HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Սողոմոնն ու Սյուզին պարեին միասին…

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Մեկ-երկու տարի առաջ հարազատներս ուղարկել էին մի տեսագրություն, որը վերնագրված էր «Հայրերի ու դուստրերի պարը բանտում»: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ խորը ապրումներ ունեցա այն դիտելով: Ես երեխաներ չունեմ, բայց պատկերացրեցի, թե ինչ զգացողություններ կունենան այստեղ՝ բանտում գտնվող հայրերը, հատկապես աղջիկներ ունեցողները՝ դիտելով այդ վիդեոն: Կխնդրեի «Հետքին» գտնել այն ու տեղադրել (Տեսանյութը - «Հետք»): Խնդրում եմ նայեք: Մի ակտիվիստ կին լսարանի առջև պատմում է իր նախաձեռնության մասին: Աշխատելով ազատազրկվածների երեխաների հետ, կարևորելով հայրերի ու դուստրերի կապը՝ նա որոշում է կազմակերպել այդ աղջիկ երեխաների հանդիպում-երեկոն իրենց ազատազրկված հայրերի հետ: Բանտապետը համաձայնվում է աջակցել առաջին հայացքից խենթ թվացող այս գաղափարի իրականացմանը: Վիդեոյում կան լուսանկարներ այդ երեկույթից. ամեն մեկը մի պատմություն է, մի ողբերգություն, մի ճակատագիր: Նրանք բոլորը՝ թե՛ հայրերը, թե՛ դուստրերը գեղեցիկ երեկոյան զգեստներով են, հուզված, շփոթված, բայց երջանիկ: Այդ ամենը տեսագրվում է, լուսանկարահանվում, որպեսզի հայրերն ու դուստրերը երկար-երկար կարողանան պահպանել հիշողությունն այդ հրաշք հանդիպման մասին:

Այդ տեսանյութից ստացած  զգացողություններն է՛լ ավելի ուժեղ վերապրեցի, երբ իմացա 18-ամյա Սյուզի Քոչարյանի ինքնասպանության մասին: Մտածեցի՝ Սողոմոնի ու Սյուզիի չկայացած պարի մասին: Իսկ եթե լիներ այդպիսի մի հանդիպում հոր ու դստեր կյանքում, եթե Հայաստանում լիներ մի պետական կամ հասարակական մարմին, որ զբաղվեր ազատազրկվածների, խոցելի խմբերի երեխաների հետ այնպես, ինչպես այդ տեսանյութում…

Իսկ քանի հայրեր ու դուստրեր կան, ովքեր դեռ կարող են… պարել միասին: Սյուզին հեռանալու համար գարնան առաջին օրն էր ընտրել, երբ նոր կյանք է ծնվում բնության մեջ: Այդ աղջնակն իր քայլով, կարծես, հաղորդագրություն է թողել Ողջերի աշխարհում՝ կյանք տալու, ապրեցնելու մասին: Ուստի կոչ եմ անում հոգով արթուններին, գեղեցկության միամսյակի առթիվ, իրականացնել նմանատիպ խենթ գաղափար՝ քիչ ավելի մեծ աշխարհագրությամբ:

Մամուլի քաղվածքների մեջ կարդացել եմ «Օսըմ» հիմնադրամի մասին, որը ամեն ամիս ամենախենթ գաղափարի իրականացման համար տալիս է 1000 ԱՄՆ դոլար: Առաջարկում եմ այդ գումարը փոխանցել ԱՆ Քրեակատարողական վարչություն, որպեսզի նախաձեռնվեն հայրերի ու դուստրերի, մայրերի ու որդիների, կանանց ու ամուսինների հանդիպում-երեկոներ հայաստանյան բոլոր բանտերում: Դուք հիմա կարող եք ինձ գիժ, սենտիմենտալ, ֆանտազյոր համարել, բայց ես գրեթե համոզված եմ, որ եթե Սողոմոնն ու Սյուզին պարեին…

Պատրաստվում եմ այս գաղափարի մասին պաշտոնապես հայտնել «Օսըմ» հիմնադրամին, ԱՆ Քրեակատարողական վարչությանը, միայն թե նախապես խնդրում եմ չպատասխանել, թե փակ ռեժիմային գոտում դա անհնար է: Ի սեր Աստծո, անտարբեր մի՛ եղեք մեր հայ ազգի զավակների նկատմամբ: Այլապես սերը կմնա բանտված, ինչպես իմ նկարում:

Սողոմոնն էությամբ հանցագործ չէ: Ես մի քանի տարի նրա հետ նույն խցում եմ եղել, հիշո՞ւմ եք, նաև գրել եմ այդ մասին, երբ հայասպան սաֆարովին ներում շնորհեց Ադրբեջանի նախագահը: Դրանից հետո գրել եմ հետախույզի մասին, երբ «Հետքը» շարքով լուսաբանեց նրա քրեական գործը: Սողոմոնի մարդկային նկարագրին անդրադարձել նաև իմ երկրորդ գրքում՝ «Սա կինո չէ» ռուսերեն պատմվածքում, որտեղ պատմում եմ, թե ինչու հուսահատությունից դիմեցինք փախուստի Գորիսի բանտից: Երկրորդ փախուստից հետո 5 տարի է՝ չեմ տեսել նրան. այստեղ՝ բանտում մեզ առանձին են պահում: Կուզեի գոնե մի քանի րոպե զրուցել նրա հետ, սփոփանքի խոսքեր ասել, թեև նման խոսքեր, հազիվ թե, գտնվեն այս դեպքում: Պատկերացնո՞ւմ եք նա չի տեսել, թե ինչպես է մեծանում դուստրը, ինչպես է անում առաջին քայլերը, ինչպես է դպրոց գնում, չի եղել աղջկա առաջին ու վերջին զանգերին: Չունի նրա հետ լուսանկար: Իսկ այստեղ հարազատին կարելի է գրկել տարեկան 1 անգամ ընդամենը 3 օրով: 

Սյուզիի ու Սողոմոնի ողբերգությունն, անկասկած, շարունակություն կունենա, եթե իշխանությունը շարունակի աչք փակել և չլսել մարդու հոգու ճիչը, ով արդարություն է պահանջում, այն էլ՝ ոչ թե մեր ազգի թշնամիներից, այլ հենց հայոց երկրի ղեկավարներից: Սողոմոնը 19 տարի բանտում  անմարդկային դաժան պայմաններում անարդարացի, չափազանցված պատիժ է կրում՝ ադրբեջանցու սպանության համար: Այն պարագայում, երբ բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես են մեր երկրում պատժից խուսափում կամ մի քանի տարի գաղութային պայմաններում լինելուց հետո ազատվում իսկական հանցագործներ, բազմակի սպանություններ գործածներ՝ միայն հովանավորյալ լինելու,  «թիկունք», ունենալու շնորհիվ:

Հիշում եմ՝ երևի երկու տարի առաջ էր՝ արվեստի աշխարհի մարդիկ, բարձրաստիճան զինվորականներ դիմեցին Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան, որպեսզի գոնե բանտից կատարած փախուստների համար ներում շնորհեք, բայց պատասխանի անգամ չարժանացրիք: Անհուսությունից, անարդարությունից դրդված են կատարվել այդ փախուստները, որոնց ժամանակ չի կատարվել ոչ մի հանցանք: Մի քանի օր պարզապես ազատության մաքուր օդ շնչելու համար ցմահ բանտարկությանն ավելացվեց ևս 15 տարվա պատիժ: Դատախազը, չարությամբ լցված աչքերով, ասաց՝ 35 տարի պիտի նստեք:

Պարոնայք «արդարադատներ», ի՞նչ նպատակ եք հետապնդում, երբ արդարություն պահանջող մարդուց երես եք թեքում՝ զրկելով հույսից, հավատից, վերադարձի հնարավորությունից, ընտանիքի հետ հաճախակի տեսնվելու, զրուցելու, շփվելու, աշխատելու իրավունքից…դստեր հետ պարելու հաճույքից: Կանխո՞ւմ եք նոր հանցանքները, ուղղո՞ւմ եք դատապարտյալին, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն եք ակնկալում: Համոզված եմ, եթե Սյուզին հոր հետ հաճախակի կարողանար շփվել, նման ողբերգությունը կարող էր կանխվել:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Լավ, ինչքա՞ն պիտի լսենք նման պատմություններ ու ոչինչ չարվի, լավ, այ որոշում ընդունողներ, պատգամավորներ, իրավաբաններ, նախարարներ ու էլի հազար ու մի բարձր աշխատավարձ ստացող ուրիշներ, մի քիչ խիղճ չունե՞ք, էս մարդկանց վիճաւով էլ զբաղվեք, ազգը ձեռից գնում է, ախր ի՞նչ պատասխան եք տալու սերունդների առաջ։ Թե՞ էլ սերունդ չի մնալու Հայաստանում, մերոնք կոտորվելու են, ձերոնք էլ Ամերիկաներում վաղուց արդեն բուն դրած կլինեն....
gayane
Ընտանիքի պահպանումը իրապես շատ կարևոր է, և կցանկանայի նշել, որ կա նման մարմին որը շատ փոքր քայլերով , սակայն գնում է խնդրի լուծմանը, գոնե թե դատապարտյալների երեխաների մանկության մեջ մի փոքր ներդրում ունենալուն, ներկայում նման ծրագիր իրականացնումէ ՀՀ ԱՆ իրավախախտում կատարած անչափահասների կենտրոնը, որտեղ այս երեխաները ստանում են գիտելիքներ, հմտություններ, մասնակցում են հանրային սոցիալ-մշակութային կյանքին, և որ կարևոր է շատ ստանում են այն ջերմությունն ու սերը որն այդչափ կարևոր է, ու որի առկայությունը շատ երեխաների կյանքում նոր ծիլեր կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter