
Վահե Սարգսյանին արգելել են մուտք գործել Ջավախք
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Վահե Սարգսյանին քիչ առաջ արգելել են մուտք գործել Ջավախք` հայ-վրացական Բավրայի մոտ տեղակայված վրացական անցակետից: Այսօր նա մեկնում էր Ախալքալաք` մասնակցելու Վահագն Չախալյանի եղբոր հարսանեկան արարողությանը:
Վահե Սարգսյանը այս պահին վերադառնում է Երևան: Կատարվածի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանեց հեռախոսով:
Վահե, ինչո՞ւ Ձեզ թույլ չտվեցին անցնել սահմանը:
Ամեն անգամ` արդեն 2010-ից մի փոքր ավելի երկար են հետազոտում անձնագիրս: 2009-ի վերջին մոտս թերթեր հայտնաբերեցին, և այդուհետ իմ անձնագիրը երկար են պահում իրենց մոտ: Մինչ 2010թ. վրացական անձնագրով էի գնում Ջավախք (Վահե Սարգսյանը Ջավախքից է, նրա ծնողները և հարազատները այնտեղ են ապրում-Ք.Ա.), իսկ 2010-ի վերջին ես ստացա ՀՀ քաղաքացիություն և հրաժարվեցի Վրաստանի քաղաքացիությունից, անձնագիրս հանձնեցի դեսպանատուն և այդուհետ ՀՀ անձնագրով էի գնում-գալիս: 3-4 ամիս նորմալ անցնում էի, և հավանաբար դեսպանատնից անձնագրիս տվյալները հասան համապատասխան տեղեր և արդեն նորից սկսեցին ձգձգել անձնագրիս զննումը սահմանում: Վերջին այցելության ժամանակ էլ երկար-բարակ` ավելի քան 30 րոպե զննեցին:
Եվ այսօր էլ երկար զննելուց հետո ինձ ներկայացրեցին թույլատրման-արգելման մի թուղթ` տրված Վրաստանի պարեկային ոստիկանության կողմից, կնքված ու ստորագրված պետի կողմից, որտեղ նշված է, որ այս անձնավորության ներկայությունը վտանգում է հասարակական միջավայրը, վտանգում է մարդկանց առողջությունը, Վրաստանի անվտանգությունը և քաղաքացիների իրավական շահերն ու արտոնությունները:
Փորձեցի՞ք ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատել:
Դեպքը մոտ 30 րոպե առաջ է տեղի ունեցել: Չեմ կարծում, որ իմաստ ունի դեսպանատուն դիմել, քանի որ ես համարում եմ, որ սա վերևներից եկած, նախօրոք մտածված որոշում է, և դեսպանատունը կարող է այդ ինֆորմացիան մուտք անել, որ քաղաքացին մեզ դիմել է, բայց դա ամիսներ կտևի, և չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխություն կլիներ և կասեին՝ կներեք, սխալ ենք եղել և այլն: Նրանք շատ մանրամասն ուսումնասիրեցին, անձնագիրս պատճենահանեցին և նկարեցին ինձ և այլն:
Այդ փաստաթուղթը մեկանգամյա՞ արգելք է, թե՞ այլևս իրավունք չունես մուտք գործել Ջավախք:
Ժամկետ նշված չէ: Ոնց որ անժամկետ թոշակի են ուղարկել ինձ:
Ինչի՞ հետ եք կապում սա:
Ինձ բոլորն էլ լավ ճանաչում են և գիտեն, որ ես զբաղվել եմ Ջավախքի իրավունքների պաշտպանությամբ իմ ուժերի ներածին չափով: Բարձրաձայնել եմ տարբեր խտրական մոտեցումները մամուլում, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների առջև ներկայացրել եմ ջավախքահայությանը հուզող խնդիրները: Ամենակարևորը, որ հարց առաջացրեց` իմ կողմից որոշակի գրականության տեղափոխելն է: Բայց դրանք ինչ-որ վտանգավոր գրականություն չի եղել, այլ Ջավախքի ժողովրդական հեքիաթներ, մամուլ և այլն, որը որևէ վտանգ չէր ներկայացնում: Դա ես նորմալ գործողություն եմ համարում, որը նաև ֆիքսված է հայ-վրացական միջպետական պայմանագրում, որ մշակութային փոխգործակցություն կա: Միջազգային կոնվենցիաներով նույնպես նշվում է, որ մայր պետության հետ ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն մշակութային սերտ շփումներ ունենալ: Ես շարժվել են օրենքների և կոնվենցիաների կետերով և չեմ ափսոսում իմ արածի համար:
Ի՞նչ եք մտադիր անել:
Ես դեռ նոր եմ սահմանից վերադառնում: Լրատվամիջոցները կբարձրացնեն հարցը, բայց ուզում եմ նշել, որ երեկվա Մարգվելաշվիլու այցելության ֆոնին, որը շատ ջերմ ու բարեկամական էր, սա մտածելու տեղիք է տալու ՀՀ-ի ամենաբարձրաստիճան ղեկավարությանը, քանի որ ես նշել եմ, որ ՀՀ նախագահի նկարը երկար-բարակ նայել և շպրտել են և հաջորդ անգամ թույլ չեն տալիս այդ նկարը Ջավախք տանողին: Սա մտածելու տեղիք պիտի տա մեր երկրի բարձրաստիճան իշխանավորներին:
Մեկնաբանել