HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Թեղուտի հանքը կնպաստի տնտեսական աճին. ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2014 թ. կանխատեսում է 5.4-6.1% տնտեսական ակտիվություն: Այդ մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 2014 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում (գնաճի հաշվետվություն):

Այս լավատեսական կանխատեսումը հրապարակվել է հունվարի բավական ցածր (1,8%) տնտեսական փաստացի ակտիվությունից հետո: ԿԲ-ն 2014 թ. հատկապես բարձր ակտիվություն է սպասում արդյունաբերությունում՝ 6.8% աճ: Դրան, ըստ ԿԲ-ի, կնպաստի Թեղուտի հանքի շահագործման սկսումը՝ մետաղների միջազգային գների կայունացմանը զուգահեռ: Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Սպասվում է, որ Թեղուտի հանքավայրում տարեկան կարդյունահանվի 25 հազ. տոննա պղինձ խտանյութում և 800 տոննա մոլիբդեն խտանյութում: Համեմատության համար՝ Հայաստանում ներկայում արտադրվում է 12-13 հազ. տոննա պղինձ խտանյութում: Այսինքն՝ Թեղուտի հանքը առնվազն պետք է կրկնապատկի պղնձի արտադրությունը, սակայն 2014 թ. հանքը դժվար թե հասնի նախատեսած ցուցանիշներին: Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս նշել են նաև այն անդառնալի վնասների մասին, որ կկրեն այդ շրջանի բնական ռեսուրսները (ջրերը, մթնոլորտը, անտառները, հողային ծածկույթը և այլն):

ԿԲ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ բացի հանքարդյունաբերությունից  ու մետաղամշակումից՝ հանրապետությունում 2014 թ. առաջընթաց կլինի նաև սննդամթերքի, դեղերի, խմիչքի, էլեկտրաէներգիայի արտադրությունում: Նշենք սակայն, որ ԿԲ-ն նմանատիպ լավատեսական գնահատականներ էր հնչեցրել նաև 1 տարի առաջ՝ երբ կանխատեսում էր 2013 թ. մակրոտնտեսական զարգացումները:

Այն ժամանակ ԿԲ-ն 2013 թ. համար կանխատեսում էր 4,7-5,7% տնտեսական աճ, իսկ արդյունաբերությունում՝ 7-9% աճ: Սակայն փաստացի աճի տեմպերը մի քանի ագամ զիջեցին կանխատեսումներին: Սա իհարկե չի նշանակում, որ հանրապետությունում տնտեսական աճի տեմպի արագացումը բացառվում է, սակայն կանխատեսումների հիմքում դրվող գործոնային վերլուծությունները պետք է ավելի համոզիչ լինեն: Մեր կարծիքով՝ 2014 թվականը ավելի բարենպաստ կարող է լինել տնտեսական միջավայրի համար, եթե 2013-ին բնորոշ շոկերը չկրկնվեն: Անցյալ տարի այդպիսի շոկեր էին գազի թանկացումը, «Արմավիայի» սնանկացումը, բարձր գնաճը, միջազգային շուկայում մետաղների էժանացումը: Բոլոր այս շոկերն այս կամ այն չափով ազդեցին տնտեսական ակտիվության վրա, որը զուգորդվեց ներդրումային ակտիվության աննախադեպ անկմամբ: 2014 թվականին սպասվում է ավելի կայուն մակրոտնտեսական  միջավայր, որը թույլ կտա կառավարությանն ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել: Ըստ ԿԲ-ի՝ հենց հարկաբյուջետային քաղաքականության ընթացքից ու մասնավոր ներդրումների վերականգնման տեմպից են բոլոր ներքին ռիսկերը:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ հնարավոր շոկերի մասին կանխատեսումներ անելը բավական ռիսկային է: Օրինակ՝ մետաղների գների անփոփոխության մասին հավաստիացումները բավարար չեն, իսկ արտաքին շոկերից սա Հայաստանի համար ամենավտանգավորն է: Ամենակոպիտ համեմատականներն անգամ ցույց են տալիս, որ մետաղների միջազգային գների անկումը անմիջապես բացասաբար է անդրադառնում մեր տնտեսության վրա, թեև հանքարդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 10%-ին չի գերազանցում: Նման մեծ ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ գների անկման պարագայում հանքարդյունաբերական ու մետաղագործական ընկերությունները «սեղմում են» իրենց ներդրումային ծրագրերը՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Հայաստանի համար շատ կարևոր է նաև Ռուսաստանում գնողունակության պահպանումը, քանի որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական համակարգը միակողմանիորեն ուղղորդվում է դեպի Ռուսաստան: Արժույթի միջազգային հիմնադրամն այդ երկրի համար աճի կանխատեսումները վերանայել է նվազման ուղղությամբ՝ 2014 թ. 2.2% աճ: Կան նաև այլ՝ ավելի վատատեսական կանխատեսումներ՝ նավթի ու գազի միջազգային գների կտրուկ նվազման պարագայում: Սակայն «բազային» կանխատեսումների պահպանման դեպքում այդ երկրից շոկեր չեն սպասվում:

Ըստ ԿԲ գնահատականների՝ 2014 թ. կակտիվանա նաև շինարարությունը, որտեղ վերջին տարիներին անընդհատ անկում է տեղի ունենում; Կախատեսվում է 6.5-8.5% աճ, որին պետք է նպաստեն ճանապարհների, ոռոգման համակարգերի, ջրամատակարարման, հյուսիսային սահմանային անցակետերի ու մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները: ԿԲ-ն նաև աճ է ակնկալում ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտում:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը 2014 թ. համար կանխատեսել է բավական լավատեսական «բազային» սցենար: Իսկ թե ինչպիսի շեղումներ կլինեն այդ բազային սցենարից՝ պարզ կդառնա մի քանի ամսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter