HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկարողանա՞ եկեղեցին նվազեցնել Աջարիայի հայերին սպառնացող ձուլման վտանգը

Կ. Գամսախուրդիա 23: Այս հասցեն ցույց է տալիս յուրաքանչյուր բաթումցի, երբ հարցնում ես, թե որտեղ է գտնվում հայկական եկեղեցին:

Տարվա այս ժամանակահատվածում Աջարիայի մայրաքաղաք Բաթումի հայկական եկեղեցում ելումուտը սովորականից շատ է: Հայաստանից ժամանած զբոսաշրջիկները պարտադիր այցելում են Սուրբ Փրկիչ: Այն միակ հայկական եկեղեցին է Աջարիայում: Վայրը ոչ միայն հոգևոր, այլ նաև պատմական նշանակություն ունի: Եկեղեցու բակում ծովանկարիչ Հովհաննես Այվազյանի 1898 թվականին տնկած մագնոլիայի հսկայական ծառն է:

Եկեղեցու ներսում` խորանի վարագույրից այն կողմ բանվորներն աշխատում են: Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Սուրբ Փրկիչում, բայց եկեղեցին փակ չէ: Ծովափնյա հանգստի թեժ ժամանակահատվածն է: Այցելուները շատ են, այդ պատճառով եկեղեցու վերանորոգումը «թաքուն» է արվում, որպեսզի եկեղեցու տեսքը չխաթարվի, զբոսաշրջիկները կարողանան աղոթել, մոմ վառել, եկեղեցին էլ զուգահեռաբար բարեկարգվի:

Եկեղեցին մասնակի է վերանորոգվում` խորանը, ավանդատները և մուտքը: Խորանի նորոգումն արդեն ավարտին է հասցվել, մնացածը, ինչպես Աջարիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու քահանա Արարատ Գումբալյանն է ասում, կամաց-կամաց իրենց ուժերով արվում է:

1887 թվականին կառուցված եկեղեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ վերադարձվել էր Աջարիայի հայ հայամնքին, շուրջ 6 տարի նորոգվել է, իսկ մինչ այդ եկեղեցում է գտնվել Բաթումի պլանետարիումը: Այժմ վերանորոգման կարիք ունի գավիթը: Տեր Արարատն ասում է, որ գավիթը դեռ չեն կարող վերանորոգել, քանի որ բավականին մեծ գումարի հետ է կապված` 1500-2000 դոլարի սահմաններում:

Տեր Արարատի խոսքով, տեղի հայ համայնքը մասսամբ ինտեգրված է եկեղեցուն, մշտական հավատացյալներ ունեն, ակտիվ երիտասարդներ, որոնք մասնակցում են եկեղեցական կյանքի հետ առնչվող իրադարձություններին: Ավելին, արդեն երեք տարի է` եկեղեցուն կից հայ երեխաների համար կիրակնօրյա դպրոցներ են գործում, որտեղ երկու դասարան կա` առաջին և բարձր: Մոտ 70 աշակերտ է հաճախում այդ դպրոցներ: Հայերեն խոսք-զրույց, եկեղեցու և հայ ժողովրդի պատմություն երեխաներն այստեղ են սովորում: Երկուսը գործում են Բաթումում, երրորդը` Քոբուլեթում: Քոբուլեթի կիրակնօրյան դպրոցն այս տարվա ապրիլ ամսին է բացվել: Արդեն շուրջ 25 աշակերտ է հաճախում այնտեղ: «Քոբուլեթում հայկական ոչ մի կառույց չկար, բնականաբար, կիրակնօրյա դպրոցը այդ կառույցներից մեկն էր»,- ասում է Տեր Արարատը:

Բացի կիրակնօրյա դպրոցներից, Բաթումի միակ հայկական կրթական կառույցը գործում է վրացական միջնակարգ դպրոցին կից: Այս տարի հաստատությունը 9 շրջանավարտ է տվել: Սակայն համայնքի և ուսուցիչների համար ամեն տարի խնդիր է դառնում առաջին դասարանի հավաքագրումը: Մինչդեռ Բաթումի 3 ռուսական դպրոցներում ուսուցչական անձնակազմի և աշակերտների շուրջ 80 տոկոսը հայ է:

Կիրակնօրյա դպրոցները այբբենարանների և մեթոդական այլ ձեռնարկների կարիք ունեն: Տեր Արարատ քահանա Գումբալյանը Բաթումի և Քոբուլեթի կիրակնօրյա դպրոցներին հայագիտական գրականության և տեխնիկական միջոցներ տրամադրելու խնդրանքով դիմել է ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Եկեղեցում` մոմավաճառի կողքի պատին փակցված է ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պեպտրոսյանի նամակը` ուղղված Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանին: Փոխնախարարը նամակում հայտնում է, որ Աջարիայի հայկական կիրակնօրյա դպրոցներին անհրաժեշտ գրականության հայտերն արդեն ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Նշված գրքերը, ի թիվս Վրաստանի մյուս հայ համայնքների համար նախատեսված գրականության, ՀՀ ԿԳՆ-ի կողմից կենտրոնացված կարգով կառաքվի Վրաստան, որից հետո կիրակնօրյա դպրոցները կստանա իրենց չափաբաժինը: Փոխնախարար Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ իրենք հնարավորություններ կփնտրեն Բաթումի և Քոբուլեթի կիրակնօրա դպրոցների հատկացնել մեկական համակարգիչ և տպիչ:  

Տեր Արարատը Բաթումում արդեն 2.5 տարի է ծառայում: Ասում է, որ Աջարիայի հայ համայնքին սպառնում են ձուլման և անտարբերության վտանգները. վտանգներ, որոնք նույնն են և Վրաստանի ողջ հայ համայնքի, և սփյուռքի հայության համար: «Եկեղեցին փորձում է ամեն ինչ անել, որ այդ վտանգները նվազեցվեն»,- հավելում է հոգևոր առաջնորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter