HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայդանը եւ Հայաստանը

Էդգար Վարդանյան

Ուկրաինայում Մայդանի հաղթանակից հետո Հայաստանում է՛լ ավելի ակտուալ դարձան հետեւյալ հարցերը՝  ա) կլինի՞, արդյոք, Հայաստանում Մայդան եւ բ) արդյոք լա՞վ է, որ Հայաստանում լինի Մայդան։ Այս երկու հարցերին տրված դրական պատասխանների հետ մեկտեղ հնչեցին նաեւ բացասական պատասխաններ: Նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանում չի լինի Մայդան, հիմնականում նշում են, որ հասարակությունը եւ հասարակական-քաղաքական դաշտը պատրաստ չէ դրան: Մայդանի անցանկալիության թեզի կողմնակիցները հիմնականում նշում են, որ Մայդանը նացիստական խմբերի ակտիվության դրսեւորում էր եւ/կամ անիմաստ զոհերի հանգեցնող պայքար էլիտաների միջեւ, որը ոչ մի դրական բան չի տա Ուկրաինայի ժողովրդին:

Սկսենք այս վերջին թեզի քննադատությունից: Մեր կարծիքով՝ Մայդանը հիմնականում հաջողված քաղաքացիական դիմադրության օրինակ է։ Հանրության մի զգալի հատվածը ակտիվ, իսկ ավելի մեծ հատվածը՝ պասիվ կերպով ընդվզել էր Յանուկովիչի գլխավորած ռեժիմի դեմ։ Թեեւ բողոքի առիթը վերջին պահին Եվրաասոցացման համաձայնագիրը իշխանությունների կողմից վավերացնելուց հրաժարումն էր, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, բողոքի հիմնական պատճառը մարդու իրավունքները ոտնահարող հակադեմոկրատական ռեժիմն էր: Ուղղակի մարդիկ հույս ունեին, որ եթե ստորագրվի Եվրաասոցացման համաձայնագիրը, նրանք աստիճանաբար կազատվեն այդ ռեժիմից:

Պետք է նշել, որ տասնյակ եւ երբեմն հարյուր հազարավոր անզեն մարդիկ պարբերաբար Կիեւի կենտրոն էին դուրս գալիս, այսպես կոչված՝ «ժողովրդական ժողովներին» մասնակցելու համար, մայդանում շուրջօրյա խաղաղ նստացույց էին անում հազարավոր մարդիկ, հարյուրավոր մարդիկ խաղաղ պիկետներ էին անում եւ այլն։ Այս ամենը արձանագրված է բազմաթիվ տեսա-լուսանկարչական նյութերում, այդ ամենին հնարավոր էր հետեւել ուղիղ եթերով:  Ծանոթացեք մայդանի կողմից ընդունված հայտարարություններին եւ փաստաթղթերին եւ կտեսնեք, որ դրանցում արձանագրված են բացառապես դեմոկրատական սկզբունքներ եւ նպատակներ։ Այսինքն, ի հակառակ հիմնականում ռուսական պրոպագանդայի, որը նշում էր, թե ֆաշիստների զինված մի խումբ ցանկանում է հեղաշրջում կատարել,  կարող ենք պնդել, որ մայդանում էր հավաքվում հանրության տարբեր շերտերը ներկայացնող բազմություն, որի մեծամասնությունը խաղաղ, ոչ բռնի մեթոդներով պայքարում էր դեմոկրատիայի հաստատման համար։

Թեեւ Մայդանի ներսում կային բազմաթիվ հակասություններ եւ վեճեր, նպատակների եւ գործելակերպի անհստակություն, սակայն այն, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էր, ներկայացուցչական էր, թափանցիկ էր եւ ուներ բազմաշերտ կառավարում։ Որեւէ առանձին խումբ, կուսակցություն, անհատ չէր թելադրում մյուսներին, թե ինչ անել եւ ինչպես ու չէր գտնվում արտոնյալ կարգավիճակում: Ներսում գործում էր զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը: Հիմնական որոշումները տարատեսակ քննարկումների արդյունքում եւ ձայների մեծամասնությամբ ընդունվում էին Մայդանի ռադայում, որն ընդդիմադիր հանրության ներկայացուցչական ոչ ֆորմալ մարմինն էր: Վերջինիս ընդունած որոշումները հաճախ փոխվել են, քանի որ Մայդանը ընդդիմացել է դրան:

Փաստացի, ի դեմս Մայդանի, ստեղծվել է մի նոր դեմոկրատական արդյունավետ ինստիտուտ, որը չի ճանաչում ոչ մի հեղինակություն, ճնշում է իրականացնում որոշումներ կայացնողների նկատմամբ եւ վերահսկում նրանց:

Այսինքն, ստացվում է, որ նրանք, ովքեր ասում են, որ «Մայդանը ընդունելի չէ, ցանկալի չէ Հայաստանի համար», փաստացի ասում են, որ Հայաստանի հանրությունը չպետք է խաղաղ կերպով դիմադրի ոչ դեմոկրատական ռեժիմին, որ հանրությունը չպետք է կազմակերպված կերպով փողոց դուրս գա, երբ նսեմացնում են նրա արժանապատվությունը, որ հանրությունը չպետք է հասնի ինքնակազմակերպման բարձր մակարդակի, որ հանրությունը չպետք է ստեղծի քաղաքական որոշումներ կայացնողներին զսպող, նրանց վերահսկող հանրային ինստիտուտ:  

Մայդանը որպես ամբողջապես դրական երեւույթ գնահատելուն խանգարում է մեկ հանգամանք՝ ի պատասխան իշխող վարչախմբի կիրառած բռնությունների` մայդանցիների մի փոքր հատվածի կողմից երբեմն պայքարի բռնի մեթոդներին դիմելն էր (հիմնականում «Պրավի սեկտորի» կողմից), ինչը չէր տեղավորվում ընդդիմության կողմից ընդունված խաղաղ անհնազանդության կոնցեպցիայի շրջանակներում եւ առիթ էր տալիս վարչախմբին ու նրա ներքին ու արտաքին աջակիցներին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն արդարացնելու, ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու, տարատեսակ շահարկումներ կատարելու համար:

Այս առումով, կարծում ենք, Հայաստանի հանրությունը պետք է հետեւություններ անի սրանից եւ անհարկի զոհերից, տարատեսակ շահարկումներից խուսափելու համար իր պայքարում ապավինի բացառապես խաղաղ, ոչ բռնի մեթոդներին: Դա, ի դեպ, պահանջում է է՛լ ավելի մեծ կազմակերպվածություն եւ կարգապահության բարձր մակարդակ, քան կար Ուկրաինայում: Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ ժողովրդաիշխանությունը հաստատվել է բացառապես խաղաղ մեթոդների միջոցով: Հանրությունները հաղթում են, երբ ճնշում են գործադրում ոչ իրավական գործելակերպ որդեգրած իշխանությունների վրա եւ չեն ենթարկվում նրանց կողմից պարտադրված ոչ իրավական խաղի կանոններին: Քաղաքացիները հաղթում են, երբ ստեղծում են այնպիսի իրավիճակ, որտեղ պետական եւ հատկապես ուժային կառույցները դադարում են ծառայել ավտորիտար ռեժիմին եւ թեքվում են դեպի ընդվզող ժողովուրդը: Իսկ ճնշումը կարելի է եւ պետք է առանց բռնության իրականացնել:

(Շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter