
Կուտակայինի թաքնված երեսը. գործադիրն ուզում է փակել նոր անձնագրերի դիմաց 17 մլն եվրոյի պարտքը
Այն, որ կառավարությունը փորձում է ճնշում գործադրել պարտադիր կուտակային համակարգի դեմ հանդես եկող եւ դեռեւս կամուկացի մեջ գտնվող քաղաքացիների վրա, ակնհայտ է: Չնայած գործադիրի հայտարարություններին, թե համակարգի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կհոգա իր ապահով ծերության մասին, իրականում սրանով առաջնահերթ կլուծվի մոտակա մի խնդիր, որի մասին քաղաքացիներն, ըստ էության, տեղյակ էլ չեն:
2010-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը պետք է ուժի մեջ մտներ 2014-ի հունվարի 1-ից: Նույն ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին, արդեն ավարտվել էր կառավարության հայտարարած նոր անձնագրային համակարգի ներդրման մրցույթը, մասնակիցներն էլ ներկայացրել էին իրենց հայտերը: Ամիսներ անց՝ 2011-ի ամռանը, կառավարությունը նոր անձնագրերի համար 16,9 մլն եվրոյի պարտքի տակ պիտի մտներ՝ հույս ունենալով, որ պարտադիր բաղադրիչի միջոցով քաղաքացիներին կստիպի գնել նոր փաստաթղթերը՝ այդպիսով փակելով նաեւ իր պարտքը:
Ի՞նչ է նույնականացման քարտը եւ կենսաչափական անձնագիրը
2011-ի նոյեմբերի 30-ին Ազգային ժողովն ընդունեց երեք օրենք, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ բոլոր քաղաքացիների հետ. «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին»: Սրանք ուժի մեջ մտան 2012-ի հունիսի 1-ից: Այդպիսով Հայաստանում օրենքով հաստատվեցին նոր տեսակի փաստաթղթերը՝ նույնականացման քարտերն ու կենսաչափական տվյալներով անձնագրերը:
Նույնականացման քարտը ՀՀ-ի ներսում կիրառվող փաստաթուղթ է, այլ կերպ ասած՝ ներքին անձնագիր: 16 տարեկանից բարձր անձանց 10 տարով տրամադրվող այս քարտը հայերենով եւ անգլերենով ներառում է քաղաքացու անուն-ազգանունը (հայերենում՝ նաեւ հայրանունը), ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, բնակության վայրը (երկրի անունը), քաղաքացու ցանկությամբ՝ նաեւ ազգությունը եւ արյան խումբն ու ռեզուսը: Քարտը պարունակում է նաեւ տրամադրման եւ վավերականության ժամկետները, քարտի համարը, քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, քարտը տրամադրած ոստիկանական բաժանմունքի ծածկագիրը, հանրային ծառայությունների համարանիշ (եթե քաղաքացին հրաժարվել է համարանիշ (սոցքարտ) ձեռք բերել, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց դրա): ՆՔ-ն ունի տեխնիկական մաս՝ էլեկտրոնային պահոց (չիպ), որտեղ ամրագված են վերը նշված տվյալները, էլեկտրոնային ստորագրության հավաստագիր, էլ.փոստ: Չիպի մեջ միայն հայերենով կարող է նշվել բնակության վայրի հասցեն: Գրեթե նույն տվյալներն է պարունակում նաեւ կենսաչափական անձնագիրը, որը կիրառելի է թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս: Ի տարբերություն ՆՔ-ի՝ անձնագրում քաղաքացու ցանկությամբ կարող է նշում կատարվել ամուսնության եւ ամուսնալուծության, զինծառայություն անցած լինելու մասին: Անձնագրի մեջ էլ կա չիպ, որի մեջ բացի հիմնական տվյալներից ամրագրվում են տիրոջ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Մինչեւ 16 տարեկաններին անձնագիրը տրվում է 3 տարով, իսկ 16 տարին լրացածներին՝ 10: Ընդ որում՝ մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16-18 տարեկան տղաներին այն տրամադրվում է մինչեւ զորակոչային տարիքը լրանալը, իսկ այդ տարիքը լրանալու դեպքում՝ զորակոչից ստացած տարկետման ժամկետով: |
Երկու տիպի փաստաթղթերի ներդրումը բացատրվեց անվտանգության ապահովմամբ, անձնագրի պաշտպանվածության բարձրացմամբ, փաստաթղթի եւ քաղաքացու նույնականացման հեշտացմամբ:
16,9 մլն եվրո՝ 1 մլն հատ քարտի եւ 304 հազար հատ անձնագրի համար
Նոր տիպի փաստաթղթերի համակարգի ներդրման համար կառավարությունը մրցույթ հայտարարեց, որն անցկացվեց 2010-ի հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը: Մրցույթը, որին մասնակցեց 8 միջազգային կազմակերպություն, կազմակերպվեց 2 չափաբաժնով: Առաջինով նախատեսվում էր վճարումն իրականացնել անմիջապես համակարգը շահագործման հանձնելուց հետո, եւ տվյալ չափաբաժնով ամենացածր գինն առաջարկել էր «PWPW S.A.» լեհական ընկերությունը: Երկրորդ չափաբաժնով նախատեսվում էր համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերում` 5-10 տարի տարանցիկ վճարման կարգով: Տվյալ չափաբաժնով հայտ էր ներկայացրել միայն ֆրանսիական «Oberthur Technologies» ընկերությունը: Վերջիններս էլ 2011-ի հունվարի 25-ին ճանաչվել էին մրցույթի հաղթողներ երկու չափաբաժիններով: 2011-ի հունիսին տեղի ունեցավ քննարկում ներկայացված ֆինանսավորման չափաբաժինների շուրջ` Հայաստանի համար լավագույն տարբերակը ընտրելու նպատակով: «Գնային առաջարկները քննարկելու արդյունքում որոշվեց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման հարցում առաջնորդվել առաջին չափաբաժնով` հաշվի առնելով երկրի համար վերջինիս մատչելիությունը»,- «Հետքին» հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
Դրանից հետո՝ 2011-ի հուլիսի 28-ին, լեհական «PWPW S.A.» ընկերության հետ 5 տարվա պայմանագիր կնքվեց: Վերջինս պարտավորվեց ՀՀ-ում ներդնել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ, ինչպես նաեւ սպասարկման ծառայություններ իրականացնել համակարգի շահագործման ընթացքում ու ապահովել դրա անխափան աշխատանքը: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, համակարգի հետագա շահագործումը եւ անխափան աշխատանքի ապահովումը կիրականացվի պետության կողմից:
Լեհերի հետ պայմանագիրը հայկական կողմից ստորագրեցին ոստիկանությունը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերը կառավարությունն է: 2012-2016 թթ. համար կնքված պայմանագրի արժեքը 16.901.760 եվրո է: Նախատեսվում է, որ այդ ընթացքում թողարկվելու է 304 հազար հատ կենսաչափական անձնագիր եւ 1 մլն նույնականացման քարտ: Ըստ պայմանագրի՝ մեկ անձնագրի գինը 37,44 եվրո է (304 հազար օրինակի դեպքում՝ 11.381.760 եվրո), իսկ քարտինը՝ 5,52 (1 մլն հատի դեպքում՝ 5.520.000): Մրցութային հանձնաժողովի որոշման օրը՝ 2011-ի հունվարի 25-ին (երբ «PWPW S.A.»-ն ճանաչվեց հաղթող), ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 1 եվրոն արժեցել է 495,98 դրամ: Այսինքն՝ այդ օրվա դրությամբ մեկ անձնագիրը գնահատվել է 18.570 դրամ, իսկ քարտը՝ 2740: Սակայն նոր համակարգի ներդրումից հետո կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիներն անձնագրի համար կվճարեն 25.000 դրամ, իսկ քարտի դեպքում՝ 3000:
Հավելյալ 11,1 մլն դրամ
Լեհերի հետ պայմանագիր ստորագրելուց հետո որոշակի խնդիր առաջացավ կենսաչափական դիվանագիտական անձնագրերի պարագայում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ դրանք պետք է տպագրվեն ԱԳՆ-ում: Իսկ քանի որ ԱԳՆ-ն չուներ նման հնարավորություն, գործադիրը 2013-ի օգոստոսի 1-ին որոշեց 11,1 մլն դրամ հատկացնել լեհական ընկերությանը, որպեսզի վերջինս կատարի համապատասխան փոփոխություններ համակարգի ծրագրային ապահովման մեջ (մոդիֆիկացման արժեքը գնահատվեց 7,5 մլն դր): Լեհական կողմը պահանջել էր նաեւ «Dell» ֆիրմայի սերվերային համակարգիչ (2,9 մլն դր) եւ «Diletta RL90» տեսակի անձնագիր լամինացնող սարք (600.000 դր):
Լեհական ընկերության ներկայացուցիչը ՀՀ-ում տեղական «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ն է, որը գործում է 2001-ից (2001-2003 թթ. կոչվել է «Էրիկ-Ռոս») եւ մասնագիտացած է նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման, նորոգման, սպասարկման, ծրագրային ապահովման բնագավառում: «Հետքի» նամակին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՍՊԸ-ի հետ կառավարությունը պայմանագիր չի կնքել: Այն ստորագրվել է հայկական ընկերության եւ «PWPW S.A.»-ի միջեւ, որի մանրամասների վերաբերյալ գործադիրը տեղյակ չէ:
Սարքավորումները 2016-ին վերադարձվելու են, իսկ հետո՞
2013-ի փետրվարին կառավարությունը որոշեց «Սմարտ-Տեխ»-ի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքի հանդեպ երկարաձգել ժամկետը մինչեւ 2016 թ., այսինքն՝ մինչեւ 5-ամյա ծրագրի ավարտը: Խոսքը նույնականացման քարտերի եւ նոր անձնագրերի թողարկման համար անհրաժեշտ սարքավորումների մասին է:
«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք: Այս ռեժիմի դեպքում մաքսավճարից բացի այլ մաքսային վճարներ չեն գանձվում, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ: Այսինքն՝ նոր փաստաթղթեր պատրաստող սարքերը կրկին վերադարձվելու են, եթե ներկրման ռեժիմի նոր ժամկետներ չսահմանվեն: Այս պարագայում հետաքրքիր է, թե պայմանագրի ժամկետի ավարտից հետո համակարգի հետագա շահագործումը եւ անխափան աշխատանքի ապահովումն ինչպես է իրականացվելու պետության կողմից, ինչպես մեզ հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
Նոր համակարգի դիմաց վճարումը կախված է քաղաքացիների ակտիվությունից
Ֆրանսիական «Oberthur Technologies» ընկերությունը, չնայած հաղթել էր չափաբաժիններից մեկով (համակարգի ներդրում եւ սպասարկում՝ 5-10 տարի տարանցիկ վճարման կարգով), վերջնարդյունքում չէր ընտրվել իբրեւ ծառայության մատակարար, քանի որ կառավարությունը «PWPW S.A.»-ի տարբերակն ավելի մատչելի էր համարել Հայաստանի համար: Ֆրանսիական կողմը լեհերի հետ պայմանագրի կնքումից (հուլիսի 28) երկու ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 22-ին «Oberthur Technologies»-ը նաեւ հայտարարություն էր տարածել այն մասին, որ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների կատարման մրցույթի արդյունքների հիման վրա 2012-2016 թվականներին աշխատանքների իրականացման համար հաղթող է ճանաչվել ինքը, իսկ լեհական «PWPW» ընկերությունը հաղթող է ճանաչվել միայն 1 տարով աշխատանքներ կատարելու մասով: Նշվում էր, որ «Oberthur Technologies»-ի հետ որպես մրցույթի հաղթող կնքվել է համապատասխան պայմանագիր: Մինչդեռ, ըստ ֆրանսիական ընկերության, ՀՀ կառավարությունը 2012-2016 թթ. աշխատանքների կատարման համար պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ, եւ այդպիսով խախտվել են իր իրավունքները: Պատասխանողներ էին ճանաչվել ՀՀ կառավարությունը, «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ոստիկանությունը եւ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, իսկ լեհական ընկերությունը՝ իբրեւ երրորդ կողմ:
Դատարանում ֆրանսիական կողմը շեշտել է, որ 5 տարով աշխատանքներ կատարելու մրցույթում ինքն է հաղթել, եւ լեհերի հետ 5 տարով կնքված պայմանագիրը պետք է ստորագրվեր բացառապես իր հետ: Հայցվորը խնդրել է դադարեցնել լեհական կողմի հետ պայմանագրի կատարումը եւ կնքել նորն իր հետ:
Կառավարության անունից հանդես եկող ֆիննախը, առարկելով հայցի դեմ, հայտնել է, որ թե լեհերի, թե ֆրանսիացիների հետ 2011-ի ապրիլին կնքվել են պայմանագրեր, որոնցում հստակ կետ կա. աշխատանքները կկատարվեն դրանց համար ֆինանսական միջոցներ նախատեսելուց հետո, ինչի մասին կողմերը կկնքեն լրացուցիչ համաձայնագիր: Այնինչ, չափաբաժինների էությունն էլ հենց այն էր, որ մեկը նախատեսում էր մուծում անմիջապես, իսկ մյուսը՝ 5 տարվա կտրվածքով: Իսկ այս պարագայում ստացվում էր, որ վերջնական պայմանագիրը պետք է կնքվեր միայն գումարի առկայության դեպքում, այնինչ 2012-ի բյուջեում կառավարությունը նոր համակարգի ներդրման համար գումար չէր նախատեսել: Իսկ «Գնումների մասին» օրենքով պատվիրատուն (տվյալ դեպքում՝ կառավարությունը) ֆինանսական պարտավորություն է ստանձնում, եթե գնման համար ֆինանսական հատկացում է նախատեսված: Ավելին՝ պայմանագիրը լուծարվում է, եթե հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:
Ստացվում է, որ կառավարությունը ապրիլին պայմանագրեր է կնքել արտասահմանցիների հետ, իսկ դրանց իրականացման համար գումար չի նախատեսել գալիք տարվա բյուջեում: Փոխարենը կառավարությանը պատկանող եւ մրցույթի պատվիրատու «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն սկսել է բանակցել երկու կողմերի հետ: Վերջիններիս առաջարկվել են թարմացված պայմաններ. ընկերությունները սեփական միջոցներով պետք է ներդնեն նոր համակարգն ու շահագործեն, իսկ կառավարությունը կվճարի դրա դիմաց քաղաքացիներին վաճառված անձնագրերի եւ քարտերի դիմաց ստացած գումարով: Այս ռիսկային տարբերակին, ըստ ֆիննախի, արձագանքնել են միայն լեհերը, որոնց հետ էլ կնքվել է լրամշակված պայմանագիր:
ՀՀ Սահմանադրությամբ՝ կառավարությունը պետբյուջեի նախագիծը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ: Իսկ տվյալ դեպքում արդեն գարնանը (բյուջետային տարին սկսվելուց 7-8 ամիս առաջ) գիտեին, որ գալիք 2012-ի բյուջեում նոր անձնագրերի համար գումար չի լինելու: Պետք է ենթադրել, որ կառավարությունն ի սկզբանե որոշել էր նման բանակցություններ վարել՝ նպատակ չունենալով բյուջեից մեծ գումար առանձնացնել իր հավակնոտ ծրագրի համար՝ փոխարենը դա պարտադիր կուտակայինի միջոցով փաթաթելով քաղաքացիների վզին:
Դատարանը 2012-ի հոկտեմբերի 11-ին ամբողջությամբ մերժել է «Oberthur Technologies»-ի հայցը՝ գտնելով, որ չի ապացուցվել այն հանգամանքը, թե կառավարությունը գումար է նախատեսել համակարգի ներդրումը ֆինանսավորելու համար, այսինքն՝ պարտավորություն է կրում հայցվորի առաջ: Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն ու լեհական կողմերը ընտրել են բոլորովին նոր տարբերակ. կատարել վճարումներ ըստ քաղաքացիների ակտիվության: Որքան շատ եւ շուտ իրացվեն նոր փաստաթղթերը, այնքան գործադիրը շուտ դուրս կգա վճարման բեռի տակից: Դատարանում կառավարության ներկայացուցիչներն էլ նշել են, որ սա ռիսկային է, չնայած լեհերը համաձայնել են դրան:
Պարտադիր կուտակայինը՝ պարտքը փակելու միջոց
Ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ են նույնականացման քարտ (3000 դր), էլեկտրոնային ստորագրություն (3000 դր տարեկան սպասարկման վճար): Որոշ կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների հարկ կլինի ոչ անվճար եղանակով ձեռք բերել նաեւ ՆՔ կարդացող սարք՝ վճարելով դրա ինքնարժեքը՝ 3500 դր: Եթե հաշվի առնենք, որ 1974 թ.-ից հետո ծնված եւ աշխատող բոլոր քաղաքացիները պետք է կատարեն այս վճարումները (եթե, իհարկե, ՍԴ-ն պարտադիր բաղադրիչի վերաբերյալ բացասական որոշում չկայացնի), իսկ 2014-ի հունվարի 1-ից հետո անձնագիր ստացող անձինք պետք է ստանան նոր փաստաթղթեր (նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր), ապա հասկանալի է դառնում, որ կառավարությունն ու, մասնավորապես, ոստիկանությունը տեսանելի ապագայում կարող են հաջողել լեհերի 16,9 մլն եվրոյի պարտքի վճարումը, այլապես ամեն ինչ կմնա օդից կախված, կառավարությունն էլ՝ դատարկ տաշտակի առաջ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել