HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սայաթ Նովայում նարդի են խաղում, որովհետեւ ոռոգման ջուրը Արաքսն է թափվում

Արմեն Սարդարյան

Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում մարտի 9-ին կայանալու են համայնքապետի եւ ավագանու ընտրություններ: Գյուղում արդեն նախընտրական շունչը զգացվում է: Թեկնածուներից յուրաքանչյուրը ջանում է սիրաշահել ընտրողներին՝ նրանց տարբեր «նվերներ» մատուցելով: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ գործող համայնքապետ, ԲՀԿ անդամ Ռազմիկ Ալավերդյանը եւ անհատ ձեռնարկատեր, ՀՀԿ անդամ Արսեն Ղարսայանը: Ավագանու 14-թեկնածուները պայքարելու են 7 տեղի համար:

Թեկնածուներից միայն գործող համայնքապետն ուներ նախընտրական շտաբ, որի վրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցանակն էր փակցված: Ընտրական շտաբի դուռը փակ էր, եւ տարածքն ամենեւին էլ շտաբի տպավորություն չէր թողնում: Դռան վրա փակցրել էին պետական սուբսիդավորմամբ գյուղացիներին վաճառվող շուկայականից էժան պարարտանյութի մասին հայտարարությունը: Նկատելով, որ հայտարարությունը չվրիպեց մեր ուշադրությունից, ավագանու թեկնածուներից ՀՀԿ անդամ Վազգեն Պետրոսյանն անմիջապես պատռեց այն:

Գյուղամիջում հավաքված տղամարդիկ հավաստիացնում էին, որ  հետաքրքրված են ընտրություններով, սակայն թեկնածուների հետ հանդիպումներ չեն ունենում: «Եսիմ, ինչ մեծ պաշտոն չի, որ հանդիպենք, խոսենք, առանց դրա էլ հանդիպում ենք՝ համագյուղացիներ ենք: Համայնքապետի թեկնածուները պիտի ծրագիր ներկայացնեն, բայց դեռ ծրագիր չենք տեսել,- ասաց Միխայիլ Պետրոսյանը եւ հավելեց,- ով էլ լինի համայնքապետ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու: Պիտի թեկնածուները «խամ մարդիկ» լինեն, որպեսզի ծանոթ-բարեկամներ չունենան եւ կաշկանդված չլինեն»:

Նա ցանկանում էր, որ ընտրություններն ավելի հաճախակի լինեն, որպեսզի գյուղացիները շատ թե քիչ այդ ժամանակահատվածում օգուտ ունենան: «Աստծուն փառք, լավ ա ընտրություն կա, բերել բիսետկա են դրել: Դե որ այդպես է, թող ամեն տարի ընտրություն լինի, որ բերեն մի բան սարքեն, գոնե դրանից օգտվենք»,- ասաց Մ. Պետրոսյանը:

Բակային տաղավար տեղադրել էր թեկնածուներից Արսեն Ղարսայանը: Մեր այցելության պահին նա գյուղում չէր: Հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ նախընտրական շտաբ չունի, տպագրված ծրագիր էլ չունի եւ իր քարոզչությունն իրականացնում է առանձին հանդիպումներով: Անդրադառնալով բակային տաղավար տեղադրելուն` թեկնածուն ասաց. «Մտքովս անցել է, տեղադրել եմ, ընտրությունների հետ կապ չունի»: Նրա խոսքերով՝ գյուղում լարված վիճակ չկա, իսկ գործող համայնքապետի հետ լավ հարաբերություններ ունի: «Ընտրություններ են, երկուսս էլ թեկնածու ենք, ով հաղթեց` հաղթեց»,- հավելեց Ա. Ղարսայանը:

Ընտրողներին հասանելի տարբերակով նախընտրական ծրագիր չուներ նաեւ Ռազմիկ Ալավերդյանը: Նա էլ իր ասելիքն ընտրողներին տեղ է հասցնում տնետուն մտնելով: Թեկնածուն նշեց, որ չի ամաչում եւ ինքն էլ է մարդկանց տներ մտնում ու բացատրական աշխատանքներ տանում, որպեսզի իրեն ընտրեն: «Փոքր գյուղ է, ինչ անում ենք` երեւում է: Եթե նույն օրը չիմանան, ոնց էլ լինի` հաջորդ օրն իմանալու են: Օրինակ` մանկապարտեզի շենքը ո՞նց կարող ես պահել, ես չեմ, դու ես, սարքեցիր` գյուղացին տեսնելու է»,- ասում է Ռ. Ալավերդյանը` մատնացույց անելով մանկապարտեզի նորակառույց շենքը եւ ավելացնում, որ տարածքը դեռ պարսպապատվելու է, գույքը թարմացվելու է:

Համայնքապետի թեկնածուն ասաց, որ գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է: Սայաթ Նովայում արտեզյան հորերից են խմելու ջուր վերցնում, բայց արդեն դրանք էլ են ցամաքում: «Առաջ խորքային հորերից վայրկյանում դուրս էր գալիս 100 լիտր ջուր, իսկ հիմա՝ 4 լիտր»,- ասաց Ռ. Ալավերդյանը:

Թեկնածուն նշեց, որ իր նախընտրական ծրագրի առաջնահերթ խնդիրների շարքում գյուղի դպրոցի պատուհանները փոխելն է ու մշակույթի տան վերանորոգումը: Մշակույթի տունը վերանորոգելու նպատակով նախահաշիվ չի արվել, սակայն Ռազմիկ Ալավերդյանն ասում է, որ պետական աջակցություն է պետք, համայնքային բյուջեով ի վիճակի չեն վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Նրա կարծիքով, մշակույթի տան շենքը պետք է հիմնանորոգվի, քանի որ խոնավությունն արդեն առաստաղ է հասել: Մշակույթի տունը վաղուց չի գործում, իսկ նախկինում այնտեղ լուրջ միջոցառումներ են իրականացվել: Այդ դահլիճում ելույթ է ունեցել նաեւ ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Խանլարովան:

Թեեւ գյուղում մշակույթի տուն որպես այդպիսին չկա, չկա նաեւ մշակութային կյանք, սակայն համայնքապետարանի հաստիքացուցակում կա ակումբավար՝ ամսական 60.000 դրամ աշխատավարձով: Գործող համայնքապետն ասաց, որ մշակույթի տան սենյակներից մեկը որպես խաղասենյակ են օգտագործում, իսկ ակումբավարը հսկում է այդ խաղասենյակը: Խաղասենյակ կոչվածը անխնամ մի սենյակ էր՝ հնամաշ աթոռներով եւ խոնավ, քանդված պատերով: Այնտեղ մի վառարան էր դրված. ձմռանը ջեռուցում են, որ թղթախաղ, նարդի խաղացողները չմրսեն:

Ռազմիկ Ալավերդյանը հպարտությամբ ասաց, որ 2013թ. բյուջեն կատարել են 101 տոկոսով: Միայն ավտոմեքենաների գույքահարկի հավաքագրման հարցում են դժվարություններ ունեցել: «Մարդիկ կան` 10-15 տարի առաջ ավտոմեքենան վաճառել են, բայց գույքահարկը գալիս է իրենց վրա, իրենք էլ չեն իմացել, խառնաշփոթը հենց դրանից է գալիս»,- ասում է Ռ. Ալավերդյանը: Մոտ 8 մլն դրամ միայն ավտոմեքենաների գույքահարկի ապառք կա: Համայնքապետն ասաց, որ թեեւ մեծ գումար է, բայց չեն պատրաստվում դատարան դիմել: «Մարդը չի օգտագործում այդ ավտոմեքենան, ո՞նց դատի տանք: Դա արդեն իրավապահները թող իմանան, թե առանց գույքահարկ վճարելու ոնց են ԱՊՊԱ անում, տեխասմոտր անում, մենք դա չենք կարող լուծել»,- ասում է Ռ. Ալավերդյանը:

Մինչ թեկնածուներն ընտրողներին սիրաշահելով են զբաղված, գյուղացիները դրսում հավաքված շարունակում են դժգոհել, որ իրենց վիճակը տարեցտարի վատանում է, իսկ դրանով զբաղվողներ չկան: Նրանք դժգոհեցին, որ ոռոգման ջուր չունեն, որի պատճառով ոչ կարողանում են հող մշակել, ոչ էլ այդ հողից որեւէ եկամուտ ստանալ: Տնամերձ հողամասում ցանած բույսերը ջրում են դույլերով՝ բաժակ-բաժակ ջուր լցնելով: Գյուղացիները դժգոհում էին, որ ոռոգման ջուրը թափվում է Արաքսը, բայց իրենց ջուր չեն տալիս: «Այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվում»,- մեր հարցին, քիչ հեռվում հավաքվածները ցույց տվեցին նարդին` այ, էս ա մեր զբաղմունքը:

Գյուղացիների մի մասն էլ դժգոհում էր, որ Ռուսաստանում միգրացիոն օրենքը խստացվել է եւ չեն կարողանում արտագնա աշխատանքի մեկնել: Ընտրությունը` ընտրություն, բայց նրանք ընտանիք պահելու խնդիր ունեն: Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ միայն իրենց գյուղից վերջին 1-2 ամիսներին 30 մարդու «դեպորտ» են արել: Բոլորն էլ ցանկանում են հետ գնալ, սակայն չեն կարողանում: «Մեր խնդիրների մասին բոլորն էլ գիտեն, խոստումներ տալիս են, բայց աստված գիտի` դրանք կլուծվե՞ն, թե ոչ»,- ասում է Գ. Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter