
Սանահին վանական համալիրում կատարվող աշխատանքների հանրային հաշվետվություն
Ի հերքումն 2014թ. հունվարի 29-ին, ժամը 10։36 Լարիսա Փարեմուզյանի կողմից «Միլիոնները ծախսվում են, իսկ արդյունք չկա» վերնագրով հոդվածի՝ ներկայացնում ենք կատարված աշխատանքների հանրային հաշվետվություն։
Հաշվի առնելով Սանահին վանական համալիրի պատմաճարտարապետական, մշակութային եւ կրոնական բացառիկ նշանակությունը, ինչպես նաեւ մեր մշակութային ժառանգության կարեւորագույն մասնիկ լինելուց բացի, համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գրանցված լինելու փաստը՝ ակներեւ է, որ հայ պաշտոնյան, շինարարը, մարդը եւ քաղաքացին պարզապես չէին կարող այն մոտեցումը ցուցաբերել, որը նշել է տիկին Փարեմուզյանը։
Հիմնվելով պահակի եւ մոմավաճառի խոսքի վրա, հավանաբար նաեւ աղավաղելով տվյալ անձանց՝ հուշարձանի ապագային միտված, նրանց հոգուց բխող աղերսը՝ տիկին Փարեմուզյանը ողբերգության է վերածել իր հոդվածը։ Նա սեւացրել է թե՛ համապատասխան մարմիններին, թե՛ վերականգնման նախագծի հեղինակ ճարտարապետին, թե՛ շինարարական կազմակերպությանը եւ թե՛ վարպետներին, որոնք անտեսելով սոցիալականը եւ կոմերցիան իրենց նվիրել են ազգային արժեքների վերականգնման գործին։ Հավելենք նաեւ, որ լինելով նեղ մասնագիտական եւ խիստ բարդ աշխատանք՝ պատմական արժեքների վերականգնումը, ամրակայումը եւ նմանատիպ այլ աշխատանքները ուղակի անթույլատրելի է քննադատել առանց համապատասխան կրթության կամ փորձառության, էլ չենք ասում՝ հետազոտության։ Տեղին է նաեւ ակնարկել, որ վերականգնման նախագծի հեղինակ ճարտարապետը, շինարարություն իրականացնող կազմակերպության տնօրենը կամ աշխատանքային խմբի այլ անդամներ պարտավոր չեն զեկուցելու իրենց ժամանման մասին ո՛չ մոմավաճառին եւ ո՛չ պահակին։ Սակայն, տիկին Փարեմուզյանի հոդվածի սահմաններում նկարագրված երեւույթը ստիպում է վերոնշյալ պարտավորվածությունը պատկերացնել. անգամ այդ պարագայում դժվար է պատկերացնել՝ ինչպես են բազմահազար այցելուների շարքում վերջիններս տարբերելու ճարտարապետին այլ հայազգի մարդուց՝ ծանոթ չլինելու դեպքում, կամ ծանոթ լինելու դեպքում՝ ներկայիս պատկառելի տարիքում։
Վերջին փաստարկը, հանրային հաշվետվությունից առաջ, համարենք 2013թ. ամռանը վարչապետ Տ. Սարգսյանի այցը Սանահինի վանական համալիր, որի ընթացքում նա ծանոթացավ կատարված եւ ընթացիկ աշխատանքներին։ Հեռացավ գոհունակությամբ եւ մասնագետների ունակություններին վստահ։
Հայտնում ենք բոլորին, որ Սանահին Վանական համալիրի վերականգնման համար նախագծի սահմաններում նախատեսված է ծախսել 180 մլն դրամ գումար։ Անդրադառնալով 2012-2013թթ. կատարված 40,5 մլն դրամ գումարի փոշիացման մեղադրանքին՝ ներկայացնում ենք.
2012-13թթ. կատարվել են Սբ. Աստվածածին եկեղեցու խաչթեւերի լանջերի ծածկասալերի, եռանկյունաձեւ տումբաների, վեղարի, քիվերի, հարթ երեսապատի եւ Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի եւ նախագավիթ-տապանատան ծածկասալերի քանդման, վերաշարման եւ նոր քարից տաշ ու շար աշխատանքներ։
Վերը նշված աշխատանքները կատարվել են նախապես մշակված եւ հաստատված ծավալաթերթերին համապատասխան։ Վերականգնման աշխատանքների որակը եւ ընթացքը, համաձայն գործող կարգի, պարբերաբար վերահսկվում է տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող մարմինների կողմից, եւ կատարվում են փաստաթղթային ձեւակերպումներ։ Հաշվի առնելով կառույցի բացառիկ կարեւորությունը՝ այդ այցելությունները կրել են ավելի հաճախակի բնույթ։
2014թ. նախահաշիվ ծավալաթերթով նախատեսված է նշված կառույցների տանիքածածկույթի մաքրում մետաղական խոզանակներով, պատում՝ ջրամեկուսիչ պաշտպանիչ շերտով, որը կբերի արդեն ավարտուն տեսքի։
Նշված հատվածների վերականգնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, կրում են շարունակական բնույթ, եւ արդի փուլում գնահատականներ տալ կարող են միայն փորձառու մասնագետները։ Սակայն, մեր իրականությունը միտված է զուտ ասեկոսային լուրերով հիմնավորված, անգամ վերջիններս աղավաղած աղմկալի վերնագրերին։ Ի դեպ, ամբողջ երեւույթը այնքան բացասական էր, որ աշխատանքային խմբի շատ անդամներ իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված էին հերքման գործնթացի կազմակերպմամբ։
Ամփոփելով ամբողջը՝ մեր շնորհակալությունն ենք հայտնում ակտիվիստներին, լրագրողներին եւ մեր հուշարձաններով մտահոգ բոլոր մարդկանց ու միաժամանակ կոչ անում առավել մանրամասն լրագրողական հետաքննություն անել՝ ներգրավելով աշխատանքի այլ մասնակիցների, մասնագետների ու պաշտոնատար անձանց։ «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն գործում է ազատ շփման սկզբունքով՝ տրամադրելով անհրաժեշտ նյութեր բոլոր ցանկացողներին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 010 548982 հեռախոսահամարով, ինչպես նաեւ գրառում կատարել մեր ֆեյսբուքյան էջում։
Արեգ Փիլիփոսյան
«Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի իրավական գծով օգնական
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել