների 1,5%-ի շրջանում է:
Վառելիքի շուկայի առաջատար «Ֆլեշ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 11.4 մլրդ դրամ հարկերի ծավալով, որից միայն 890 մլն դրամն է ուղղակի հարկ: Մոտ 600 մլրդ դրամ շրջանառություն ունեցող ընկերությունը շահութահարկ է վճարում իր շահույթների 1%-ի չափով: Վառելիքի շուկայի մյուս առաջատար «Սի Փի Էս օյլ քորփորեյշնի» մոտ այդ ցուցանիշը նույնիսկ 0.5% էլ չի կազմում:
Այս ցանկը կարելի է երկար շարունակել, ու մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալ չափից ավելի փոքր շահութահարկ վճարող ընկերություններին: Համոզված ենք՝ այդ անհամամասնություններին ծանոթ են նաև ՊԵԿ-ում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել