
Բանտում նստած՝ ուզում եմ հարցազրույցների շարք սկսել
Մհեր Ենոքյան
«Հետք» կայքի թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Ես, թերևս, միակ թղթակիցն եմ, ով փակ տարածքից է գրում՝ առանց հանդիպելու մարդկանց, առանց հարցազրույցներ վարելու, առանց մասնագիտական հմտություններ ունենալու, առանց իրադարձությունների ներկա գտնվելու…բայց սահմանափակ հնարավորությունները զարգացնում են միտքը: Քանի որ ինքս ինձ համարում եմ կարծրատիպ չհանդուրժող, մտածել եմ անել այն, ինչն, առաջին հայացքից, անհնար կթվա ձեզ: Ուզում եմ հարցազրույցներ վարել ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդկանց հետ: Արդեն կազմել եմ Ողջերի աշխարհում ապրողների ցանկը: Նրանց տարածական ու ազգային աշխարհագրությունը չի սահմանափակվում Հայաստանով: Բանտում նստած հարցազրույցներ անելու գաղափարը ծնվեց ռուս ռեժիսոր Ալեքսանդր Գուտմանի «Երեք օր, ու էլ երբեք» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո: Հենց ռեժիսորի հետ էլ կուզեմ առաջինը հարցազրույց վարել, ում ֆիլմից հետո նրա ֆիլմի հերոս, ցմահ դատապարտյալ, նախկին շարքային Բիրյուկովի պատժաչափը վերանայվեց Ռուսաստանում ու փոխարինվեց 15 տարվա ազատազրկման: Ահա՛ արվեստի ուժը:
Իհարկե, առանց «Հետքի» աշխատակազմի օգնության չեմ կարողանա իրականացել գաղափարս: Հուսով եմ՝ ինձ կօգնեք: Լրագրողները այս տարիներին միշտ էլ աջակցել են ինձ ցմահ դատապարտման խնդիրների մասին բարձրաձայնելու հարցում: Տպագրվել եմ «Հրապարակ» թերթում, «Lragir.am», «Hetq.am» կայքերում, ինչի համար շնորհակալ եմ ԶԼՄ-ներին: Լրագրողներն են, որ կամուրջ են կառուցել մահվան տան ու Ազատության միջև, վեր հանել դատական սխալների, չափազանցված պատիժների, վերականգնման բացակայության մասին հարցերը:
Երբեմն ինձ թվում է՝ շփման պակասից (նույն մարդիկ, նույն խուցը) կարող են վերջանալ թեմաներս: Բայց նույն վայրկյանին էլ իմ մեջ հայտնաբերում եմ, որ, փառք Աստծո, շատ բան ունեմ պատմելու՝ սկսած խցում ջրի շշեր բարձրացնելով մարզվելուց, զբոսախցում վազելուց՝ մինչև պատժի նպատակներ, ստեղծագործություններ, ուսում:
Ինֆորմացիա եմ ստանում արտաքին աշխարհից՝ կարդալով մամուլից քաղվածքներ, նայելով հեռուստացույց ու գրքեր կարդալով:
Դիմում եմ պատգամավորներին
Մամուլից տեղեկացա, որ ցմահ դատապարտյալների հարցերը կարող են դառնալ խորհրդարանական լսումների թեմա: Այդպիսի առաջարկ է ներկայացվել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Առաջարկն անելուն նպաստել է նաև «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը, որտեղ պարբերաբար ներկայացվում են հանրությանը մութ մնացած էջեր, թե ինչպես էին մարդկանց գնդակահարության դատավճիռներ տալիս 1990-ականներին: Ցանկացած իրավական երկրում նման խախտումների մասին հրապարակումները կարող էին հիմք դառնալ քրեական գործեր վերաբացելու համար: Բայց ո՛չ «արդարադատ» Հայաստանում, որի դատարանն «անսխալական» է:
Հայաստանում պատժի առավելագույն չափի խնդիրը 23 տարվա պատմություն ունի: Այնքան եմ գրել այդ խնդիրների մասին, այնքան եմ հանրայնացրել այն, որ թվում է՝ ինչ էլ գրեմ հիմա, հնի կրկնությունը կլինի: Բայց եթե կրկնվում եմ, պատճառն այն է, որ անցյալում կուտակված հարցերը չի սրբագրում պետությունը:
ԱԺ լսումներ դատապարտյալների թեմայով եղան նաև երկու տարի առաջ, անգամ օտարերկրյա փորձագետներ մասնակցեցին դրան: Լսումներին էլ հետևեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» կազմակերպած միջազգային համաժողովը հենց ցմահ դատապարտման թեմայով: Լսումներն անցան, մեկ-երկու օրինագիծ մտավ շրջանառության մեջ, հետո Կառավարությունն ասաց՝ նպատակահարմար չէ դրանց առայժմ օրենքի ուժ տալ՝ պատճառաբանելով, որ պատժողական ողջ քաղաքականությանը կանդրադառնա նոր Քրեական օրենսգրքով՝ 2016-ին: Եվ հարցը նորից փակվեց: Իսկ մինչ այդ անհայտ է, թե քանիսը ողջ կմնան այստեղ՝ «Նուբարաշենի» կլոր «գերեզմանոցում»: Նախկին մահապատժի դատապարտվածները 2003-ին 42-ն էին, այսօր՝ 35-ը: Սա էլ փաստ, որ մահապատիժը գործում է Հայաստանում: Գործում է, քանի որ չի գործում պայմանական վաղաժամկետ ազատմամբ հասարակություն վերադառնալու նախադեպը: ՄԻԵԴ որոշման համաձայն՝ ցմահ ազատազրկումը առանց պայմանական ազատման կիրառման հավասարազոր է խոշտանգման: Մինչդեռ այստեղ, իմ հաշվարկներով, հին դատապարտյալներից վեցի պատժի կրման 20 տարին լրացել է, սակայն համակարգը նրանց մերժել է վերադառնալ ազատություն: Չի կիրառվում անգամ ներկայումս գործող օրենքի կետը, ըստ որի՝ 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմ, որտեղ գոնե ոտքը հողին կկպնի, ծառ ու խոտի միջով կքայլի գաղութում: Որևէ մեկը այդ 6 ցմահականներից չի տեղափոխվել գաղութ (միակն այս մահվան տան հնաբնակներից Մանուկ Սեմերջյանն էր, ով 21 տարի այստեղ պատիժը կրելուց հետո տեղափոխվեց «Արթիկ» ՔԿՀ, սակայն կարճ ժամանակ անց մահացավ հիվանդություններից):
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ համամիտ եմ, որ եթե ԱԺ լսումները պիտի ընդամենը նոր ու հին կրքեր բորբոքեն, ու որևէ գործնական քայլ չարվի այս խնդիրը մեղմելու համար, անիմաստ է հրավիրել այդ լսումները:
Հարգելի ԱԺ պատգամավորներ, առաջարկս այն է, որ լինեն լսումներ, որ այդ լսումների ժամանակ ստեղծվի մասնագիտական խումբ, որպեսզի գոնե սկզբի համար ուսումնասիրվեն նախկին մահապատժի դատապարտվածների գործերը: Եթե դա անում է մեկ լրատվամիջոց, ապա ինչու՞ չի կարող անել պետական մարմինը: Չէ՞ որ այդ դատավճիռները կայացվել են մի հասարակարգից մյուսն անցնելու տարիներին, ինքներդ եք կարդում հրապարակումները սարսափելի խախտումների մասին: Կարծում եմ՝ ուժեղ համակարգը միայն կարող է գնալ հին քրեական գործերի վերանայման ու սեփական սխալները ընդունելու ճանապարհով:
Հ.Գ. Ստացա նամակ, որտեղ գրված էր, որ իմ «Դեպի ցմահ Ազատություն» նոր պատմվածքը «Օրանժ» ընկերության հայտարարած «Գրքի մրցույթում» ժյուրիի կողմից ընդգրկվել է լավագույն եռյակի մեջ: Շնորհակալ եմ: Գրված էր նաև, որ փետրվարի 21-ին այդ գործերը տեղադրվելու են ինտերնետում՝ քվեարկության համար: Երբ այս հոդվածը տեղադրվի «Հետքում», միգուցե պատմվածքն արդեն համացանցում լինի: Կուզեի այն կարդալուց հետո մեկնաբանություններում գրեիք Ձեր մտորումների մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել