
Սթինգ. «Հետեւելու եմ ամեն շնչիդ, ամեն շարժմանդ»
Նաիրա Հայրապետյան
«Ես արթնացա գիշերվա կեսին, գլխումս անդադար հնչում էր այդ տողը: Նստեցի դաշնամուրի առջև և կես ժամվա ընթացքում գրեցի երգը: Երաժշտությունն առանձնապես ինչ-որ բանով աչքի չի ընկնում և նման է հարյուրավոր այլ երգերի, բայց ահա բառերը հետաքրքիր են: Երգն այնպես է հնչում, ասես սիրո սփոփիչ խոսք լինի, մինչդեռ ես այն ժամանակ չէի էլ գիտակցում, թե իրականում որքան չարություն կար նրանում», - այսպես է մեկնաբանում Սթինգն իր ամենահայտնի երգերից մեկը, որը չնայած իր առաքելությանը`բոլորովին այլ կերպ ընկալվեց հասարակության կողմից և դարձավ ամենասիրելի, ամենաբարի ու դրական լիցքեր հաղորդող սիրո խոստովանություն-երգերից մեկը: Եվ թեև Սթինգը խոստովանում է, որ կյանքի այդ փուլում նա այնքան չարացած էր, որ երգի խորքում ներդրել էր հետապնդելու և վերահսկելու միջոցով պատժելու ենթատեքստը (օր ու արև չտալու), այն առավելապես որպես սիրերգ գրանցվեց երաժշտասեր հանրության լսարաններում :
“Every Breath You Take”-ը («Քո ամեն շունչ առնելը») անգլիական «The Police» ռոք խմբի ամենասիրված երգերից մեկն է, որը թողարկվեց 1983-ին՝ խմբի վերջին՝ “Synchronicity” ալբոմի կազմում: Այն դարձավ այդ տարվա ամենահեղինակավոր հիթերից մեկը՝ ութ շաբաթ շարունակ գլխավորելով ամերիկյան և բրիտանական սինգլների առաջատար հիթ-շքերթները: Երգը համարվում է 1983թ-ին ԱՄՆ-ում ամենավաճառված սինգլը, և ամենավաճառված 5-րդ երգը ամբողջ տասնամյակի ընթացքում: Մեկ տարի անց “Every Breath You Take” երգը երկու «Գրեմմի» մրցանակ նվիրեց խմբին:
Երգի տեքստը շատ պարզ բառերով և մտքերով է ներկայացված, սակայն այդ պարզության խորքում իրականում թաքնված է սևեռուն քայլերով կամ մտքերով լի զգացմունքային դաշտ, որն ինչ-որ առումով ագրեսիվ է, որովհետև խոցված է, միևնույն ժամանակ նուրբ ու սիրով լի հոգեվիճակ է, որն այլևս անզոր է կառավարվել:
Երգը ստեղծվել է Սթինգի համար շատ ծանր ժամանակշրջանում, երբ նա անձնական կյանքում մեծ ճգնաժամ էր ապրում: Երգիչը նոր էր բաժանվել կնոջից՝ դերասանուհի Ֆրենսիս Թոմելթիից, և այդ բաժանումը ծանր հարված էր նրա կյանքում, դժվար սպիացող վերքի նման: Այդ տրամադրությունն արտահայտվում էր ոչ միայն Սթինգի ստեղծագործություններում, այլև աշխատանքի մեջ, կյանքում, մարդկային հարաբերություններում, թեև նա ամեն կերպ փորձում էր հաղթահարել:
Երգի հանդեպ հանրության այս վերաբերմունքը մինչ օրս չի դադարում զարմացնել և, նույնիսկ, զայրացնել Սթինգին: Այս առիթով նա գրեթե իր բոլոր հարցազրույցներում նշում է, նույնիսկ պնդում, որ այն իրականում անպատասխան սիրո մասին է, սիրելի մարդու կորստյան հետևանքով առաջացած սևեռուն հետապնդման ու խանդի մասին է և չի կարող դրական զգացողություն հաղորդել: Մինչդեռ մի անգամ ամուսնական մի զույգ մոտենում է երգչին և ասում. «Մենք շատ ենք սիրում այդ երգը և այն մեր հարսանեկան արարողության գլխավոր երգն էր»:
«Ես մտածեցի, դե ի՞նչ ասեմ, հաջողություն եմ մաղթում»,- պատմել է երգիչը հետագայում: “BBC Radio 2” ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում, երբ նրան հարցնում են, թե ինչու տեսահոլովակում նա զայրացած տեսք ունի, պատասխանում է. «Ես կարծում եմ, որ այս երգը շատ, շատ չարագուշակ և այլանդակ երգ է: Ըստ էության՝ սխալ է ընկալվել մարդկանց կողմից՝ իբրև մեղմ ու նուրբ երգ սիրո մասին, մինչդեռ այն բոլորովին հակառակն է»:
Այս տարբեր մեկնաբանություններից և ընկալումներից դուրս` “Every Breath You Take”-ը երաժշտագետների բնորոշմամբ` “The Police”-ի գործունեության մեջ ստորագրություն-երգ է համարվում, որը հանրաճանաչության նոր թափ հաղորդեց խմբին: Աշխարհահռչակ “Rolling Stone” ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը» ցուցակում այն զբաղեցնում է 84-րդ տեղը, որը ամենաբարձր գնահատականն է ռոք երաժշտության «Նոր ալիք» կոչված ուղղության մեջ:
Մեկնաբանել