HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազային պայմանագրերի հարցով՝ ժամանակավոր հանձնաժողով. նախագիծը քննարկվում է արտահերթ

Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկվում է 49 պատգամավորների առաջարկությամբ «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ԱԺ ներկայացնի եզրակացություն՝ ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011թ. պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության վերաբերյալ:

Հանձնաժողովի խնդիրն է՝

ա) ուսումնասիրել Հայաստանի Հանարապետություն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող գազի դիմաց 2011 թվականից ձեւավորված Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հիմնավորվածությունը, չափը եւ դրա մարման օրինականությունը,

բ) ուսումնասիրել գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները

ԱԺ ոչ իշխնական խմբակցությունների անունից նածագիծը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ հանրությանը անհայտ պատճառներով 2011թ.ի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձեւավորվել է ՀՀ պետական պարտք, որի առաջացման եւ մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը խիստ վիճարկելի է:

Պատգամավորն ասաց, որ հարցի պարզաբանման վերաբերյալ բազմաթիվ գործողություններ՝ գրավոր հարցումներ, հարցեր ու պատասխանններ, լրագրողական հետաքննություններ եւ այլն, չեն տվել հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները: Ավելին` ձեւավորվել է ակնհայտ անվստահության մթնոլորտ եւ նման անորոշությունը վերացնելու գործում, կառավարության սահմանադրական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ինչպես վերը նշված հարցը, այնպես էլ գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները:

Արամ Մանուկյանը նշեց, որ գազային պայմանագրերը ամենախորհրդավոր ու ամենագաղտնի պահվող գործարքն է, եւ այս ամենը չբացահայտելն ուղղակի ամոթ է բոլորիս համար:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ այս պայմանագրերով մեր Սահմանադրությունն է առոչինչ դառնում: Բացի այդ, ապագա նախագահներն ու Ազգային ժողովներն են կաշկանդված լինելու եւ ոչինչ չեն կարողանալու փոխել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter